Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Դեռևս 2021-ին եմ անդրադարձել ԱԱԾ բարեփոխման խնդրին

Դեռևս 2021-ին եմ անդրադարձել  ԱԱԾ բարեփոխման խնդրին
28.06.2024 | 08:11

Վերջերս «Politik.am»-ի հարցազրույցներից մեկում անդրադարձ է եղել անվտանգության ծառայության համակարգին, նշվել, որ այն դեռևս խորհրդային տարիներից, ըստ էության, ծառայել է իշխող վարչակարգին և ոչ թե պետությանը, և որ համակարգն ունի խորքային բարեփոխման կարիք:

Հարցազրույցում բարձրաձայնված խնդիրները որոշակի իմաստով իսկապես առկա են, պահանջում են համակարգված լուծում:

Հատկանշական է, որ հիմնախնդրի մասին դեռևս 2021-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից հրատարակման պատրաստվող գրքում, որը տարբեր պատճառներով առ այսօր լույս չի տեսել, ես անդրադարձել եմ նաև ԱԱԾ բարեփոխման խնդրին` ներկայացնելով իմ տեսլականը:

Հաշվի առնելով հարցի քննարկման շուրջ եղած հետաքրքրությունը` վերոհիշյալ գրքից ներկայացնում եմ երկու հատված (պետք է հաշվի առնել, որ ստորև բերված գնահատականները տրված են 2021 թվականի դրությամբ):

«ՀԱՏՎԱԾ 1

ԱԱԾ-ԻՆ ԲՆՈՐՈՇ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո մինչև 2004 թվականի նոյեմբեր ամիսը անվտանգության մարմինը ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ ԿԱՌԼՈՍ ԽԱՉԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, իսկ քննչական վարչությունը շարունակում էր ղեկավարել ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության։

Անուհետև տնօրեն նշանակվեց գեներալ-գնդապետ ԳՈՐԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով պաշտոնավարեց մինչև 2016 թվականի փետրվարը։ Դրանից հետո նշանակված տնօրենների պաշտոնավարումը կարճաժամկետ էր.

գեներալ-մայոր ԳԵՈՐԳԻ ԿԱՐԵՆԻ ԿՈՒՏՈՅԱՆ՝ 2016 թ. փետրվար-2018 թ. մայիս,

գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ԳԱԳԻԿԻ ՎԱՆԵՑՅԱՆ՝ 2018 թ. մայիս-2019 թ. սեպտեմբեր,

գնդապետ ԷԴՈՒԱՐԴ ԱՇՈՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ՝ 2019 թ. սեպտեմբեր-2020 թ. հունիս,

գնդապետ ԱՐԳԻՇՏԻ ԷԼԲԵԿԻ ՔՅԱՐԱՄՅԱՆ՝ 2020 թ. հունիս-2020 թ. հոկտեմբեր,

գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՎԱԶԳԵՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ` 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր,

գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԱԲԱԶՅԱՆ՝ 2020 թ. նոյեմբերից առ այսօր։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը գործում էր տնօրենի ուղիղ ենթակայության ներքո, ուստի պատիվ եմ ունեցել անձնապես շփվել ու աշխատել վերը հիշատակված բոլոր ղեկավարների հետ։

Այսօր, հետհայաց նայելիս, անվտանգության մարմնին բնորոշ յուրահատկություններից և խնդիրներից կարելի է առանձնացնել հետևյալը՝

* համակարգում պահպանվում է ներքին կայունությունը, անկախ ղեկավարության, այդ թվում՝ առաջին դեմքի փոփոփություններից: Այսինքն՝ կադրային ջարդ, անիմաստ տեղափոխումներ, առանցքային պաշտոններում «դրսից» նշանակումներ գրեթե չեն լինում:

* Եթե նույնիսկ ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվում է «դրսից» մարդ, համակարգն արտաքուստ որևէ բացասական վերաբերմունք չի դրսևորում, աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, ինչը սակայն չի նշանակում, որ աշխատակիցները ներքուստ համակարծիք են այդ նշանակմանը, չեն հասկանում, որ նա արժանի չէր այդ բարձր ու պատասխանատու պաշտոնին, չեն տեսնում նոր ղեկավարի թերությունները: Նաև հասկանում են, որ այդ նշանակմամբ համակարգ են բերվել ոչ հարիր ու խորթ բարքեր, աշխատելաոճ, դանդաղել են բնականոն զարգացումը, արդյունավետությունը և առաջընթացը, քանի որ նոր ղեկավարին առնվազն մեկ-երկու տարի է պետք հիմնարկի աշխատանքի նրբություններին և սպեցիֆիկային ամբողջ ծավալով ծանոթանալու և ճիշտ որոշումներ կայացնելու համար:

* Աշխատակիցների զգալի մասն ընդգծված կարգապահ են թե՛ աշխատանքում և թե՛ կենցաղում, նրանց բնորոշ է կիրթ և զարգացած լինելը, համեստ ու հարգալից վերաբերմունքը շրջապատի նկատմամբ:

* Աշխատակիցները պաշտոններում նշանակվում, խրախուսվում են հիմնականում օբյեկտիվ առաջխաղացման պայմաններում: Եթե միջին կամ բարձր օղակներում նշանակումները լինում են խնդրահարույց, այսինքն՝ սուբյեկտիվ միջամտության արդյունքում, դա չի ընդունվում կոլեկտիվի կողմից, և այդ նշանակումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Նման անձը ծառայության ղեկավարի փոփոխության դեպքում անմիջապես ազատվում է պաշտոնից, ընդհուպ համակարգից, ու դա նորմալ է գնահատվում:

* Չկա ծառայության գործունեությանը կամ երկրի անվտանգությանը սպառնացող, համակարգային ու արմատավորված կոռուպցիա, նման երևույթները ներսում դատապարտելի են, և յուրաքանչյուր բացահատված դեպք, տեղեկություն խորը քննության են ենթարկվում ներքին անվտանգության ու տեսչական մարմինների կողմից:

* Չի խրախուսվում, չի ընդունվում, երբ աշխատակիցները կամ նրանց ընտանիքի մերձավոր անդամներն ընդգրկված են խոշոր բիզնեսում, կապեր ունեն քաղաքական տարբեր շրջանակներում, քրեաօլիգարխիկ միջավայրում, վարում են հարուստ և ցոփ կյանք:

* Խիստ ուշադրություն է դարձվում գաղտնապահության ռեժիմին: Յուրաքանչյուր արտահոսքի դեպք, անկախ դրա կարևորությունից և առաջացրած հետևանքից, քննության առարկա է դարձվում, հնարավորինս ամեն ինչ արվում է մեղավորներին բացահայտելու և առնվազն համակարգից հեռացնելու համար:

* Գործերի քննության ընթացքում բացառվում է խորթ մեթոդների, մասնավորապես՝ բռնության կիրառումը, ապացույցները ձեռք են բերվում օպերատիվ-քննչական աշխատանքի, լայնածավալ միջոցառումների և գործողությունների արդյունքում:

Կառույցին բնորոշ հիմնական խնդիրներից են.

* որակյալ կադրերի, դրանց թվում՝ տարբեր ոլորտների մասնագետների պակասը,

* աշխատակիցների սոցիալական երաշխիքների անբավարար մակարդակը՝ աշխատավարձ, կենսաթոշակ, բնակարանով ապահովում և այլն,

* համագործակցության ակտիվացման ու խորացման անհրաժեշտությունն Արցախի և մեր դաշնակից երկրների հատուկ ծառայությունների հետ,

* տեխնիկական ժամանակակից միջոցներով վերազինման ու համալրման անհրաժեշտությունը,

* երկրի քաղաքական ղեկավարության կամքին, անձնական շահերին համակարգը ծառայեցնելու ողջամիտ ռիսկը։

ՀԱՏՎԱԾ 2

ԱԱԾ-Ն ԲԱՐԵՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ զբաղեցնում ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը, հատկապես սթրեսային պայմաններում, ինչպիսին պատերազմն է, քեզ տեսանելի են դառնում ծառայության բոլոր ստորաբաժանումների գործունեությունը, թերությունները, հասանելի են դառնում ինֆորմացիոն հոսքերի որակը, մակարդակը, որոնք ստացվում են արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության ուղղություններով, կարողանում ես գնահատել աշխատանքի արդյունավետությունը, կոնկրետ պաշտոնատար անձանց պրոֆեսիոնալ և մարդկային մակարդակը։ Համակարգի առանձին ճյուղ կամ ճյուղեր ղեկավարելով` դու երբեք չես կարող ստանալ այդ ամբողջական պատկերը, կարող ես միայն պատասխանատու լինել բացառապես քո կոորդինացման տակ գտնվող ոլորտների և պաշտոնատար անձանց գործողությունների համար։

Հետևությունս մեկն էր՝ ԱԱԾ աշխատանքն ունի լրջագույն բարեփոխման կարիք: Փորձեմ թվել առերևույթ խնդիրներից մի քանիսը.

1. ԱԱԾ տնօրենը պետք է պաշտպանված լինի օրենքով, ինչպես, օրինակ, գլխավոր դատախազը կամ դատավորները, որպեսզի հնարավոր չլինի նրան չնչին առիթով, կամայական մոտեցմամբ ազատել ծառայությունից, իսկ ազատելու դեպքում պետք է հաշվետվություն ներկայացվի, թե ինչու՛ և ի՛նչ հիմնավորմամբ է այդ որոշումը կայացվել:

2. Վարչապետին պետք է արգելված լինի ծանոթանալ ԱԱԾ գործակալական և վստահելի անձանց տվյալներին, հետախուզական և արխիվային այլ նյութերին, իրականացվող օպերատիվ միջոցառումների ընթացքին: Պետք է հստակեցվի, կանոնակարգվի, թե ի՛նչ իրավասություններ կարող է նա ունենալ ԱԱԾ և մյուս իրավապահ մարմինների նկատմամբ: Դա թույլ կտա նվազեցնելու իրավապահ մարմինները ներքաղաքական խնդիրների լուծման մեջ ներքաշելու ողջամիտ ռիսկը:

3. Արցախի ԱԱԾ-ի առնվազն ռազմական հակահետախուզության ստորաբաժանումը պետք է հնարավորինս ինտեգրված լինի ՀՀ ԱԱԾ նույնանուն ստորաբաժանմանը և գործի մեկ ղեկավարման ներքո:

4. Ռազմական հակահետախուզության աշխատակիցները, հատկապես պատերազմական իրավիճակում, պետք է տեղակայված լինեն շփման գծին հնարավորինս մոտ զորամասերում տիրող իրավիճակը ճիշտ հասկանալու, գնահատելու, հակահետախուզական խնդիրները տեսնելու, վեր հանելու, խուճապային տրամադրությունները կանխելու, հրամանատարական կազմին առնչվող կադրային փոփոխությունների առաջարկությամբ ղեկավարության մոտ հանդես գալու համար:

5. ԱԱԾ կազմում պետք է ստեղծել մարտական հատուկ ստորաբաժանում պատերազմական գործողությունների ընթացքում առաջադրանքներ կատարելու համար:

6. Պետք է էականորեն բարձրացնել ռադիոհակահետախուզության և տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումների աշխատանքի մակարդակն ու արդյունավետությունը, ինչպես նաև ստացված տվյալների արագ մշակման, վերլուծման և փոխանցման գործընթացը:

7. Խստագույնս պետք է ուժեղացնել օպերատիվ հսկողությունը ռազմարդյունաբերության ոլորտի, բանակում տեղի ունեցող զենքի, ռազմաթերքի, տեխնիկայի և սարքավորումների գնման գործընթացների նկատմամբ:

8. Հետախուզության և հակահետախուզության ստորաբաժանումները (մեծապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուղղություններով) անհրաժեշտ է համալրել բանիմաց, ինտելեկտուալ, գործին նվիրյալ կադրերով, նրանց աշխատանքն ապահովել արդի նյութատեխնիկական միջոցներով և սարքավորումներով, ներդնել յուրաքանչյուր ծառայողի կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը գնահատելու ճիշտ և արդարացի մեթոդաբանություն:

9. Պետք է ընդլայնել ու խորացնել համագործակցությունը մեր դաշնակից և աջակցող պետությունների, հատկապես Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, բարձրացնել առավելագույն վստահելի մակարդակի։

Իրողությունների ահա այս գնահատականն էր հավանաբար պատճառը, որ պատերազմական այդ բարդ իրավիճակում ես նախաձեռնեցի և վարչապետի միջոցով իրականացրեցի կադրային լրջագույն փոփոխություններ, մասնավորապես՝

- նշանակվեց սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետը,

- ռազմական հակահետախուզության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին փոխվեց, նշանակվեց նոր անձ,

- այլ աշխատանքի տեղափոխվեց հակահետախուզության դեպարտամենտի պետը, նրա փոխարեն նշանակվեց նոր անձ,

- նշանակվեց տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետը,

- այլ աշխատանքի տեղափոխվեց ծառայության ներքին անվտանգության վարչության պետը, նշանակվեց նոր անձ,

- սահմանապահ զորքերի հրամանատարը և շտաբի պետը վերցվեցին կադրային ռեզերվ, նրանց փոխարեն նշանակվեցին մարտական գործողությունների ընթացքում իրենց ճիշտ դրսևորած, աչքի ընկած երկու այլ սպաներ,

- նշանակվեցին Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզային վարչության պետերը:

Շուրջ երկու տասնամյակ տևած իմ ծառայության ընթացքում ես չեմ մտաբերում, որ նման ծավալի կադրային փոփոխություններ տեղի ունեցած լինեին համակարգում, այն էլ այսպիսի կարճ ժամանակահատվածում: Սա բնորոշ չէր ծառայությանը։ Այնուամենայնիվ, վստահությամբ կարող եմ փաստել, որ այդ փոփոխություններն ունեին օբյեկտիվ պատճառներ, չկար անձնական որևէ միտում, շահագրգռություն, բացարձակապես ուղղված էր ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչն իսկապես տվեց իր արդյունքը:

Դա է վկայում նաև այն փաստը, որ վերը նշված գրեթե բոլոր պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել առ այսօր»։

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ