«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ՎՏԱՆԳԱՎՈՐ «ՊՈՐՏԱՔԱՐ» ԱՄԲՈՂՋ ԿՈՎԿԱՍԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ

ՎՏԱՆԳԱՎՈՐ «ՊՈՐՏԱՔԱՐ» ԱՄԲՈՂՋ ԿՈՎԿԱՍԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ
20.04.2010 | 00:00

Որքան էլ ծանր են Մոսկվայում հյուսիսկովկասյան արմատականների գործած հանցանքները, այդ իրադարձություններն այդպես էլ առանց պատշաճ գնահատականի կմնան, եթե քաղաքական վերլուծաբանները, վերջապես, չփորձեն որոշել այդ տարածաշրջանից բխող ահաբեկչության իսկական բնույթն ու նպատակները։ Փաստորեն, արմատականների բոլոր գործողությունները հետապնդում են ոչ միայն ինչ-որ վատ ձևակերպված կրոնագաղափարախոսական նպատակներ, այլև միանգամայն իրատեսորեն պատճառաբանված` ազգային ազատագրական շարժման նպատակներ։ Ռուսաստանը միանգամայն համերաշխ է արևմտյան ընկերակցության հետ, և կանգնած է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կտրական ժխտման դոկտրինի առաջագծում, ընդ որում, ամենաքաղաքակիրթ և չափավոր ձևով, որը չի պահանջում մայր երկրից և խնամակալ պետությունից առանձին ազգերի ու ժողովուրդների առանձնացում։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի միայն մեկ հանրապետություն` Թաթարստանն է ընթացել իր քաղաքական-վարչական իրավունքների պաշտպանության ուղիով, և դա արել է սկզբունքային ձևով` ռուսական պետության շրջանակներում։ Ռուսաստանի մյուս հանրապետությունները կա՛մ շարունակում են լինել տարածքային միավորներ` հազիվ նկատելի քաղաքական իրավունքներով, ինչպիսիք են Պովոլժիեի ու Սիբիրի հանրապետությունները, որոնք իրական հավակնություններ ու պահանջներ չունեն, կա՛մ էլ, առհասարակ, գործնականում զրկված են քաղաքակիրթ քաղաքական դիրքից, վերածվելով մի ինչ-որ գետոյի, որպիսին դարձել են Հյուսիսային Կովկասի ինքնավարությունները։ Որքան էլ տարօրինակ հնչի, ազգային-քաղաքական ազատագրման ձգտող խմբերը հասկանում են, որ ընդհանուր առմամբ աշխարհում, այսպես կոչված, իսլամական արմատականությունը, ներառյալ ահաբեկչությունը, կորցնում է ինչպես պետության, այնպես էլ կրոնական միաբանությունների ռեսուրսները, նպատակներն ու աջակցությունը, և շատ շուտով նրանք Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում վերջնականապես կվերացվեն։ Սակայն արմատականների համար շատ ավելի կարևոր, սպառնալից է դարձել Հյուսիսային Կովկասի բնակչության շրջանում ահագնացող կոնֆորմիզմի, ռուսական հասարակությանը բնորոշ սոցիալական գործընթացների մեջ ներգրավվելու, բարեկեցիկ ու օրինապահ մարդիկ դառնալու այդ ժողովուրդների ձգտումը։ Սա նշանակում է արմատականների համար աղետի մոտեցում, բայց այս պայմաններում, եթե անգամ իսլամական քաղաքական նպատակները համահարթվեն, ապա ուրիշ, ավելի արմատական խնդիրները, այսինքն` ազգային ազատագրության խնդիրները, կշարունակեն մնալ հրատապ։ Ազգայնականությունը Հյուսիսային Կովկասի ապագան է, ընդ որում, հենց այդ միտումը կարող էր նպաստավոր դառնալ Ռուսաստանի համար` Հյուսիսային Կովկասի ժողովուրդների շրջանում բողոքներ հարուցող հիմնախնդիրների լուծման գործում։ Մոսկվան պետք է դադարի Հյուսիսային Կովկասի ազգային քաղաքական կազմակերպությունների վերաբերյալ խորհրդային ժառանգությանը հետևելուց և դառնա ազգային նոր հանրապետությունների, որպես կայունության գործոնի, ստեղծման նախաձեռնող։
Ռուս-չեչենական պատերազմի ընթացքում դաղստանցիները, իհարկե, բավականին ակտիվորեն օգնում էին չեչեններին, թեև ավանդաբար չեչենների ու դաղստանցիների միջև հակակրանք կար, գոնե իմամ Շամիլի գերեվարման ժամանակներից։ Դաղստանցիները չեչեններին օգնություն ու աջակցություն էին ցուցաբերում ինչպես պատերազմին անձնական մասնակցությամբ, այնպես էլ սպառազինությունների փոխադրման գործում։ Խոսելով դաղստանցիների մասին, նախ և առաջ նկատի են առնվում ավարները և մասամբ դարգինները։ Ռադուևի չեչենական ջոկատների հարձակումը Ղզլարի և հետագայում Բասաևի ջոկատների հարձակումն ավարական հողերի վրա, մեծապես փոխեցին ավարների վերաբերմունքը չեչենների նկատմամբ, ինչը զգալիորեն ազդեց Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում չեչենների մեկուսացման վրա։ Ռուսական հրամանատարությունը շատ լավ տեղեկացված էր Ղզլարի և ավարական հողերի վրա չեչենների պատրաստվող հարձակման մասին, այդուամենայնիվ, ոչինչ չձեռնարկեց այդ ուղղությունների պաշտպանության համար, ցանկություն ունենալով արմատապես փոխել դաղստանցիների վերաբերմունքը չեչենների նկատմամբ։ Հենց դա էլ տեղի ունեցավ։ Չեչեն գործիչներն այդպես էլ չկարողացան իրենց ազդեցությունը տարածել Դաղստանում, որտեղ առաջացել էին Ռուսաստանի իշխանություններին դիմադրող տեղական օջախներ ու կառույցներ, և սկսեց ծավալվել դաղստանյան ազգային-կրոնական շարժումը։ Արդյոք Դաղստանում ներկայիս ազգային-կրոնական շարժումը կապվա՞ծ է ազգային ազատագրական հավակնությունների հետ։ Սա մնում է բարդ հարց, քանի որ դեռևս հայտնի չէ, թե ինչ ազգություններ են մասնակցում այդ շարժմանը որպես հիմնական շահագրգիռ ուժեր։
Դաղստանում ձևավորվել է ազգային ուժերի երեք-չորս հիմնական կենտրոն` ավարներ, դարգիններ, լեզգիներ, լակեր և կումիկներ, թեև երբեմն ավարների և դարգինների հավակնությունները միավորվում են, և երկու ազգությունները միևնույն պահանջներն են առաջադրում ռուսական ու հանրապետական իշխանություններին։ Ներկայումս, փաստորեն, միայն ավարներն ու լեզգիներն են այնքան կազմակերպված, որ ընդունակ են կոնկրետ քաղաքական պահանջներ առաջադրելու։
Ավարները Դաղստանի ամենաստվարաթիվ ժողովուրդն են, այդ հանրապետությունում զբաղեցնում են Չեչնիային, Վրաստանին, Ադրբեջանին և, ըստ էության, Դաղստանի մյուս բոլոր ազգությունների տարածման «կղզյակներին» սահմանակից կարևորագույն տարածքները։ Ավարները թվակազմով չեն զիջում, երբեմն նաև գերազանցում են Ռուսաստանի Դաշնության կազմում իրենց հանրապետություններն ունեցող շատ ժողովուրդների։ Ակնհայտ է, որ ավարներին ձեռնտու չէ Դաղստանի Հանրապետության կազմի մեջ մտնող ժողովուրդներից մեկը լինելու կարգավիճակը, նրանք բացահայտորեն իրենց հանրապետությունը ստեղծելու պահանջ են առաջադրում։ Նման հավակնություններ ունեն կումիկներն ու լեզգիները, գուցե նաև լակերը, որոնք այնքան էլ մեծաթիվ չեն և նրանց համար դժվար է սեփական պահանջներ առաջադրելը։
Դաղստանի իշխանության հանրապետական մարմիններում միշտ եղել և շարունակում են տեղի ունենալ վիճաբանություններ ու դժգոհություններ կադրային հարցերի առնչությամբ։ Որպես կանոն, Մախաչկալայում, իշխանության հանրապետական մարմիններում, գերիշխում են ավարներն ու դարգինները, իսկ լեզգիները, լակերն ու կումիկները միշտ դժգոհություն են արտահայտել իշխանության մեջ իրենց ավելի համեստ ներկայացվածության առթիվ։
Դաղստանի տրոհումը, իհարկե, շատ վտանգավոր է և շատ սպառնալիքներ է պարունակում, նախ և առաջ` տարածքային խնդիրների պատճառով։ Անհասկանալի է մնում, թե ենթադրվող հանրապետություններից ո՞ւմ բաժին կհասնի Մախաչկալա քաղաքը, որտեղ ապրում են Դաղստանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Շատ բարդ հարց է Դաղստանի փոքրաթիվ ժողովուրդների ճակատագիրը, որոնք կազմում են հանրապետության բնակչության առնվազն 15 տոկոսը։ Այդ ժողովուրդները` թաբասարանները, բուդուխները, ծախուրները և մյուսները ցրված են ամենատարբեր շրջաններում և դարձյալ խնդրահարույց հարաբերություններ ունեն այլ ժողովուրդների հետ։ Դրա հետ մեկտեղ, ավելի ու ավելի հասկանալի է դառնում, որ Դաղստանն այլևս չի կարող գոյատևել ներկա քաղաքական տարածքում։ Հնարավոր է, որ Դաղստանի բաժանումը Ռուսաստանի կազմում երեք կամ ավելի թվով հանրապետությունների ավելի մեծ կայունության և ժողովուրդների փոխըմբռնման հանգեցներ։ Մոսկվան դեռևս պատրաստ չէ քննարկելու այդ հարցը, քանի որ այդ վեճն սկսելու հետևանքներից շատ է վախենում, բայց ռուսական իշխանություններն էլ հասկանում են, որ Դաղստանում այսպիսի տրամադրություններ արդեն կան, և հանրապետության ժողովուրդները լիովին պատրաստ են ՌԴ-ի կազմում իրենց առանձին հանրապետությունները ստեղծելուն։
Դաղստանի ժողովուրդների հիմնախնդիրներից մեկն իրենց ցեղակիցների վիճակն է, որոնց բնակության շրջանները ցրված են, ավելի ճիշտ, որոնց պատմական հողերը հայտնվել են Ադրբեջանի տարածքի սահմաններում։ Ներկայումս նախկին խորհրդային տարածքում ոչ մի տեղ գոյություն չունի այնպիսի դաժան խտրականություն ազգերի նկատմամբ, ինչպիսին Ադրբեջանում է, որը միանգամայն բացահայտ շովինիստական քաղաքականություն է վարում, չճանաչելով լեզգիների ու ավարների ոչ մի ազգային իրավունք։ Ավարների թիվն անցնում է 800 հազարից, բայց Դաղստանի սահմաններից դուրս իրենց պապենական հողերում ապրում են ևս 150 հազարը։
Միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել Դաղստանի հարավում, այն շրջաններում, որտեղ բնակվում են լեզգիների և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ (բուն լեզգիներ, թաբասարաններ, ռուտուլներ, բուդուխներ, խինալուղներ, ծախուրներ և ուրիշներ)։ Լեզգի ազգը, որ Դաղստանի սահմաններում կազմում է 255,5 հազար մարդ, իսկ Ադրբեջանում ապրող լեզգի բնակչության հետ մեկտեղ` առնվազն 1,0-1,1 մլն մարդ, Դաղստանի ամենամեծ ազգն է և կազմում է նրա ներկա բնակչության 30,1 տոկոսը։ Լեզգիները, ըստ էության, մասնատված, ծայրաստիճան խտրականության ենթարկված ժողովուրդ են։
Ադրբեջանի հյուսիսի մի լայն շերտում, ըստ էության, ադրբեջանցիներ չեն ապրում։ Այստեղ տեղաբաշխված են բանակային և ոստիկանական խոշոր ուժեր, ստեղծված են ազգային անվտանգության նախարարության հենակետեր, այդ շրջանները գտնվում են Ադրբեջանի իշխանությունների սևեռուն ուշադրության ներքո։ Ադրբեջանի նախագահը կանոնավորապես զեկույցներ է ստանում այդ շրջաններում, ինչպես և Թալիշստանում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանություններին քաջ հայտնի է, որ, չնայած լեզգի և ավար բնակչություն ունեցող շրջաններում իրականացվող ահաբեկչությանը և տեղի բնակչության նկատմամբ ճնշումների քաղաքականություն վարելու Բաքվի փորձերին, առկա է Դաղստանի հետ կապեր ունեցող, սպառազինություն, համապատասխան տեղեկություններ և գրականություն ստացող ընդհատակյա կազմակերպությունների լայն ցանց։ Ադրբեջանական իշխանությունները համոզված են, որ այդ շրջաններում տեղի է ունենում ապստամբության նախապատրաստություն, ինչն այդ ծրագրի ղեկավարներն ուզում են հարմարեցնել ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման հետ։ Լեզգիների և ավարների ակտիվությունը, զինված ապստամբությանն ու դիմադրությանը նրանց կառույցների պատրաստության մակարդակը շատ ավելի բարձր են, քան դա տեղ ունի թալիշական հողերում, քանի որ դաղստանյան հողերն ավելի հարմար դիրք ունեն և նրանց թիկունքին կանգնած են Դաղստանի իրենց ցեղակիցները։
Վերջին տարիներին միջազգային տարբեր կառույցներում, այդ թվում` եվրոպական կառույցներում, աճում է հետաքրքրությունն Ադրբեջանի սահմանների ներսում դաղստանյան հողերի վիճակի հանդեպ։ Աճում է այն բանի ըմբռնումը, որ լեզգիներն ու ավարներն առանձին ժողովուրդներ են և կոպիտ խտրականության են ենթարկվում։ Նշվում է, որ եվրոպացիների հետաքրքրությունն այդ պրոբլեմի նկատմամբ արդեն անհամամասնորեն մեծ է, եթե համեմատելու լինենք համանման պրոբլեմների նկատմամբ նրանց շահագրգռությունը։ Դրա հետ մեկտեղ, թեև ռուսական իշխանությունները շատ ավելի շահագրգիռ են Ադրբեջանում լեզգիների ու ավարների շարժման ծավալման հարցում, սակայն շարունակում են բավականին զուսպ վերաբերվել այդ գործոնին, վախենալով անկանխատեսելի հետևանքներից։
Նախկինում ռուսական իշխանությունները ծայրաստիճան թշնամաբար էին վերաբերվում Ադրբեջանում դաղստանցիների դիմադրությանը, և վատ հետևանքը տեսան։ Լեզգիական գործոնը գնահատելով բացարձակապես Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի շահագործման շահերի շրջանակում, Մոսկվան պատրաստ էր ամեն տեսակ անպարկեշտության, բացահայտորեն Ադրբեջանի իշխանություններին հանձնելով լեզգիական շարժման գործիչներին։ Ըստ էության, ռուսական իշխանությունները ջախջախեցին լեզգիական շարժումը, ձգտելով այն փոխարինել ինչ-որ կեղծ հասարակական ծղրտոցով և դրա պատճառով ստացան լեզգի ժողովրդի թշնամական տրամադրվածությունը և անբարեհաճությունը։ Այդ տրամադրությունները տարածվեցին նաև ավարների շրջանում, որոնք, ռուս սահմանապահների գործունեության պատճառով մեկուսացման մեջ ընկան Ադրբեջանի տարածքում։ Դրա հետ մեկտեղ, ռուսական իշխանություններն աչք փակեցին և դրանով իսկ ուժեղացրին ադրբեջանական կլանների դիրքերը Դերբենդ քաղաքում, որը, անկասկած, կարող է դառնալ ապագա լեզգիական հանրապետության մայրաքաղաքը։ Քաջ հայտնի է, որ Դերբենդի իրադարձությունները` կապված լեզգիների դիրքերի թուլացման և ադրբեջանցիների ուժեղացման հետ, հնարավոր դարձան Մոսկվայում ադրբեջանական հանցավոր խմբավորման ակտիվ գործունեության շնորհիվ, այդ խնդիրների լուծմանը ներգրավելով Մոսկվայում ադրբեջանական լոբբիստական հնարավորությունները, ինչպես նաև ռուսական իշխանության ամենաբարձր ոլորտների անմիջական աջակցության շնորհիվ։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության հետ մեկտեղ ռուսական իշխանությունները, իհարկե, հետապնդում են նաև Դաղստանում ամեն կարգի ազգային շարժում թուլացնելու նպատակ։ Այդ իրադարձությունների առնչությամբ Մոսկվայում ձևավորվել են տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ, և Ադրբեջանի ու Դաղստանի տարածքների սահմանային շփման հատվածներում տեղի ունեցող գործընթացների հանդեպ վերաբերմունքը միարժեք չէ։
Մոսկվայում «ադրբեջանական խմբակցության» կողքին ակտիվորեն ձևավորվում է «ավարականը» կամ, ավելի ճիշտ, «ավարադարգյան խմբակցությունը», որը թափանցում է կարևոր շատ կառույցներ։ Բայց, ցավոք, լեզգիներն առայժմ ի վիճակի չեն նման կառույց ստեղծելու Մոսկվայում։ Նրանք նախընտրում են գործել այլ կերպ, զարգացնելով շարժումը տեղում, բայց և՛ լեզգիական, և՛ ավարական կառույցները գործում են, նախ և առաջ, ընդդեմ Ադրբեջանի շահերի։
Վերջին ժամանակներս ռուսական հատուկ ծառայությունները, դաղստանյան իշխանությունների ու կլանների հետ դաշն կնքած, խափանեցին Ադրբեջանի շատ ջանքեր Դաղստանում լեզգիական և ավարական հողերում ակտիվ գործիչներին ուղղակի և զանգվածային կաշառման առումով։ Նշաններ կան, որ Մոսկվան այլևս չի կարող բարեհոգաբար հետևել Դաղստանում Ադրբեջանի ակտիվ գործողություններին` անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցության ընդլայնման պայմաններում։ Հասկանալի է, որ ռուսական հատուկ ծառայությունները, այնքան դժվարությամբ ու զոհերով հասնելով թուրքական, սաուդյան և այլ հետախուզությունների հովանու ներքո աշխատող հետախուզական ու դիվերսիոն ցանցի վերացմանը, չեն կարող Ադրբեջանին թույլ տալ ծավալել իր այդքան լայն քայքայիչ գործունեությունը։ Բայց, այսպես թե այնպես, Ռուսաստանը ձգտում է խուսավարել այդ տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակում, ընդ որում, աննախադեպ հավասարակշռություն է պահպանում հարևան պետության և սեփական քաղաքացիների` Դաղստանի բնակիչների, շահերի միջև։ Դաղստանի Հանրապետության գոյությունը` որպես վարչաքաղաքական միասնական միավորի, բնականաբար, սահմանափակում է Ադրբեջանում իրենց ցեղակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ լեզգիների, մասամբ և ավարների, գործունեությունը։ ՌԴ-ի կազմում առանձին ավարական և լեզգիական հանրապետությունների կազմավորումն այդ ժողովուրդներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն քաղաքական պահանջներ առաջադրելու և հանրությանն ապավինելու ինչպես Ռուսաստանում, այնպես էլ միջազգային լայն ասպարեզում։ Հազիվ թե Մախաչկալայում գոյություն ունեցող վարչական կառույցներն ընդունակ լինեն ընկալելու համապատասխան գաղափարներն ու հաշվի առնելու այդ երկու ժողովուրդների շահերը։ Դաղստանի տարածքում առանձին ազգային հանրապետությունների ստեղծումը Ռուսաստանին հնարավորություն կտար, մի կողմից, տեղայնացնել և որոշել այդ պրոբլեմների ձևաչափը, մյուս կողմից, ակտիվացնել և կարգավորել այդ պրոբլեմների քննարկումը` ավելի ուժեղ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա։ Մոսկվայում վաղ թե ուշ կհասկանան, որ այնպիսի քաղաքական «հարթակ», ինչպիսին Դաղստանն է, պիտանի չէ Կովկասում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար։ Դաղստանն այնպես, ինչպես այժմ գոյություն ունի, վտանգավոր «պորտաքար» է ամբողջ Կովկասի աշխարհաքաղաքական կառուցվածքում, և եթե այն առանձին հանրապետությունների բաժանելու անհետաձգելի քայլեր չձեռնարկվեն, ապա այդ տարածքը կվերածվի ավելի լայնընդգրկուն կրոնական և ազգային բախումների միահյուսման վայրի։ Մոսկվայի` «վերևից», իրադարձությունների կանխմամբ, արված նախաձեռնությունը կարող է ցույց տալ, թե ինչպես Դաղստանը կդառնա ազգային տարածքների բաժանման խնդրի խաղաղ և ծանրակշիռ լուծման օրինակ և նմուշ։
Հարկ է նշել, որ, չնայած Դաղստանի տարբեր ժողովուրդների շահերում հակասությունների առկայությանը, այնուամենայնիվ, Մախաչկալան վերածվում է մի կենտրոնի, որտեղ սկսել են հավաքվել ոչ միայն ավար, այլև լեզգի ժողովուրդների բարձրակիրթ ներկայացուցիչները։ Բայց եթե ավարները, հատկապես Ադրբեջանում ավարական շարժման հետ կապվածները, Մախաչկալայում իրենց զգում են միանգամայն հարմարավետ, ապա լեզգիները նախընտրում են հավաքվել Դերբենդում և Դաղստանի հարավի տարբեր շրջկենտրոններում, Իզբերբաշում և Ախտիում։ Ըստ էության, արտաքին ուժերը կարողացել են լեզգիներին պարտադրել Դերբենդում ազդեցության համար մի տևական պայքար, որը նկատելիորեն ջլատում է նրանց ուժերը, բայց այդ իրավիճակը միանգամայն այլ հետևանքի է հանգեցնում, և այդ հինավուրց քաղաքի համար պայքարը դառնում է Մոսկվայում Ադրբեջանի քայքայիչ գործունեության և այդ ցանցի դեմ պայքարի ուղղություն։ ՈՒշադրության առնելով Դերբենդում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ու գործընթացները` լեզգիական կազմակերպությունները փորձ են կուտակել և պատրաստ են ավելի վճռականորեն հանդես գալու այդ քաղաքում ադրբեջանցիների գործադրած բռնությունների դեմ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ