38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Գեղեցիկ է, բայց սա այն դեպքն է, երբ ծառը վնասում է պատմությանը» (ֆոտոշարք)

«Գեղեցիկ է, բայց սա  այն դեպքն է, երբ ծառը  վնասում է պատմությանը» (ֆոտոշարք)
25.10.2012 | 17:07

Սյունիքի մարզի Բեխի կամ Տանձափարախի անապատի բարեկարգման և մասնակի ամրակայման աշխատանքներին մասնակցել են «ԵՄԿ» կամավորականներ, «Հավատք ու ժառանգություն» խմբի արշավականներ, ֆրանսահայ Ժիրայր Գասպարյանը, Բեխ թաղամասի բնակիչներ և այլք:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց վերականգնող ճարտարապետ, «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության խորհրդի անդամ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:
Խմբում ընդգրկել էին նաև ճարտարապետներ, հնագետներ, պատմաբաններ:
Հիշեցնենք, որ վանական համալիրը, որի կենտրոնում գտնվում է բազիլիկ եկեղեցին, Կապան քաղաքի Բեխ թաղամասից մոտ 5 կմ հեռավորության վրա է, խիտ անտառի մեջ: Համալիրի կանգուն շինությունների, ինչպես նաև մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող մատուռի տանիքներն ամբողջովին խոտածածկ էին, աճել էին նաև ծառեր: Ճանապարհը դժվարամատչելի է, այնտեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով:
Գիտարշավը ղեկավարել Է Ստեփան Նալբանդյանը:
Քսանօրյա արշավի ընթացքում մաքրվել են խոտածածկ խաչքարերը, սրբապատկերները, համալիրի ներսի աղբի կույտերը, քանդված քարերը: Հատվել են ծառերը, որոնք աճել էին անգամ վանքի պատերի մեջ: Տեղադրվել են սլաքներ, որոնք ցույց են տալիս ճանապարհը անտառով դեպի Տանձափարախ, նաև ցուցանակ` «Սրբատեղին չաղտոտել» գրությամբ: Թեև, Ստեփան Նալբանդյանի տեղեկացմամբ, այնքան էլ աղտոտված չի եղել տարածքը: այնուհանդերձ, կամավորները փոսեր են փորել աղբը լցնելու համար, հավաքել են շշերը և բացատրել տեղացիներին, որ շշի մակերեսն անդրադարձնում է արևի լույսը ու կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Հնագույն սրբավայրում ժամանակակից լուծումներ են ավելացել` ինքնաշեն «Թիթեռնիկ» սրճարան, կրակարան, «Զրուցարան»: Իհարկե` փայտաշեն:
Մյուս տարի հնագետների գլխավորությամբ կկատարվեն պեղման աշխատանքներ: Տարածքն ուսումնասիրման կարիք ունի, վստահեցնում է Ստեփան Նալբանդյանը: «Երկու հեկտար տարածք է` պարսպապատ, էլ չեմ ասում` պարսպից դուրս ինչեր կարող են լինել»,- ասաց նա:
Հարցին` ավարտվե՞լ են տարածքի մաքրման և ամրացման աշխատանքները, Ստեփան Նալբանդյանը պատասխանեց. «Սկսվում են: Մյուս տարի նույնպես գնալու ենք, ֆրանսիական կամավորներ են միանալու գիտարշավին: Ընտրելու ենք այնպիսի երիտասարդ-կամավորների, ովքեր կկարողանան ապրել անտառային պայմաներում: Աշխատանքների իրականացումն առավել դյուրին դարձնելու համար արշավը կնախաձեռնենք ամռանը ամիսներին: Աստիճանաբար կմաքրենք տարածքը: Չափագրման աշխատանքները նույնպես անավարտ են մնացել: Առայժմ շատ բան թերի է»:
Կարելի է ենթադրել, որ աշխատանքները Բեխում չեն ավարտվի նաև հաջորդ տարի: «Հուշարձանի համար ժամանակ պետք չէ սահմանել, չգիտես ինչ անակնկալ է քեզ սպասում գետնի տակ,- պարզաբանեց ճարտարապետը:- Որպես օրինակ, Չիչխանավանքն ընդգրկեցինք «Երկիր և մշակույթ» կազմակերպության ծրագրում` վերականգնելու համար, բայց 4-րդ տարին է, որ պեղումներ ենք անում, հայտնաբերվում են հեթանոսական կրակարաններ, դամբարաններ, իսկ այդ գիտությունը հողի տակ թողնել չի կարելի»:
Տանձափարախի անապատում արշավի ընթացքում հայտնաբերվել են խաչքարի բեկորներ, սրբապատկերներ, պատերի մեջ` ատամնավոր քիվի քարեր, որ բնորոշ է հեթանոսական շրջանին: «Սա վկայում է, որ վաղ միջնադարում այստեղ նշանավոր կառույց է եղել, հետո 1728-ին Արիստակես անունով վարդապետը վերակառուցել է այս վանքային միաբանությունը: Օրբելյանը հիշատակում է, որ այստեղ խարազանված վանականներ էին ապրում 13-րդ դարում»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: Իսկ այն, որ վանքը նշանավոր է, վկայում են պատմական աղբյուրները:
Տանձափարախի վանական համալիրը տեղացիներն անվանում են Նապատ, այսինքն` անապատ: Եկեղեցու անունը հայտնի չէ:
Ի դեպ, հնագույն այս սրբավայրի մասին շատերը ոչինչ չգիտեն: Ճարտարապետը նկատեց, որ շուրջ 40 տարի զբաղվում է այս գործով, և այս փոքրիկ երկրում այնքան բան կա, որ ինքն էլ դեռ չի տեսել: «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»,- ասաց նա:
Հարկ է խոստովանել, որ ծառերով ու խոտածածկով պատված համալիրը չտեսնված սիրուն ու խորհրդավոր տեսք ուներ` ասես ձուլված բնությանը: Զրուցակիցս համաձայնեց, որ այդ տեսքով նույնպես սիրուն էր, բայց քանդվում էր ծանրությունից: «Վանքից 50 մետր հեռու մի մատուռ կա` էլի ծառապատ, և պետք է մաքրել,- ասաց նա:- Մենք ուզում ենք անտառտնտեսությունից թուլտվություն ստանալ` եկեղեցուց մոտ 50 մետր շառավղով բոլոր ծառերը կտրելու: Գեղեցիկ է, բայց սա այն դեպքն է, երբ ծառը վնասում է պատմությանը»:
Զրուցակցիս տեղեկացմամբ` անտառում կար զկեռ, ալոճ, մասուր, շլոր, խնձոր: Կենդանական աշխարհն աննկարագրելի է. շուրջդ ապրում են արջեր, եղնիկներ, վարազներ: Իսկ ողջ գիշեր միապաղաղ բվացող բուն կարգին զայրացրել էր գիտարշավի մասնակիցներին: Նա նշեց նաև, որ այս ծրագրի գլխավոր նախաձեռնողը, որը վարակել է իր ոգևորությամբ, Լոնդոնում Հայաստանի հյուպատոս, ծնունդով բեխեցի Արա Մարգարյանն է: Հովանավորը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որոշակի ֆինանսական ներդրում ունի նաև «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը:
Ինչ վերաբերում է վերականգնման աշխատանքներին, ճարտարապետը նշեց, որ եկեղեցին վերականգնում են, որ վանականն ապրի, միաբանությունը գործի: Իսկ Բեխում ոչ մի վանական այսօր չի ապրի: Կմնա որպես սրբատեղի: Մյուս կողմից, պատմամշակութային ժառանգություն է, չպետք է թույլ տալ, որ փլվի, պետք է ամրացումներ արվեն, որ պահպանվի հաջորդ սերունդների համար:
Նպատակը` ըստ Ստեփան Նալբանդյանի, պատմամշակութային միջավայրին հանրությանը ծանոթացնելն է, որ գնան, վայելեն մեր ժառանգությունը, բնությունը, միայն չաղտոտեն, չփչացնեն, պատերի գլխին չբարձրանան` լուսանկարվելու համար:
«Թող տեղեկացնեն իրենց ընկերներին, բարեկամներին, աշխարհին: Ամեն մեկը եթե մի քար ուղղի, քարի արանքում աճող ծառի սերմը պոկի, 50 տարի անց հսկայական ծառ չի դառնա»,- ասաց նա, հավելելով նաև, որ ցանկացողները կարող են կամավորական սկզբունքով մասնակցել 2013-ի գիտարշավին: Ծախսերը հոգալու են կազմակերպիչները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները`
Ստեփան ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ և Դավիթ ԴԱՎԹՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ