Վենեսուելայի իշխանությունները հանրությանը ցուցադրել են նախագահ Ուգո Չավեսի վերջերս արված լուսանկարը։ Լուսանկարում Չավեսը պառկած է՝ շրջապատված իր երկու դուստրերով։ Նա ժպտում է և կարդում Կուբայում հրատարակվող Granma թերթը։ Լուսանկարը հեռուստաեթերում ցուցադրել է նախագահի ազգականներից մեկը՝ Վենեսուելայի գիտության նախարար Խորխե Արեասան։
Սա 58-ամյա Չավեսի առաջին հրապարակված լուսանկարն է դեկտեմբերի 11-ից ի վեր, երբ նա ուղևորվեց Կուբա՝ հերթական վիրահատության համար։ Չավեսի մոտ քաղցկեղային ուռուցք առաջին անգամ հայտնաբերվել է 2011թ. կեսերին։