Արցախում ծանր մարտերը շարունակվում են։ Տևական ժամանակ համառ պայքար է մղվում Շուշիի համար։ Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարությունից հասարակությունն ուղերձներ չի ստանում, Նիկոլ Փաշինյանը լուռ է, անգամ ֆեյսբուքյան գրառում չի անում։ Սրան զուգահեռ իր կառավարման ընթացքում արդեն 5-րդ ԱԱԾ տնօրենին է փոխում, ընդ որում 2-ին՝ պատերազմի օրերին։ Պատերազմող երկրում նման փոփոխությունը բավական անհանգստացնող է։ Ռազմական գործողությունների սկզբում աշխատանքից հեռացվեց ընդամենը վերջերս ԱԱԾ տնօրեն նշանակված Արգիշտի Քարամյանը, հիմա էլ նույն ճակատագրին արժանացավ նրան ժամանակավորապես փոխարինած Միքայել Համբարձումյանը (ընդ որում, վերջինս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն)։ Ո՞րն է պատճառը, որ այս պահին մեծ առաքելություն ունեցող այս կառույցի աշխատանքն անընդհատ ցնցումների է ենթարկվում։ Երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուներն այսքան արագ-արագ փոխվում են այն դեպքում, երբ մշտական արտաքին մարտահրավերի առաջ ենք կանգնած։ Հիմա առավել ևս իրավիճակը ծայրահեղ աչալրջություն է պահանջում, որովհետև թշնամին աշխատում է բոլոր ուղղություններով։
Այս պահին բոլորիս մտքերը զինվորի հետ են, կարևորն առաջնագիծն է։ Բարեբախտաբար ռազմական ղեկավարությունն էլ իր գործը լավ գիտի, սակայն մշուշոտ է քաղաքական ղեկավարությայն քայլերի տրամաբանությունը։ Իսկ այս վիճակը հազար ու մի հարցերի, կասկածների տեղիք է տալիս։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ