ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԼԱՎԻ ԿԱՐՈՏ

ԼԱՎԻ ԿԱՐՈՏ
09.12.2011 | 00:00

Թիկնապահներով շրջելու մեր ժամանակներում առավել արժևորվում է հոգու, հոգեկանի, հոգիների հետ և միջև կապը, քանի որ ապահովված մարմնի կողքին հոգին մնում է անպաշտպան։ Հոգեկան այդ կապն է հենց, որ տարիների հոլովույթի միջով կամրջում է մարդկանց, անգամ եթե նրանք քո տեսադաշտում չեն երկա՜ր ժամանակ։ Արդեն քանի՜ տարի է, որ ֆիզիկապես մեզ հետ չէ տաղանդավոր արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ, գրողների միության երկարամյա քարտուղար ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Իսկ օրերը գլորվո՜ւմ են։ Կարծես երեկ էր, որ ներկայումս Սիրահարների, նախկին Պուշկինի անվան զբոսայգում (իրենց բնակարանին մերձակա) Մկրտիչ Սարգսյանն ու տիկին Ելենան հետմիջօրեի հանգիստն էին անցկացնում։
Հիմա, երբ հրապարակի վրա է հիշարժան, կարևոր մի գիրք` «Դու անկործան վանք կմնաս. Մկրտիչ Սարգսյանը ժամանակակիցների հուշերում» («Հայաստան» հրատարակչություն, Երևան, 2011 թ.), զորանում են հուշերի զարկերակները` նորանոր պատկերներով ու պատումներով հարստացնելով մեր հուշաշխարհը։ Իրապես գտնված խորագիր է. «Դու անկործան վանք կմնաս»` բարին, լավը եղծել չի լինի, մահվանից հետո էլ այն մեր հիշողության մեջ է, ճշմարիտ վանքի, հոգևոր հավատի տան պես անկործան։ Երբ հիշում ենք, հարգում, գնահատում մարդուն ու նրա վաստակը, ուրեմն նա կա՛։
Մկրտիչ Սարգսյան գրողն ու ղեկավարը մարդկային ու գրական առանձնահատկությունների թվում ուներ մեկը, որ բնածին է, և նույնպես յուրատեսակ տաղանդ է` հայրությունը, հայրական մոտեցումը շրջապատի նկատմամբ։
Հայրական այդ վերաբերմունքը Մկրտիչ Սարգսյանին տարբերում էր իր նման շատերից, և այնպես, որ առաջին անգամ նրա հետ շփվողը այնուհետև բարոյական հենարան էր գտնում ի դեմս նրա։
Բնական է, որ գրողի ստեղծած կերպարները (նրանց գոնե մի մասը) նմա՛ն պիտի լինեն իրեն, քանի որ ի՛ր մտքերի ու գաղափարների կրողն են ու արտահայտիչը։ Եվ որովհետև Մկրտիչ Սարգսյան գրողի, նկարչական առումով ասած, պատկերաշարը զինվորական է (ինչպես Այվազովսկունը` ծովը), արձակագրի կերպարների զգալի մասը զինվորական համայնապատկեր է ստեղծում, պատերազմի դժվարին օրեր, թիկունքի դառը կյանք, մահեր` անժամանակ, անխուսափելի, հաշմանդամներ, զոհեր, այրիներ, անծնող մնացած մանկունք։ Պատահական չէ, որ Մկրտիչ Սարգսյանն սկսել է քնարական բանաստեղծությամբ, և մինչև վերջ էլ դա նրա ստեղծագործության մի ճյուղն էր, և հարուստ ճյուղը։
Իննսուն գրողի, իննսուն մարդու է ներկայացնում «Դու անկործան վանք կմնաս» ժողովածուն, որ ընդգրկում է ժամանակակիցների հուշերը վաստակած արձակագրի մասին։ Դրանք կյանքի ու մաքառումի ճամփաներով անցած մարդիկ են` ներառյալ նոր սերունդը` Սարգսյանի զավակների սերնդակիցները (նաև` տողերիս հեղինակը), որն արդեն միջին սերունդ է, նրա համար Մկրտիչ Սարգսյան գրողը նաև ուսուցիչ է։
Հեշտ չի եղել Սարգսյանի մանկությունը. դեռևս երեխա` զրկվել է հորից, և գուցե այդ է պատճառը, որ ժամանակից շուտ հասունանալով սովորել է ինքն իրեն հայրություն անել, հետո նաև` ուրիշներին։ 80-ական թվականներից մինչև հայտնի վերջին դեպքերը գրողների միության քարտուղարի աթոռին նստած տաղանդավոր արձակագիրը սոսկ քարտուղար չէր, այլև հայր էր մեզ համար։ Ժողովածուի իննսուն հեղինակները (զարմանալի՜ միասնականություն) հավաստում, գնահատում, արժևորում են այդ հայրությունը, լինի այն Երևանում հայտնված համերկրացու, այս կամ այն ստեղծագործողի առաջին կամ հերթական գրքի ճակատագիրը։ Քչերին է տրված արժանանալ համընդհանուր սիրո. սա մի պարգև է, որ անհնար է նվաճել ծանոթությամբ կամ կաշառքով։ Այդ են վավերացնում հուշագրության հեղինակները` յուրաքանչյուրն իր ձայնով ու ասելիքի մատուցմամբ։ Յուրաքանչյուրը` առանձնակի սիրով ու հարգանքով, բարոյական իր պարտքի կատարման զգացումով։ Դրանում դժվար չէ համոզվել` թվարկելով հուշագրության բազմաքանակ նմուշների խորագրերից մի քանիսը. «Հմայիչ և գերող», «Իմաստուն, պարզ ու վճիտ», «Ճանաչում, հավատում և սիրում էինք», «Ճշմարիտ գրողի ճանապարհը», «Մասունքներ մեծ կյանքից», «Ջավախքի արժանավոր զավակը», «Իմ ճանաչած ամենաառաքինի և օրինավոր հայը», «Քո նահապետ ներկայությունը»։
Հուշերի այս հորձանքում յուրովի առանձնանում են Մկրտիչ Սարգսյանի ծննդավայր Ջավախքի, նաև Վանաձորի մեր գրչեղբայրների հուշերը, առաջինի դեպքում` իբրև հարազատ երկրամասի արձագանք, երկրորդի պարագայում` տարիներ ի վեր Վանաձորում միատեղ հանգստանալու մտերմությունից բխած պատումներ։ Հուշագրքին յուրատեսակ առինքնող շունչ են հաղորդում Մկրտիչ Սարգսյանին նվիրված բանաստեղծությունները։
Հատուկ սիրով և հետաքրքրությամբ են ընթերցվում հարազատների, Սարգսյանի տիկնոջ և զավակների` Դավիթ, Վահագն և Նաիրա Սարգսյանների հուշերը։ Ես, որ Մկրտիչ Սարգսյանի զավակների սերնդակիցն եմ, անձամբ եմ համոզվել այն ասույթի ճշմարտացիության մեջ, թե «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Մկրտիչ Սարգսյանի շառավիղները կրում են ո՛չ միայն հայրական ավանդապահ, կիրթ և բարեմիտ դաստիարակության արդյունքը, այլև շարունակում են նրա գործը ՈԳՈ՛Ւ իմաստով, յուրաքանչյուրն իր ոլորտում։
Հապա թոռնե՜րը. Մկրտիչը, Լուսինե՛ն, Անդրանի՛կը, Մանե՛ն, Շողե՛րը, Նարե՛կն ու Ելենա՛ն, որ կոչված են ծաղկեցնելու սարգսյանական շիտակ, շենշող տոհմածառը։
Վերջերս անժամանակ իր մահկանացուն կնքած գրող Վալտեր Թորոսյանը երկու խոսքով, աֆորիզմի սեղմությամբ ամփոփում է «Դու անկործան վանք կմնաս» գրքի ասելիքը, լավագույնս բնորոշելով հուշագրքի հերոսին. «...Մկրտիչ Սարգսյանն իր ներկայությամբ ազնվացնում էր ապրած ժամանակը»։ Ավելի լավ հնարավոր չէ ասել։ Բարի նախանձով ու երազանքով ուզում եմ խոստովանել, որ նման գնահատականի արժանանալը անբաղդատելիորեն վեր է մարդու սահմանած ամեն կարգի տիտղոսներից ու մրցանակներից, քանի որ ամենազոր ԺԱՄԱՆԱԿԻ գնահատականն է։
Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ