38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու որոշումը ՆԺԿ-ի դեմ ծրագրված դեմարշ չէր»

«Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու որոշումը ՆԺԿ-ի դեմ ծրագրված դեմարշ չէր»
16.09.2008 | 00:00

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱՅԱՑՆԵԼԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ԱԶԴՈՒՄ ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ»
Նախորդ հինգշաբթի օրը Հայ ազգային ընդդիմադիր կոնգրեսին անդամակցելու մասին հայտարարեց ՆԺԿ վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Հաջորդ օրը լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, թե ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը կասեցրել է Հրաչյա Սարգսյանի՝ իբրև ՆԺԿ վարչության անդամի կարգավիճակը։ Մի շարք հարցերի պարզաբանում ստանալու ակնկալիքով էլ դիմեցինք Հրաչյա Սարգսյանին։
-Պարոն Սարգսյան, ո՞րն է պատճառը, որ Ձեր հայտարարությունից հետո ՆԺԿ նախագահը Ձեր վերաբերյալ նման որոշում կայացրեց։
-Իսկապես, նախորդ հինգշաբթի օրը ես «Իրավունք de facto» ակումբում հայտարարեցի Հայ ազգային կոնգրեսին իմ միանալու մասին։ Ընդ որում, դա եղել է իմ միակ հայտարարությունը, և այդ որոշումը պայմանավորված էր վերջին շրջանի քաղաքական զարգացումներով և ներկա իրավիճակի իմ անձնական գնահատականով։ Այդքանով հանդերձ, ես որևէ անսպասելի կամ անհանդուրժելի քայլ չեմ կատարել, հետևաբար կուսակցական ընկերներիս նման խիստ արձագանքին չէի սպասում։
Բայց կա կուսակցության կանոնադրություն, որի համաձայն ՆԺԿ նախագահն իրավասու է կասեցնելու կուսակցության վարչության անդամի կարգավիճակը՝ մինչև հերթական կամ արտահերթ համագումար։ Կուսակցության վաչությունում իմ հայտարարությունը գնահատվեց ոչ իբրև անձի դիրքորոշում, այլ քաղաքական հայտարարություն, որը հակասում է այս փուլում ՆԺԿ-ի որդեգրած պաշտոնական դիրքորոշմանը։ Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու հարցը կուսակցությունը քննարկելու էր մինչև սեպտեմբերի 10-ը սպասվող համագումարում, իսկ ես իմ հայտարարությունն արել եմ սեպտեմբերի 11-ին։
-Այսինքն՝ համագումարի հայտարարված ժամկետը լրանալուց հետո։
-Չեմ ուզում նման կերպ բնութագրել, որովհետև պաշտոնապես որոշված է համագումարն անցկացնել հոկտեմբերին։ Չեմ ուզում նաև գնահատական տալ ՆԺԿ նախագահի այս որոշմանը, որովհետև երբևէ կուսակցության մեջ առաջին դեմք դառնալու մարմաջով չեմ տառապել։ Այսինքն, Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու որոշումը ՆԺԿ-ի դեմ ծրագրված դեմարշ չէր, այդ որոշումը ես ընդունել եմ՝ ելնելով իմ հասարակական ներկա կարգավիճակից, և բարոյական սկզբունքներից:
-Ի՞նչ առումով։
-Քաղաքական գործիչ Հրաչյա Սարգսյանի համար համոզմունք է, որ բարոյականությունը գիտություն է մարդկանց միջև գոյություն ունեցող հարաբերությունների մասին, ինչպես նաև այդ հարաբերություններից բխող պարտականությունների և պատասխանատվության մասին:
Մարտի 1-ից հետո իրադարձությունների զարգացումն ընթացավ այնպես, որ կուսակցության ղեկավարը ձերբակալվեց, և այդ ամիսներին հիմնականում ակտիվիստների մի փոքր խումբ էր ներկայացնում կուսակցությունն ընդդիմության հետ բոլոր համատեղ նախաձեռնություններում։ Այդ ընթացքում հասարակական տրամադրությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բնակչությունը պատրաստ է աջակցելու միայն համախմբված ընդդիմությանը։ Կայացվեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման որոշումը, սակայն, ինչպես հայտնի է, երկու կուսակցություն՝ ՆԺԿ-ն և «Ժառանգությունը», չանդամակցեցին կոնգրեսին։ Այդ ընթացքում մեր համախոհները, ՆԺԿ-ին համակրող բազմաթիվ քաղաքացիներ ինձ շարունակ հարցրել են, թե ինչո՞ւ չենք դիմում այդ քայլին։ Ես տվել եմ տարբեր բացատրություններ, պատճառաբանություններ, որ մինչև սեպտեմբերի 10-ը կլինի համագումար, և այն ժամանակ որոշում կկայացվի։ Դա մեր որոշած ժամկետն էր, այդ ժամկետը լրացավ, և ես մեր համախոհների առջև ունեցած իմ անձնական պատասխանատվությունից ելնելով՝ ընդունեցի այդպիսի որոշում։
Իսկապես անհերքելի է ՆԺԿ-ի և նրա առաջնորդի ունեցած մեծ ներդրումն ընդդիմադիր շարժման մեջ։ Մինչև վերջերս լավ վերաբերմունք կար մեր կուսակցության նկատմամբ։ Բայց միասնական ընդդիմությանը միանալու որոշում չկայացնելը բացասաբար է ազդում մեր վարկանիշի վրա։ Սա իմ անձնական համոզումն է։
-Փաստորեն, կոնգրեսին անդամագրվելու որոշումով Դուք հակադրության մեջ եք մտել ՆԺԿ ղեկավարության հետ։
-Այդպես ստացվեց, որովհետև կուսակցությունը չի ընդունել կոնգրեսին անդամակցելու որոշում։ Հասկանալի է, որ եթե նրա որևէ անդամ նման քայլի է դիմում, հակադրվում է տվյալ պահին կուսակցության մեջ գոյություն ունեցող քաղաքական գծին կամ որոշմանը։
-Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այդ հակադրության հանգուցալուծումը։
-ՆԺԿ վարչության նիստում այս հարցի շուրջ քննարկում չի եղել։ Արամ Կարապետյանն առաջարկեց իր որոշմամբ կասեցնել վարչության անդամի իմ կարգավիճակը՝ այդ կապակցությամբ հետագա քննարկումները թողնելով համագումարին։
-Ի՞նչ եք սպասում համագումարից մեկ ամիս հետո։
-Չեմ բացառում, որ համագումարը Հայ ազգային կոնգրեսին ՆԺԿ-ի միանալու վերաբերյալ որոշում կընդունի, և այսօր առկա հակասությունն ինքնաբերաբար կվերանա։
-Իսկ եթե հակառակ որոշումն ընդունվի՞։
-Այդ դեպքում համագումարը վերաբերմունք կարտահայտի Հրաչյա Սարգսյան քաղաքական գործչի նկատմամբ, որն անձնական որոշմամբ միացել է Հայ ազգային կոնգրեսին։ Ըստ այդմ, իմ անդամակցությունը ՆԺԿ-ին կարող է և չեզոքացվել։ Տվյալ պարագայում հասկանալի է, որ ես այլևս չեմ լինի նաև կուսակցության վարչությունում։
-Դուք հակված եք մինչև վերջ հաստատո՞ւն մնալու կոնգրեսին անդամակցելու Ձեր որոշման մեջ։
-Ես համարում եմ, որ եթե արմատական ընդդիմադիր կուսակցությունը չի միանում մնացած ընդդիմությանը, էապես թուլացնում է իր դիրքերը քաղաքական դաշտում, զրկվում է բավականին լայն զանգվածների աջակցությունից։ ՆԺԿ-ն կարճ ժամանակում դրական դիրքեր նվաճած կուսակցություն է, դա ցույց տվեցին նաև 2007թ. խորհրդարանական ընտրությունները, երբ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես գալով և իշխանությունների աննախադեպ ճնշմանը ենթարկվելով՝ կուսակցությունը ստացավ մոտ 4% ձայն, իսկ իրականում, բնականաբար, հաղթահարել էր 5%-ի արգելաշեմը։ Բայց այն ժամանակ այլ իրավիճակ էր։ Հիմա ընդդիմադիր տրամադրութուն ունեցող, արմատական ընդդիմությանն աջակցող հասարակական լայն զանգվածը չի ընկալում, թե ինչու ՆԺԿ-ն ձեռնպահ է մնում Հայ ազգային կոնգրեսին միանալուց։ Նույն ընկալումը, ի դեպ, առկա է «Ժառանգություն» կուսակցության պարագայում։ Մարդիկ հարցադրում են առաջ քաշում, թե ինչո՞ւ պետք է լինի 16+1+1 և ոչ թե միանգամից 18 համախմբված քաղաքական ուժ։
-Փորձելո՞ւ եք համագումարում Ձեր կուսակիցներին համոզել այդ հարցում։
-Այո, իհարկե։ Կուսակցության վարչությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշվեց, որ ինձ հնարավորություն կտրվի համագումարում առանձին օրակարգային ելույթ ունենալ, և ես կօգտվեմ այդ իրավունքից։ Այսինքն, կաշխատեմ տրամաբանված, իրատեսական և հիմնավոր փաստարկներով համոզել իմ կուսակցական ընկերներին, թե ինչու եմ Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու քայլը ճիշտ համարում։ Չեմ բացառում, որ իմ պարզաբանումները չեն ընկալվի, չեն ընդունվի։ Այդ դեպքում առաջին համապետական ընտրությունները ցույց կտան, թե ով է իրավացի։ Ես չեմ բացառում, որ այդ ընտրություններում ՆԺԿ-ն ստանա ավելի բարձր քվե, քան 2007-ին, բայց հաստատ համոզված եմ, որ այնքան չի ստանա, որքան կստանար, եթե գտնվեր ընդդիմադիր կոնգրեսի կազմում, մյուս ուժերի հետ սերտ դաշինքի մեջ։
-Հնարավո՞ր է, որ դիմում գրեք և ինքներդ հեռանաք կուսակցությունից։
-Ոչ մի դեպքում։ Ես նման դիմում չեմ գրի, որովհետև շարունակում եմ դավանել «Նոր ժամանակներ» կուսակցության սկզբունքներին, գաղափարաբանությանը, արժեքային համակարգին։ Ես այս քաղաքական ուժի հիմնադիր կազմում եմ եղել դեռ հիմնադիր համագումարից վեց ամիս առաջ և համարում եմ, որ մեզ հաջողվել է հստակ գաղափարախոսություն ունեցող լավ կուսակցություն ստեղծել։ Ինձ ոչ ոք չի կարող պարտադրել հրաժարվել այդ արժեքային համակարգից, ուստի կամավոր դիմում գրելը և հեռանալը ես բացառում եմ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4718

Մեկնաբանություններ