ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ոսկե ծիրանը», տեխնիկական քմայքներն ու Սոկուրովի նամակը

«Ոսկե ծիրանը», տեխնիկական քմայքներն ու Սոկուրովի նամակը
06.09.2012 | 18:18

«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի փակումից օրեր անց ռուս նշանավոր կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը նամակ է ուղարկել փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին և փառատոնի աշխատակազմին: Շնորհակալության և բարեկրթության այս ժեստը դժվար է չկապել ոսկեծիրանյան ինչ-ինչ դիպվածների հետ:

Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում Ալեքսանդր Սոկուրովին շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» անունը կրող մրցանակ: Պատմության մեջ առաջին անգամ հանձնվեց հատուկ մրցանակ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: Ամենայն հայոց հայրապետի ձեռքով հանձնված մրցանակը Սոկուրովին անչափ հուզել էր: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում: Էջմիածնից վերադառնալուց հետո ռեժիսորը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում ունեցավ հայ կինոհանդիսատեսի հետ` իր «Ֆաուստ» ֆիլմի ցուցադրությունից առաջ: Սակայն ֆիլմի ցուցադրությունը զերծ չմնաց տեխնիկական թերություններից, ինչը տհաճ անակնկալ էր կինոդիտողի և հենց իր` ռեժիսորի համար: Չուշացան նաև ասեկոսեները: Սոկուրովի նամակը, կարծում եմ, ոսկեծիրանյան ողջ անցուդարձի վերարժևորումն է: Այս համատեքստում «Ֆաուստի» անհաջող ցուցադրության տպավորությունից ոչինչ չի մնում:

Ստորև` Սոկուրովի նամակն ամբողջությամբ


Սիրելի ընկերներ
սրտանց շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին և նրա պատմությունն ու մշակույթը հիշող և մեծարող մարդկանց հետ ծանոթանալու առիթի համար:
Վերստին խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի` Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի համար:
Սա իմ առաջին այցելությունն էր ձեր զարմանալի երկիր, որտեղ ես իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է այդ մարդկանց կյանքը: Բայց նրանց արիությունն ու միասնականությունն օրինակելի են շատ այլոց համար. հիրավի սա ոգեկոչման դաս էր:
Ձեր փառատոնը ճշմարիտ վեհ գործ է, քանի որ մարդկանց հաղորդակից է դարձնում աշխարհի լավագույն ֆիլմերին, կրթում նրանց ճշմարիտ կինոարվեստի մթնոլորտում, որը զերծ է բարոյական տկարությունից և էժանագին հնարքներից: Եվ ամենակարևորը` ձեր փառատոնն աջակցում է տարբեր երկրների հայերին` նրանց ներկայացնելով հայրենիքի հետաքրքրությունն իրենց աշխատանքի և կինոստեղծագործությունների հանդեպ: Հիրավի դա մեծ գործ է:
Հատկապես կուզենայի առանձնացնել ձեր հրաշալի երիտասարդությանը. տա՛ Աստված, որ նրանք իրենց եռանդի կիրառման հնարավորությունը հայրենիքում ունենան, որ կարողանան աշխատել նրա բարօրության համար:
Այդ մի քանի օրերի ընթացքում ես հասցրի սիրել ձեր երկիրը և նրա հրաշալի մայրաքաղաքը` ջերմ ու գեղեցիկ Երևանը:
Ձեր փառատոնին մաղթում եմ հետագա ծաղկում և կատարելագործում: Երախտապարտ եմ զգալի օգնության համար, որ ցուցաբերեցիք հյուրընկալման ժամանակ:


Ալեքսանդր Սոկուրով
Սանկտ Պետերբուրգ


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ