Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պարզվեց, որ «Թալիբան» շարժումը բոլորովին էլ չի վերացել աշխարհի երեսից

Պարզվեց, որ «Թալիբան» շարժումը բոլորովին էլ չի վերացել աշխարհի երեսից
21.08.2009 | 00:00

ԻՆՔՆՕՐԻՆԱԿ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԵՐԸ ԿՏՐԵԼՆ ԷՐ
Աֆղանստանում երեկ մեկնարկեցին երկրի ղեկավարի և նահանգային խորհուրդների պատգամավորների ընտրությունները։ Սակայն այնտեղ ստեղծված իրադրության գլխավոր ինտրիգն այն է, որ բազմաչարչար այդ պետության 17 մլն քաղաքացիներ երկրի պատմության մեջ երկրորդ անգամ են ընտրելու երկրի նախագահ։
Պետական ամենաբարձր պաշտոնին հավակնում է 34 թեկնածու, սակայն, ինչպես վկայում են հասարակական հարցումները, հիմնական հավակնորդներ են Աֆղանստանի ներկա նախագահ Համիդ Կարզայը և վերջինիս վարչակազմում նախկինում արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող դոկտոր Աբդուլլա Աբդուլլան։ Այս ընտրությունները բացառիկ են ոչ միայն քաղաքական նշանակությամբ, այլև կազմակերպման ձևով։ Երկրում, որի գյուղական շրջաններում տղամարդկանց 63, իսկ կանանց 93 տոկոսն անգրագետ է, իշխանությունները որոշել են թեկնածուների ազգանունների փոխարեն օգտագործել սիմվոլներ։ Ամենահասկանալի սիմվոլը գործող նախագահ Համիդ Կարզայինն է։ Վերջինս ընտրել է կշեռքը իբրև արդարադատության խորհրդանիշ։ Նրա գլխավոր մրցակիցը ներկայացված է երեք թեյամաններով, իսկ թեյն աֆղանցիների կյանքում չափազանց մեծ նշանակություն ունեցող երևույթ է։ Միանգամից հինգ թեկնածու խորհրդանիշ է ընտրել Աֆղանստանի քարտեզը` դրա վրա նկարելով տարբեր սիմվոլներ։ Ինչպես նշում են փորձագետները, թեկնածուների միջև տարբերություններն աֆղանցիների համար այնքան կարևոր չեն, որքան այն, թե ինչպիսի հարաբերություններ ունեն վերջիններս թալիբների և դաշտային հրամանատարների հետ, ովքեր դաշնակիցներ են ընտրում պարզապես շատ վճարողներին, իսկ ընտրությունները համարում անպետք ձևականություն։
Այս ընտրությունների հաջորդ և թերևս գլխավոր ինտրիգն առավել լուրջ է ու վտանգավոր։ Ընտրական մարաթոնն ավարտին մոտենալուն զուգահեռ պարզվեց, որ ՆԱՏՕ-ական կոալիցիայի ջախջախած «Թալիբան» շարժումը բոլորովին էլ չի վերացել աշխարհի երեսից։ Թալիբները նախընտրական շրջանում կտրուկ ակտիվացրին իրենց գործունեությունը` ընթացիկ շաբաթվա ընթացքում մի քանի հզոր պայթյուններ իրականացնելով Քաբուլում և երկրի այլ քաղաքներում, ինչը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մակկրիստալն արձանագրեց, որ թալիբ զինյալների ակտիվությունն այսօր հասել է բարձրակետին։ Համապատասխանաբար Աֆղանստանի անվտանգության խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունն արգելեցին տեղական և արտասահմանյան լրագրողներին տեղեկություն հաղորդել ահաբեկչությունների և ընտրությունների օրը «այլ բացասական» իրադարձությունների մասին, որպեսզի թույլ չտան տապալել ընտրական գործընթացը` բնակչության ընտրատարածք չներկայանալու պատճառով։
Թեպետ, չնայած թալիբների հնչեցրած սպառնալիքներին, հասարակական հարցումներին մասնակցած աֆղանցիների 90 տոկոսը հայտարարել է, թե պատրաստ է գնալ ընտրական տեղամասեր, իսկ ՆԱՏՕ-ում համարում են, որ ահաբեկչությունների հավանականությունն ավելին չէ, քան բոլոր տեղամասերի մեկ տոկոսում։ Ըստ այդ հայտարարության, շուրջ 7 հազար ընտրական տեղամասերի անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես աֆղանական, այնպես էլ արտասահմանյան զորամիավորումների զինծառայողները, նաև ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, այդ գործընթացում ներգրավված է լինելու 300 հազար ուժային։ Այնուհանդերձ, ընտրական տեղամասերը բացվելու առաջին իսկ ժամից աֆղանական մայրաքաղաքում արդեն իսկ տեղի է ունեցել 7 պայթյուն, վաղ առավոտյան Քաբուլը ենթարկվել էր նաև հրթիռային գնդակոծության, պայթյունների վայրերում նկատելի էին շտապօգնության մեքենաները, որոնք հիվանդանոցներ էին տեղափոխում տուժածներին։ Թալիբները հերթական անգամ հարկ համարեցին հիշեցնել, որ հարձակումներ կգործեն տեղամասերի վրա, և ինքնօրինակ սպառնալիքներից մեկն էլ քվեարկողների մատները կտրելն էր։ Հարկ է նկատել, որ Աֆղանստանում քվեարկողների մատների վրա չլվացվող թանաքով նշում է արվում։
Ըստ այդմ, փորձագետների մեծամասնության գնահատմամբ, նախագահական ընտրությունների ընթացքն Աֆղանստանում դժվար է կանխատեսել։ Անկայունության աճը երկրում պայմանավորված է նաև նրանով, որ դեռևս մինչև քվեարկության սկիզբը քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրին գործող նախագահ Համիդ Կարզայի հասցեին, պնդելով, թե վերջինս առանց սահմանափակման չարաշահում է վարչական ռեսուրսը։ Համապատասխանաբար այդ փաստն արձանագրեցին նաև ՄԱԿ-ի փորձագետները։ Դիտորդները մտահոգված են, որ տեղի կունենա ընտրության արդյունքների կեղծում, իսկ արևմտյան ԶԼՄ-ները համարում են, որ դա անխուսափելի է, պարզապես խնդիրը կեղծիքների չափի մեջ է։ Վերահսկողության իրականացումը բարդ է հատկապես երկրի հարավում, որտեղ ընտրական տեղամասերը պարզապես անմատչելի են դիտորդների համար։ Պատահական չէ, որ, աֆղանական ընդդիմության պնդմամբ, հենց այդ շրջաններում է արձանագրվել կանանց թվի անհասկանալի և աննախադեպ աճ, ընտրողների վկայականները վաճառվում ու գնվում են հազարավոր օրինակներով։ Դա միանգամայն հավանական է դարձնում, որ ընտրությունների արդյունքներով պարտություն կրած թեկնածուները ցանկանան վիճարկել դրանց արդյունքները, ինչն Աֆղանստանի պես բարդ իրավիճակում գտնվող երկրի համար հղի է լուրջ քաղաքական ցնցումների վտանգով։
Եվ այնուհանդերձ, ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, համարվում է, որ այս ընտրությունները կարևոր նշանակություն կունենան Աֆղանստանի պետական ու քաղաքացիական ինստիտուտների զարգացման համար, և հետագայում կբարելավվի երկրի կառավարումը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ական կոալիցիայի մյուս պետությունները հուսով են, որ այս ընտրությունների արդյունքում իրենց «առաքելությունը» լեգիտիմություն կստանա և՛ իրենց համաքաղաքացիների, և՛ աֆղանցիների աչքում։ Դրանք, թեկուզ տեսականորեն, պետք է դառնան միջազգային հանրության գլխավոր ձեռքբերումներից մեկն այս երկրում կայունություն հաստատելու համար։ Թեպետ պակաս կարևոր չէ, որ ընտրությունները հնարավորություն են Աֆղանստանի ժողովրդին նվիրելու իր ապագայի վերահսկողության թեկուզ փոքրիկ պատրանք, փորձագետների պնդմամբ, շատ աֆղանցիներ իրապես հավատում են, որ այս ընտրությունների արդյունքում կյանքը կփոխվի։ Չնայած դրան, իրականում շատ փոքր է հավանականությունը, որ տասնամյակներ շարունակ այս երկրում կուտակված հիմնախնդիրներից որևէ մեկն արագ ու արդյունավետ լուծում կստանա, լինի դա թալիբների հետ իշխանության փոխհարաբերությունների հարցը կամ ափիոնի կակաչի համատարած աճեցումը երկրում, որը տխուր համբավ ձեռք բերած աֆղանական հերոինի հիմնական հումքն է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ