38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ինձ համար կարևորը կարիերան չէ. երգելը գործ է, մասնագիտություն... կյանք չէ»

«Ինձ համար կարևորը կարիերան չէ. երգելը գործ է, մասնագիտություն... կյանք չէ»
05.09.2008 | 00:00

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ»
Երգերը միշտ չէ, որ երկար են ապրում։ Կան երգեր, որ թեկուզ կարճ ժամանակով, այնուամենայնիվ, գեղեցկացնում, լցնում են կյանքը։ Կարճ ասած՝ մարդիկ սիրում են այդ երգերը։ «Էլ սեր չկա» երգով և երգի հիման վրա նկարահանած իր առաջին տեսահոլովակով ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ կարճ ժամանակում ճանաչվեց և սիրվեց հանդիսատեսի կողմից։ «Տարվա հայտնություն» մրցանակին արժանացած երիտասարդ երգչի կարծիքով՝ թեթև, պարզ (բայց ոչ պարզունակ) երգերը մատչելի են մեծ թվով մարդկանց, հատկապես երիտասարդներին, թեև կարելի է ճանաչում գտնել նաև ժողովրդական և այլ ժանրի երգերով։
-Ինչպե՞ս մուտք գործեցիր երգարվեստի աշխարհ, և օգնե՞լ են, արդյոք, քեզ այդ ճանապարհին։
-Մուտքը երգարվեստի աշխարհ մեկ օրում չի լինում։ Տարիներ են պետք։ Մասնակցել եմ «Արցախի ձայն», «Համազգային աստղ» նախագծերին, «Ընծա» համահայկական մրցույթին։ Սովորել եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, Երգի պետական թատրոնում։ Ներկայումս սովորում եմ կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնի 4-րդ կուրսում։ Երգի աշխարհ եմ մտել քայլ առ քայլ, իսկ այդ ճանապարհին առկա բարդություններն ու խոչընդոտներն օգնում են հաղթահարել ընկերներս, որոնք արդեն որոշակի տեղ ունեն երգարվեստի ասպարեզում։
-Ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը։
-Չկա ինչ-որ հատուկ պատ, որ պետք է հաղթահարել։ Ավելի հաճախ բարդությունները կապված են ինձ հետ՝ ժամանակի, ֆինանսի, երգի ճիշտ ընտրության և կատարման առումներով։ Դա այն է, ինչն ամեն ոք պիտի անցնի։
-Պատմիր քո մասին։ Ինչպիսի՞ն ես։
-Մտածկոտ եմ, ուրախ...
-Մտածկոտ և ուրա՞խ...
-Այո, հաճախ եմ մտածում ապագայի մասին, նպատակներիս, որոնք, համոզված եմ, պիտի իրականանան։ Շատ լավատես եմ։
-Իսկ որո՞նք են բնավորությանդ վատ գծերը։
-Շա՜տ են... Մարդկանց դժվար եմ հիշում։ Այսինքն՝ հիշում եմ, որ ինչ-որ տեղ տեսել եմ, բայց դժվարությամբ եմ մտաբերում՝ որտե՞ղ, ե՞րբ, և ի՞նչ էր անունը։ Ցավոք, հաճախ ճիշտ չեն հասկանում։ Ծխելն էլ է վատ գիծ։ Շատ եմ հավատում մարդկանց։ Դա և՛ լավ է, և՛ վատ է։ Հեշտությամբ են ինձ խաբում։ Մնացած վատ գծերը զրույցի ընթացքում արդեն կտեսնեք։
-Ծրագրերիդ մասին։
-Շուտով կթողարկվի ձայնասկավառակս, ուր, հայտնի երգերից բացի, պետք է լինեն դեռևս չլսված երգեր։ Կնկարահանվի նոր տեսահոլովակ։ Հրավիրված եմ մասնակցելու «Երկու աստղ» նախագծին։ Երգի պետական թատրոնի կազմով հանդես ենք գալու Իրանում համահայկական խաղերի բացմանը կայանալիք համերգին։
-Երազանք ունե՞ս։
-Ես իրատես եմ և սովորաբար երազանքներս նպատակի եմ վերածում։ Կուզեի մի օր հանդես գալ մենահամերգով, բայց դեռ շատ շուտ է մտածել այդ մասին։
-Բացի երգելո՞ւց…
-Ավարտել եմ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցը, չգիտեմ՝ ինչու։ Բնությունն եմ շատ սիրում, ֆուտբոլ խաղալ, բայց ոչ նայել, խորոված պատրաստել։ Սիրում եմ տուն գնալ՝ Ղարաբաղ. այնտեղ ամեն ինչ կա...
-Քննադատություններին ինչպե՞ս ես վերաբերվում։
-Նորմալ, եթե հիմնավորված են։ Ճիշտ քննադատությունը սովորեցնում է, ուղղորդում։ Կամ եթե ասում են՝ վատ է, թող լավն առաջարկեն, երբեմն այնպիսի բաներ ես լսում կամ կարդում թերթերում, որոնք չեն եղել։ Բայց էլի ցավոտ չեմ ընդունում։
-Ազատ ժամանակ երաժշտությո՞ւն ես լսում, թե՞ հանգստանում ես երաժշտությունից։
-Օրվա ընթացքում այնքան երաժշտություն եմ լսում, որ ազատ ժամանակ (իսկ դա հատկապես գիշերն է լինում) պարզապես քնում եմ։ Փորձում եմ ժամանակ գտնել նաև բարեկամներիս, ընկերներիս հետ շփվելու համար։ Իսկ եթե ազատ եմ լինում մի քանի օր, գնում եմ տուն։ Այդպես տարին մեկ-երկու անգամ է պատահում։
-Ի՞նչ ես սպասում ապագայից։
-Շա՜տ բան։ ՈՒզում եմ լավ ընտանիք կազմել։ Ինձ համար կարևորը միայն կարիերան չէ։ Շատ բաներ կան, որ ավելի կարևոր են։ Երգելը գործ է, մասնագիտություն... կյանք չէ։
-ՈՒնե՞ս ընտրյալ, և ինչպիսի՞ն պետք է լինի քո երազած կինը։
-Այո, ունեմ սիրած անձնավորություն։ Կարևորում եմ կանացիությունը, ներքին գեղեցկությունը և այն, որ նման լինեն մեր աշխարհընկալումը, մտածողությունը։
-Ի՞նչը չես ների սիրած էակին։
-Չսիրելը, դավաճանությունը... շատ բաներ։
-Ինչի՞ց ես վախենում։
-Միայն պատերազմից։
-Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր կյանքում։
-Թեև դա հնարավոր չէ, կուզենայի հավասարություն լիներ, մարդիկ ապրեին բարեկեցիկ կյանքով, չլինեին բողոքներ, ցույցեր...
-Ակնթարթներ, իրադարձություններ, որոնք շրջադարձային կամ կարևոր են եղել քեզ համար։
-Շատ են։ Օրինակ՝ ծանոթությունն Արթուր Գրիգորյանի հետ, իմ մուտքը Երգի պետական թատրոն։ Կարող եմ ասել՝ ամեն բան սկսվեց այդտեղից։ Կարևորում եմ Ամերիկայում կայացած մրցույթը, որին մասնակցում էին մոտ 30 երկրների ներկայացուցիչներ։ Ես ներկայացնում էի Ղարաբաղը (ներկայացվում էին օրհներգը, երկրի դրոշը)։ Շատերը հարցնում էին՝ ի՞նչ երկիր է դա։ Ինձ համար շատ կարևոր էր, որ ներկայացվում էր Ղարաբաղը, և որ ինձ էր վստահված այդ պատիվը։
-Առանց երաժշտության պատկերացնո՞ւմ ես կյանքը։
-Տխուր կլիներ։ Թեև շատ բաներ կան, առանց որոնց կյանքն ավելի տխուր կլիներ։ Օրինակ՝ առանց հայրենիքի ապրելը։ ՈՒրիշ երկրում չեմ կարող ապրել։
-Լավ առաջարկի դեպքում չե՞ս մեկնի հայրենիքից։
-Մի քանի ամսով կամ ամենաշատը՝ տարով։ Երկար չեմ կարող մնալ դրսում, խեղդվում եմ։ Թեև (մտածում է- Ա. Ս.) մեկ էլ տեսար այնպես լինի՝ մնամ, խայտառակ լինեմ...
-Ի՞նչ երաժշտություն ես լսում։
-Լսում եմ արտասահմանյան երաժշտություն, հատկապես իսպանական։
-Իսկ մերոնցի՞ց։
-Շուշան Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան...
-Ռաբիսի մասին ի՞նչ կասես։
-Կան ճաշակով գործեր։ Օրինակ՝ Թաթայի կատարումները։ Սակայն թուրքական երգերը թարգմանում են և էլի ներկայացնում որպես ռաբիս։ Բոլոր դեպքերում խնջույքների, հարսանիքների ժամանակ ինչպե՞ս կարող ես ռաբիս չլսել։
-Այո՛, բայց ոչ երթուղային տաքսիներում։ Ինչևէ։ Իսկ ի՞նչ կմաղթես երիտասարդներին, առհասարակ՝ աշխարհին։
-Աշխարհին մաղթում եմ խաղաղություն, երիտասարդներին՝ լավ երաժշտություն լսեն և ամենակարևորը՝ սիրեն մեր երկիրը։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5079

Մեկնաբանություններ