38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Միշտ նոր Չարենցը

Միշտ նոր Չարենցը
21.08.2023 | 13:11

Ես և Մեհենդակ ընկերս լսել ենք, որ Չարենցի նոր ժողովածուն՝ «Գիրք ճանապարհի» խորագրով, «Աքիլե՞ս, թե Պյերո» պոեմի պատճառով խոտանվել է և տպագիր օրինակները հիմա թափված են տպարանի բակում:

-Արի գնանք հավաքենք,-ասում է Մեհենդակը:

...Կիրակի առավոտ տպարանի ճաղերի արանքով մտնում ենք բակ և սկսում հևիհև փնտրել «Գիրք ճանապարհիի» մամուլները:

Շո՛ւտ, շո՛ւտ... և ահա մենք փողոցում ենք: Տուն հասնելուն պես սկսում ենք արագ դասավորել անջատ մամուլները: Գիրքը լրիվ չի ստացվում: Բայց մեծ մասը կա, կա նաև «Աքիլե՞ս, թե Պյերոն»:

Առաջինը կարդում ենք այդ պոեմը: Բայց... Հասկանալով բառերն ու նախադասությունները, չենք հասկանում մտքերը, բանաստեղծի հղացումը: Պոեմները թողնում ենք ավելի բավարար ժամանակի և թերթում փոքր ծավալի գործերը:

Աքրոստիքոս ու դիստիքոս, բեյթեր, լատինական թվեր, թարգմանություններ Պուշկինից, Հայնեից, Գյոթեից:

Զարմանալի՜ Չարենց. նրա ոչ մի գիրքը, ոչ մի բանաստեղծությունը, ոչ մի շարքը նախորդի կրկնությունը չի, նմանությունը չի: Միշտ նոր, նոր, նոր...

Ու մենք սկսում ենք պատճենել նոր Չարենցին: Գործածում ենք չարենցյան տերմիններ ու բառակազմություններ՝ ռոշնական, խոնջենք, աստ, ահավասիկ, տվնջյան, դաշն...

Մեզ ծանոթ անտիկ անուններն արտաբերում ենք չարենցյան ոճով. դափնե, նիմփ, Վիրգիլ, Դանտ:

Եվ միշտ մի զգացում է մեզ ուղեկցում. Չարենցը մեծ է, անչափելի մեծ, անճառելի մեծ, իսկ մենք՝ հուսահատորեն փոքր ու տկար...

Հրաչյա Հովհաննիսյան

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7615

Մեկնաբանություններ