«Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»
Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, և մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Իսկ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին:
ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
«Խավարումը» պատմում է 1915-ին Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին: Դեպքերը տեղի են ունենում Կարմիր խաչի ճամբարում, որտեղ բերում են ծնողազուրկ երեխաների: Նրանց զգեստափոխում են, կերակրում, հետո տեղափոխում են տարբեր երկրներ:
«Պատմությունը պետք է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Արշալույս Հարությունյանը: Նրա կարծիքով` ողբերգությունն այդ որբերի աչքերում շատ ավելի խոր է արտահայտվում, քան դաժանություններ պատկերող տեսարաններում:
«Ցեղասպանությունը ապացուցված է պատմական փաստերով, բայց Հայկական հարցի լուծման առումով դեռևս տեսանելի տեղաշարժեր չկան: Ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է ասի կինոն միջազգային հանրությանը»:
Անդրադառնալով irates.am-ի այս հարցին, Արշալույս Հարությունյանն ասաց, որ կինոն շատ ճիշտ լեզու է այս թեման ներկայացնելու, ուղղակի այնպես պետք է խոսել, որ հակառակ ազդեցությունը չունենա:
«Միջազգային հանրությունը միայն մենք չենք, որ ունենք ցավ, էմոցիաներ, որ մեր կաշվի վրա զգացել ենք ցեղասպանությունը,- ասաց նա:- Որքան էլ հարուստ է կինոյի լեզուն, պետք է զգույշ և նրբանկատ լինել, մի բան, որ փորձել ենք անել, թե որքան է հաջողվել, ցույց կտա ֆիլմի ճակատագիրը»:
Ցեղասպանությանը նվիրված Արա Երնջակյանի հաջորդ ֆիլմը լիամետրաժ է լինելու: Նախագիծը ներկայացված է մրցույթի:
Irates.am-ին ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմը կոչվելու է «Ջրհեղեղ»: «Դեպքերը տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում, որտեղ հայաբնակ գյուղի բնակիչներից մեկը տապան է պատրաստում: Ավելին չեմ ասի»,- ասաց նա:
Արա Երնջակյանը արվեստի վաստակավոր գործիչ է, Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիրն ու ռեժիսորը, թատերագիր: Նախնական մասնագիտությամբ կիբեռնետիկ է և միայն 1983-ին է ավարտել ռեժիսորական կրթությունը: ՈՒսանողական տարիներին հիմնել է Հայաստանի ուրախների և հնարամիտների ակումբը և թատերական հաջողությունների հասել: Զուգահեռաբար, 1990-ից սկսել է զբաղվել կինոռեժիսորությամբ: Նկարահանել է չորս ֆիլմ:
Հավելենք, որ «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված են 22 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր:
Ժյուրիի անդամներն են Միքայել Պողոսյանը, Մարինա Ալէսը, Նիք Ջեյմսը, Ժան Ռադվանին, Դեյվիդ դþԱրսին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Արա Երնջակյանի և Արշալույս Հարությունյանի հետ զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում: