38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կառլոս Ֆուենտես Մասիասը` հեռացած մեքսիկացիներից ևս մեկը

Կառլոս Ֆուենտես Մասիասը` հեռացած մեքսիկացիներից ևս մեկը
18.05.2012 | 10:43

Կյանքից հեռացավ 20-րդ դարի վերջին ռոմանտիկներից մեկը: Գրականագետներն ինձ հետ համաձայն չեն լինի, որովհետև նա ներկայացուցիչն էր մոգական ռեալիզմի լատինաամերիկյան փառահեղ փաղանգի, որ գրականություն բերեց իր մայր ցամաքի անցյալն ու ապագան: Եվ, այնուամենայնիվ, հրաշալի այդ ռեալիստների կյանքի ու գործի մեջ ռոմանտիզմն ակնհայտ է, որովհետև միայն ռոմանտիկը կարող է այդքան սիրահարված նայել կյանքի աչքերին:

Մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտես Մասիասը ծնվել էր 1928 թ. Պանամայում, համալսարանն ավարտելուց հետո դիվանագետ էր աշխատել: 1954 թ. հրատարակել էր պատմվածքների առաջին ժողովածուն` «Քողարկված օրեր»: 1958 թ. աղմկալից հաջողություն ունեցավ նրա առաջին վեպը` «Անամպ պարզության երկրամասը», որը պատմում էր ժամանակակից Մեքսիկայի կյանքի մասին` պատումի նորարարական միջոցներով: Մեքսիկացի բուրժուայի ձևավորման ընթացքն ու ճակատագիրն է «Հանգիստ խիղճ» (1959) և «Արտեմիո Կրուսի մահը» (1962) վեպերի առանցքում: Քննադատների կարծիքով` Ֆուենտեսին բնորոշ է անողոք վերլուծական ռեալիզմը, երբ խոսքը վերաբերում է հասարակության ու անհատի ճակատագրին: «Մաշկափոխություն» (1967) վեպում այդ ռեալիզմը հատկապես ընդգծված է. Ֆուենտեսն ուղղակի ոչնչացնում է սպառողական հոգեբանությամբ հերոսներին ու նրանց փիլիսոփայությունը: 60-ական թթ. վերջին հանրահայտ մեքսիկացին տարվեց փորձարարությամբ, հակվեց դեպի նորավանգարդիզմ ու գրողի գլխավոր խնդիր հռչակեց «լեզվական նոր կառույցների ստեղծումը»: Առավելագույնս այդ խնդրին համապատասխանում էր «Մեր հողը» (1975) վեպը, որտեղ քննվում են Լատինական Ամերիկայի պատմության հարցերը: Ֆուենտեսն արժանացել է բազում մրցանակների` Խավիեր Վիլյաուրուտիի (1976), Ռոմուլո Գալգոսայի (1977), Ալֆոնս Ռեյեսի միջազգային մրցանակի (1979), Մեքսիկայի ազգային գրական մրցանակի (1984), Միգել դե Սերվանտեսի (1987), Ռուբեն Դարիոյի (1988), Աստուրիայի արքայազնի (1994), Գրինցան Կավուրի միջազգային մրցանակի (1994), Պիկասոյի մրցանակի (1994): Ֆուենտեսը Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի համալսարանների պատվավոր դոկտոր է: Նա հաճախ էր հանդես գալիս իբրև քննադատ և տեսաբան, լատինաամերիկյան վեպի խնդիրների մեկնաբան:

Կառլոս Ֆուենտես Մասիասը վախճանվեց 83 տարեկանում Մեխիկոյի Անխելես դել Պեդրեգալ հոսպիտալում:

«Իսպանաամերիկյան նոր վեպը» իր ծավալուն մենագրության մեջ Ֆուենտեսը պարզաբանում էր իր մայր ցամաքում ծնված գրականության համաշխարհային գրականության պատկանելության պատճառները. «Իսպանաամերիկյան նոր վեպի փաստագրական և նատուրալիստական միտումները պայմանավորված են մեր կյանքի իրական հանգամանքներով. մենք հասանք անկախության` առանց բավարար ինքնագիտակցություն ունենալու, ենթակա, փաստորեն, մեզ օտար տարերքին, որը, սակայն, լատինաամերիկյան ողբերգության բուն հերոսն էր, քանզի կոնկիստադորները որոնում էին բնության գանձերը` չհետաքրքրվելով մարդկանցով: 19-րդ դարի երկրորդ տասնամյակում ազատվել նվաճողներից միաժամանակ նշանակում էր տիրել մեզ խորթացած ու օտարացած բնությանն ու երկրին:

Ինչպես պարզվեց` հայտնվեցինք ողբերգական-կատակերգական վիճակում, երբ անկախությունը հին տիրապետությունը փոխարինեց նոր ստրկությամբ` ռազմական բռնապետների և տեղական օլիգարխների իշխանությամբ, որոնք բնության ու մարդկանց շահագործումը վերածեցին երկրորդ կոնկիստայի` այս անգամ ոչ թե ացտեկների, կեչուաների կամ կարիբների դեմ, այլ մեքսիկացիների, պերուացիների, վենեսուելացիների: Կորտեսը վերածվեց Պորֆիրիո Դիասի, Պիսառոն` Սանտա-Կրուսի, Ալոնսո դե Օխեդան` Խուան Վինսենտ Գոմեսի: Հենց այդ ժամանակ իսպանաամերիկյան վեպը ստեղծեց գիշատիչ բնությունից հետո իր երկրորդ հերոսին` ազգային կամ տարածաշրջանային մասշտաբի բռնապետի կերպարը: Երրորդ հերոսը կարող էր լինել միայն շահագործվող զանգվածը, որը տառապում էր ոչ միայն դաժան, անառիկ բնության, այլև արնախում բռնապետի ձեռքին»,- գրում է Ֆուենտեսը և հիմնավորում այդ հարթության մեջ նաև հեղինակի հերոս դառնալը.«Բայց գոյություն ունի ևս մեկ գործոն` գրողն ինքը, որը, անտարակույս, ընդդեմ բարբարոսության` քաղաքակրթության կողմնակիցն է ու դառնում է նրանց ձայնը, ովքեր չեն կարողանում ստիպել իրենց լսել, գրողի իրական առաքելությունը դառնում է անարդարության մերկացումը, շահագործվողների պաշտպանությունը և իր երկրի կյանքի փաստավավերագրական պատմության ստեղծումը»:

Նրա երակներում հոսում էր ացտեկների ու մայաների ժառանգի արյունը, և նա հպարտ էր կապող օղակ լինել իր ժողովրդի պատմության անցյալի ու ապագայի ճանապարհին, հպարտ էր լինել իր երկրի մտավորականը, որ «Հայտնվելով այս հակասությունների գերության մեջ, հրաժեշտ տալով ժամանակակից քաղաքակրթության երազանքին, խեղդված-խեղված հյուսիսամերիկյան կապիտալիզմի ու տեղական օլիգարխների հանդիպման արդյունքում, Լատինական Ամերիկայի մտավորականը հեռանկար տեսնում է միայն հեղափոխության մեջ: Վերջին տասնամյակներում, շնորհիվ կուբայական հեղափոխության հաղթանակի, մտավորականները հիմնականում հակվում են դեպի աջ ուժերը: Բայց ոչ ազնվական պոռթկումները, ոչ գրքերն ինքնին չեն կարող այդ հեղափոխությունն անել, և մտավորականը հայտնվում է պատմության արանքում, որը մերժում է և որը տենչում է: Նրա գոյությունը պատմական ու իրական, հակասական ու երկվությամբ լի աշխարհում, եթե նրան չի զրկում «բնական էպոսի» պատրանքներից, եթե վերածում է տանջալից հարցեր տվող մարդու, որոնք այսօր չունեն պատասխաններ, միաժամանակ ստիպում է իր ստեղծագործությունն արմատացնել ոչ միայն ներկայով, այլև ապագայով ու անցյալով»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Â¨Ă˘â‚¬ĹľĂ˘â€žÂ˘ĂƒÂ¦Ă˘â‚¬ÂąĂ‚Â˘/videos">Տեսանյութ
  • Այլ
  • 10.11.2024