ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ»

«ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ»
17.01.2012 | 00:00

Իբրեւ անօթ` վաղուց է խորտակուել Բեթհովենը, չկայ նա.
կան, սակայն, մնում են նրա ակորդներն աստուածային:

Գարեգին ՆԺԴԵՀ

Հայտնի է Ի. Կանտի ազդեցությունը Բեթհովենի աշխարհայացքի վրա: Մասնավորապես, փիլիսոփայի հետևյալ ասույթը. «Երկու բան է ինձ զարմացնում` աստեղազարդ երկինքը վերևում և բարոյական օրենքը մեր մեջ»: Այդ գաղափարախոսությունը բարոյական և գեղագիտական, սկզբունքային նշանակություն ուներ կոմպոզիտորի արժեհամակարգում: Ըստ Ռոմեն Ռոլանի, Բեթհովենի մահից հետո աճուրդի հանված գրքերի մեջ էին Կանտի «Բնագիտությունը և երկնքի տեսությունը», Բոդեի «Աստղային երկնքի ուսումնասիրության ներածությունը» և Թովմաս Գեմբացու «Նմանություն Յիսուսի Քրիստոսի» (Р. Роллан, «Жизни великих людей», Е., 1987, стр. 198):
Անշուշտ, Բեթհովենը միայն գրքերով չէր հաղորդակցվում բնությանը: Գերմանացի երաժշտագետ Պաուլ Միսը վկայակոչում է Բեթհովենի հետևյալ խոստովանությունը. «Երբ ես երեկոները զմայլված դիտում եմ երկինքը... իմ ոգին սլանում է միլիոնավոր մղոններ հեռու գտնվող այդ համաստեղությունների միջով դեպի սկզբնաղբյուրը, որից բխում է ամբողջ արարչագործությունը... ես ժամանակ առ ժամանակ փորձում եմ իմ հուզումները պարուրել հնչյունային ձևերի մեջ, ավաղ, ես խորապես հիասթափվում եմ... Ոչ մի մահկանացու ի վիճակի չէ ո՛չ հնչյուններով, ո՛չ խոսքերով, ո՛չ գույներով կամ հատիչով մարմնավորելու երկնային այն տեսիլները... Ոգին պետք է վեր հառնի երկրի վրա, ուր Աստծո կայծը գտնվում է ժամանակավոր աքսորում... Քանի որ միայն համառ աշխատանքով, նրան շնորհված ուժերով է արարածը երկրպագում Արարչին, անսահման բնության ստեղծողին» (Դանիել Երաժիշտ, «Ամենեն մաքուր հայելին ցեղին», Ե., 2008, էջ 122):
Ի դեպ, ըստ Բեթհովենի աշակերտ Կառլ Չեռնիի, վարպետի 8-րդ կվարտետը ևս ներշնչված է «աստեղազարդ երկնքի» հայեցողությամբ: Կանտի հիշյալ ասույթը արտահայտում է ամբողջ արարչագործության արտաքուստ առանձին թվացող երկու ոլորտները` բնությունը և մարդը, մակրոկոսմոսը, որն արտացոլում է միկրոկոսմոսը, անհրաժեշտության արքայությունը և ազատության արքայությունը: Եվ այս երկու ոլորտները` «հաղորդակից անոթները» միավորողը` «ծիածանի կամուրջը», արվեստն է, ինչպես Գյոթեն է ասել. «Արվեստը, որպես մարդկային ոգու ստեղծագործություն, բնության մասն է կազմում, և արվեստագետի նպատակն է ըմբռնել և արտահայտել բնության իմաստը» (В. Соловьев, Смысл любви, М., 1991, стр. 69): Եվ արարչագործության այս երկու «գործող անձինք»` մարդը և բնությունը, լավագույնս պատկերված են Բեթհովենի 5-րդ և 6-րդ սիմֆոնիաներում: 5-րդի հերոսը մարդն է` իր հոգու դրամայով, պայքարով հանդերձ, որը պսակվում է հաղթանակով, ազատությամբ: Իսկ 6-րդը` «Հովվերգական սիմֆոնիան», բնությունն է` իր անդորրով, փոթորկով ու ամպրոպով, հավքերով ու ծաղիկներով: Եվ հատկանշական է այն, որ այս երկու կոթողների վրա Բեթհովենն աշխատել է գրեթե նույն ժամանակաշրջանում (1804-1808 թթ.): Որպես հանճար, Բեթհովենը առաջ էր անցել իր, ինչպես ինքն էր ասում, անկարգ ժամանակից, և դա է պատճառը, որ ժամանակակիցները չէին ընկալում, այլ դիմադրում էին նրա գործերի նորանոր պրեմիերաներին:
Երաժշտագետ Առնոլդ Ալշվանգը նշում է, որ առաջին սիմֆոնիան քննադատում էին փողային գործիքների առատության համար, երկրորդը` որ այն նման չէր առաջինին: Իսկ «Հերոսական սիմֆոնիան»` շատ երկար է և նման չէ նախորդներին:
Մինչդեռ Բեթհովենն ընդվզում էր, ասում. «Երբ գրեմ մի ամբողջ ժամ տևողությամբ սիմֆոնիա, այնժամ «Հերոսական սիմֆոնիան» կարճ կթվա» (А. Альшванг, «Людвиг ван Бетховен», М., 1971, стр. 195):
Հետագայում ավելի քան մեկ ժամ տևող 9-րդ սիմֆոնիան նույնպես համարում էին երկար, ու դա վերագրում էին Բեթհովենի խլությանը: Այս մոլորությունը փարատեց մեծ դիրիժոր Հանս ֆոն Բյուլովը, որն 9-րդ սիմֆոնիայի վերջին ակորդից հետո կոչ արեց նվագախմբին. «Դա կապո», այսինքն` «կրկնել»: Եվ ամբողջ սիմֆոնիան անմիջապես հնչեց երկրորդ անգամ: Կրկին հնչեց. «Գրկախառնվեք, միլիոններ»` Շիլլերի ներբողի կոչը, որը բեթհովենյան հնչյունների թևերով դիմում է ամբողջ մարդկությանը` հաշտվել, սիրել միմյանց... Մեծն Անտոն Վեբեռնը, ոգևորված Բեթհովենի հանճարով, 1911 թվականին Սուրբ ծննդյան տոնը շնորհավորելով, գրել է Ալբան Բերգին. «Գուցե պետք է Բեթհովենի ծննդյան օրը նմանապես տոնել» (А. Веберн, «Лекции о музыке», Письма, М., 1975, стр. 86):
Վեբեռնի հիշյալ նամակը կարծես հասցեագրվել էր ճապոնացիներին, և նրանք, կարծես անսալով կոմպոզիտորի կոչին, սկսեցին ավանդաբար տոնել Բեթհովենի ծննդյան տարեդարձները: Ամեն տարի, դեկտեմբեր ամսին, Սուրբ ծննդյան նախօրեին Ճապոնիայի բոլոր մեծ համերգադահլիճներում օրեր շարունակ տարբեր երաժշտախմբեր կատարում են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, նշանավորելով նաև հեղինակի ծննդյան օրը` դեկտեմբերի 17-ը: Ոչ պակաս հանդիսությամբ նշվում է կոմպոզիտորի մահվան տարելիցը: 1927 թվականին Կոստան Զարյանը գրել է. «Քաղաքակիրթ աշխարհը տոնում է մեծ Բեթհովենի մահվան հարյուրամյակը: Վիեննայում, ուր նա երկար տարիներ տառապեց և ստեղծագործեց, այսօր ժողովվել են եվրոպական երկրների ներկայացուցիչները` փառաբանելու համար ամենակատարյալ հանճարը, որ մարդկությունը ունեցած է... Բեթհովենի տառապած և դիոնիսական հոգին, այլևս ազատագրված, հաղթականորեն տիրում է բովանդակ մարդկության մտքի վրա և մեր հոգեկան իրականության անբաժանելի մասը կազմում» (Կոստան Զարյան, «Նավատոմար», Ե., 1999, էջ 253):
Նույն 1927 թվականին Բեթհովենի մահվան 100-ամյակը նշվել է նաև Երևանում: Մարտի 26-ին և 28-ին Կուլտուրայի տանը Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը (ղեկավարներ` Ալեքսանդր Սպենդիարյան և Հովհաննես Հովհաննիսյան) կատարեց «Հերոսական սիմֆոնիան», «Էգմոնտ» նախերգանքը և դաշնամուրի 4-րդ կոնցերտը (մենակատար` Նինա Մուսինյան): Ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Վասիլ Ղորղանյանը: Վերջինս հրատարակեց նաև Բեթհովենին նվիրված պատկերագիրք, իսկ Արշակ Ադամյանը` մենագրություն (այս և 1920 - 1960 թթ. Հայաստանում կայացած համերգների հայտագրերը, տարեթվերը մեջբերվում են Ռուզաննա Մազմանյանի կազմած «Սովետահայ երաժշտական կյանքի տարեգրություն» երկհատորյակից, հ. 1, Ե., 1920-1945, հ. 2, Ե., 1946-1960):
Ինչպես վկայում է Հայկական սովետական հանրագիտարանը, դեռ 1888 թվականին Ղորղանյանը Թիֆլիսում լույս էր ընծայել Բեթհովենի մասին գրքույկ, հետագայում` «Կոմպոզիտորի նամականին (1300 նամակ երկու գրքով` 1900 և 1904 թթ.), մեծածավալ մենագրություն («Կենսագրական էտյուդ», 1909)» (ՀՍՀ, Ե., 1981, հ. 7, էջ 41): Այսպիսով, այս առաջին կայծերից «բռնկելով», հայկական «բեթհովենիանան» գնալով թեժացավ և բոցավառվում է մինչ օրս:
1928 թ. ապրիլի 4-ին և 6-ին կոնսերվատորիայի նվագախումբը` Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կատարեց 5-րդ սիմֆոնիան, որը հետագայում` 1932 թ. սեպտեմբերի 8-ին կրկնեց դիրիժոր Սերգեյ Շաթիր-յանը: Նույն համերգին առաջին անգամ հնչեց Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը: Մինչ այդ, 1930 թ. ապրիլի 3-ին կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը նույնպես նվիրված էր Բեթհովենի արվեստին: Դիրիժորն էր Գևորգ Բուդաղյանը: Բեթհովեն է հնչել նաև Փարիզից բերված Կոմիտասի աճյունը Երևանի Պանթեոնում ամփոփելու օրը: Դա 1936 թ. մայիսի 28-ին էր, երբ Կուլտուրայի տանը օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ, կատարեց «Հերոսական սիմֆոնիայի» Սգո քայլերգը:
1937 թ., Բեթհովենի մահվան 110-ամյակի կապակցությամբ, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի և կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբերը Կոստանդին Սարաջևի ղեկավարությամբ կատարեցին Բեթհովենի ութ սիմֆոնիաները, նախերգանքները, և ջութակահար Ավետ Գաբրիելյանի հետ` Ջութակի կոնցերտը: Ի դեպ, մինչ այդ, 1931-32 թթ. համերգաշրջանում, Բեթհովենի սիմֆոնիաների շարքը (բացի 9-րդից) Սարաջևը կատարել էր իր հիմնադրած Մոսկվայի ինքնագործ սիմֆոնիկ նվագախմբով:
1941 թ. մարտի 10-ը մտավ հայ կատարողական արվեստի պատմության մեջ որպես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի պրեմիերայի օր: Այն հնչեցրին Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները և Հայաստանի պետական կապելլան` Արամ Տեր-Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս սիմֆոնիայի հաջորդ կատարումը իրագործել էր մաեստրո Միքայել Մալունցյանը` Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և ՈՒկրաինական «Տրեմբիտա» կապելլայի և հայ մեներգիչների հետ: Այս նշանակալի իրադարձությանը անդրադարձել էր անվանի դաշնակահար Կոնստանտին Իգումնովը` «Հայֆիլհարմոնիայի լուրջ նվաճումը» հոդվածով (Коммунист, 22 июня, 1974 г.): 2-րդ աշխարհամարտի ժամանակաշրջանում Հայաստանում Բեթհովենը ամենահաճախ կատարվող կոմպոզիտորներից էր: Եվ դա հատուկ խորհուրդ ուներ, մանավանդ երբ հայտագրերում Բեթհովենի անվան կողքին նշված էին լինում ռուս կոմպոզիտորների անունները: Օրինակ, 1941 թ. հուլիսի 24-ին Հայֆիլհարմոնիայի դահլիճում դիրիժոր Իսպիր Խարաջանյանի ղեկավարությամբ հնչեցին Բեթհովենի և Չայկովսկու ստեղծագործությունները: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 20-ին սիմֆոնիկ նվագախումբը` Կ. Սարաջևի գլխավորությամբ, կատարեց Բեթհովենի և Սկրյաբինի երկերը: Եվ թշնամու որոտընդոստ թնդանոթներին հակադրվում էր «մուսաների» ձայնը, գերմանական ֆաշիզմի մարդատյաց գաղափարախոսությանը և ագրեսիային հակադրվում էին Բեթհովենի և այլ մեծերի արվեստի մարդասիրության հզոր ալիքը և եղբայրության կոչը: Նշենք պատերազմի թեժ օրերին կայացած բեթհովենաշունչ համերգները: 1942 թ. փետրվարի 9-ին Սարաջևի ղեկավարությամբ հնչեցին կոմպոզիտորի 5-րդ սիմֆոնիան և «Էգմոնտ» նախերգանքը, իսկ 1943 թ. նոյեմբերի 29-ին` «Հերոսական սիմֆոնիան»:
1944 թ. փետրվարի 7-ին Իսպիր Խարաջանյանի ղեկավարությամբ հնչել են 1-ին և 5-րդ սիմֆոնիաները: Փետրվարի 21-ին նույն դիրիժորը ղեկավարել է 3-րդ և 4-րդ սիմֆոնիաները, 1-ին դաշնամուրային կոնցերտը (հայտագրում չի նշված կոնցերտի համարը)` դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանի մենակատարությամբ, Չայկովսկու 2-րդ սիմֆոնիան և Ֆերենց Լիստի «Պրելյուդները»: Մարտի 6-ին Խարաջանյանը ներկայացրեց 6-րդ և 8-րդ սիմֆոնիաները: Բեթհովեն է հնչել նաև սեպտեմբերի 28-ի համերգին:
Հայոց բեթհովենիանայի երկնակամարում շողշողացել են այնպիսի աստղեր, որպիսիք են դաշնակահարներ Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, Կոնստանտին Իգումնովը, Մարիա Յուդինան, ովքեր այցելել են Հայաստան, համագործակցել հայ երաժիշտների հետ։
Հետպատերազմյան շրջանում ձևավորվեցին մի խումբ երաժիշտներ, ովքեր միջազգային փառատոներում, մրցույթներում արժանացան դափնեկրի կոչման, բարձր պահեցին հայ կատարողական արվեստի պատիվը: Դրանք էին ֆագոտահար Աշոտ Աբաջյանը, ջութակահարներ Հակոբ Վարդանյանը, Ժան Տեր-Մերկերյանը, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, դաշնակահար Յուրի Հայրապետյանը, ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը:
Իսկ հայրենադարձության տարբեր ալիքները հայրենի եզերք բերեցին մի շարք շնորհալի հայորդիների` դիրիժորներ Օհան Դուրյանին, Հովհաննես Չեքիջյանին, երգչուհի Գոհար Գասպարյանին... Եվ սփյուռքահայ երաժիշտները, իրենց յուրօրինակ աշխարհայացքով, հայրենաբաղձությամբ հանդերձ, մի նոր լար ավելացրին հայոց հոգու տավղին: Մեր սերունդը ականատես եղավ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների կատարմանը` բնագրային ընթերցման ջատագով Օհան Դուրյանի ղեկավարությամբ: Դժվար թե գտնվի մի դիրիժոր, ով չի երազել կատարել սիմֆոնիզմի պսակ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:
Հ. Չեքիջյանը այդ սիմֆոնիան կատարել է տարբեր երկրներում տարբեր երաժշտախմբերի հետ շուրջ 60 անգամ: Սերնդակիցներս կհիշեն 9-րդ սիմֆոնիայի հստակ, խորիմաստ և վեհաշունչ կատարումը Մ. Մալունցյանի ղեկավարությամբ: Անմոռանալի է Բեթհովենի Ջութակի կոնցերտի անզուգական կատարումը Ժան Տեր-Մերկերյանի կողմից: Ժամանակին Դավիթ Օյստրախը այսպես է ասել իր սան Ժանի մասին. «Չայկովսկու կոնցերտը 20 տարեկանում այսքան նրբորեն և վարպետորեն կատարելը բացառիկ երջանկություն է»: Ապա ի՞նչ կասեր Օյստրախը, եթե լսեր Բեթհովենի Կոնցերտը արդեն հասուն վարպետ Ժան Տեր-Մերկերյանի մեկնաբանությամբ: Հավանաբար, այս անգամ ուսուցչապետը կխոսեր նաև ունկնդիրների «բացառիկ երջանկության մասին»: Ժանի շնորհիվ տարիների ընթացքում պարբերաբար կրկնվող այս կոնցերտը դարձավ մեր երաժշտական կյանքի «լայտմոտիվը», «Լայտկոնցերտը»: Ցավոք, Բեթհովենի Կոնցերտի բացառիկ կատարումները չեն ձայնագրվել: Թեպետ Ժանի մի սկավառակի վրա գրանցված է 2-րդ մասը, սակայն ձայնագրությունը տեխնիկապես հնացած է:
Մեր «բեթհովենիանայում» իր ծանրակշիռ խոսքն է ասել նաև Մեդեա Աբրահամյանը, ով կոմպոզիտորի Եռակի կոնցերտը կատարել է հինգ անգամ` համագործակցելով Ժան Տեր-Մերկերյանի, Յուրի Հայրապետյանի, Ռուբեն Ահարոնյանի և այլոց հետ: Դարակազմիկ մոնումենտալ գործերի կողքին երաժշտագետների հիշողության մեջ «մխրճվել» են նաև առանձին կամերային երկերի վառ կատարումներ: Օրինակ, Բեթհովենի 7-րդ տրիոն Մեդեա Աբրահամյանը նվագել է ջութակահար Արտաշես Մկրտչյանի և ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունու հետ, կվարտետները` Արամ Խաչատրյանի քառյակի կազմում, իսկ 4-րդ սոնատը` Սվետլանա Նավասարդյանի հետ: Ժամանակին այս սոնատի կատարման մասին երաժշտագետ Մարինա Բերկոն գրել է. «Նրա խոշոր նվաճումներից է սոնատի (op. 102, N 1) կատարումը դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի հիանալի ընկերակցությամբ (ձայնագրված է սկավառակի վրա, որ թողարկվել է Արգենտինայում): Հավաք, խստապարզ ձևը, նրա բոլոր տարրերի տրամաբանված ամբողջությունը զուգորդվում են երաժշտական տեքստի բանաստեղծական ներհուն ընթերցման հետ: Եվ այս ամենի արդյունքը ներքին ազատության և միաժամանակ ստույգ ոճի այն զգացողությունն է, որ այնքան էլ հաճախ չի հանդիպում Բեթհովենի երաժշտության մեկնաբանություններում» («Սովետական արվեստ», N 2, 1978, էջ 46):
1970 թ. Հայաստանում ևս մեծ հանդիսավորությամբ տոնեցին Բեթհովենի ծննդյան 200-ամյակը: Բացման համերգին, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 7-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, կատարվեցին «Լեոնորա N 3» նախերգանքը, դաշնամուրային 5-րդ կոնցերտը (մենակատար` Սերջիո Պերտիկարոլի (Իտալիա)) և Գյոթեի «Էգմոնտ» դրամայի համար Բեթհովենի գրած երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Վահան Այվազյանը, Կլերխենի դերում էր Անժելա Հարությունյանը, կոմպոզիցիայի հեղինակն ու ասմունքողն էր Սուրեն Քոչարյանը (այս համերգը լուսաբանվել է նաև տողերիս հեղինակի «Սրտից սիրտ» հոդվածում, որը լույս է տեսել 1970 թ. դեկտեմբերի 9-ին «Երեկոյան Երևան» թերթում): Հոբելյանական համերգաշարը տևեց մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Այս ընթացքում հանդես եկան նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ` դաշնակահարներ Կետտի Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, հետագայում նաև Ամալյա Բայբուրդցյանը, Վահե Ահարոնյանը և այլք: Ի թիվս տարբեր ժանրերի, այլ գործերի հնչեցին նաև կոմպոզիտորի բոլոր 10 սոնատները` ջութակահար Կարեն Կոստանյանի և դաշնակահարուհի Մարջան Մխիթարյանի կատարմամբ: Ի դեպ, դեռ 1890-ականներին, Մոսկվայում ուսանելիս, Ալեքսանդր Սպենդիարյանը կատարել էր Բեթհովենի սոնատների այս շարքը: Այս մասին վկայում է կոմպոզիտոր Ս. Վասիլենկոն. «Ջանասիրաբար պարապելով` մենք նրա հետ նվագեցինք Բեթհովենի, Գրիգի, Սեզար Ֆրանկի բոլոր սոնատները: Ալեքսանդր Աֆանասևիչը գերազանց ջութակահար էր» («Слово о Спендиарове», составитель В. Бальян, Е., 1971, стр. 15):
Մինչդեռ երաժշտության «կենաց ծառը» շարունակում էր փթթել, պտղաբերել: Ասպարեզ եկավ միջազգային մրցույթների դափնեկիրների մի համաստեղություն ևս: Վերոհիշյալ երաժիշտներից բացի, նշենք նաև ջութակահարներ Էդուարդ Թադևոսյանին, Հրաչյա Հարությունյանին, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանին, թավջութակահարներ Սուրեն Բագրատունուն, Վահրամ Սարաջյանին: Յուրաքանչյուր ժամանակաշրջան, սերունդ իր ընտրյալներին է ընծայում արվեստի տաճարին: Այդպիսիք են նաև դաշնակահարներ Սերգեյ Բաբայանը, Վարդան Մամիկոնյանը, Արմեն Բաբախանյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը, Արամ Թալալյանը և այլ տաղանդավոր երաժիշտներ:
Շնորհիվ այս արվեստագետների նորովի հնչեցին Բեթհովենի երկերը, նորովի փայլատակեց հայոց բեթհովենիանան, նորից հնչեց 9-րդ սիմֆոնիան` այս անգամ Ազգային կամերային նվագախմբի և դիրիժոր Արամ Ղարաբեկյանի կատարմամբ:
Նորից լսեցինք ջութակի և դաշնամուրի բոլոր 10 սոնատները` այս անգամ Նիկոլայ Մադոյանի և Արմինե Գրիգորյանի մեկնաբանությամբ:
70-ամյա մեծ վարպետ Ժան Տեր-Մերկերյանը կրկին պարգևեց իր երկրպագուներին Բեթհովենի Ջութակի կոնցերտի անմահ հնչյունները:
Հանճարեղ գերմանացու երաժշտությունը ոգևորել է նաև հայ գրողներին: «Բեթհովենի սոնատի վրա»` այսպես է կոչվում Վահան Թեքեյանի սոնետների շարքը, որի մասերը կրում են դաշնամուրային N 26 սոնատի համապատասխան մասերի վերնագրերը` Հրաժեշտ, Բացակայություն, Վերադարձ: Կարդում ես Թեքեյան ու զարմանում, թե կերպարային ինչպիսի անսպասելի ելևէջներ կարող է կյանքի կոչել Բեթհովենի անծայրածիր երաժշտությունը: Ահավասիկ, վերջին սոնետի ավարտը.
Հետո, գիտե՞ք, առաջին գարնանային փոսուռան`
Մութը հազիվ թե կոխած, հասմիկներու պատին վրա.
Հետո զեփյուռը համեղ և խնկահո՜տ լուսնկան:

ՈՒ թեև մեն մի քայլիս գյուղը տակավ կնեղնա,
Բայց չափ չունի, չունի՜ սիրտս ու կզարնե սիրտս ծափ,
Վարար գետի մը վրա սիրտս կերթա՜ ափե ափ...

Նշենք նաև Վիկտոր Բալայանի «Ճակատագիրը բախում է դուռը» ժողովածուն, Հակոբ Գյուրջյանի քանդակած Բեթհովենի կիսանդրին, որոնք նույնպես ներշնչված են Բեթհովեն երևույթով: Բեթհովենը խոստովանել է. «Ես միշտ եղել եմ Մոցարտի ամենախանդավառ երկրպագուներից մեկը և կմնամ մինչև վերջին շունչս»: Մահամերձ Բրամսը, չկարողանալով այլևս մոտենալ դաշնամուրին, մահվան մահճում ընթերցում էր, աչքերով «լսում» Բախի պարտիտուրաները: Իսկ վերջին բանաստեղծությունը, որ Կոստան Զարյանը «գրել է մահից քիչ առաջ, ուղղակի մահվան մահճում, և որը ընդհատվել է վերահաս մահով, նվիրված է Բեթհովենին» (Կ. Զարյան, «Նավատոմար...», էջ 625):
Վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Ռոմեն Ռոլանի «Բեթհովենի կյանքը» աշխատությունը` Պարգև Շահբազյանի թարգմանությամբ:
Որքա՜ն վեհասքանչ է հնչում հայերենով գրքի վերջաբանը: Ոգեշնչված 9-րդ սիմֆոնիայով` Ռ. Ռոլանը գրում է. «Ո՞ր հաղթանակը կարող համեմատվել սրա հետ, Բոնապարտի ո՞ր ճակատամարտը, Աուստեռլիցի ո՞ր արեգակը կարող է հասնել գերմարդկային ջանքով ձեռք բերված այս փառքին, այս ամենափայլուն հաղթանակին, որ երբևէ տարել է Ոգին: Մի դժբախտ աղքատ մարդ, անզոր ու միայնակ մի մահկանացու վշտի կենդանի մի մարմնացում, ում աշխարհը մերժում է ուրախությունը, հենց ի՛նքն է ստեղծում ՈՒրախությունը, որպեսզի նվիրի այն աշխարհին: Նա այդ ՈՒրախությունը դարբնում է իր տառապանքով, ինչպես նա դա ասել է իր այն հպարտ խոսքի մեջ, ուր ամփոփվում է իր կյանքը, և որը նշանաբանն է հերոսական հոգու տեր ամեն մարդու. «ՈՒրախություն Տառապանքի միջոցով»» (Ռոմեն Ռոլան, Բեթհովենի կյանքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2011, էջ 74):
Բեթհովենի պայթուցիկ սիմֆոնիզմով են ներշնչված նաև Կոստան Զարյանի «Բեթհովեն» հոդվածի վերջին հաղթական «ակորդները»: Ահավասիկ. «Ճակատագիրը ինչքան կխփե մեր դուռը, Հինգերորդի do-minore-ն պիտի հաղթականորեն ընթանա համամարդկային սիմֆոնիայի վերջին չափերի maggiore-ն և խմբերգի «առ բերկրանք» ուղղված տաղը, «Հանդիսավոր պատարագի» կրոնավոր բարձրացումի հետ միացած, պիտի շարունակի իր վերելքը և պարտադրի իր գոյությունը: Այդ է Բեթհովենի մեզ թողած պատգամը» (Կոստան Զարյան, «Նավատոմար», էջ 255):
Հիրավի, «Փշերի միջով առ աստղեր», սա էր նաև Գրիգոր Լուսավորչի վերելքը Խոր վիրապից, սա է հայ ժողովրդի անցած և անցնելիք խաչի ճանապարհը` «Խավարից դեպի լույս», ուղի, որով, ըստ Սուրբ գրքի, վաղ թե ուշ պիտի ընթանա համայն մարդկությունը:
Բեթհովենի երաժշտական համամարդկային հնչեղությունը վառ կերպով դրսևորվեց 1989 թ. Սուրբ ծննդյան տոնի օրերին, երբ Լեոնարդ Բեռնստայնի ղեկավարությամբ, ի լուր աշխարհի հնչեց 9-րդ սիմֆոնիան: Բավարիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Յուստուս Ֆրանցի առաջարկությամբ Բեռնստայնը կազմել էր մեծ երաժշտախումբ, որտեղ ընդգրկված էին 2-րդ աշխարհամարտում հաղթած և պարտված պետությունները ներկայացնող նվագախմբեր, երգիչներ, մենակատարներ:
Սիմֆոնիան կատարվեց փշալարերով «զարդարված» Բեռլինի բաժանարար պատի մոտ: Սա մի հոգևոր հաղթանակ էր, որտեղ չկային պարտվողներ: Եվ մեղքի մեջ թաղված Երիքովի պատերի պես, Բեթհովենի Սիմֆոնիայի «սարսափի շեփորների» «համազարկից» փլուզվեցին Բեռլինը մասնատող պատերը: Հիրավի, որտեղ պայքար, այնտեղ` Բեթհովեն, որտեղ Բեթհովեն, այնտեղ` Հաղթանակ:
Դանիել ԵՐԱԺԻՇՏ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հ. Գ. -Այս աշխատությունը մի փորձ էր ներկայացնելու հայոց բեթհովենիանայի ուրվագիծը, մի տարեգրություն, որն ընդգրկում է 1888-ից մինչև 2011 թ. դեկտեմբերի 9-ը: Այդ օրը «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր Հախնազարյանների ընտանիքը` Սուրենը (ջութակ), Գայանեն (դաշնամուր), Տիգրանը (դիրիժոր) և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի նորահաղթ դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նրանք կատարեցին Բեթհովենի դաշնամուրային 1-ին կոնցերտը և «Ապոլոնյան» եռակի կոնցերտը: Հայոց բեթհովենիանայի հաղթարշավը շարունակվում է:

Դիտվել է՝ 6141

Մեկնաբանություններ