«Տասը տարի առաջ ես առաջին անգամ եկա Երևան և ասացի, որ երեք շաբաթ պիտի մնամ այստեղ: Բայց երեք շաբաթ հետո ասացի, որ չեմ ուզում գնալ այստեղից: Ապրեցի Երևանում երեք տարի, որովհետև շատ սիրեցի Երևանը»: Չզարմանաք, բայց այս խոսքերն ասողը ԱՄՆ-ի քաղաքացի, ջազ երաժիշտ Զեյդ Նեսերն է, ով կոչված է հայերիս համար կազմաքանդելու այն կարծրատիպը, թե երկրային դրախտը Ամերիկայում է, ու աշխարհի ամենաբախտավոր հողածինները (ի մասնավորի` հայազգի հողածինները) ամերիկացիներն են: Ի դեպ, այս խոսքերն ասվեցին հայերեն` Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած բացառիկ համերգի ժամանակ, որի ունկնդիրը լինելու բախտն ունեցա նաև ես:
Սիմֆո-ջազ համերգը կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և «Նյու Յորք-Երևան» ջազ քառյակի մասնակցությամբ: Համերգի ընթացքում նվագախումբը ղեկավարում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: «Նյու Յորք-Երևան» ջազ քառյակը (Արի Ռոլանդ` կոնտրաբաս, Քեյթ Բալա` հարվածային գործիքներ, Զեյդ Նեսեր` ալտ սաքսոֆոն) ղեկավարում էր ջազմեն, դաշնակահար վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Վերջինս ոչ թե սոսկ ջազ քառյակի ղեկավարն էր, այլ երեկոյի «մոգը», ով խոսում էր, նվագում, երգում ու նույնիսկ հասցնում պարել:
Հայաստանյան հանդիսատեսին հիացրած նյույորքցի երաժիշտները գրեթե տասը տարի է, ինչ կապված են Հայաստանին, հայ երաժշտությանը: Ինչպես իր խոսքում նրանց ներկայացնելիս ասաց Վահագն Հայրապետյանը, նրանք պարբերաբար համերգներ են տալիս Հայաստանում, իսկ Զեյդ Նեսերը, երեք տարի ապրելով Հայաստանում, սովորել է հայերեն խոսել, ուտել և, իհարկե, նվագել: Այս երաժիշտները կապված են նաև նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններին և համերգներով հանդես են գալիս ՈՒզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Վրաստանում, այլուր: Հանդես են գալիս ոչ միայն համերգային ելույթներով, այլև այդ պետություններում գործող ԱՄՆ-ի դեսպանատների իրականացրած ծրագրի շրջանակներում դասավանդում ջազ արվեստի տեսությունն ու նրբությունները: Այս ծրագրերում ընդգրկված է նաև Վահագն Հայրապետյանը` լինելով ոչ թե ԱՄՆ-ի, այլ ՀՀ քաղաքացի:
Համերգն իր վառ գույներով ու բարձրարվեստ մթնոլորտով շլացրել էր հայ հանդիսատեսին` տանելով նրան հայկական ժողովրդական մեղեդիներից, Կոմիտասից, Էդգար Հովհաննիսյանից մինչև Գերշվին և 1950-ականների ամերիկյան «Charli Parker with Strings» («Չարլի Փառքերը` լարայինների հետ») ալբոմ ձգվող անպարփակ երաժշտական աշխարհը:
Համերգից հետո, իհարկե, դժվար էր գտնել հարմար պահ և զրուցել երաժիշտների հետ: Դա մեզ հաջողվեց մեկ օր անց, երբ արդեն փոքր-ինչ հանդարտվել էին կրքերը, իմաստավորվել-յուրացվել էր կայացած մշակութային հեքիաթը:
Ներկայացնում ենք մեր ճեպազրույցը Վահագն Հայրապետյանի հետ:
-Վահագն, ես կարծում էի, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը համր «Շորն ու Շորշորը» Ձեր ջազ-բենդով «ձայնավորելուց» հետո արդեն դժվար կլինի ինձ ինչ-որ կերպ զարմացնել: Բայց սիմֆո-ջազ համերգով, փաստորեն, Դուք կրկին հաճելիորեն զարմացրիք բոլորիս: Մեզ` ունկնդիրներիս համար գոնե, տեսանելի, շոշափելի չէ Ձեր ստեղծագործական ֆանտազիաների սահմանը: Իսկ Ձեզ համա՞ր: Դուք ինքներդ գիտե՞ք, թե որն է լինելու Ձեր երևակայության թռիչքի վերջին կամ հաջորդ «կանգառը»:
-Վերջին կանգառ չի լինելու: Իսկ հաջորդն ինքն իրեն է գալիս, այդպես ստացվում է ուղղակի: Ես նախապես չգիտեմ:
-Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցելն այս համերգի շրջանակներում պայմանավորված էր երաժիշտների տարիքո՞վ (երիտասարդությանն ավելի մոտ ու հարազատ է ջազը), թե՞ հաշվի էիք առել նրանց պրոֆեսիոնալ որակները:
-Դա պայմանավորված էր հենց նվագախմբի ցանկությամբ ու այն սիրով, որը նրանք տածում են դեպի իրենց գործը: Նրանց հրաշալի նվագելու ունակության, ֆանտաստիկ կազմակերպվածության հանգամանքներով էր պայմանավորված:
-Ինքնին լավ է, երբ լավ բան է արվում, առավել լավ է, երբ այդ լավ բանն արվում է բարի, մարդասիրական նպատակով: Ձեր համերգը կրկնակի արժևորվեց, քանի որ հասույթի մի մասը պիտի փոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին` քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաների ապաքինմանն օժանդակելու նպատակով:
-Դա նվագախմբի առաքելություններից մեկն է:
Հավելենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների հասույթի 10 տոկոսը փոխանցվում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ