ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Դուք չեք կարող մրցել մի բանի հետ, որ մարդկության չափ հին է»

«Դուք չեք կարող մրցել մի բանի հետ, որ մարդկության չափ հին է»
04.06.2013 | 11:26

«Արս լունգա» դուետը` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի, իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս 1. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը: Ծրագրի շրջանակում հավաքվել են 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունները:
Ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել, կամ էլ կատարվել է տասնամյակներ առաջ, և ձայնագրություններն արդեն վերականգնման կարիք ունեն: Սկավառակների յուրաքանչյուր տասնյակն ամփոփվում է մեկ գրքույկով, որը ներառում է նաև հեղինակների կենսագրական տվյալները:
Ձայնագրությունների ժողովածուները չեն վաճառվելու, տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին, ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտությունը պրոպագանդող ռադիոկայաններին:
Արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը բարձր է գնահատում այս նախագիծը, նրա խոսքով` այսպիսի կոթողային աշխատանք ներկայացնելն ինքնին նշանակալի ու մեծ արժեք ներկայացնող երևույթ է: Մաեստրոյի տեղեկացմամբ` 37 տարի առաջ թավջութակի համար գրած իր առաջին սոնատը, որը նվիրել է Լևոն Ներսիսյանին, կյանքի է կոչվել Արամ Թալալյանի շնորհիվ:
«Արս լունգայի» բացառիկ այս նախագիծն իրականացվել է մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, «Երևան Ինթերնեյշնլ ռոտարի» ակումբի հովանավորությամբ:
ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Արս լունգա» դուետի թավջութակահար ԱՐԱՄ ԹԱԼԱԼՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագիրը լինելու է շարունակական: Արդեն իսկ ընթացքի մեջ է «Հայ կոմպոզիտորների տրիոների անթոլոգիան»: Երաժիշտը սիրով պատասխանեց նաև «Իրատես de facto»-ի հարցերին: Մեր զրույցի թեման դասական երաժշտությունն էր և` ոչ միայն:

-Երաժշտական հեղինակավոր փառատոներում մեր արվեստագետները մեծ հաջողություններ են գրանցում, բայց հանրային քննարկման առարկա է դառնում, ասենք, «Եվրատեսիլը»` իր ոչ մշակութային ինտրիգներով: Ինչո՞ւ, մեր հասարակությունը շոո՞ւ է սիրում, թե՞ ինչպես հարկն է չենք կարողանում գնահատել ու մատուցել մեր ունեցածը:
-«Եվրատեսիլն» իր տեղն ունի: Ամեն բան իր տեղն ունի: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մեր լրատվամիջոցները, հեռուստակայանները շարժվում են իրենց ղեկավարության անձնական ճաշակին համահունչ, ոչ թե ըստ կարևորության, վարկանիշի, իրական նշանակության: Մի օրինակ նշեմ. գոյություն ունի Յոհան Սեբաստիան Բախի անվան մրցույթ, որտեղ մենք ունեցել ենք երկու դափնեկիր: Տարիներ առաջ այդ մրցույթում Խորհրդային Միությունը ներկայացրել են Սվետլանա Նավասարդյանն ու Անահիտ Ներսիսյանը: Մոտ չորս տարի առաջ մեր ուսանողներից մեկը` Դավիթ Մելքոնյանը, մեկնեց Գերմանիա` արդեն Հայաստանը ներկայացնելու, և գրավեց երկրորդ տեղը: Երաժշտական այդ կարևոր իրադարձությունը մեծ արձագանք գտավ գործընկերներիս շրջանում: Արտասահմանում իմ անձնական վարկանիշը` որպես դասախոսի, բարձրացավ, այդ երիտասարդի ճակատագրում մեծ փոփոխություններ եղան` լավ իմաստով: Բայց մեզ մոտ դրա մասին ո՛չ գրվեց, ո՛չ խոսվեց: Ես չեմ մեղադրում, փաստն եմ արձանագրում: Այսօր բոլորը շարժվում են ըստ իրենց անձնական ճաշակի, և եթե այսօրվա լրատվամիջոցների ղեկավարների հետաքրքրության տարածքը «Եվրատեսիլն» է, բնականաբար, իրենց տրամադրության տակ գտնվող միջոցները այդ մասին են խոսելու:
-Կարծում եք` դրսում այդպես չէ՞. «փոփն» ամենուր ավելի լայն տարածում ունի և հետաքրքրվողների ավելի մեծ շրջանակ:
-Հենց դրա համար էլ կոչվում է «պոպուլյար» երաժշտություն, այսինք, դա ավելի լայն մասսաների համար է: ՈՒղղակի ամեն ինչ պետք է իր տեղն ու իր նշանակությունն ունենա: Բայց պետք չէ մի քանի բան իրար խառնել, ասել, թե դասական երաժշտությունը պետք չէ, հիմա միայն սա է գնահատվում: Դա բացարձակ աբսուրդ է: Երբեք ոչ մի բան ակադեմիական երաժշտության հետ չի կարող մրցել: Նայեք պատմությունը. դուք չեք կարող մրցել մի բանի հետ, որ մարդկության չափ հին է: Դա նույնն է, թե մրցես փիլիսոփայության հետ կամ կերպարվեստի: Փոփն իր տեղն ունի, բայց զվարճանքների շարքում, դա, այսպես ասած, զվարճանքների տարածք է, իսկ ակադեմիական երաժշտությունը մնայուն է, այն երբեք չի ոչնչանա, չի փչանա, չի մեռնի, երբեք ֆինանսների պակաս չի ունենա և այլն:
-«Արս լունգա» դուետի հիմնական նպատակն է հայ ակադեմիական երաժշտության պահպանումն ու տարածումը ամբողջ աշխարհում, նաև ժամանակակից կոմպոզիտորների գործերի մասսայականացումը: Ժամանակակիցներից ո՞ւմ կառանձնացնեիք, ըստ Ձեզ` ո՞վ է հայաստանյան կոմպոզիտորական արվեստի այցեքարտը դրսում:
-Մենք ծանր կորուստներ ունեցանք. կյանքից հեռացան Ալեքսանդր Հարությունյանը, Էդուարդ Միրզոյանը: Հայաստանի կոմպոզիտորական արվեստի այցեքարտն այսօր, անշուշտ, Տիգրան Մանսուրյանն է:
-Մաեստրոյի «Ռեքվիեմի» մասին ի՞նչ կասեք:
-Դա մեծ իրադարձություն է հայ երաժշտական արվեստում, արձանագրված կարևոր փաստ , որ այդ ժանրում մենք ունենք ստեղծագործություն, կանոնական տեքստով գրված երաժշտություն:
-Ի դեպ, ասում են, որ «Ռեքվիեմին» վերաբերող քննադատությունները մնում են կուլիսների հետևում: Մեզ մոտ գնահատվում են անունները:
-Գիտե՞ք ինչ, քննադատությունն ինձ շատ քիչ է հետաքրքում, երբ խոսքը արվեստի մասին է: Որովհետև ժամանակակից արվեստի միակ և իսկական քննադատը ժամանակն է: Մենք կարող ենք դրա մասին խոսել հարյուր տարի հետո:
-«Անուշի» նոր տարբերակը քննադատվեց…
-Էլի կրկնում եմ իմ դիրքորոշումը: Ես ժամանակակից արվեստը երբեք չեմ քննադատի: Դա իսկապես էքսպերիմենտ է, կան մարդիկ, որ այդ տեսակի էքսպերիմենտների երկրպագուներ են, իրենց դա իսկապես հետաքրքիր է: Եվ պետք է ասել, որ լուրջ ուժեր են ներդրվել այդ գործում, լուրջ աշխատանք է կատարվել: Իսկ ընդհանրապես, քննադատություն կարող է լինել միայն շատ նեղմասնագիտական ասպարեզում: Դու չես կարող գնահատականը տալ, միայն ժամանակն է ապացուցելու, թե դա ինչ էր իսկապես:
-Հայ կամերային երաժշտության անթոլոգիան ինչպե՞ս է համալրվել, ինչպե՞ս է կատարվել ընտրությունը: Հնարավո՞ր է խուսափել բացթողումներից, նախագծից դուրս չե՞ն մնացել արժեքավոր գործեր:
-Հնարավոր է ամեն ինչ, կան ստեղծագործություններ, որ հասանելի չէին, կորսված էին, փորձել ենք գտնել, բայց չկան նոտաները: Հստակ կարող եմ ասել, թե որ գործերը չեն ընդգրկվել անթոլոգիայում: Կան կոմպոզիտորներ, որ շատ գործեր ունեն թավջութակի և դաշնամուրի համար, Տիգրան Մանսուրյանը, օրինակ, 2 սոնետ ունի, Մարտուն Իսրայելյանը` 3: Բնականաբար, ընտրության առաջ էինք կանգնել: Մեր նպատակն էր ներկայացնել հայ կոմպոզիտորներին մեկական ստեղծագործությամբ: Հակառակ դեպքում նախագիծը անվերջ կարող էր ձգձգվել:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ