38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեզ բոլորիս համար միշտ օրինակելի հայագետ

Մեզ բոլորիս համար միշտ օրինակելի հայագետ
15.07.2023 | 17:16

Արդարև ճիշտ է վերնագիրը՝ «Կարեն Մաթևոսյան, Մատենադարանի պահապանը»: Հաջողության մաղթանքով...

Ստորև պարոն Մաթևոսյանի խոսքը՝

«2021 թ. փետրվարին Մատենադարան եկավ ֆրանսիական «La Gazette Drouot» հանդեսի թղթակից Աննա Ազնաուրը և հարցազրույց վարեց ինձ հետ՝ Մատենադարանի մասին՝ որպես հաստատության գիտական գծով փոխտնօրեն։ Երբ այն հրապարակվեց (հղումը՝ ստորև), ինձ հատկապես զարմացրեց խմբագրության ընտրած խորագիրը՝ «Karen Matevosyan, gardien du Matenadaran», այսինքն՝ «Կարեն Մաթևոսյան, Մատենադարանի պահապանը»։)) Չգիտեմ, թե ինչու էր այդ ձևակերպումն ընտրվել, բայց երևի պատահականություններ չեն լինում)))

Ինչպես իմ բարեկամները գիտեն, առաջիկա երկուշաբթի կայանալու է Մատենադարանի տնօրենի ընտրություն, որտեղ երկու այլ արժանավոր թեկածուների հետ, դրել եմ նաև իմ թեկնածությունը։ Հուսով եմ, որ այս թեմայով այլ գրառում անելու կարիք չի լինի, ուստի երկու խոսք ասեմ այստեղ։ Որքան էլ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ընտրությունն իրականացնող հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է (13 հոգուց 2-ն են մատենադարանցի, մյուսների մեծ մասը տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ են), սակայն հույս ունեմ, որ նրանք կառաջնորդվեն թեկնածուների ներկայացրած ծրագրերով, կգնահատեն դրանց օգտակարությունը Մատենադարանի համար և իրատեսական բնույթը։ Իմ տեսակետը հստակ է՝ Մատենադարանը պետք է պահպանի իր դերը որպես հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, քանի որ հենց այդպես է հիմնադրվել և գործել, միջազգային ճանաչման ու նաև համաժողովրդական սիրո և ակնածանքի արժանացել։ Այստեղ առաջնային են անվտանգության և ձեռագրերի պահպանության հարցերը, ձեռագրերի վերականգնումն ու գիտական բազմակողմանի ուսումնասիրությունը, բնագրերի հրատարակությունը և այլն։

Վերջերս շրջանառված այն տեսակետը, թե հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է «նկատի առնելով նաև Մատենադարանի ֆինանսների կառավարման, իր կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական, մաքսային ընթացակարգեր պարունակող գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը» (ԿԳՄՍՆ հայտարարությունը՝ հնչած Հ1-ի լուրերով, 14.07.2023), անհանգստացնող է այնքանով, որքանով, իմ համոզմամբ, Մատենադարանը «մաքսային ընթացակարգեր պարունակող» «ձեռնարկատիրական» գործունեության իրականացման համար բոլորովին էլ հարմար «օբյեկտ» չէ։ Ավելին չասեմ։

Վերադառնալով նյութի սկզբում ասվածին, ուզում եմ հավաստիացնել, որ անկախ ընտրության արդյունքից, և այն բանից, թե հոգաբարձուների խորհուրդն ում կհանձնի Մատենադարանի տնօրինությունը, իմ կարողության սահմաններում ամեն ջանք պիտի գործադրեմ, որպեսզի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի գործունեության ավանդական ընթացքը չխաթարվի։ Վստահ եմ, որ արտահայտում եմ նաև Մատենադարանի իմ գործընկերների մեծագույն մասի կարծիքը»։

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 4287

Մեկնաբանություններ