«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբն այսօր կրթահամալիրի Մեդիակենտրոնում հանդես եկավ գալա-համերգով` կրթահամալիրում հայտարարված «Կոմիտասյան օրեր» կրթական նախագծի ամփոփ ծրագրով` Կոմիտասի երգացանկով: Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանը: Տեղեկացնենք, որ մինչ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ղեկավարությունը ստանձնելը, Հարություն Թոփիկյանը երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական կամերային երգչախումբը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Բլեյանի դպրոցում ուսումնական գործընթացը հիմնված է հոգևոր-մշակութային արժեքների վրա և ունի կրթական կարևոր նշանակություն: Կրթահամալիրում միաժամանակ իրականացվում են մի շարք կրթական նախագծեր, որոնք սովորողներին հնարավորություն են ընձեռում յուրացնել ազգային մշակույթի հարուստ ժառանգությունն ու այն դարձնել արդի կրթության հիմնարար բաղադրիչը, դառնալ այդ ժառանգության կրողը: Միաժամանակ կրթահամալիրում ուսումն իր ուղղահայաց հիմնադրույթներով կազմակերպվում է ժամանակակից մեդիատեխնոլոգիաների կիրառությամբ` նոթբուք-նեթբուքներ, էլեկտրոնային գրատախտակներ, մեդիաուսուցման այլ արդի միջոցներ: Բլեյանի դպրոցում ընթացող կրթական գործընթացների մասին խոսելիս, կարելի է թվարկել այստեղ կիրառվող նորարարափորձարարական կրթության բազմաթիվ նախագծեր. դժվար է փոխանցել այն մթնոլորտը, որ ձևավորվում է այդ նախագծերի իրականացման պահերին, հատկապես՝ երաժշտական կրթության համատեքստում: Երբ կրթահամալիրի դահլիճներում ուսուցչական կամ մանկապատանեկան երգչախմբերը հնչեցնում են Կոմիտասի հոգևոր կամ աշխարհիկ երաժշտությունը, միայն այդ պահերին է ունկնդիրը մի անտեսանելի, զգայական հարթության վրա հասկանում մաքուր հնչյունի կրթական ու դաստիարակչական զորությունը, հաղորդակից լինում երաժշտության մաքրագործող ընթացքին, որ շատ դեպքերում կատարսիս է հրահրում: Իսկ այս ամենի առարկայական պատկերը ներկաների անմիջական մասնակցությունն է` երեխաների ձայնակցությունն ու նրանց դեմքերին դրոշմված կոմիտասյան ժառանգության հետքը: Խոստովանեմ՝ այս միջավայրում ես ստացել եմ քաղաքական ապաստան, ինչի մասին գրելու եմ առաջիկայում:
Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ