Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Խաշանոցից վերև, կամ` մի «լեգենդար» պատմություն

Խաշանոցից վերև, կամ` մի «լեգենդար» պատմություն
02.06.2013 | 15:12

Արագածի այս լեգենդի անունն է Արտեմ Ալիխանյան: Դա գիտի ու կվկայի միջին ու բարձր սերնդի յուրաքանչյուր ոք: Կհիշվի նաև «Բարև, ես եմ» ֆիլմը, որի գլխավոր հերոսը, զարմանալիորեն, գիտնական է և ոչ թե գողական, ինչը մեր օրերում ավելի «ընդունելի» է: Բայց կա նաև մի «լեգենդար» պատմություն, որը վերջին տարիներին պատմվում է գիտնականների շրջանում` առաջին պահին բուռն ծիծաղ առաջացնելով, իսկ հաջորդին` խոր ու դառնագին տխրություն…

Տարիներ առաջ մեր պետության բարձրաստիճան այրերից մեկը, կարելի է ասել` ամենա-ն, իր նազիր-վեզիրներով գնում է Արագածի լանջի հայտնի խաշանոցը: Խաշի, խորովածի, ծիծակի, բողկի ու մնացած այլևայլ սխտորաբույր վայելքներից հետո նա, սափրագլուխների խորին հոգածությամբ շրջապատված, դուրս է գալիս մաքուր օդ շնչելու և բարձրից նայելու իր տերության սահմաններին: Հայացքը վարից վեր սահեցնելով` հանկարծ նկատում է վերևում ինչ-որ շինություն ու հարցնում, թե դա ինչ օբյեկտ է: Իրար հերթ չտալով` նազիր-վեզիրները բացատրում են, որ դա Ալիխանյան եղբայրների հիմնադրած` Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանն է, որ այն կարևորագույն նշանակություն ունեցող գիտական կենտրոն է: Նա հարցնում է` իսկ ովքե՞ր են էդ ախպերները, սկսում են բացատրել, որ… բայց այստեղ նա հոգնում է, ասում, որ ցուրտ է, ու կարելի է ներս անցնել` «մի տաք չայ» խմելու` հասկացնելով, որ առանց Ալիխանովների անունները լսած լինելու էլ հնարավոր է կառավարել մարդկանց ու սեփական աղքատ երկրից միլիոն քամել: Ասում են, որ անգամ թիկնապահներն են ապշահար իրար նայել ու գաղտնի իրենց թույլ տվել մտածել, որ ախր եթե «բոգը» հարցներ, կարող էին պատմել հայտնի պատմությունն այն մարդկանց մասին, որոնք այնքան բան են արել իրենց երկրի համար, ինչքան չեն արել վերջին տարիների շատ թագավորներ իրենց սեփական գրպանի համար անգամ:
Երբ ներկան խղճուկ է, իսկ ապագան` հույս չներշնչող, մարդիկ անցյալի հիշողություններով են ապրում: Եվ ահա քանի տարի է` մեր երկիրն ապրելու և աշխարհին ներկայանալու այդ ճանապարհն է ընտրել. մենք հի՜ն ազգ ենք... մենք, գիտե՞ք, ինչ մշակույթ ենք ունեցել... մենք ունենք Մատենադարան, որտեղ պահվող գրքերի զգալի մասը գրվել է այն ժամանակներում, երբ այսօրվա իրենց զարգացած համարող ազգերից շատերի նախնիները դեռ ծառերի վրա էին թռչկոտում... մենք... մենք այս ենք եղել, այն ենք եղել... եղել ենք...
Մենք գիտության ազգ ենք եղել:
Իսկ հիմա՞: Հիմա մեր ազգն «ընտրում է» իրեն ղեկավար` մարդկանց, որոնք գիտության գործիչներին տված աշխատավարձի չափով են ցույց տալիս իրենց` գիտությանը կարևորություն տալու չափը և հարգանքի չափը գիտության հանդեպ, ու ովքեր պատահմամբ են լսում Ալիխանով եղբայրների անունները, այն էլ` նրանց հիմնած ինստիտուտներից մեկի` խաշանոցին մոտ լինելու բարեբախտության շնորհիվ: Եվ, ավա՜ղ, ովքեր անգամ այդ պատահականությունն ու բարեբախտությունը չեն օգտագործում` ճանաչելու լեգենդներին: Ի՛նչ խոսք, մեր ազգն իրոք ունեցել է լեգենդար դեմքեր, բայց մեր ղեկավարները, այո, հենց Ալիխանյան եղբայրների՛ն պիտի ճանաչեն առաջին հերթին: Ալիխանյան եղբայրներին ու հատկապես Արտեմ Իսահակի Ալիխանյանի՛ն:
Թե ինչ է արել նա գիտության մեջ, դա մի թեմա է, որին հատուկ է պետք անդրադառնալ: Իսկ հիմա խոսք եղավ ժամանակակից «լեգենդար պատմության» հերոսի մասին... Մի դեպքում` գործ ունենք ղեկավարի հետ, որն ամեն ինչ անում է` աղքատ ու քայքայված երկրից քամելու և պոկելու վերջին շունչը` աշխարհի միլիարդատերերի ցուցակն ընկնելու պարտադիր ձգտումով, մյուս դեպքում` մեծ հայրենասերի, որն ամեն ինչ անում է սեփական երկրի բարօրության համար: Ալիխանյան եղբայրներից կրտսերը` Արտեմը, ջանք չի խնայել` զարգացնելու իր երկրում գիտությունը, մասնավորապես ֆիզիկան, որը մինչ այդ գոյություն ուներ ԵՊՀ-ի ֆիզիկայի` համարյա թե դպրոցական մակարդակ ունեցող և դասատուներ պատրաստող ֆակուլտետի ձևով: Օգտագործելով Սովետական Միությունով ու աշխարհով մեկ հայտնի գիտնականի իր անունը` նա ողողում էր Հայաստանը բազմաբնույթ արժեքներով: Նրա` Հայաստան ներմուծած մետաղի շնորհիվ են կառուցվել բազմաթիվ շենքեր ու ամբողջ թաղամասեր, նրա ուժերով են բերվել առաջին վերելակները, նրա ձեռք բերած գումարներով կառուցվել ու ասֆալտապատվել են ավտոճանապարհներ: Համոզելով «վերևներին»` եկեղեցիները դիտել որպես ճարտարապետական արժեք և ոչ թե սրբավայր, վերանորոգել է տվել ԽՍՀՄ-ի աթեիստական քաղաքականության պատճառով խոնարհված որոշ եկեղեցիներ:
Նրա մեծ սերը մշակույթի հանդեպ մեծ գործերի շարժիչ ուժն էր: Անտեղյակ մարդը կասի` ի՞նչ կապ ունի գիտնական-ֆիզիկոսը մշակույթի հետ: ՈՒնի... այն էլ ինչքան. երաժշտության մեծ սիրահար Ալիխանյանը ջերմ ու բարեկամական հարաբերություններ ուներ շատ երաժիշտների հետ, հատկապես Ռոստրոպովիչի և Շոստակովիչի: Նրանք հաճախ էին հյուրընկալվում նրան ու հաճախ էլ, ոգեշնչվելով Արագածի վեհությամբ, ստեղծագործում էին: Նրանց շատ ստեղծագործություններ գրվել են Արագածի լանջերին:
Հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում հատկապես նկարչությունը: Օգնում էր ստեղծելու նպաստավոր պայմաններ հայ ժամանակակից նկարիչների դպրոցը պաշտպանելու ուղղությամբ: Միշտ էլ նորն ու նորարարությունը մշակույթում դժվարությամբ են մուտք գործում ու ընդունվում: Ասում են, Մոսկվայում բացված ավանգարդ կերպարվեստի ցուցահանդեսը Խրուշչովին այնքան բարկացրեց, որ... նա արտասանեց իր «հանրահայտ ճառը»` հանրահայտ, մինչ այդ ղեկավարի կողմից չարտաբերված բառերով հրամայելով բուլդոզերներով գետնին հավասարեցնել այդ, իր կարծիքով, չակերտավոր «արվեստը»: Ալիխանյանն այդ ժամանակ կարողացավ բավականաչափ նկարներ բերել Հայաստան, որոնք տեղ գրավեցին ու մինչև այսօր պահվում են տարբեր թանգարաններում. ժամանակակից արվեստի թանգարանը նաև նրան է պարտական: Նա ժամանակ առ ժամանակ այցելում էր արվեստանոցներ ու նկարիչներից գնում նկարներ: Օժանդակում էր, որ Հայաստան բերվեն մեծ նկարիչների արժեքավոր կտավներ ու, դառնալով ազգային արժեքներ, տեղ գրավեն պատկերասրահներում:
Եթե «լեգենդար» հերոսը հանկարծ որոշեր «ծանոթանալ» լեգենդին ու խաշանոցից բարձրանար վերևի «անհասկանալի օբյեկտը», կտեսներ այնտեղ որմնանկարներ ու կտավներ` հայտնիներից մինչև անհայտ նկարիչների, կծանոթանար Ալիխանյանի համեստ կենցաղին ու անցած հարուստ ուղուն ու... կամաչեր` հետ նայելով ու տեսնելով իր համար կանգնած շքեղ մեքենաների ու նազիր-վեզիրների քանակը, թե՞, որ ավելի հավանական է, կմտածեր` ո՞նց է, որ ինքը խաբար չի եղել, որ էդ սարի գլխին (ու ոչ միայն սարի գլխին, այլև ֆիզիկայի բոլոր ինստիտուտներում) կան արժեքավոր իրեր, որոնց մի մասը կարող էր և բարձր մակարդակով գրպանվել. է`... այ քեզ բան, չէ՞ որ «էս սարն իմն է, էս սարի վրայի «օբյեկտն» էլ է իմը...»:
Ահա գիտնականի գործունեությունը գիտությունից դուրս... ձեռքբերումներ, որոնց արդյունքում, ամենակարևորը, երկրում ձևավորվում էր մշակույթ... Իսկ, այսօր, ավա՜ղ, «լեգենդար պատմությունների» հերոսներն են որոշում` ինչ անել ու ինչպես վարվել մեր ազգի լեգենդների հետ:


Մանե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5534

Մեկնաբանություններ