38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԿՈՄԻՏԱՍԸ ԻՏԱԼԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍԸ ԻՏԱԼԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍՈՒՄ
19.07.2011 | 00:00

90-ականների հակամշակութային մղձավանջում ծնված «Հովեր» կամերային երգչախումբը զարմանալի կենսունակություն ի հայտ բերեց։ Հիմնադիր գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ (2010 թ.) ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ում խենթավուն երաժշտական երկտասնամյա մտահղացումների հանրագումարում խարխլվեցին երգչախմբային արվեստի ակադեմիական կարծրատիպերը, գործնականում հավաստեց ԵՊԿ պրոֆեսոր Ռաֆայել Մանգասարյանի ղեկավարությամբ ամբողջացրած գիտական թեզի ինքնատիպ գրավչությունը։ Երաժշտի ընտանիքից սերող նորահայտ արվեստագետին հաջողվեց ուղղորդել ԵՊԿ մի խումբ ուսանողների կատարողական ունակությունների զարգացումը հատկապես կոմիտասյան ու արևմտաեվրոպական հոգևոր և աշխարհիկ խմբերգերի նորահմա մատուցման հունով։ Խմբավարական նախապատվելի ունակությունները հետևողականորեն բյուրեղացրել էր դեռևս Սայաթ-Նովայի երաժշտակրթարանում։ Դաշնամուրի նվագում հմտանալիս արդեն փայլում էր Արթուր Վերանյանի ղեկավարած աղջիկների երգչախմբում։ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտանոցում, կոնսերվատորիայում ուսանելիս ու դասավանդելիս ամեն դասարան ինքնատիպ երգչախմբի էր վերափոխում։ Նորաստեղծ կամերային երգչախմբի առաջին փորձասենյակ-համերգասրահն իր բնակարանն է եղել։ Տասնամյա դեգերումներից հետո միայն «Հովերը» ֆիլհարմոնիկում հիմնական աշխատատեղ ունեցավ։ Արտերկրում բարձր գնահատվելուց հետո էլ` ճանաչում հայրենիքում։ Առաջին նորաոճ բեմելը 1993-ին, Արթուր Օննեգերի «Մեռյալների պարով», շատերին անսովոր թվաց։ Հիմնադիր խմբավարի պրպտող միտքն ու համախմբող բնավորությունը փորձարարական տարատեսակ համագործակցությունը շուտով հարստացրին «Հովերի» երկացանկն ու ընդլայնեցին հանրահռչակման լսարանը։ Իրարահաջորդ հաղթանակները միջազգային մրցույթներում (1997` Իտալիա, 1999` Ֆրանսիա) ամրապնդեցին տոկուն լավատեսությունն ու հավատը որդեգրած արտասովոր գեղագիտության մարտունակության նկատմամբ։ ՈՒրիշներին թևաթափ անող դժվարությունները «Հովեր»ականների ամուր կորիզը հաղթահարեց «Չկա չարիք առանց բարիքի» աշխատաոճով։ Հանրության քիմքին անհարիր համադրական երաժշտամեկնաբանությունների քամահրական ընկալման հեռանկարից հուսալքումն այդպիսով շրջանցվեց։ Ձախողման վտանգն արհամարհելով` անաչառ խմբագրվեցին նորաոճ աշխատանքները։ Բարյացակամ հանդիսատեսի անչար նկատառումները ճշգրտեցին երաժշտասեր հանրության հոգևոր պահանջներին հագուրդ տալու (առանց արվեստի նշաձողն իջեցնելու) մարտավարությունը։ Ինքնարտահայտման հնարքների բազմերանգացման հնարավորություններ ընձեռեցին համատեղ նախագծերի իրականացումը «Սերենադի» ու ՀՊՖՆ-ի (գեղ. ղեկավար` Էդուարդ Թոփչյան), մենակատարների (գեղ. ղեկավար` Զավեն Վարդանյան) և կամերային (գեղ. ղեկավար` Արամ Ղարաբեկյան) նվագախմբերի հետ։ Առաջին համաշխարհային խմբերգային օլիմպիադայում (2000 թ.) շահած ոսկե մեդալը նորանոր նախագծերի կենսագործման խթան դարձավ (թատերականացված ծրագրեր, անիմացիոն տեսաֆիլմ, կինոերաժշտական ձևավորումներ)։ Երգչախմբային արվեստի միջազգային դաշտում ձեռք բերած համարումն այլևս անհերքելի դարձավ, երբ Գերմանիայում թողարկվեցին Կոմիտասի հոգևոր երաժշտության և հայկական ժողովրդական երգերի մշակումների «Հովեր»յան կատարումների երկու ձայնասկավառակները` «Կոմիտաս. Սուրբ պատարագ» և «Կոմիտաս. աշխարհիկ երգեր»։ Տպաքանակի 30 տոկոսը գերմանական «Kultur aktiv» ՀԿ-ն տրամադրեց միջազգային երաժշտական փառատոներին, գործակալություններին ու կրթամշակութային կենտրոններին։ «Հովերը» գրավեց արդի համաշխարհային երաժշտաշուկայի ուշադրությունը և 2007-ից սկսեց հրավերներ ստանալ արտերկրի հեղինակավոր փառատոներից։ Մասնագիտական բարձր գնահատության առաջին հավաստիքը եղավ 2010-ին պրոֆեսիոնալ երգչախմբերի հանրահայտ «Պոլիֆոլիա» (Ֆրանսիա) փառատոնին «Հովերի» մասնակցությունը։ Մասնագիտական հանձնախմբի «ուղեգրով» հարթվեց ճանապարհը դեպի «La fabrica del canto» միջազգային 20-րդ փառատոն (գեղ. ղեկավար` Թեոդորա Պավլովիչ, Բուլղարիա)։
Աշխարհի 8 երկրներից 2011-ի հունիսին Միլան հրավիրված տարատեսակ երգչախմբերի հետ 8-օրյա հեքիաթային շրջագայություն կատարելով Իտալիայի 6 քաղաքներում` «Հովերը» հմայեց տեղի երաժշտասեր հանրությանն ու խստապահանջ գործընկերներին ոչ միայն Կոմիտասի, այլև Քշիշտոֆ Պենդերեցկու և Սեդրակ Երկանյանի, Ֆրանսիս Պուլենկի և Արթուր Ավանեսովի, Անտոնիո Լոտիի և Ռոդիոն Շչեդրինի, Վոլֆրամ Բուխենբերգի և Օլիվիե Մեսիաենի բարդ խմբերգերի ներշնչված ու կենսաթրթիռ կատարումներով։ Տոնահանդեսի կենտրոնական զարդը Կոմիտասն էր։ Լիսոնեի քաղաքապետն անկարող էր եղել զսպելու հիացմունքը. «Ես ոչ թե պարզապես երաժշտություն լսեցի, այլ զգացի հայ ժողովրդի հավատի ողջ խորությունը»։ Իմպրովիզների սիրահար «Հովեր»ականներին զգայացունց ապրումներ պարգևեց ճապոնացի կոմպոզիտոր Կո Մացուշիտայի` Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին ձոնված խմբերգի միասնական կատարումը` անվանի դիրիժոր Պաոլո Ալիի ղեկավարությամբ։ Իսկական համաժողովրդական երաժշտատոնախմբության փայլով դաջվեց մասնակիցների մտապատկերում երգչախմբային արվեստի այս մեծածավալ փառատոնը։ Ամբողջ Իտալիան էր, կարծես, մասնակցում «La fabrica del canto»-ին` որպես չտեսնված ընդգրկուն մի համամարդկային երգչախումբ։ «Ամենաբազմազան երաժշտական տոնավաճառում կոմիտասյան ձայնասկավառակներն անմիջապես սպառվեցին,- անսահման հպարտությամբ վերջակետեց իտալական վառվռուն տպավորությունների հորձանքը մենեջեր Արման Պադարյանը։- Շատերը ցանկություն էին հայտնում ձեռք բերելու «Հովերի» թողարկած բոլոր 7 CD-ները։ Ցավոք, մեզանում չի գործում համացանցային շուկան, այլապես կարելի կլիներ մեծ քանակով հեռակա իրացնել ոչ միայն «Հովերի», այլև առկա մյուս բարձրարվեստ խմբերի ու անհատ կատարողների թողարկած երաժշտական արտադրանքը։ Դա հնարավորություն կընձեռեր սեփական եկամուտներով շրջագայելու ամենահեղինակավոր երաժշտահավաքներում ու համերգասրահներում, ստիպված չէինք լինի մերժելու այս կամ այն հրավերը»։ 20-ամյա հոբելյանակատարության խենթավուն երաժշտամտահղացմամբ մտազբաղ Սոնա Հովհաննիսյանը մի անկատար երազանք ունի` մանկուց պաշտելի Կոմիտասի խմբերգերի 3-5-րոպեանոց տեսահոլովակների զանգվածային թողարկմամբ ու հեռարձակմամբ լիավյուն վերահաստատել Վարդապետի այլազան երաժշտազմրուխտների անգերազանցելի հոգևոր ներուժը մայր հայրենիքում։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ