«Հայաստանի կոմպոզիտորների միությունն այսօր անգործության է մատնված, միության ներսում ձևավորվել է անպատժելիությունը, ղեկավարությունը նախևառաջ պետք է կրի պատասխանատվություն յուրաքանչյուր արարքի համար, ինչը բացակայում է այնտեղ»,- «Ֆորում» մամուլի ակումբում` անդրադառնալով կոմպոզիտորների միությունում առկա խնդիրներին, ասաց Կոմպոզիտորների միության անդամ Արա ՍԱԹՅԱՆԸ:
Կոմպոզիտորների միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, բանախոսի ձևակերպմամբ, միությունը պահում է ստի և երկյուղի մթնոլորտում.
«Նա ղեկավարում է երեք տեղ և այդ երեք տեղում էլ մի կարգին գործ չի անում: Այն միությունը, որը ժամանակին փայլում էր, կորցրել է իր դեմքը: Ի՞նչ պետք է սովորեն երեխաները նայելով միության նախագահին: Երկիրը փոխվել է, կառուցվածքը փոխվել է, մոտեցումներն էլ պետք է փոխվեն: Այն երեխաները, որոնք ստանում են մրցանակներ` դրսում են, նրանք ծիծաղելի գներով գնում են տարբեր երկրներ, ստեղծագործում են, աշխատում են ի նպաստ ուրիշ երկրի: Ո՞վ է մեղավոր` միության նախագահը, որովհետև նա՛ պետք է պայմաններ ստեղծի այդ երեխաների համար, նա՛ պետք է այսօր ձեռք մեկնի այն երեխաներին, ովքեր օգնության կարիք ունեն: Չէ՞ որ նրանք չեն կարող միայնակ ոտքի կանգնել, լուծել բազմաթիվ հարցեր: Այդ երեխաները օտարացել են, նույնիսկ չեն ուզում լսել միության անունը»,-ասաց կոմպոզիտորը` հավելելով, որ այդ մասին նա շատ անգամ է փորձել խոսել Ամիրխանյանի հետ, բայց վերջինս լսել անգամ չի ուզում. «Նրա պատասխանը սույն հարցի շուրջ այս է` ես ասել եմ պիտի արվի և վերջ: Իսկ թե ինչպես կարվի դա, նրան չի հետաքրքում»:
Արա Սաթյանի խոսքով, միությունում իշխում է վախի մթնոլորտը, իսկ նման մթնոլորտում ստեղծագործել հնարավոր չէ: Նրա կարծիքով, ստեղծագործողը պետք է ազատ լինի, անկաշկանդ, պետք է ձերբազատված լինի ամեն տեսակի վախից. «Մինչդեռ Ռ. Ամիրխանյանի կողքին աշխատող մարդիկ ճարահատյալ լռում են, որովհետև կախում ունեն»:
Հարցին, թե` ի՞նչն է պատճառը, որ կոմպոզիտորները ոչ մի կերպ չեն փորձում իրենց դժգոհությունն արտահայտել որևէ երևույթի վերաբերյալ: Ինչո՞ւ են նրանք այդքան հարմարվող` չեն բարձրաձայնում ո’չ սեփական, ո’չ հանրային խնդիրները, բանախոսը պատասխանեց. «Դրվածքն է այդպիսին, եթե նրանք չեն կողմնորոշվում որն է թացը, որը` չորը, ինչպե՞ս կարող են այդ մարդիկ քաղաքական այս մթնոլորտի մեջ ձայն բարձրացնել»:
Երկրում այսօր մթնոլորըտ չկա, իսկ թե ո՞վ է մեղավոր, կոմպոզիտորը տվեց իր գնահատականը. «Կոմպոզիտորների միությունը: Ես կարծում եմ, կոմպոզիտորների միությունը պետք է կարողանա թելադրել բոլոր հարցերում` ուսման, կրթական և այլն»: Նա ցավով արձանագրեց, որ կոմպոզիտորներին ոչ ոք չի հարգում այսօր: «Ռոբերտ Ամիրխանյանի ժամանակ կոմպոզիտորի արժեքը նսեմացել է: Մի՞թե այսպես էր տասնամյակներ առաջ: Կոմպոզիտորն այն մարդն էր, որին ակնածանքով էին վերաբերվում: Շատ կուզեի, որ Ռ. Ամիրխանյանը կողքիս լիներ հիմա, որ նայեի աչքերի մեջ և մեկ առ մեկ նշեի իր արածները»,-եզրափակեց Արա Սաթյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ