Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանի կողմնորոշումներն ու ապագան պայմանավորված են լինելու ռուս-իրանական հետագա հարաբերություններով

Հայաստանի կողմնորոշումներն ու ապագան պայմանավորված են լինելու ռուս-իրանական հետագա հարաբերություններով
19.08.2008 | 00:00

ԻՐԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՆՑՔԱՅԻՆ
Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումների հիմնական և կարևորագույն վեկտորը վրացական իրադարձությունների պատճառով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ծայրահեղ սրումն է։ Ակնհայտորեն կողմերից յուրաքանչյուրը որոշակի ծրագիր ունի Հարավային Կովկասը միատարր ազդեցության գոտու վերածելու առումով։ Եվ այդ համատեքստում գնալով բացահայտ է դառնում, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի ծրագրերի իրագործման առումով վճռորոշ է լինելու հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը։
Անցած տասն օրերը ցույց տվեցին, որ վրացական կոլապսը նախաձեռնելով՝ Ռուսաստանն ունի մշակված ինչպես մինիմում, այնպես էլ մաքսիմում ծրագիր։ Նվազագույնը, ինչին, բնականաբար, ձգտելու է հասնել Մոսկվան, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանից վերջնականապես անջատելն է։ Այս նպատակը սկզբունքորեն կարելի է համարել իրագործված, որովհետև միջազգային ճանաչում ստացած այս սուբյեկտներին անհապաղ անկախություն շնորհելու մտադրությունից Կրեմլը կարող է հրաժարվել միայն շատ ավելի առարկայական ձեռքբերումների դիմաց։ Ինչպիսի՞ք կարող են լինել այդ ձեռքբերումները։ Միարժեք է, որ զինված ուժերը Վրաստան մտցնելով՝ Մոսկվան հետապնդում էր ավելի խորքային խնդիրներ։ Մասնավորապես, ստեղծել մի իրավիճակ, երբ վտանգի տակ կդրվի Հարավային Կովկասով Ռուսաստանը շրջանցող էներգետիկ խողովակաշարերի գոյությունը, որոնք Արևմուտքի համար առավել կենսական նշանակություն ունեն, որոնց կառուցման համար արդեն իսկ միլիարդավոր դոլարներ են ծախսվել, և առկա են այդ խողովակաշարերը դեպի Կենտրոնական Ասիա ընդլայնելու լուրջ ծրագրեր։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին։
Թերևս պատահական չէր, որ Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պայթեցումը ՔԲԿ-ի զինյալների կողմից տեղի ունեցավ հենց ռուս-վրացական հնգօրյա պատերազմի օրերին։ Ռուսաստանը, ըստ էության, ցույց է տալիս Արևմուտքին, որ Ադրբեջանը, Վրաստանը և նույնիսկ Թուրքիան, որպես էներգակիրների այլընտրանքային ուղիներ, պիտանի չեն։
Այդ պետություններն ի վիճակի չեն ապահովելու Արևմուտքին այնքան անհրաժեշտ գազի և նավթի անխափան արտահանումը։ Այն պնդումը, որ վերջին շրջանում շարունակ հնչեցնում է Կրեմլը, թե հենց Ռուսաստանն է Կովկասի անվտանգության հիմնական և միակ երաշխավորը, պետք է դիտարկել այս համատեքստում։ Այսինքն՝ Մոսկվան, փաստորեն, առաջարկում է արևմտյան աշխարհին՝ հրաժարվել նախկին ԽՍՀՄ հանրապետություններին ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու մտադրություններից, իսկ դրա դիմաց Ռուսաստանը պատրաստ է Հարավային Կովկասով անցնող էներգետիկ հոսքերի անվտանգությունը երաշխավորել, գուցեև չառարկել դրանց ընդլայնմանը դեպի Կենտրոնական Ասիա։ Սա, թերևս, Կրեմլի մաքսիմում ծրագիրն է։
Ի՞նչ կարող է սրան հակադրել Արևմուտքը։ Ամերիկացիները հնարավորություն ունեն զրկելու Ռուսաստանին Հարավային Կովկասի գործընթացներին միջամտելուց։ Դրա ամենաուղիղ և կարճ ճանապարհը Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն է։ Այս համատեքստում բոլորովին չի բացառվում, որ Վրաստանի նախագահին տարածքային ամբողջականության վերականգնման դրդելով, Վաշինգտոնը հիանալի գիտեր, թե ինչ է սպասվում։ Վրացական բանակը վերջին հինգ տարիներին մարզել են ամերիկյան ռազմական հրահանգիչները, Սպիտակ տունը, ավելի քան որևէ մեկը, քաջատեղյակ էր Վրաստանի ռազմական պոտենցիալին։ Հետևապես, բոլորովին չի բացառվում, որ Վաշինգտոնի համար վրացական բանակի ջախջախումը կանխատեսված էր նախօրոք և ընդամենը նպատակ էր հետապնդում Վրաստանի իշխանություններին կանգնեցնել Աբխազիայից և Հարավային Օսիայից հրաժարվելու փաստի առջև։ Այսինքն՝ մենք ձեզ օգնեցինք, դուք ի վիճակի չեղաք հետ բերել ձեր կորցրած տարածքները։ Ռուսաստանը դրանք երբեք չի զիջի, հետևապես նրա միջամտությունից ազատվելու միակ միջոցը դրանք Մոսկվային զիջելն ու դրանով նրա բերանը փակելն է։ Մանավանդ որ այդ համատեքստում իրական հնարավորություն է բացվում Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու, քանզի երկիրը ձերբազատվում է ազգամիջյան հակամարտությունների հիմնախնդրից, որը ՆԱՏՕ-ից հրավեր ստանալու հիմնական խոչընդոտն էր առայսօր։ Միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ը և առհասարակ Արևմուտքը գործեն հենց այս սցենարով։
Այդ պարագայում երկակի վիճակում կհայտնվի Հայաստանը։ Մի կողմից` մենք ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում ենք, և Հայաստանում կա ռուսական ռազմական բազա։ Մյուս կողմից` ակնհայտ է, որ Թբիլիսին այլևս երբեք Մոսկվային թույլ չի տա այդ բազայի կենսապահովման համար օգտագործել իր տարածքը։ Ավելին, եթե Վրաստանը հայտնվի ՆԱՏՕ-ի կազմում, չի բացառվում, որ Վաշինգտոնը նրա միջոցով սկսի կոմունիկացիոն ճնշում կիրառել Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս ռուսական ազդեցության դաշտից դուրս բերելու համար։ Ռուսները, իհարկե, կփորձեն պայքարել Հայաստանը չկորցնելու համար, և այդ պարագայում է, որ առանցքային նշանակություն ձեռք կբերի Իրանի դիրքորոշումը։ Թեհրանը կարող է աջակցել Մոսկվային՝ դառնալու Հայաստան-Ռուսաստան կապի երաշխավոր պետություն։ Ավելին, Վրաստանի, իսկ հեռանկարում նաև Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկվելու դեպքում հենց Իրանն է այն երկիրը, որը կարող է Մոսկվային օգնել նաև Կենտրոնական Ասիայի պետություններին արևմտյան ազդեցությունից զերծ պահելու գործում, քանի որ պայքարը կսկսվի արդեն այս տարածաշրջանի համար։ Այլ կերպ ասած, Իրանը կրտսեր գործընկերոջից կարող է վերածվել Ռուսաստանի թիվ մեկ դաշնակցի, բայց կարող է և չվերածվել։ Պատահական չէ, որ հատկապես այս փուլում են ակտիվացել Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման փորձերը, և նույնիսկ խոսվում է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայությունը Թեհրանում վերականգնելու մասին։
Այսպիսով, Հայաստանը հերթական անգամ հայտնվել է բարդ երկընտրանքի առջև, որի լուծումն ավելի շատ կախված է մեր հարևաններից, քան մեզնից։ Եթե Արևմուտքը և Ռուսաստանը պայմանավորվեն տարածաշրջանում ազդեցության ոլորտների բաժանման վերաբերյալ, ապա այդ դեպքում համատեղ ուժերով Վրաստանին «կխելոքացնեն», Ադրբեջանը, դրանից որոշակի հետևություններ անելով, կշարունակի Վաշինգտոնի և Մոսկվայի միջև մանևրելու իր քաղաքականությունը, Հայաստանն էլ համապատասխանաբար հարկադրված չի լինի հիմնարար սրբագրումներ կատարել իր արտաքին կուրսի մեջ։ Բայց եթե Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը շարունակի խորանալ, այն կավարտվի Վրաստանի, քիչ ավելի ուշ՝ նաև Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկվելով, և Հայաստանը կկանգնի վերջնական երկընտրանքի առջև. կա՛մ ինտեգրվել ՆԱՏՕ-ին, կա՛մ մնալ Ռուսաստանի հետ դաշինքի մեջ։ Ընդ որում, վերջին տարբերակը հնարավոր կդառնա միայն Մոսկվա-Թեհրան շատ ավելի լուրջ ռազմավարական հարաբերությունների հաստատման դեպքում, որի համատեքստում հիմնական պայմանավորվող կողմերն ուղղակի հարկադրված կլինեն Հայաստանն իրենց ուղեծրում պահելու համար արագ տեմպերով կառուցել Հայաստան-Իրան երկաթուղին, էներգակիրների մատակարարման ոլորտում Հայաստանի համար որոշակի արտոնություններ սահմանել և, առհասարակ, ինտենսիվ տնտեսական ներդրումներով համոզել Երևանին, որ Մոսկվա-Թեհրան ռազմավարական առանցքում Հայաստանն իր անվտանգության ու տնտեսական բարեկեցության անհամեմատ ավելի լուրջ հեռանկար ունի, քան արևմտյան ազդեցության դաշտ անցնելու դեպքում։
Հակառակ դեպքում Հայաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին կդառնա լոկ ժամանակի խնդիր։ Որովհետև հայ-ռուսական հավերժ բարեկամության մասին խոսակցություններով, ձեռնարկություններ գնելով և չաշխատեցնելով` Մոսկվան այլևս չի կարողանա Երևանը պահել իր ուղեծրում։ Վրաստանի միջոցով կիրառվող կոմունիկացիոն ճնշումն Արևմուտքի ձեռքին կլինի այնքան հզոր լծակ, որին «հերոսաբար» դիմադրելը Հայաստանի համար բացարձակապես անիմաստ կլինի, եթե Մոսկվան և Թեհրանը համապատասխան առարկայական աջակցություն ցույց չտան։ Այսպիսով, Հայաստանի կողմնորոշումներն ու ապագան շատ բանով պայմանավորված են լինելու ռուս-իրանական հետագա հարաբերություններով։ Այդ հարաբերությունները հստակեցնելու համար ինչպես Մոսկվային, այնպես էլ Թեհրանին շատ ժամանակ չի մնացել: Վաշինգտոնն ակնհայտորեն չի սպասելու։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5425

Մեկնաբանություններ