38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ես Կարծախը լքված ու խնամքի կարոտ տեսա

Ես Կարծախը լքված ու խնամքի կարոտ տեսա
20.07.2012 | 02:52

Հուլիսի 14-ին Ջավախքի հինավուրց և նշանավոր Կարծախ գյուղում տեղի ունեցավ մեծ հանդիսություն` նվիրված համբավավոր աշուղ և ժողովրդական երգիչ Ջիվանուն (Սերոբ Ստեփանի Լևոնյան, 1846-1909) և 1830-ական թվականներին կառուցված Սբ. Հովհաննես-Կարապետ եկեղեցու վերաօծմանը: Ջիվանին գյուղի բնակիչների ազգային հպարտությունն է և մշտապես եղել է մեր հիշողության նվիրական շերտերում: Նա հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի և ստեղծել իր դպրոցը:

Կարծախցիները (և ոչ միայն) հանդես են եկել հրաշալի մի նախաձեռնությամբ` սեփական նյութական միջոցներով համատեղ վերանորոգել հոգևոր հարուստ ավանդույթներ ունեցող Աստծո այս տունը և գյուղացիների հոգում վերականգնել ամենազոր հավատը, որը լավագույն բարի գործերի ակունքն է և սատարիչը: Ի դեպ, եկեղեցին ժամանակակից տեսքով վերակառուցվել է 1891-1896 թվականներին: Այն 1830 թ. կարնեցիների հայտնի գաղթից հետո եղել է Ախալցխայի Սբ. Փրկիչ եկեղեցու եկեղեցապատկան կալվածք:
ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ Գյումրի-Բավրա միջպետական և ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող ավտոմայրուղին բարվոք վիճակում չէր, մինչդեռ Վրաստանի սահմանից մինչև Կարծախ գյուղ տանող ճանապարհը կառուցապատված է բարձր որակով և միջազգային չափանիշներին համապատասխան: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Գյուղը Ջավախքի հարավային դարպասն է և գտնվում է տարանցիկ ուղիների հանգուցակետում: Այն տեղավորված է գեղատեսիլ վայրում` եզերված Գինեյ վեհանիստ լեռով և Խոզապին (Խոզաբույն) գեղեցիկ լճով: Ի դեպ, վերջինիս մեծ մասը ներկայումս Թուրքիայի տարածքում է, իսկ սարը, կարծես, բնակավայրի յուրօրինակ պահապանն է: Հավելենք նաև, որ լեռան վրա կա Քյոռօղլի սրբատեղին: Պատկերը լրացնում են մերձակա անտառակները, որոնք հանգստի հովվերգական տեղեր են: Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ, գերեզմանոցներ և հավասարաթև մեծ խաչեր: Այսինքն, ներկա կեցությունն ու անցյալը մի ներդաշնակություն են ստեղծում:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Արթուր Ստեփանյանը, Արցախի պատերազմի հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, վիրահայ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախեթիայի նահանգապետ Վանո Ցիկլաուրին, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Համլետ Մովսիսյանը և այլք:
Գյուղն այսօր ունի 250 տուն բնակչություն, որը բավականին փոքր թիվ է: Նախկինում այն հոծ բնակչություն է ունեցել և փառաբանված էր իր մեծահամբավ արհեստավորներով, օրինակ` դարբիններով: Անգամ բազմամարդ լինելու համար ժամանակին ստացել է «Փոքր Ստամբուլ» անունը: Մշտապես եղել է հայաբնակ: ՈՒշագրավ է այն, որ բնակավայրը եղել է գրչօջախ` հայկական ձեռագրերի ստեղծման վայր: Բացի Ջիվանուց, այստեղ ապրել և ստեղծագործել է նաև աշուղ Ղարա Ղազարը (Սիայի), որը եղել է նրա ուսուցիչը:
Սակայն ներկա պահին ես Կարծախը լքված ու խնամքի կարոտ տեսա: Դրա լավագույն վկայությունը կողպված ու «մեռած» բազմաթիվ տներն են, որոնց առջև մոռացության մացառներ, տատասկներ ու փշեր են աճել: Տպավորությունն այս առումով ճնշող և մտահոգիչ էր: Նախկին կարծախցիները տարվա մեջ, թերևս, մեկ անգամ գալիս են, ուրախանում, իրենց կարոտն առնում և հեռանում: Իսկ գյուղը մնում է իր հոգսերի հետ` ծանրաբեռ ու ինչ-որ տեղ հուսաբեկ: Կա թուրքերի ¥ինչպես Աջարիայում¤ և մեսխեթցի թուրքերի բնակեցման իրական սպառնալիք, որը գլոբալիստական ուժերի հստակ սցենարն է: Հնարավոր է, որ շուտով բացվի վրաց-թուրքական սահմանը, որը ժողովրդագրական իմաստվ հայերիս շահերից չի բխում: Իսկ մենք կրկին չունենք ռազմավարական կոնկրետ մոտեցում այս մարտահրավերին: Գյուղը չունի աշխատատեղեր, գյուղամիջյան ճանապարհներն անբարեկարգ են, դեռ լուծված չէ խմելու ջրի հարցը և այլն: Այսինքն, այստեղ ապրելն իսկական հերոսություն է:
Բայց չէ՞ որ կոնկրետ հայրենասիրության և հոգատարության լավ դրսևորում կլիներ, եթե արտերկրում ապրող գործարար կարծախցիները ¥և ոչ միայն¤ կարողանային գյուղատնտեսական փոքր արտադրություններ հիմնել և բնակիչներին պահել տեղում: Սա կարող է լինել գյուղը փրկելու և ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցն ու սևեռուն նպատակը: Արդյոք բավական չէ՞ մեր էությունից դուրս ապրելը. չէ՞ որ դա ինքնակողոպուտ է:
Գյուղի տարածքում անհանգիստ ու եռանդուն թևաբախումներով ճախրում էին ճայերը, որոնք յուրօրինակ ձևով ահազանգում էին Կարծախի օրախնդիր հարցերի ու տագնապների մասին: Համենայն դեպս, ես այդպես ընկալեցի: Մի՞թե սա օրհաս է: Չեմ կարծում: Բնավ երբեք: Ջիվանու` այդ մեծ հայորդու ոգին այսօր իր ազգապահպան դերն է կատարում և մեզ համար դրվատելի օրինակ է: Նա մեզնից ակնկալում է կոնկրետ գործեր և անմնացորդ նվիրում ազգային ծրագրերին:


Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ