Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Այս վեպը գնահատելու ժամանակը դեռ գալու է»

«Այս վեպը գնահատելու  ժամանակը դեռ  գալու է»
14.05.2013 | 11:26

Ասում են, որ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «Երկվորյակների արև» վեպում ժամանակը կանգնած է, այնտեղ միշտ միջօրե է: Գրողը անդրադառնալով այս դիտարկմանը, ասել է` այդ կանգնած ժամանակը բարձրանում, հասնում է մետաֆորի ու հանգում վեպի վերնագրին` երբ արևն աստված էր…

«Երկվորյակների արևը» գրվել է չորս տարի շարունակ: Հրաչյայի գրչակից ընկերները ծանոթ են վեպի բոլոր չորս տարբերակներին, ընթերցողի դատին է հանձնվել վերջնական տարբերակը:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում օրերս կազմակերպված հանդիպում-քննարկման առիթը Հրաչյա Սարիբեկյանի նորընծա վեպն էր: Նման հանդիպումներ դեմիրճյանական սրահում հաճախ են լինում:
«Ինչպես վկայում են ժամանակակիցները` Դեմիրճյանը եղել է ոգևորողը, խրախուսողը տաղանդավոր կրտսեր սերնդակիցների, այստեղ միշտ դուռը բաց է եղել այն գրողների առաջ, ովքեր նոր-նոր քայլեր են արել գրականության մեջ,- ասաց տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ, նշելով, որ այսօրվա երիտասարդ գրողները Դեմիրճյանի արժեքը տեսնում են և բարձրաձայնում:- Երբ երկու տասնամյակ առաջ եկա այս թանգարանում աշխատելու, չգիտես ինչու, այդ շրջանի գրականագետների մոտ ընդունված էր Դեմիրճյանին դատափետել: Հիմա երբ տեսնում եմ, որ լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, Հրաչյա Սարիբեկյանը, Արամ Պաչյանը, Արքմենիկ Նիկողոսյանը հետաքրքրվում են Դեմիրճյանով, ուրախանում եմ, որովհետև Դեմիրճյանի ժամանակները կարծես թե դրանով վերադառնում են»:
Ինչ վերաբերում է օրվա հերոսին, ապա Կարինե Ռաֆայելյանի համոզմամբ` Հրաչյայի համար այս վեպը դարձել է աշխարհագրական տարածքի պես մի բան, որտեղ ինքը բնակվել է և չի ցանկացել դուրս գալ, դրա համար մի քանի տարբերակ է գրել, ուշ է ավարտել, որ երկար մնա այդ տարածքում` երկվորյակների արևի:
Ռուսական 100lichnost.ru հեղինակավոր կայքի հրատարակած հայ դասական գրականության լավագույն գրքերի ցանկում տեղ էր գտել նաև Հրաչյայի վեպը: Շտապենք ասել, որ վեպը միանշանակ չի ընդունվել հայ հասարակության շրջանում. թե՛ մամուլում, թե՛ բանավոր քննարկումների ժամանակ միանգամայն հակասական կարծիքներ են շրջանառվում: Զրույց-քննարկումը վեպի շուրջ թեժ էր նաև Դեմիրճյանի տուն-թանգարանում:
«Հրաչյայի չափ սիրում եմ այս վեպը և Հրաչյայի չափ հոգնել եմ վեպից խոսելուց,- անկեղծորեն ասաց գրքի խմբագիր, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:- Վեպն իբրև գաղտնագիտություն այնքան էլ չի բացահատվել` թե ընթերցողների, թե գրականագետների շրջանում. օրինակ, Ժենյա Քալանթարյանի, Լուսինե Վարդանյանի գրախոսության մեջ կային բևեռներ, որոնք շատ էին ծայրահեղացվում, ինչը հեռացնում էր վեպի բուն իրականությունից և բուն ճշմարտությունից: Իմ կարծիքով` սա նոր վեպ է և գուցե այդ իմաստով է, որ նրա ընկալումները խիստ ծայրահեղ են»: Արքմենիկ Նիկողոսյանը չի ընդունում իբրև քննադատություն անընդհատ շահարկվող այն միտքը, թե վեպում կյանքը բացակայում է: Նրա համոզմամբ` այս վեպը գնահատելու ժամանակը դեռ գալու է:
Գրականագետ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ուրախությամբ փաստեց, որ այս տարի վեպերը շատ են, բանավեճի, ժամանակակից վեպի քննության նյութ կա: «Երկվորյակների արևը», նրա կարծիքով, գրված է գիտակցության հոսքով, և գործ ունենք փիլիսոփայական վեպի հետ, ոչ մի գաղտնագրություն էլ չկա: «Մեր վեպի պատմության մեջ այդպիսի փորձ կա,- ասաց գրականագետը:- Հրաչյան նոր է վեպ գրում: Սա վեպ է, որից սկսվելու է ինչ-որ ճանապարհ»: Կինոգետ, թարգմանիչ ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԸ համաձայն չէր վերոնշյալ դիտարկմանը: Նրա կարծիքով` մեր գրականագիտությունը դեռ խարխափում է անցյալ, նախանցյալ դարի, նույնիսկ ռոմանտիկական դարաշրջանի պատկերացումների շրջանակի մեջ: «Դրա համար նորաշունչ գործերն անպայման գոյություն ունեցող ստերեոտիպերին, ստանդարտներին են հարմարեցվում,- ասաց նա:- Ինչպես, օրինակ, Ժենյա Քալանթարյանի գրախոսությունն է. մարդը խնդիր է դրել ապացուցելու, որ վեպը էքսզիստենցիալական է: Դրանից ի՞նչ հետևություն պետք է անել. որ գրողը ուսումնասիրել է էքսզիստենցիալ վեպը, հետո սխեմա է կազմել և իր վեպը խցկել դրա մե՞ջ: Դա ինձ համար անհեթեթության գագաթնակետ է»: Կինոգետի կարծիքով` վեպը պոստմոդեռնիստական է:
Արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նկատեց, որ իսկական արժեք ստեղծող գրողի համար ոչ մի «իզմ» չկա: Այն, ինչ ստեղծել է գրողը, ամբողջական գրականություն է: Նա ճանապարհ անցնելու է, բայց սա սկիզբ չէ: Վեպում առկա սիմվոլները չգիտի ինչու պիտի բացել, եթե հասկանելի են, հողեղեն:
«Դրանք ավելի շատ արքետիպեր են, քան սիմվոլներ,- պարզաբանեց «Երկվորյակների արևի» հեղինակը:- Գրողը ստեղծագործում է կոլեկտիվ անգիտակցականի մակարդակում: Գիտակցության հոսքի տեխնիկան արտաքին աշխարհի պատկերման և ներքին մենախոսության սահմաները ջնջում է: Իսկ վեպում արտաքին աշխարհի նկարագրությունն ու ներքին մենախոսությունը սահմանազատված են: Ներքին մենախոսությունն այլ բան է, գիտակցության հոսքի տեխնիկան` այլ»:
Արձակագիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆՆ ասաց, որ Հրաչյան նոր շունչ ու մտածողություն բերեց մեր արձակ, երբևէ չի հանդիպել այսպիսի մտածողության, նա մի մարդ է, ով ունի իր աշխարհը ու հետևողական է այդ աշխարհին: Գիտակցական հոսքի արտահայտություն չի տեսել վեպում, ամեն ինչ աշխատում է հայելային սիստեմով, տեքստը փայլում է իր ճշգրտությամբ, վճիտությամբ, յուրաքանչյուր բառն իր տեղում է: Ժենյա Քալանթարյանի գրախոսությանը անդրադառնալով նկատեց, որ շատ բան կարող է գիտնականը ցանկանալ, դա կարող է չհամընկնել գրողի կարծիքին: «Սրանից ավելի կյանքային վեպ դժվար է գտնել»,- ասաց արձակագիրը:
«Հրաչյայի «Գուշակություններ հայելիներով» վիպակի առնչությամբ Արամ Պաչյանն ասել էր, որ նրա բնագիը ծնվում է մահվան մեջ` դանդաղ ու նպատակասլաց ուղղորդելով դեպի հաջորդ մահը: Եվ այնուամենայնիվ, Արամն այդ ամեն ինչի մեջ կյանք է տեսնում»,- նկատեց Կարինե Ռաֆայելյանը:
Արժե՞ նշել, որ չնայած Արամի և Հրաչյայի վեպերը միանգամայն տարբեր են, հիմնականում զուգահեռներ են տարվում այս երկու հեղինակների ստեղծած վեպերի միջև` «ո՞րն է ավելի լավը» հարցադրումով: Քանի որ նեղ վերլուծություններից անցնում ենք «լավի», «վատի» խնդրին, տեղին է հիշատակելը գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ դիտարկումը: Վեպը նա չի հավանել: Մեծ ակնկալիք է ունեցել կարդալիս, բայց առաջին իսկ էջերից հիասթափվել է:
«Հակասություն եմ տեսնում,- ասում է:- Մի կողմից Հրաչյայի հերոսը ցանկանում է իր մանկական աշխարհն ունենալ, սովորական երեխա լինել (տեխնիկապես կարծես թե դա իրացվել է), մյուս կողմից` իրեն պահում է կյանքի հետ իր անելիքները վերջնականապես փակած ծեր մարդու պես: Արքետիպային սիմվոլների ներկայությունը, որոնք հաջորդաբար հայտնվում են վեպում` աքլոր, հայելի, ագռավ, արև, ինձ ոչ մի կերպ չեն զարմացնում և ոչ էլ նոր մեկնության հնարավորություն ընձեռում. վեպում ապրումի համար ազատ տարածություն չկա: Կյանքի մի փոքր հատված եմ զգացել, երբ պապը խոսում էր թոռան գնացքի տակ պառկելու մասին: Ֆիզիկապես այդ հատվածում զգացի կյանքի իրականության սարսուռը: Մնացած հատվածներում Հրաչյան անվերջորեն փորձում էր բացարձակացնել մահվան փիլիսոփայությունը, մի բան, որ ես հրաժարվում եմ ընդունել գրականության մեջ: Իրականում մահը որոշակի գոյություն է դառնում միայն կյանքի հետ զուգահեռում: Իր կատարելության մեջ անկենդան վեպ է դարձել: Իսկ եթե վեպը դիտարկենք համաշխարհային գրականության տեսանկյունից, ընդհանրապես տուժողի դիրքում կհայտնվի»:
Քննարկումը նոր ընթացք ստացավ: Հերոսի երեխա լինել-չլինելու դիտարկմանն անդրադառնալով` գրականագետ Լուսինե Վարդանյանն ասաց, որ եթե հերոսը երեխա լիներ, կդառնար մանկական գրականություն: Զավեն Բոյաջյանն իր հերթին նկատեց, որ դա հնացած պատկերացում է, երեխան հեղինակի գաղափարների կրողն է, հեղինակի ես-ի հայելային արտացոլանքը: «Արվեստը դրանով է հետաքրքիր, պայմանականության մեծ չափաքանակ է ենթադրում: Արվեստը խաղ է, գրականությունը խաղ է, ինքը առաջարկում է խաղի կանոններ, կամ ընդունում եք, կամ` ոչ»,- ասաց նա:
Գրականագետ Սիրանույշ Մարգարյանի կարծիքով` անլուրջ կլիներ վեպում երեխա փնտրելը, «Երկվորյակների արևը» պարականոն ու դիվային վեպ է, ըստ նրա` «պարականոնությունը ջարդում է մեր իմացած բոլոր մոդելները` կառուցելով նոր աշխարհի մոդել»:
Ինչպե՞ս է վերաբերվում ինքը` արձակագիրը, վեպի մասին հնչող քննադատությանը:
«Այո, համաձայն եմ, որ վեպում ապրումի համար գրեթե տեղ չկա: Բայց չէ՞ որ դեռ մոդեռնիզմի ժամանակներից սկսած հուզականությունն ու ապրումները դուրս են մղվել գրականությունից, վեպերը դարձել են մտահայեցողական, ինչն ապրումի տեղ չի թողնում, բացառում է հուզական ընթերցումը, և հասկանալի է նաև, որ չեն արդարացվում նաև վեպում կյանք փնտրողների սպասումները,- մեզ հետ զրույցում ասաց նա:- Սրանք առանձնահատկություններ են: Եվ այն մարդիկ, ովքեր գրականության առանձնահատկությունների մասին խոսում են որպես թերությունների, ոչ թե պրոֆեսիոնալ գրականագետներ են, այլ զգացմունքային ընթերցողներ: Այո, իմ վեպում կյանք չկա, ժամանակը կանգնած է, ամեն ինչ միապաղաղ է, և ես ուրախ եմ, որ կարողանում եմ կաթվածահար անել և՛ կյանքը, և՛ ժամանակը»:
Հանդիպման ընթացքում վեպից հատվածներ ընթերցեց Համազգային թատրոնի և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ի դեպ, դերասանն իր հերթին տեքստը համեմատեց խտացրած կաթի հետ: «Շատ դժվար է միանգամից ընկալելը, պետք է ջրով բացես, որ կաթ դառնա»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ