Տարիներ շարունակ Արևմուտքը Հայաստանում մի մոտեցում էր սերմանում, որ Ռուսաստան-Արևմուտք պատերազմը իբր մեր պատերազմը չէ, և Հայաստանն այդ պատերազմի մեջ շահ չունի։ Այդ մոտեցումը Արևմուտքը էլ ավելի ինտենսիվ ձևով է սերմանում վերջին 5 տարիների ընթացքում և հատկապես այսօր։
Իրականում Հայաստանը, հատկապես վերջին տասը տարիների ընթացքում, ուկրաինական մայդանից հետո, միշտ էլ եղել է Ռուսաստան-Արևմուտք պատերազմի մաս, սակայն՝ որպես Արևմուտքի զոհ։
2018 թ. առաջ ժողովրդի մեջ այն հեքիաթն էր սերմանվում, որ հայոց պետականությունը և Արցախը պահպանվում էին իբր իշխանությունների վարած ճկուն քաղաքականության շնորհիվ։ Իրականում դա հաջողվում էր անել Ռուսաստանի շնորհիվ։ Եվ ընդամենը ժամանակի հարց էր, թե երբ Արևմուտքը կպահանջեր քանդել Ռուսաստանի շնորհիվ պահպանվող անվտանգային համակարգը։
44-օրյա պատերազմը ևս Ռուսաստան-Արևմուտք պատերազմի մաս էր կազմում և այդ 44-օրյա պատերազմը Արևմուտքի հարվածն էր Ռուսաստանին։ Հազարավոր զոհերը և տարածքային կորուստները Ռուսաստան-Արևմուտք պատերազմի հետևանքն էին։
Այսինքն, մենք արդեն այդ պատերազմի մեջ ենք։ Հայոց պետականության վրա կախված այսօրվա սպառնալիքները ևս այդ պատերազմի դրսևորումներն են։ Եվ եթե մենք այդ պատերազմի կողմ չենք, ապա նշանակում է՝ զոհն ենք։
Հասկանալի է, որ այսօրվա ՀՀ֊ն, նույնիսկ եթե շատ ուզենա, պաշտոնապես ի վիճակի չի Արևմուտքի գաղութատիրական լծի դեմ պայքարում Ռուսաստանին օժանդակել։ Ցավոք, մեզ չափազանց խոցելի են դարձրել, որպեսզի կարողանանք օգուտ տալ այդ գործում։
Սակայն, եթե ՀՀ֊ն դա չի կարող անել պաշտոնապես, ապա դա չի նշանակում, որ Ռուսաստան֊Արևմուտք պատերազմում, քաղաքական և գաղափարախոսական առումներով, Ռուսաստանի կողմից կռվի մեջ չեն կարող մտնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը։
Կամ Հայաստանի ընդդիմադիր ուժերը հանրային լայն շրջանակներին կուղորդեն Արևմուտքի դեմ քաղաքական և գաղափարախոսական պայքարի` փորձելով դրանով ինչ֊որ չափով մեղմել մեր նկատմամբ Արևմուտքի կողմից եկող հարվածները կամ նույն ընդդիմադիր ուժերը պետք է շարունակեն պնդել, որ դա մեր պատերազմը չի և սպասենք մինչև որ Արևմուտքը, Ռուսաստանի դեմ պատերազմում, Հայաստանի զոհաբերությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին։
Հայկ Այվազյան