ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հացի խնդիրը՝ թատերական մեկնաբանությամբ

Հացի խնդիրը՝ թատերական մեկնաբանությամբ
27.11.2012 | 11:56

Սոս Սարգսյանի ղեկավարած «Համազգային» թատրոնը հանդիսատեսին ներկայացավ նոր բեմադրությամբ` ըստ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի:
Ներկայացման գեղարվեստական ղեկավարը Սոս Սարգսյանն է: Վեպը թատերգության է վերածել Ռուբեն Հովսեփյանը, բեմադրող ռեժիսորն է Վիգեն Ստեփանյանը, կոմպոզիտորը` Մարտին Վարդազարյանը, բեմանկարիչը` Դավիթ Մինասյանը: Ներկայացման մեջ զբաղված է գրեթե ողջ «Համազգայինը», դեռ մի բան էլ ավելի:
Անհնարին էր թվում Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճի ոչ ընդարձակ բեմում նման մասսայական տեսարաններ ներկայացնելու հնարավորությունը, սակայն թե՛ բեմադրողը, թե՛ դերասանները շատ հմտորեն կարողացել էին լուծել այս խնդիրը` բնավ չթողնելով կաշկանդվածության, ինչ-ինչ սահմանափակումների առկայության տպավորություն: Ավելին, այդ տեսարաններում ընդգրկված էին ոչ միայն պրոֆեսիոնալները, այլև բավական դժվարին փորձաշրջանի արդյունքում ընտրված մանկահասակ դերասանները, որոնց ներկայությունը բեմում շահեկանորեն լրացնում էր ավագների աշխատանքը:
Առավել հաջողված կտորները, ըստ իս, ազգագրական երգ ու պարով, հայկական կոլորիտով ուղեկցվող տեսարաններն էին, որոնք կենսունակության ոգով էին համակում հանդիսատեսին: Սրանք, ասես, մեր ազգի հարատև ու հարափոփոխ կյանքի թատերական վկայություններն էին, որոնք ամեն պարագայում ավետում են մեր բնականոն առօրյայի ու անվախճան կենսագրության լինելության փաստը:
Իսկ «Համազգայինի» լինելության ու ժամանակի մարտահրավերներին վստահաբար դիմակայելու փաստի վկայությունները թատրոնի հայտնի ու սիրված դերասանների խաղն էր` նվիրումով առ թատրոնը, գրականությունն ու հանդիսատեսը և, իհարկե ու նախ և առաջ` իրենց Նահապետի` Սոս Սարգսյանի ներկայությունը «Հացի խնդրի» պրեմիերային:
«Համազգայինի» պռոշյանական կերպարները մարմնավորել էին Մխիթար Ավետիսյանը (Խեչան), Կարեն Խաչատրյանը (մովրով), Կարինե Ջանջուղազյանը (Մարիամ), Տաթև Ղազարյանը (Հեղնար), Գագիկ Մադոյանը (միկիտան Սաքո), Սերգեյ Թովմասյանը (Մարգար), Արման Նավասարդյանը (տանուտեր), Վարշամ Գևորգյանը (Սմբատ), Վանիկ Մկրտչյանը (Աղաջան), այլք:
Հասկանալի է, որ պրեմիերայի խառնաշփոթն ու մեծագույն պատասխանատվությունն այն ամենի նկատմամբ, ինչ կապված է այդ հաճելի խառնաշփոթի հետ, մեզ հնարավորություն չընձեռեցին զրուցելու Վիգեն Ստեփանյանի հետ: Սակայն, չնայած ծայրահեղ հուզմունքին ու հոգնությանը, մեր մի քանի հարցին պատրաստակամորեն պատասխանեցին Կարեն Խաչատրյանն ու Մխիթար Ավետիսյանը:
Մովրովի կերպարով յուրաքանչյուր ուշադիր ու անգամ անուշադիր հանդիսատես կարող էր ճանաչել մեր շուրջն առատորեն վխտացող նորօրյա «ցեցերին»: Կարեն Խաչատրյանը հավաստիացնում է. «Մեր կերտած բոլոր կերպարները շատ ծանոթ են բոլորիս: Նրանք մեր կողքին են: Բոլորս առնչվում ենք նրանց հետ` այս կամ այն առումով: Մեծ դժվարություն չէր այդպիսիներին մարմնավորելը: ՈՒղղակի պետք էր մի քիչ հաշվի առնել ժամանակը` այդ մարդկանց կերպարներում մեզ դրսևորելու համար: Մենք պրոֆեսիոնալ դերասաններ ենք, բայց և քաղաքացիներ ենք, կյանքի մարդիկ, և փորձել ենք ինչ-որ բան ներկայացնել մեր այսօրվա տեմպոռիթմի մեջ, մեր այսօրվա զգացողական կուլտուրայով»:
-Մտածո՞ւմ էիք, որ այսօր դպրոցական ծրագրերից հանված, «չպահանջված», «ժամանակավրեպ» Պերճ Պռոշյանն իր ասելիքով կարող էր բարձրանալ «Համազգայինի» բեմ,- հարցնում եմ դերասանին:
-Ո՛չ, չէի սպասում: Երբ առաջին անգամ լուր առանք, որ պետք է աշխատենք այս գործի վրա, կոնկրետ ես տարակուսանք ապրեցի: Պերճ Պռոշյանը ժամանակին քննադատվել է Միքայել Նալբանդյանի կողմից, մամուլի էջերում են բազում քննադատական հոդվածներ տպվել նրա դեմ: Նա անգամ համարվել է ընդամենը գյուղագիր: Բայց բոլշևիկները, հասկանալի պատճառներով, նրան սարքեցին դասական գրող, որովհետև նա գրում էր ցարական Ռուսաստանի, նրա գավառի, այնտեղ առկա սոցիալական խնդիրների մասին: Այսօր եկել են այնպիսի ժամանակներ, երբ մովրովները, միկիտանսաքոները շատ ճանաչելի են, մեր մեջ են: Նրանք հարմարվող մարդիկ են: ՈՒ ինչպես հնչում է ներկայացման մեջ և գրական տեքստում, այնպես էլ իրականության մեջ է. հարմարվողականությունը կործանարար է: Մենք ամեն ինչին հարմարվում ենք: Կարծես թե «ոչ» ասելու տարրական, ֆիզիկական, կենսաբանական ռեակցիան կորցրել ենք: Հարմարվողականությունից վատ բան չկա:
Մեր օրերի ու բոլոր ժամանակների իդեալի մարմնացումն է աշտարակցի Խեչանենց Խեչանի կերպարը, որը դառնում է մովրովների ու սաքոների զոհը: Բայց այս կերպարի արժանապատիվ գոյությունը բեմում ու մեր բոլորժամանակյա իրականության մեջ ուժ է տալիս դիմակայելու պահի ընթացքը տնօրինող ժամիշխաններին ու հավատալու իր տեսակի անխուսափելիությանը մեր մեջ ու մեր կողքին: Մեր մշտապես որոնած ու, ցավոք, դժվար գտնվող կերպարը մարմնավորած Մխիթար Ավետիսյանն իր դերի վրա աշխատելիս կենդանացրել է պապերի ու նախապապերի, սասնեցի նախնիների գենետիկ հիշողությունը: «Տեր հասկացությունը, որի առջև բոլորը խոնարհվում են, որին սիրում ու պատվում են բոլորը, միշտ եղել է աչքիս առաջ` կերպարի վրա աշխատելիս,- ասում է Մխիթարը և հավելում:- Դեռ նոր է, թարմ է ներկայացումը, տպավորություններն ավարտուն չեն, չգիտեմ, թե որքանով է ինձ հաջողվել տեղ հասցնել ասելիքս»:
-Ներկայացումն ավարտվում է Խեչանի ֆիզիկական խոշտանգման տեսարանով և մահով: Հոգեբանորեն որքանո՞վ եք կարողանում տեղավորվել ֆիզիկական այդ վիճակի մեջ,- հարցրի Մխիթարին:
-Դժվար էր, շատ դժվար էր: Դեռ հունցվելու շատ տեղեր կան: Չեմ կարող ասել, որ լիարժեք կայացել է այն, ինչին ես ձգտում էի: Բայց այնուամենայնիվ, պատրաստ եմ հաղթահարելու դժվարությունները և հասնելու իմ ուզած արդյունքին:
Ասենք, որ ներկայացման երկրորդ գործողությունից (գործողությունները երեքն են) առաջին գործողության մեջ հանդես եկող կերպարները բեմում հասունացած են կամ ծերացած: Մխիթար Ավետիսյանին հարցրի, թե ինչպես է կարողանում այդքան համոզիչ լինել ծերունու կերպարում: «Հավատալով,- պատասխանեց նա,- դերասանի համար ամենակարևորը հավատն է իր արածի նկատմամբ: Առհասարակ հավատը կարևոր բան է: Ես ո՛չ քարոզ եմ կարդում, ո՛չ քաղաքական պատգամ եմ հնչեցնում: Իրոք, պետք է հավատաս քո արած գործին: Նախ ինքդ քեզ պիտի հավատաս, որ հետո էլ հավատացնես հանդիսատեսին, կարողանաս «խաբել» նրան»:
Եվ մի բան, որ շատ կարևոր է իսկական արվեստագետի համար: Թե՛ Կարեն Խաչատրյանը, թե՛ Մխիթար Ավետիսյանը իմ հարցերին պատասխանելուց զատ, հետաքրքրվեցին, թե ինչպիսին էր իմ, իմա` հանդիսատեսի վերաբերմունքը ներկայացմանը: Սա խոսուն վկայությունն է այն ճշմարտության, որ «Համազգայինի» ստեղծագործական խումբը զերծ է աստղային հիվանդությունից, որի աղետալի դրսևորումներին մենք ականատես ենք այսօր յուրաքանչյուր քայլափոխի, և որ այս մարդիկ` հավատարիմ իսկական արվեստագետի առաքելությանը, հետամուտ են ազգի արվեստասեր հատվածին առավելագույնս գոհացնելու բարձր նպատակին:
Հավելենք, որ բեմադրությունը հովանավորել է «Գրանդ Քենդի» ընկերությունը` այդ նպատակին հատկացնելով 18 մլն դրամ: Իսկ ներկայացման պրեմիերային ներկա էր ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանն անձամբ:
Պրեմիերայից առաջ «Համազգայինի» տնօրեն Վարդան Մկրտչյանն իր խոսքում առանձնակի կարևորությամբ նշեց այս հանգամանքը: Նա ասաց, որ հովանավորի նպատակը ոչ թե սոսկ նոր ներկայացում ունենալն էր, այլ այդ ներկայացման հիմքում հայ դասական արժեք ունենալը, քանզի ազգային դասական արժեքների վրա է բարձրանում հասարակությունը և կարողանում է պահպանել իր ինքնությունն ու տեսակը:
Վարդան Մկրտչյանի ելույթը, թերևս, անուղղակի պատգամ էր բոլոր այն գործարարներին, որոնք ի վիճակի են սեփական ներդրումն ունենալու ազգային մշակույթի վերելքի անհրաժեշտ գործում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ