Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ես իմ իրականությունն եմ նկարում. իմ նկարները ես եմ»

«Ես իմ իրականությունն եմ նկարում. իմ նկարները ես եմ»
19.04.2013 | 15:58

«Արվեստը հեքիաթ է, եթե հեքիաթը հետաքրքիր չէ, ես շարունակությունը չեմ ուզում լսել: Էս իմաստով Հրանտ Թադևոսյանի հեքիաթը էնքան հետաքրքիր, գեղեցիկ, մաքուր ու բարի է, որ ուզում ես այն չվերջանա»:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

Նկարիչների միության ցուցասրահում բացվել է վաստակավոր նկարիչ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԹԱԹՈՍ) 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված 70 կտավների մեծ մասը հանրության դատին է հանձնվում առաջին անգամ:
Կարծես մեր ժամանակը, կյանքն իր վայրիվերումներով ամենևին իրենց անդրադարձը չեն գտնում Հրանտ Թադևոսյանի աշխարհում: Նկարչի մեկը մյուսին չկրկնող կտավները մեկ ընդհանրություն ունեն` միշտ լուսավոր են: Ցուցահանդեսին ներկա էր երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր այս դիտարկմանը նա համամիտ էր:
«Ես այսօր հենց դա էի ասում, որ իր նկարները նայելիս` ակամայից ժպտում ես,- ասաց երգիչը,- որովհետև նրա աշխարհը նուրբ է, թափանցիկ և իրական, երբեմն գուցե ավելի իրական, քան իրականությունն է: Ես շատ եմ սիրում նրա ծաղիկները: Ինձ նկար է նվիրել, որ ես սիրով պահում եմ մեր տանը: Կարմիր վարդերն են, լուսնի լույսն ընկած է այդ վարդերի վրա: Առհասարակ, նա ոչ միայն իմ բարեկամներից է, այլև իմ սիրած նկարիչներից մեկն է»:
Երգիչը հավելեց, որ իր երգերի մեջ էլ ոչ մի մռայլ բան չկա: Նրա խոսքով` եթե երգի կամ կտավի մեջ լույս չեղավ, դա արժեք չունի, նույնիսկ խաչված Քրիստոսին որ նկարել են, հույս են դրել կտավի մեջ, հավատ: «Լավագույն նկարիչները Հիսուսի տառապանքը չեն շեշտել»,- ասաց Հախվերդյանը:
Ինքը` նկարիչը, խոսելով իր կտավների մասին, ասաց, որ ստեղծագործողի համար իրավիճակները նշանակություն չունեն: «Ես կանգնում եմ այն սահմանագծում, որտեղ կարելի է մարդուն նվիրել գեղեցիկ պահեր, օգնել, որ առաջ նայի, մոռանա կենցաղային և այլ հարցերը, դա իմ առաքելությունն է, դրանով ես ապրում եմ»,- ասաց նա: «Կյանքում նո՞ւյնպես լավատես եք»,- հարցրի: «Այո,- ասաց,- ես իմ իրականությունն եմ նկարում. իմ նկարները ես եմ»:
«Թաթոսն ամեն օր առավոտյան գալիս է համալսարան և մինչև երեկո զբաղվում է ուսանողների հետ,- իր խոսքում ասաց ԵՃՇՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:- Այդ ժամանակ նա 7 տարեկան է, ուսանողների հետ` 20, երիտասարդ դասախոսների հետ` 27, մեզ հետ` 50: 75 տարին շատ-շատ հեռու է Թաթոսից»:
Հովհաննես Թոքմաջյանը տեղեկացրեց, որ գիտական խորհուրդը որոշել է կառավարությանը դիմել` համապատախան կարգով Հրանտ Թադևոսյանին Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում շնորհելու առաջարկով:
Հրանտ Թադևոսյանը նկարիչների միության, ինչպես նաև արվեստի միջազգային ասոցիացիայի և պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, արտասահմանյան շատ երկրներում: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:
Ստեղծագործական երկար լռության տարիներ է ունեցել Թաթոսը. նրա արվեստը չէր համապատասխանում սոցռեալիզմի պահանջներին: Բայց եղել է տարի, որ 300-ից ավելի կտավ է ստեղծել: Մեր մեծ արվեստագետներից մեկը մի առիթով ասել է. «Լավ նկարիչ է Թաթոսը, բայց էդ ինչքա՜ն շատ է նկարում»: «Եթե լավ է նկարում, էլ շատը ո՞րն է»,- ժպտում է նկարիչը:
Հավելենք, որ ցուցահանդեսը նախաձեռնել են Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, նկարիչների միությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, մշակութային գործիչներ, քաղաքական այրեր, այդ թվում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երբեմնի քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, այլք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ