38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երանիները Հին Կտակարանում

Երանիները Հին Կտակարանում
03.12.2023 | 10:13

Հաճախ, երբ խոսվում է «երանիների» մասին, մարդիկ արագորեն հիշում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ լեռան քարոզը, որ արձանագրված է Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում, սակայն Հին կտակարանում ևս գոյություն ունեն երանիներ:


Այս հոդվածի նպատակն է ամփոփ ձևով անդրադառնալ Հին կտակարանում նշված երանիներին: Երանիներ, որոնք առնչված են մարդ-Աստված, մարդ-մարդ և մարդ-սեփական անձ թեմաներին, որպեսզի դրանք միշտ ներկա լինեն մեր մտքում և պատճառ հանդիսանան, որ մեր հոգևոր կյանքն օրըստօրե ավելի աճի:



Աստծու հետ առնչված երանիներ

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդը երանելի է, երբ՝

Աստված հանդիմանի իրեն: Աստծու կողմից ստացած հանդիմանությունը մարդկանց մոտ չպետք է համարվի որպես սոսկ տխրություն և ցավ, որովհետև Եղիփազի այս խոսքի մեջ՝ «Երանեալ է մարդ զոր յանդիմանեաց Աստուած» (Հոբ 5:17), որ ասաց Հոբին, կա կապ Աստծուց լսած հանդիմանության և երանության միջև: Ճշմարիտ աստվածասեր անձը կուրախանա, երբ Բարձյալն իրեն հանդիմանի, քանի նա հավատում է, որ․ «Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը» (Ա Տիմ. 2:4):

Աստված լինի իր հույսը: Ինչքա՛ն լավ կլինի, երբ յուրաքանչյուր դժվարության ու նեղության դիմաց հիշենք աստվածաշնչական այս քաջալերական համարը, որ ասում է. «Երանի՜ նրանց, ովքեր իրենց հույսը Տիրոջ վրա դրած կլինեն» (Սղմ. 2:13):

Աստված ների իր մեղքերը: Աստծու կողմից մեղքերի թողություն ստանալը քահանայի միջոցով ոչ միայն հոգեկան և մտային ուրախություն և ցնծություն է, այլ նաև երանություն. «Երանի՜ նրանց, ում մեղքերին թողություն տրվեց, և նրանց, ում բոլոր հանցանքները ներվեցին» (Սղմ. 31:1): Վայ այն մարդուն, որ մեղքերով կիջնի գերեզման, չմտածելով հետմահու հավիտենական կյանքի մասին:

Վախենա Աստծուց: Մեր սերը Աստծու հանդեպ պետք է շաղախված լինի երկյուղածությամբ: Աստված ոչ միայն սիրո Աստված է, այլ նաև արդար: Տիրոջից երկյուղը իմաստության սկիզբն է (Առակ. 1:7), երանություն է. «Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից և խիստ կամենում նրա պատվիրանները» (Սղմ. 111:1):

Գնա Աստծու ճանապարհով: Լայն ճանապարհը դեպի կորուստ է տանում մարդուն. «Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով» (Մտթ. 7:13), իսկ նեղ ճանապարհը դեպի փրկություն է տանում մարդուն: Աստծու ճանապարհով քայլելը երանություն է. «Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից և գնում նրա ճանապարհներով» (Սղմ. 127:1): Սրբերն ու սրբուհիները հաստատ մնացին Աստծու ճանապարհին, չխնայեցին իրենց կյանքը, նահատակվեցին և իրենց արյունը թափեցին Երկնավոր Թագավորի համար:

Լինի եկեղեցում: Երանելի են, որոնք բնակվում են հաղթական եկեղեցու մեջ Երկնքում: Երանելի են, որոնք հաճախակի գնում են պայքարող Եկեղեցի, հոգով և ճշմարտությամբ մասնակցում են դրա հոգեպարար ժամերգություններին և սուրբ խորհուրդներին: Տիրոջ բնակարանը՝ Եկեղեցին սրբավայր է, և դրա մեջ լինելը երանություն է. «Երանի՜ բոլորին, որ բնակվում են Տիրոջ տանը ... » (Սղմ. 83:5):

Մարդկանց հետ առնչված երանիներ

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդը երանելի է, երբ՝

Սովորի իմաստունից: Սաբայի թագուհին բազմիցս լսեց Սողոմոնի իմաստության մասին, սակայն չհավատաց, մինչև որ եկավ Երուսաղեմ, հանդիպեց թագավորին, լսեց նրանից իմաստուն խոսքեր, տեսավ նրա կատարած հսկայական աշխատանքները և ասաց. «Երանի՜ քո այս մարդկանց, քո այս ծառաներին, որոնք միշտ կանգնած են քո առջև և լսում են քո իմաստությունը» (Նոր Արարատ թարգմանություն, Գ Թագ. 10:8):

Հեռանա չարակամ մարդկանցից: Սիրել մարդկանց չի նշանակում մտերմանալ ու բարեկամանալ ամբարիշտ ու չարակամ մարդկանց հետ: Սաղմոսաց գիրքը սկսում է հորդորով. «Երանելի է այն մարդը, որ չհետևեց ամբարիշտների խորհրդին և չգնաց մեղավորների ճանապարհով և չնստեց չարակամների աթոռին» (Սղմ. 1:1):

Օգնի աղքատին: Աղքատախնամությունը երանելի արարք է. «Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին» (Սղմ. 40:2), որովհետև դատաստանի օրը դա ունի վարձատրություն. «Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. «Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» (Մտթ. 25: 34-36):

Մեր կյանքի հետ առնչված երանիներ

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդը երանելի է, երբ՝

Արդարություն գործի: Ամենաարդար Աստված սիրում է, որ իր զավակները Իր նման արդարություն գործեն: Արդարություն գործելը աստվածահաճո արարք է՝ երանելի գործ է. «Երանի՜ նրանց, ովքեր պահում են իրավունքը և ամեն ժամ արդարություն են գործում» (Սղմ. 105:3):

Զսպի իր լեզուն: Կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Զղջման աղոթքի 5-րդ բաժնում 17 տեսակի մեղքեր, որոնք գործում ենք այդ փոքր օրգանով, որ կոչվում է լեզու․ «Մեղայ չարութեամբ լեզուիս, 1. ստախօսութեամբ, 2. սուտ երդմամբ, 3. երդմնազանցութեամբ, 4. հակառակութեամբ, 5. վիճաբանութեամբ, 6. բանսարկութեամբ, 7. շոգմոգութեամբ, 8. քսու, 9. դատարկաբանութեամբ եւ 10. ծաղու, 11. զրախօսութեամբ, 12. հերձախօսութեամբ եւ 13. անիծաբանութեամբ, 14. տրտնջելով, 15. դժգոհելով, 16. բամբասելով եւ 17. հայհոյելով՝ մեղայ Աստուծոյ»: Սիրաքի գիրքը, որ երկրորդական գրքերից է, երանի է տալիս՝ ասելով. «Երանի՜ այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով և խոցված չէ մեղքի հարուցած տրտմությամբ» (Սրք. 14:1):

Հույսով ապրի: Աստվածաշունչը մեզ տալիս է բազմատեսակ հույսի օրինակներ՝ ֆիզիկապես սնվելու, բժշկվելու և փրկվելու, բանտից ազատագրվելու, պատերազմում հաղթելու, փորձություններից հաղթական դուրս գալու, մարդկանց դարձի բերելու և այլն: Երանելի է այն քրիստոնյան, որ չի կորցրել իր հույսը կյանքի դժվար պայմանների մեջ. «Երանի՜ այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով իր հույսը չի կորցրել» (Սրք. 14:2):

Այս հոդվածում տեսանք, որ երանելի է՝ 1. երբ մարդը հանդիմանվի Աստծու կողմից իր սխալ ընթացքի պատճառով, 2. երբ Աստված լինի մարդու հույսը, 3. երբ Աստված ների մարդու գործած մեղքերը, 4. երբ մարդը վախենա Աստծուց՝ երկյուղով մոտենա Նրան, 5. երբ մարդու քայլերը ընթանան Աստծու ճանապարհով, 6. երբ մարդը հաճախի եկեղեցի, մասնակցի դրա հոգեպարար ժամերգություններին և սուրբ խորհուրդներին, 7. երբ մարդը նստի իմաստուն մարդկանց հետ և նրանցից սովորի իմաստություն, 8. երբ մարդը հեռանա չարակամ մարդկանցից, 9. երբ մարդը գթա աղքատին և օգնի նրան նյութապես և հոգեպես, 10. երբ մարդը սիրի արդարությունը և գործի դա իր առօրյա կյանքում, 11. երբ մարդը զսպի իր լեզուն՝ իմանա ինչ խոսել, ինչպես խոսել, երբ խոսել, ինչու խոսել, ում հետ խոսել, զգույշ լինի բարկության և նեղության ժամանակ սխալ արտահայտություններ ասելուց, 12. երբ մարդը իր ապրած դժվարությունների և նեղությունների ժամանակ հույսով ապրի և Աստծուն վստահի:

Գևորգ սարկավագ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Աստվածաբանական գիտությունների դոկտոր

Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու ՖԲ էջից

Դիտվել է՝ 8929

Մեկնաբանություններ