38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՅՈՑ ՕՊԵՐԱՅԻՆ ԲԵՄԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԱՆՈՒՇԸ

ՀԱՅՈՑ ՕՊԵՐԱՅԻՆ ԲԵՄԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԱՆՈՒՇԸ
02.12.2011 | 00:00

Բոլոր ժամանակների համար ու երաժշտասեր բոլոր խավերի սիրելի «Անուշ» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում ունեցել է յոթ բեմադրություն (1935, 1939, 1950, 1956, 1964, 1994, 2003) և Անուշի քառասունից ավելի դերերգիչներ` սկսած հայ երաժշտական իրականության մեջ առաջին և սքանչելի Անուշ-անզուգական Հայկանուշ Դանիելյանից։
Տարիքի ու նաև աշխատանքի բերումով ինձ բախտ է վիճակվել լսելու բոլոր դերերգիչներին։ Տարբեր էին նրանք իրենց կերպարային մեկնաբանությամբ, երգչական կատարողական հնարավորություններով, նաև ձայնի տեսակով։
Թեպետ ավելի կամ պակաս հաջողությամբ նրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր էր իր տեսակի մեջ, սակայն Անուշը դեռ սպասում էր իր կատարյալին, այն միակին, որն իր տաղանդով կարող կլիներ ձևաչափելու այն ճշմարտությունը, որ Անուշն իր ողբերգական ճակատագրով, սիրո տվայտանքներով, բեմական և, մանավանդ, երաժշտական բնութագրման բազմապիսի նրբերանգներով եվրոպական, հատկապես իտալական դասական օպերաների ավանդույթներով և սկզբունքներով ստեղծված հերոսուհիներ Մարգարիտին («Ֆաուստ»), Լուչիային («Լուչիա դի Լամերմուր»), Ջիլդային («Ռիգոլետո»), Վիոլետային («Տրավիատա»), Ջուլիետին («Ռոմեո և Ջուլիետ») համազոր կերպար է։
ՈՒ ժամանակի հրամայականով եկավ այդ հզորը` իր անվան նման թանկ ու նվիրական մեր Գոհարը, ում մարմնավորած Անուշի առաջին կատարումից հետո բեմ բարձրացավ Արմեն Գուլակյանի բեմադրության (1950) դիրիժոր Միքայել Թավրիզյանը և ասաց. «Վստահաբար ասենք, որ Գոհար Գասպարյանի վոկալ դասական կատարմամբ ու կերպարի ճշգրիտ մեկնաբանմամբ նոր դարաշրջան է բացվում «Անուշ» օպերայի պատմության մեջ, և այսուհետ այդ դերերգի կատարողների համար չափանիշ պետք է դառնա «գասպարյանիզմը»։

«ԳՈՀԱՐՆ ԻՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՈՒՇՆ Է»
Արմեն ՏԻԳՐԱՆՅԱՆ
Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան ընդգրկված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում, և փորձերն արդեն սկսվել էին։ Հեղինակի քրոնիկ հիվանդությունը թեև օրըստօրե սաստկանում էր, բայց նա համառորեն շարունակում էր աշխատել և, տաք շալերով փաթաթված, գիշեր-ցերեկ դաշնամուրի առջև նստած գրում էր գործիքավորումը։ Սակայն թատրոնում կային ազդեցիկ մարդիկ, ովքեր «լիբրետոն վերափոխելու, նոր գործիքավորում անելու, պատմական փաստերը ճշտելու» և նման այլ արհեստական խոչընդոտներ ստեղծելով ջանում էին տապալել օպերայի բեմադրությունը։
Այս վերաբերմունքը շուտով հայտնի է դառնում Ավետիք Իսահակյանին և Դերենիկ Դեմիրճյանին, ովքեր այդ տարիներին օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամներ էին։ Նրանք որոշում են մի խումբ մտավորականների համախմբել և բողոքի նամակ գրել արվեստի վարչություն։
Ստեղծված իրավիճակը հարթելու նպատակով կոմպոզիտորի մտերիմ բարեկամ, դերասան, գրող Պահարեի եղբոր` ճարտարապետ Հուսիկ Մուրադյանի անձնական օգտագործման մեքենայով Թիֆլիսից Երևան է գալիս Արմեն Տիգրանյանը։
1950 թվականի հունվարն էր։ Բարեբախտաբար, ձմեռը մեղմ էր, և ճանապարհները բաց էին։ Որպես Տիգրանյանների ընտանիքի բարեկամի` կոմպոզիտորի որդիներ Վարդան և Էդմոնդ Տիգրանյաններն այդ մասին տեղեկացրին նաև ինձ` խնդրելով ապահովել Սիլվա Կապուտիկյանի, Արտաշես Կարինյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Ստեփան Զորյանի ներկայությունը։
Մտածելով, որ հեղինակի ներկայությունը ցանկալի չէր կարող լինել ոմանց համար, որոշվեց գաղտնի պահել Տիգրանյանի ժամանումը։ Հավաքը տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի տանը։ Արմեն Տիգրանյանի ժամանումը շատ զարմանալի և հաճելի անակնկալ էր հավաքվածների համար։
Դերենիկ Դեմիրճյանի գլխավորությամբ քննարկվեց հարցը, գրվեց հավաքական կարծիք-դիմում, որը եզրափակվում էր Դեմիրճյանի խոսքով. «Մենք կարծում ենք, որ «Դավիթ Բեկը» պետք է բարձրանա բեմ, որովհետև «Անուշ» սքանչելի օպերայից հետո Արմեն Տիգրանյանը ստեղծել է ևս մեկ մարգարիտ»։
Նամակը մեծ ազդեցություն էր թողել։ Դեպքերի հետագա ոչ ցանկալի զարգացումները կանխելու նպատակով խնդրել էին հետ վերցնել այն։ Փոխարենը, արվեստի վարչության համապատասխան բաժնի և թատրոնի գեղարվեստական խորհրդի արտահերթ նիստի համատեղ քննարկումից հետո, որոշվեց շարունակել փորձերը, իսկ ներկայացման պրեմիերան նախատեսվեց թատերաշրջանի բացման օրը։
Թեպետ Արմեն Տիգրանյանը եկել էր «Դավիթ Բեկի» հարցով և հաջորդ օրը պետք է վերադառնար Թբիլիսի, սակայն նրան հաճելի անակնկալ էր սպասում։ Բոլորովին պատահաբար Իսահակյանի տուն եկավ, ինչպես Վարպետը նրան ներկայացրեց, իրենց ընտանիքի բարեկամ, գրականագետ Հայկ Գասպարյանը (Գոհարի նախկին ամուսինը)։ Անակնկալ հանդիպումից ոգևորված` նա Տիգրանյանին հայտնեց, որ Գոհարը թատրոնի գեղարվեստական խորհրդին է հանձնելու Անուշի դերերգը։
Մեծ եղավ Արմեն Տիգրանյանի ուրախությունը, և նա ցանկություն հայտնեց լսելու Գոհարին։ Քանի որ գաղտնի էր պահվում նրա ժամանումը, մտածեցինք նրան թատրոն տանել աննկատ։ Այս գործի իրականացումը ես վերցրի ինձ վրա, և հաջորդ օրը թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Աղավարդ Դավթյանի օգնությամբ մտանք դահլիճ ու տեղավորվեցինք աղոտ լուսավորված օթյակներից մեկում։
Աստիճաններով բարձրանալիս Տիգրանյանը բռնեց ձեռքս, և ստացվեց այնպես, որ ես նստեցի նրա կողքին։ Նա խնդրեց իմ ձեռքին գտնվող իր պայուսակից հանել բրդյա, վանդակավոր շալը և, ոտքերին առնելով, հարմարվեց բազկաթոռի մեջ։ Չէր խոսում, դեմքը մռայլ էր, հուզված էր անչափ, և նկատեցի նաև, որ ձեռքերը դողում էին։
Դահլիճ մտավ ներկայացման բեմադրող ռեժիսոր Արմեն Գուլակյանը և կենտրոնում զբաղեցրեց իր տեղը։
Դիրիժորական նոտակալի մոտ էր Միքայել Թավրիզյանը։ Բեմի ձախ անկյունում դրված դաշնամուրի մոտ թատրոնի հմուտ դաշնակահարուհի Մարգարիտ Մելիք-Ստեփանյանն էր, ում հետ մեկ ամսում դերերգը պատրաստել էր երգչուհին։
Գոհար Գասպարյանի կատարման ընթացքում ես ջանում էի որսալ հեղինակի վերաբերմունքը։ Աստիճանաբար մեծանում էր նրա հետաքրքրությունը, իսկ երբ կատարումը մոտենում էր ավարտին, Տիգրանյանի դեմքին հրճվանքի նշաններ երևացին։ Հասավ կուլմինացիայի տեսարանը` Անուշի խելագարության պահը։ Գոհարն իր տարերքի մեջ էր, երգում ու խաղում էր ինքնամոռաց` ապշեցնելով նույնիսկ հեղինակին։
Հանկարծ լսում եմ. «Այսքան հակասական տրամադրություններ, միաժամանակ տեխնիկայի ու կանտիլենայի այսպիսի օրգանական ամբողջականությո՞ւն... Ապշելու բան է»։
Իսկ երբ Գոհարը հնչեցրեց վերջին նոտան, այն էլ` մի ամբողջ օկտավա բարձր, Տիգրանյանը զարմանքից գրեթե ճչաց. «Կեցցե՛ս, աղջիկս, հիասքանչ է, հանճարեղ է... ես այդպիսի նոտա, այդպիսի կադենցա չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է, իր վիրտուոզ իմպրովիզացիան, աներևակայելիորեն լավ է»։
Երբ բոլորը գնացին, Աղավարդի օգնությամբ դուրս եկանք դահլիճից և ուղևորվեցինք Վարդան Տիգրանյանի տուն։ Որդու տանը Տիգրանյանն ուրիշ մարդ դարձավ։ Գոհար Գասպարյանով հմայված` նա մոռացել էր իր հիվանդությունը և խոսեց նրա կատարման մասին. «Իմ Անուշը գրված է սոպրանոյի միջին ձայնածավալի համար։ Այդ մասին ես գրել եմ դեռևս 1935 թվականին` «Խորհրդային Հայաստան» թերթում։ Բայց քանի որ Գոհարի կոլորատուրային ապշեցնող ձայնը չունի ոչ մի սահմանափակում, դրա համար էլ նա փայլեց իր արտահայտիչ կանտիլենայով։ Այդպիսի կենդանի երգեցողություն, բնական, զուսպ շարժուձև, հուզական, անկեղծ ապրումներ օպերային երգիչներից շատ քչերն են կարողանում արտահայտել»։
Իսկ երբ որոշ մանրամասներ պատմեցի երգչուհու կյանքից, և նա իմացավ, որ Գոհարը եկել է Եգիպտոսից, ավելի զարմացավ. «Որտե՜ղ Նեղոսը, որտե՜ղ Դեբեդը... Ֆինալում նա այնքան անկեղծ, անմիջական և հուզիչ խաղ և վոկալ բարձրագույն կատարում ցույց տվեց, որ ինձ թվաց` Դեբեդի ձայնն եմ լսում։ Այդքան երիտասարդ ու անփորձ, բայց որքա՜ն հավաստի ու համոզիչ էր արտահայտում Անուշի անմեղությունը, նրա դժբախտ սիրո ողբերգությունը։ Շատ լավ է, որ Գոհարի խելացի և մտածված կերպարը եռամաս կառուցվածք ուներ` հոգեկան մաքրություն ու կուսական նրբություն, անհոգ, կենսուրախ, անմիջական աղջիկ, ապա ողբերգության հասնող հուսահատություն, որի հոգեկան խռովքն ու դրաման նրան հասցնում են խելագարության և կործանման։ Եվ հետո այդպիսի մաքուր առոգանություն քիչ երգիչների կատարման ժամանակ եմ լսել։ Գոհարը «քանդակում» էր յուրաքանչյուր բառը։ Անուշի կատարումն այնպես տպավորվեց, որ, կասկածում եմ, թե Գոհարի ձայնի համար առաջին հայացքից ոչ համապատասխան թվացող «Դավիթ Բեկի» Շուշանի կերպարը նրա կատարմամբ կունենա նույն հաջողությունը։ Մտածել է պետք»։ Ապա կոմպոզիտորը մոտեցավ դաշնամուրին և իր նվագակցությամբ երգեց Շուշանի մեներգի առաջին մասը.
Հալածանք, տառապանք, ապագան անհույս,
Սեր, կարոտ, երազանք, խորտակված անհույս,
Ո՞Ւր ես, ո՞ւր, իմ գարուն,
Դու, իմ սեր անհուն,
Քո Շուշանը ցուրտ աշնան
Թառամեց և խամրեց։
Արմեն Տիգրանյանը վատառողջ էր. Հայրենական պատերազմի առաջին օրերին ռազմաճակատում զոհվել էր կրտսեր որդին` Գևորգը, ինչն էլ ազդել էր նրա սրտի վրա։ Երգելիս հևում էր, բայց կատարումը հուզիչ էր։
«Ոչինչ, կառողջանամ, կգամ և՛ «Անուշի», և՛ «Դավիթ Բեկի» պրեմիերաներին,- ասաց։- Այս անգամ ներս կմտնեմ թատրոնի շքամուտքից, հետո կգնամ ու կհամբուրեմ Գոհարիս, ով, իմ համոզմամբ, շատ շուտով կնվաճի աշխարհի մեծ բեմերը»։
Սակայն մեծանուն կոմպոզիտորը չարժանացավ իր օպերաները լսելու բախտին։ Մեկնելուց հետո առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ 1950-ի փետրվարի 10-ին նա կնքեց իր մահկանացուն։
Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած հասարակական հրաժեշտից հետո նրա մարմինը հատուկ վագոնով տեղափոխվեց Երևան, ու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում փետրվարի 16-ին տեղի ունեցավ մեծատաղանդ կոմպոզիտորի քաղաքացիական հոգեհանգիստը։
Երբ երաժշտասերներն իրենց ուսերին առան կոմպոզիտորի դին, օթյակից հնչեց Գոհարի ցնցող ձայնը.
Ե՛տ դառ, ե՛տ, իգիթ,
Ե՛տ դառ, անիրավ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ...
Արցունքները խեղդում էին երգչուհուն ու... վերջին հնչյունները մարեցին նրա հեկեկանքների մեջ։ Պահը ցնցող էր։ Հետագայում Գոհարը խոստովանեց.
«Անուշի ճակատագիրը միշտ էլ վրդովել ու փոթորկել է սիրտս ու հոգիս, բայց երբեք այնքան հոգեմաշ ու սիրտ քամող չի եղել, ինչպես Արմեն Տիգրանյանի թաղման պահին»։
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 3367

Մեկնաբանություններ