ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Ովքեր գալու են «Ոսկե ծիրան», նրանց էլ ոչինչ չունեմ ասելու, իսկ ովքեր չեն գալու, խորհուրդ կտամ` գան»

«Ովքեր  գալու են «Ոսկե ծիրան», նրանց  էլ ոչինչ չունեմ ասելու, իսկ ովքեր   չեն գալու, խորհուրդ կտամ` գան»
02.07.2013 | 11:57

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, որի հետ մեր հարցազրույցը նպատակ ունի կինոսերներին իրազեկելու սպասվող կինոփառատոնի առավել ուշագրավ իրադարձությունների մասին:
Ինչ խոսք, փառատոնի նշանակալի հյուրերին և նախաձեռնություններին անդրադարձող մեր հրապարակումները կշարունակվեն նաև բուն փառատոնի օրերին, սակայն պակաս կարևոր չենք համարում որոշակի տեղեկատվության ապահովումը փառատոնի նախօրեին, մի հանգամանք, որը կօգնի հայ հանդիսատեսին կողմնորոշվելու իր ընտրության հարցում և նախապես զատորոշելու այն կարևոր ֆիլմերն ու միջոցառումները, որոնց կցանկանար մասնակցել անձամբ:
Փառատոնի նախապատրաստական աշխատանքները ներկայացնող մամլո ասուլիսներից մեկում պարոն Ստամբոլցյանը մասնավորապես նշել էր. «Տարին հոբելյանական է, և մենք աշխատել ենք, որ ծրագիրը շքեղ լինի: Կարծում ենք, որ պատվավոր հյուրերի ցանկն իսկապես ներկայացուցչական է»:
Դա գրեթե մեկ ամիս առաջ էր, և դժվար էր հստակ ու որոշակի ասել, թե ովքեր կհյուրընկալվեն փառատոնին, ինչ ֆիլմեր կցուցադրվեն տարատեսակ տոնական ծրագրերի շրջանակներում:
Հիմա փառատոնի բացմանը մնացել է երկու օր, և մենք ցանկացանք պարզել, թե նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից որո՞նք են արդեն որոշակի, որո՞նք` դեռ ոչ:

«ՊԱՏԱՀԵԼ Է, ՈՐ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ԻՆՔՆԱԹԻՌ, ԲԱՅՑ ՎԱՏ Է ԶԳԱՑԵԼ, ԻՋԵԼ Է ԻՆՔՆԱԹԻՌԻՑ ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԳԱԼ ՓԱՌԱՏՈՆԻՆ»

-Պարո՛ն Ստամբոլցյան, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հոբելյանական խորհրդի պատվավոր նախագահն է Շառլ Ազնավուրը: Ասել է` մեր հասարակությունը բախտ կունենա ևս մեկ անգամ մայր հայրենիքում տեսնելու աշխարհահռչակ հայորդուն: Թե՞ դեռ չեն բացառվում Ազնավուրի ժամանման հետ կապված անսպասելի շրջադարձերը:
-Հաստատ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, մինչև մարդը չգա, տեղ չհասնի, չտեսնենք իրեն: Սա վերաբերում է ոչ միայն Շառլ Ազնավուրին: Նրա դեպքում կարող ենք ընդամենը ասել, որ ունենք հստակ պայմանավորվածություն գալու վերաբերյալ: Տարիների մեր փորձը մեզ ստիպում է այդ բաների մասին խոսելիս շատ զգույշ լինել: Եղել են դեպքեր, որ վերջին պահին ենք զարմանալի, անսպասելի մերժումներ ստացել: Նույնիսկ պատահել է մի դեպք, երբ ժյուրիի անդամը բարձրացել է ինքնաթիռ, բայց վատ է զգացել, իջել է ինքնաթիռից ու չի կարողացել գալ փառատոնին: Այս ամենը հաշվի առնելով` մենք հստակ ոչինչ չենք ասում: Ընդամենը նշում ենք, որ կան պայմանավորվածություններ: Պիտի որ գան:

«ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՐՈՍԻ ԲԱԽՏԸ ՀԱՅԻ ԲԱԽՏ Է. Ո՜ՆՑ ՊՏՏՎՈՒՄ Է, ԱՄԵՆ ԲԱՆ ԻՐ ԳԼԽԻՆ ԵՆ ԿՈՏՐՈՒՄ»

-Շառլ Ազնավուրի մասնակցությամբ երեք ֆիլմ է ցուցադրվելու փառատոնի օրերին` «Կրակե՛ք դաշնակահարին», «Թոբրուկ գնացող տաքսին», «Արարատ»: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այս ֆիլմերը:
-Սկզբում ընտրել էինք հինգ-վեց ֆիլմ, որոնց թվում կային Շառլ Ազնավուրի մասնակցությամբ նկարված և՛ հին, և՛ համեմատաբար նոր շրջանի ֆիլմեր: «Կրակե՛ք դաշնակահարին» ֆիլմը մենք ընտրել ենք, ի թիվս այլ բաների, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ ռեժիսորի` Ֆրանսուա Տրյուֆոյի գործն է: Բացի այդ, Շառլ Ազնավուրի հերոսը նախ հանդես է գալիս այլ ազգանունով, հետո դառնում է Էդուարդ Սարոյան:
-Այսինքն` առկա է հայկական թեմա՞ն:
-Ո՜չ: Հայկական թեմա չկա: Հայկական թեման ընդամենը այն է, որ Ազնավուրի հերոսի բախտը հայի բախտ է. ո՜նց պտտվում է, ամեն բան իր գլխին են կոտրում: «Արարատի» ցուցադրությունն այլ բացատրություն ունի: Շառլ Ազնավուրն ինքն է խնդրել անպայման ցուցադրել այն, որովհետև ինքը շատ է սիրում այդ ֆիլմը:
-Ֆիլմ, որը հայաստանյան հանդիսատեսը միանշանակ չընդունեց:
-Դե՜, մեզ մոտ ի՞նչն են ընդունում միանշանակ: Ինչևէ: Մնացած ֆիլմերը գտնելու հետ կապված դժվարություններ ունեցանք: Գտանք միայն «Թոբրուկ գնացող տաքսին», դրա համար էլ կցուցադրենք այն: Թեև կային ավելի հետաքրքիր ֆիլմեր Ազնավուրի մասնակցությամբ: Բայց ֆիլմերի ընտրությունը հազար ու մի պայմանականությունների հետ է կապված: Մենք ստիպված ենք հաշվի նստել դրանց հետ:

«ՖԻԼՄԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ` ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ, ԻՀԱՐԿԵ, ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

-Փառատոնի հյուրերի թվում հիշատակվում էին Յոս Ստելլինգը, Քշիշտոֆ Զանուսին: Բացի այն, որ նրանք անձամբ կմասնակցեն «Ոսկե ծիրանին», կցուցադրվե՞ն նաև նրանց ֆիլմերը:
-Զանուսին նոր ֆիլմ չունի: Այնպես որ նրա ֆիլմերի ցուցադրություն չի սպասվում: Ըստ նախնական պայմանավորվածության` նա կժամանի Երևան, ներկա կլինի փառատոնի բացման արարողությանը, երևի թե բեմ կբարձրանա, ինչ-որ խոսք կասի: Տեսնենք: Իսկ Յոս Ստելլինգն ունի նոր ֆիլմ: Կոչվում է «Աղջիկը և մահը»: Փառատոնի օրերին կկայանա այդ ֆիլմի երևանյան պրեմիերան:
-Այս օրերին Թուրքիայում լարված ներքաղաքական իրավիճակ է: Սա կարո՞ղ է անդրադառնալ թուրք կինոգործիչների` «Ոսկե ծիրանին» մասնակցելու հանգամանքի վրա:
-Ո՛չ:
-Այսինքն` այս տարի և՞ս հայ հանդիսատեսը կդիտի թուրքական ֆիլմեր, կհանդիպի թուրք ռեժիսորների:
-Հուսով եմ: Դեռ չեմ կարող կոնկրետ անուններ ասել: Վերջնական պայմանավորվածություն առայժմ չունենք: Բայց մեր համագործակցության վրա Ձեր ակնարկած իրադարձությունները չեն անդրադարձել:
-Վրացական կինոյին նվիրված ծրագիրը ներառում է Ռեզո Չխեիձեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ո՞ր ֆիլմերն են հատկապես ցուցադրվելու:
-Կցուցադրվեն Չխեիձեի «Զինվորի հայրը» (որն անձամբ ես համարում եմ նրա ֆիլմերից լավագույնը), «Տնկիներ» և «Տիրոջ տապանի մոմը» ֆիլմերը: «Տիրոջ տապանի մոմը» նրա վերջին ֆիլմն է: Սկզբնական շրջանում Չխեիձեն Աբուլաձեի հետ նկարահանել է մի ֆիլմ` «Մեր բակը», որը նույնպես կարելի էր ցուցադրել, բայց մենք կցուցադրենք այն ֆիլմերը, որոնք ինքն է ցանկացել: Առհասարակ, հետահայաց ցուցադրություններ կազմակերպելիս մենք ֆիլմերն ընտրում ենք` հաշվի առնելով ռեժիսորների ցանկությունները և, իհարկե, մեր ունեցած հնարավորությունները:

«ԲՈԼՈՐ ԱՅՆ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՖԻԼՄԵՐԸ ԿԱՌԱՆՁՆԱՑՆԵՄ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ԴԻՏԵԼ, ՈՐՈՆՔ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ»

-Այս տարի նշվում են հայ անվանի արվեստագետների հոբելյաններ` Արամ Խաչատրյանի 100, Ներսես Հովհաննիսյանի և Արտավազդ Փելեշյանի 75-ամյակները: «Ոսկե ծիրանը», հավատարիմ իր ավանդույթին, անդրադառնում է հոբելյարներին, կազմակերպում նրանց նվիրված մեծարման միջոցառումներ: Ի՞նչ կերպ են նշվելու այս հոբելյանները: Հայտնի է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու է նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: Խնդրում եմ մանրամասնեք սպասվող ձեռնարկումները:
-Արամ Խաչատրյանի հոբելյանի տոնակատարությունը կազմակերպում է հենց տուն-թանգարանը: Մենք ընդամենը խորհուրդ ենք տվել ցուցադրել այն ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակն է Արամ Խաչատրյանը: Խոսքը «Պեպո» և «Օթելլո» ֆիլմերի մասին է: Գուցե նաև «Զանգեզուրը» ցուցադրվի, բայց այս ֆիլմի վերաբերյալ դեռևս հստակ որոշում չկա: Ֆիլմերը կցուցադրվեն հենց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ներսես Հովհաննիսյանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն «Երջանկության մեխանիկան» ֆիլմով: Մեկ օր էլ կցուցադրվեն նրա վաղ շրջանում նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը, որոնք համարյա ոչ ոք չի տեսել: Արտավազդ Փելեշյանին կնվիրվի մեկ օր: Դարձյալ կցուցադրվեն այն ֆիլմերը, որոնք ինքն է ցանկանում և ինքն էլ իր հետ պիտի բերի, որպեսզի կարողանանք ցուցադրել:
-Այս տարվա մրցութային ֆիլմերից ո՞րը կառանձնացնեք` որպես պրոֆեսիոնալ, հատկապես ո՞րը խորհուրդ կտաք դիտել հայ հանդիսատեսին:
-Բոլոր այն տասներկու ֆիլմերը կառանձնացնեմ ու խորհուրդ կտամ դիտել, որոնք ընտրվել են մրցութային ծրագրում: Կային ևս մեկ-երկու հաջող ֆիլմեր, բայց մենք տասներկուսից ավելի ընտրելու իրավունք չունենք, ուստի ընտրությունը կանգ առավ այդ տասներկուսի վրա: Կային նաև ֆիլմեր, որոնք ընտրել էինք, բայց ինչ-ինչ խնդիրներ ծագեցին, և դրանք չընդգրկվեցին փառատոնային ծրագրում: Այդպիսի բաներ հաճախ են պատահում: Տարբեր պատճառներով նախապես ընտրված ֆիլմերը չեն հասնում փառատոն:
-«Ոսկե ծիրանի»` լրագրողների համար կազմակերպված նախնական կինոցուցադրությունների ժամանակ դիտել եմ Բորիս Խլեբնիկովի «Երկար, երջանիկ կյանք» ֆիլմը: Այն երկու հասարակարգերի բախման ողբերգությունն է պատկերում, ու այդ ողբերգության կենտրոնում ազնիվ, երազող անհատն է` զոհի կարգավիճակում: Որպես պրոֆեսիոնալ և որպես պատմական այդ ժամանակաշրջանի ականատես, կրող` ինչպե՞ս եք գնահատում ռուս ռեժիսորի աշխատանքը:
-Ինձ թվաց, որ մի քիչ մակերեսային է անդրադառնում ռեժիսորը թեմային: Բայց դա մեկն է մեր ընտրած ֆիլմերից, ուստի իմ կարծիքը դրական է: Մեկ ուրիշ ֆիլմ էլ ունի, վերնագիրն է «Քանի դեռ գիշերը չի բաժանել»: Մոսկովյան «բոմոնդի» մասին է պատմում: Կատակ-ֆիլմ է, որի երևանյան պրեմիերան կլինի «Ոսկե ծիրանի» օրերին, իսկ անցյալ տարի այն առաջին անգամ ցուցադրվել է «Կինոտավրում»:

«ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՓԱԿՎԻ ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ԵՎ ՕԼԵՆԱ ՖԵՏԻՍՈՎԱՅԻ «ՓԱՐԱՋԱՆՈՎ` ԳԵՂԵՑԻԿԻ ՍԻՐԱՀԱՐԸ» ՖԻԼՄՈՎ»

-Սովորաբար «Ոսկե ծիրանի» մեծագույն կինոիրադարձություններից մեկը լինում է փակման ֆիլմը: Ի՞նչ ֆիլմ է ցուցադրվելու հոբելյանական տարվա փակմանը:
-Այս տարի կինոփառատոնը կփակվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմով: Սերգեյ Փարաջանովի դերում հանդես է գալիս Սերժ Ավետիքյանը:
-Սերժ Ավետիքյանն ընդգրկված է նաև «Ոսկե ծիրանի» խաղարկային ժյուրիի կազմում: Վերջին անգամ նա վիրավորված հեռացավ Հայաստանից` իր բեմադրած «Անուշ» օպերայի դեմ ծավալված բողոքի կամպանիայի առթիվ: Այդ վիրավորվածությունը չի՞ կարող որևէ կերպ անդրադառնալ նրա և «Ոսկե ծիրանի» փոխհարաբերությունների վրա:
-Բոլորովի՛ն: Մեզնի՞ց է վիրավորվել Սերժ Ավետիքյանը: Ո՛չ: Նա մեր վաղեմի բարեկամն է, և այդ բարեկամության հետ որևէ կապ չունի «Անուշի» պատմությունը:
-Հաշված օրեր են մնացել հոբելյանական փառատոնի բացմանը: Ի՞նչ կցանկանաք ասել հայաստանյան հանդիսատեսին, այն հանրությանը, որը պիտի գա և մասնակցի «Ոսկե ծիրանի» պարգևած տոնին:
-Ովքեր գալու են, նրանց էլ ոչինչ չունեմ ասելու: Թող գան և նայեն մեր բերած ֆիլմերը, մասնակցեն փառատոնի միջոցառումներին: Իսկ ովքեր չեն գալու, խորհուրդ կտամ` գան: Այսքանը:


Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ