ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Լավ գրականությունը նեղ շրջանակների համար է»

«Լավ գրականությունը նեղ շրջանակների համար է»
25.11.2012 | 19:45

«Պապի՛, ես քանի՞ օր եմ ապրել»: «Օ՞ր,- զարմացավ պապը,- կյանքն ախր օրերով չեն հաշվում, տղա՛ս. տարիներով են հաշվում»: «Գիտեմ»,- ասաց տղան: «Էդ դեպքում,- պապը մտքում բազմապատկման մի գործողություն կատարեց ու ստացավ երկու հազար քառասունյոթ թիվը, որովհետև օգոստոս էր, իսկ տղան` հինգ տարեկան,- երկու հազար քառասունյոթ թիթեռի կյանք ես ապրել արդեն»: «Պապի,- հարցրեց տղան,- իսկ երկու հազար քառասունյոթը շա՞տ է»: «Նայած ինչի համար. աստղերի համար քիչ է, լուսատտիկների համար` շատ»: «Իսկ դո՞ւ քանի թիթեռի կյանք ես ապրել»:
Պապն իր ապրած տարիները բաժանեց թիթեռների»:

Ընթերցողի սեղանին է հայ լավագույն արձակագիրներից մեկի` Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպը:
«Անտարես» հրատարակչությունը վեպը հրատարակել է «XXI» և «Հայ ժամանակակից արձակ» մատենաշարերով: Շնորհանդես-վաճառքը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Հայելային սրահում: Ինչպես և ենթադրվում էր, սրահը մարդաշատ էր:
Ստորև ներկայացնում ենք ճեպազրույց արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ և գրքի հեղինակի հետ:
-Մի առիթով Հրաչյա Սարիբեկյանն ասաց, որ անպայման չէ, որ ընթերցողը համաժամանակյա լինի: Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, վեպն այսօրվա՞ ընթերցողի համար է:
-Կարծում եմ` այո, անկախ նրանից, թե վեպը ինչպիսի ընդգրկումներ ունի ժամանակի մեջ, այն այսօրվա ընթերցողի համար է: Հնարավոր է, որ վաղը, մյուս օրը, այն մյուս օրն էլ ընթերցեն: Լավ գիրք է: Ես կարդացել եմ նույնիսկ առաջին տարբերակը վեպի, ինձ այն էլ էր դուր եկել: Բայց Հրաչյան աշխատասեր է, փորձեց ավելին կորզել, ու դա նրան հաջողվեց:
Կուզեի ասել, որ վեպը մեր գրականության համար իր ձևով, իր մտածելակերպով նոր է, տրամաբանությամբ, տեսակով ու ռիթմով` շատ հետաքրքիր: Եվ կարծում եմ` մեր լավ վեպերի շարքում իր տեղը կունենա:
-Ժամանակակի՞ց, թե՞ առհասարակ:
-Դե, սկզբում ժամանակակից է լինում, «առհասարակը»` հետո:
-Գրական շրջանակների համար Հրաչյա Սարիբեկյանը հայտնի ու պահանջված անուն է: Ընթերցող ասվածը, սակայն, ավելի լայն շրջանակ է ենթադրում: Եթե դուրս գանք փողոց և հարցում անենք, պատկերը տխուր կլինի:
-Դա Հրաչյայի խնդիրը չէ միայն, այլ ժամանակի խնդիրն է: Անկեղծ ասած, ես դրա համար չեմ վշտանում, որովհետև ֆաստֆուդի սովոր, սպառող հասարակություն է հիմա ամբողջ աշխարհում: Այդ հասարակության համար չէ՛ լավ գրականությունը: Լավ գրականություն գրվում է փոքր շրջանակի համար, որ կարողանում է դուրս մնալ սպառողականության, համահարթեցման որոգայթներից: Դրանով էլ լավ գրականությունն արժեքավոր է: Այն «մակդոնալդսի» տված բուտերբրոդների նման չէ, որ արագ-արագ հափռում են: Նուրբ, թանկարժեք խորտիկ է, որ պետք է թանկարժեք ռեստորանում նստես ու վայելես` այլաբանորեն ասած: Սարսափելի բան չկա, սարսափելին այն է, որ քիչ ընթերցող` քիչ փող: Գրողն ինչպես միշտ անփող է, թե չէ լավ գրականությունը նեղ շրջանակների համար է: Որքան լավ, այնքան շրջանակը նեղ, որքան լուրջ, այնքան շրջանակը նեղ: Որովհետև, ցավոք, մարդը գնալով հիմարանում է:

Պատասխանելով մեր «Ինչի՞ մասին է վեպը» հարցին` ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ փորձեց կարճ բնորոշում տալ:
-Վեպն ինքնության որոնման մասին է, որ նույնանում է աստվածայինի որոնման հետ,- ասաց նա:
- Ձեր ստեղծագործություններում հաճախ եք անդրադառնում մահվան թեմային: Մի առիթով ասացիք. «Սերը միշտ ինձ համար մահվան անդունդը լցնելու պես մի բան է եղել»: Գիրքը դեռ չեմ կարդացել, բայց հետաքրքիր է իմանալ, նաև սիրո՞ մասին է:
-Ես նկատի եմ ունեցել սերը կնոջ և տղամարդու միջև, այս վեպն այլ բնույթի սիրո մասին է՝ փոքրիկ տղայի սիրո մասին է հորեղբոր հանդեպ: Ինչ վերաբերում է մահին, որ այս վեպում երևում է որպես անձնավորված կերպար, ապա մահն այստեղ, ինչպես «Գուշակություններ հայելիներով» վիպակում, կապվում է հերոսի հոր հետ, բայց այստեղ մեկնակերպն է փոքր-ինչ այլ: Մի կողմից մահկանացությունն ընկալվում է որպես սերնդեսերունդ՝ հորից որդուն փոխանցվող ժառանգականություն: Մեր հայրերն են հենց մեզ մահկանացու բերում, նրանք են մեր մահվան պատճառը: Աստված, որ մեր Հայրն է, սիրելով սպանում է մեզ: Վեպում կա նաև մահվան մեկ այլ մեկնակերպ: Առկախ է մնում նաև, թե տղայի անհետացած հայրն այնուամենայնիվ մահացա՞ծ է, թե՞ ոչ: Մահվան մեջ տարօրինակ է հենց այն, որ մարդիկ անհետանում են: Սա է մահվան մյուս մեկնակերպը: Նաև այն, որ ամեն մահացող մարդ դառնում է Աստված: Վեպում այս ձևով է մեկնաբանված մահը: Բայց այս վեպը, ի տարբերություն «Գուշակություններ հայելիներով» վիպակի գոթական մռայլության, լուսավոր գործ է, գոնե արև կա, որ անընդհատ շողում է: Եթե առաջին գիրքս` «Գուշակություն հայելիներով»-ը ձոնել էի մորս, որ նոր էր մահացել, այս վեպը ձոնել եմ որդուս՝ Արեգին, ինչն այս պահից խորհրդանշական իմաստ է ստանում ինձ համար:
-Ո՞վ է ձեր ընթերցողը, ո՞ւմ է ուղղված գիրքը:
-Գրելու ընթացքում մեծագույն հաճույք եմ ստացել, այսինքն, գրել եմ, որպես ընթերցող, նախ` ընթերցելու համար: Նպատակաուղղված է այն ընթերցողին, որ պիտի բացահայտի այս վեպի բոլոր շերտերը:
-Որպես ընթերցող կարդացե՞լ եք գիրքը:
- Միայն գրելու ընթացքում: Դեռ բավականաչափ չեմ մոռացել, որպեսզի փորձեմ այն որպես կողմնակի ընթերցող վայելելու հաճույքի համար նորից կարդալ:
-Ե՞րբ է գրվել վեպը:
-Չորս տարի շարունակ գրել եմ: Գրել եմ տարբեր տարբերակներով, այսինքն, մի կողմ եմ դրել նախկին տարբերակը, նոր տարբերակ եմ սկսել առանց նայելու հնին՝ հավատալով, որ այն, ինչ մոռացել ես սեփական ստեղծագործությանդ մեջ, միայն մոռացության էր արժանի: Փաստորեն, վեպն ամեն անգամ նորից եմ գրել:
-Թարգմանվելո՞ւ է:
-Չգիտեմ: Անկեղծ ասած, ինձ դա չի հետաքրքրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ