Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Թուրքական պետությունը շարունակում է պայքարել նույնիսկ ավերակների դեմ»

«Թուրքական պետությունը շարունակում է պայքարել նույնիսկ ավերակների դեմ»
29.03.2013 | 12:48

Թուրքիայի Սվազ (Սեբաստիա) նահանգի Գյուրուն քաղաքի Փընարյոնու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերականգնվելու է:
19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին նախկինում որպես բանտ է օգտագործվել, ապա կինոթատրոն ու պահեստ: Վերականգնումից հետո վերածվելու է քաղաքային թանգարանի:
Հարց է առաջանում. երբ պատմական Հայաստանի եկեղեցիները զբոսաշրջիկներին ներկայացվում են որպես թանգարան, նշվո՞ւմ է դրանց ազգային պատկանելության ու ճարտարապետական նկարագրի մասին:
«Հիմնականում ներկայացվում են որպես քրիստոնեական ժառանգություն, չի շեշտվում հայկական պատկանելությունը,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտություների թեկնածու, դոցենտ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:- Գուցե մամուլում կամ հայտարարության մեջ, որպես թուրքական տոլերանտության նշան, ասվի, որ իրականացվում է հայկական եկեղեցու վերականգնում, բայց պաշտոնական տեղեկատվության մեջ կամ նշվում է ուղղակի եկեղեցի, կամ, եթե հստակեցնելու խնդիր կա, քրիստոնեական եկեղեցի: Անգամ Անիի եկեղեցիներից որևէ մեկի հայկական պատկանելությունը հստակ նշված չէ, և կարծում եմ, որ այս եկեղեցին նույն ճակատագիրն է ունենալու»:
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում սկսվել է եկեղեցիների վերանորոգման գործընթաց. ոչ միայն հայկական, այլև հունական և ասորական եկեղեցիներ են վերանորոգվում: Նրա տեղեկացմամբ` այս պահի դրությամբ մոտ հինգ եկեղեցի վերանորոգվել կամ գտնվում են վերանորոգման փուլում: «Ինֆորմացիան երբեմն ուռճացված են ներկայացնում,- ասաց նա,- բայց գիտենք, որ առաջինը վերանորոգվեց Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին, որին տրվեց թանգարանի կարգավիճակ, երկրորդը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին էր, որը վերանորոգվեց ոչ թե պետության, այլ համայնքի ջանքերով ու գործարարների աջակցությամբ, և այդ եկեղեցին, ի տարբերություն Աղթամարի, պատկանում է հայ համայնքին` պաշտոնապես հայ եկեղեցի է: Վերանորոգվում են մերձսևծովյան տարածքում գտնվող հունական երկու եկեղեցի, ինչպես նաև Մարդինի Միդյաթ գավառի Մոր Գաբրիել ասորական եկեղեցին»: Թուրքագետը հստակեցրեց, որ այս գործընթացը հստակ ներառում է նաև քարոզչական տարրեր:
Անդրադառնալով մեր` «Վերանորոգմանը զուգահեռ շարունակում են նաև քանդվե՞լ հայկական եկեղեցիները» հարցին, պատասխանեց, որ եկեղեցիները ոչ միայն քանդվում են, այլև եկեղեցու ավերակներն են ոչնչացվում: Վերջին ամենացայտուն և ցավալի օրինակը Սասունի շրջանում գտնվող Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակներն են:
«Վերջին շրջանում այդ տարածքում ակտիվացել էր ուխտագնացությունը, մարդիկ բարձրանում էին Մարութա սարի գագաթը, եկեղեցու ավերակներին ուխտի էին գնում, և իբրև թե առանց պետության գիտության` եկեղեցու ավերակները պայթեցվեցին։ Այսօր շատ փոքր հատված է մնացել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով` թուրքական պետությունը շարունակում է պայքարել նույնիսկ ավերակների դեմ, իսկ եթե անգամ վերանորոգվում են եկեղեցիները, շատ խոր վնաս է հասցվում ճարտարապետական նկարագրին: «Ինքս ականատես եմ եղել` ինչպես է Անիի եկեղեցիներից մեկի վերանորոգումն ուղղակի հասցրել այդ եկեղեցու ճարտարապետական տեսքի աղճատմանը,- ասաց նա։- Անիի պարիսպը վերանորոգել են, պարսպից անհետացել են Բագրատունյաց զինանշանը և հայկական խաչը: Այսինքն, վերանորոգում ասվածին էլ պետք է մի փոքր վերապահումով մոտենալ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ