38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԹԵ ՄԵԶԱՆՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈԽՆԵՐԹԱՓԱՆՑՎՈՒՄ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԹԵ ՄԵԶԱՆՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈԽՆԵՐԹԱՓԱՆՑՎՈՒՄ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
11.11.2011 | 00:00

«Իր տաղանդի բյուր կողմերով հիացնող Սվետլանա Նավասարդյանը կարող է լինել ցանկացածդ բեմի զարդը»:
Էմիլ ԳԻԼԵԼՍ

Հոկտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ համերգը` նվիրված Արաքս և Իրինա Դավթյաններին։ Երկացանկը բաղկացած էր Մոցարտի, Բրամսի և Շոպենի ստեղծագործություններից։ Ինչպես միշտ, ծրագիրը փնջված էր բարձր ճաշակով ու տրամաբանությամբ։ Պիեսների հերթագայությունը, տոնայնությունների բնույթն այնքան ներդաշնակ էին և խոսուն, որ ինչ-որ տեղ հիշեցնում էին ճապոնական «իկեբանայի» (ծաղկահարդարման) արվեստը։ Հիպոլիտ Տենն ասում էր, թե իդեալի մասին հարկ է խոսել շշուկով, իսկ եթե բարձրաձայն, ապա` ներբողով։ Սվետլանայի նվագը և՛ շշուկ էր, և՛ ներբող։
Առհասարակ, երաժշտության անտեսանելիությունը և միստիկ վեհությունը մարդուն ստիպում են կա՛մ լռել, կա՛մ խոսել բանաստեղծության լեզվով։ Այժմ մենք էլ «ստիպված» ենք դիմելու երաժշտությանը վայել պատկերավոր լեզվին, որպեսզի կարողանանք դույզն-ինչ արտացոլել այն ալեկոծումները, որ ապրեցինք համերգի ընթացքում։ Նավասարդյանին բնութագրելիս միամտություն կլիներ խոսել նրա տեխնիկայի, դաշնամուրին տիրապետելու և նման այլ կարողությունների մասին։ Վաղուց ի վեր դաշնակահարուհին հաղթահարել է, այսպես ասած, «նյութի դիմադրությունը», նրա հմտությունը գտնվում է տեխնիկական խնդիրներից անդին։ Նրա մատները, ասես մխրճվելով ստեղնաշարի մեջ, շրջանցելով մուրճիկները, անմիջապես դիպչում են, շոյում կամ ալեկոծում լարերը։ Ահա թե ինչու այդքան արտահայտիչ են ու սրտառուչ նրա «ոսկեսփյուռ» հնչյունները, որոնք մերթ հալվում են, ինչպես Մոցարտի սի-մինոր Ադաջոյի նվաղուն կիսատոներում, մերթ գահավիժում Նիագարայի պես, ինչպես Շոպենի պոլոնեզներում, մերթ «ծավալվում ծիծաղախիտ», ինչպես Մոցարտի խաղացկուն վարիացիաներում («Ախ, մայրիկ, ես Ձեզ կասեի» ֆրանսիական երգի թեմայով)։ Իսկ Բրամսի կապրիչիոներում և ինտերմեցոներում դաշնակահարուհու հնչյունները խտանում, վերածվում են բազում ադամանդների։ Մինչդեռ Շոպենի նոկտյուրններում (գիշերերգերում) փայլփլում են հանց լուսատտիկներ կամ վաղորդյան ցողիկներ, որոնք լուսաբացին ցավով պիտի լքեն վարդերը։ Վալսերում հնչյունաբույլերը փոխակերպվում են մարգարտաշարի կամ ծաղկավետ դրասանգների։
Ի վերջո, բախելով մեր սրտի դռները, ի՞նչ են շշնջում, ի՞նչ են գուժում ու ողբում դաշնամուրային այդ հնչյունները։ Այս հարցին լավագույնս պատասխանել է Էդվին Ֆիշերը։ Նկարագրելով Շոպենի նվագը, գերմանացի մեծ դաշնակահարը գրում է. «Մինչ ուրիշները խնջույք էին անում, նա իր երկար, նիհարուկ, բայց գեղեցիկ ձեռքով հպվում էր ստեղնաշարին, և հանկարծակի հնչյունախաղերից ծնվում էր մազուրկան` անսահման քնքուշ ու ազնիվ, իր մեջ միաձուլելով լեհական թախծի և ֆրանսիական նրբագեղության ամբողջ բուրմունքը։ Այդ պահին նա վերանում էր ու տեսնում իր հայրենիքն այն փայլի ու փառքի մեջ, որոնք պատկերում էր նրա ազնիվ ու արի երևակայությունը։ Լսում ես տերցիաներով էտյուդը... որքան աղեկտուր է ձախ ձեռքը պատկերում գերված մարդկանց զգացումները» (ԼրտՏսվՌՑպսՖրՍՏպ ՌրՍցրրՑՉՏ ջՈՐցոպՋվօւ րՑՐՈվ, Չօտ. Ծ., 8 րՑՐ. 213):
Երաժշտագետ Իգոր Բելզան էլ, կարծես շարունակելով Ֆիշերի պատմությունը, անդրադառնում է Շոպենի օպուս 53 պոլոնեզին.
«Կլսեմ ես ձիերի խրխինջ,
Թնդանոթներ և զիլ շեփորներ...
Հայնեի («Գրենադեր») այս խոսքերը, որոնք ողբում են հայրենիքի պարտությունը, միահյուսվում են նրա փառքի վերածնության հանդեպ հավատի հետ» (ԼչՏՐՖ ըֆսջՈ, ՄՏտպվ, Ծ., րՑՐ. 288-289)։ Ի դեպ, նույնիսկ գողտրիկ մազուրկաներում էլ Շումանը լսում էր «թնդանոթներ», որոնք, ինչպես ինքն էր ասում, թաքնված էին ծաղիկների հետևում։
Անշուշտ, Սվետլանա Նավասարդյանը պատահաբար չի ընտրել այս ստեղծագործությունները, քանի որ դրանց ոգին համահունչ է նաև հայ ժողովրդի պատմական ճակատագրին, մերօրյա հույզերին։ Չէ՞ որ անհնար է խոսել մի ժողովրդի ողբերգության մասին ու չհիշել սեփականը, և առհասարակ, ինչպես ասում են, «ուրիշի ողբերգություն չի լինում»։
Եվ դաշնակահարուհին ոչ միայն վերարտադրում էր Շոպենի հիշյալ գլուխգործոցները, այլև «լեհական թախծին և ֆրանսիական նրբագեղությանը» գումարել էր հայեցի, նավասարդյանական կամքը, տարերայնությունը։ Օրինակ, օպուս 17, թիվ 4 մազուրկան համակված էր տերյանական «ոսկեհանդերձ» աշնան շնչով ու թախիծով։ Շոպենի մեծակերտ պոլոնեզներում, նաև Բրամսի պիեսների «վիկինգային» դրվագներում Նավասարդյանի դաշնամուրը հնչում էր ինչպես մի սիմֆոնիկ նվագախումբ, գործիքների ներկապնակով, տեմբրային «դրամատուրգիայով» հանդերձ։ (Չմոռանանք, որ Սվետլանան կրթությամբ նաև դիրիժոր է և վաղուց է զսպում իր մեջ «դիրիժորին»)։
Որքան էլ տարբեր լինեն հիշյալ գործերը, դրանք ընդհանրացնողը դաշնակահարուհու վառ անհատականության դրոշմն է, ստեղծագործական մոտեցումը, իմպրովիզացիոն ոճը` հանկարծաբանությունը, որ բնորոշ է ռոմանտիկ արվեստագետներին։ Այս ամենին միաձուլվում են կիրթ, ինտելեկտուալ ինտուիցիան և էրուդիցիան։ Համերգին Նավասարդյանը դրսևորեց նաև բացառիկ արտահայտչամիջոցներ և հնարներ։
Մի շարք գործերում կերպարային ոլորտը նա բաժանում էր երկու աշխարհների` իրական և տեսիլային։ Եվ դա իրագործվում էր մերթ պայծառ, հնչեղ, մերթ մշուշային, շշուկային հնչյունաբույլերի հակադրումով, մատների և ոտնակների յուրօրինակ հպումով (տուշե)։ Եվ կարծես տեղի էր ունենում երկխոսություն իրական և անդրանցական (միստիկ) ոլորտների միջև։ Այսպես էր, օրինակ, օպուս 64, թիվ 1 վալսում և նման այլ դեպքերում (հնչյունային հյուսվածքի և հոսքի այսօրինակ բազմաշերտություն կերտելու մեծ վարպետ էր Սվետլանայի համակրելի դաշնակահար Գլեն Գուլդը)։ Այս հնարքի միջոցով Նավասարդյանը ստեղծում էր նաև անցյալի և ներկայի, վերհուշի և իրականի, ներկայի և տեսլականի, երազանքի պատրանքներ։ Մետրոռիթմի, տեմպի տարբեր զարկերակների բաբախյունով դաշնակահարուհին ստեղծում էր ժամանակային տարբեր, զուգահեռ աշխարհներ։ Երաժշտության նման ընկալումը և մեկնաբանությունը հասու են միայն նրանց, ովքեր որոշ պատկերացում ունեն տիեզերական տարածության կորության, զուգահեռների հատման և այլ անդրանցական իրողությունների մասին։
Շարունակելով մեր անդրադարձը, նշենք Նավասարդյանի արվեստի մեկ այլ ուշագրավ առանձնահատկություն։ Մեղեդիական որոշ դրվագներ հոդաբաշխորեն «արտասանելով» (ռեչիտատիվ` ասերգ), նա ասես խոսեցնում է դաշնամուրը։ Տեմպերի նրբին «թարթումների» (Վագների ասած «տեմպի մոդիֆիկացիա»), ռուբատո` ազատ նվագի միջոցով Նավասարդյանը խուսափում է մեխանիկական ընթացքից, պահպանում երաժշտության թրթիռը։ Հնչյունային հոսանքների սինխրոնությունը փոքր-ինչ խախտելով, երբեմն ստեղծում է, այսպես կոչված, հետերֆոնիայի նմանություն։ Այս երևույթը տարածված է ժողովրդական արվեստում, երբ նվագողը ձգտում է երգչի մեղեդին «բռնել», համաքայլ ընթանալ, սակայն փոքր-ինչ ուշանում է, և թվում է, թե մեղեդին շարժվում է իր «ստվերի» ուղեկցությամբ։
Եվ վերջապես, Նավասարդյանի ստեղծագործական «ներխուժումից» զերծ չի մնում նաև հարմոնիան։ Ջութակահարի պես նա պարբերաբար «կոտրում» է ակորդները, այսինքն` այն համահնչյունները, որոնք պիտի հնչեն միաժամանակ, հնչում են բեկբեկուն։ Մեկ մի հնչյունն է առաջ ընկնում, մեկ, անսպասելիորեն, մյուսը, ստեղծելով նորանոր շողշողուն զուգորդումներ։ Արդյունքում հարմոնիկ հյուսվածքը թարթում է, շնչում, մեղեդիացվում, երաժշտության հորիզոնական և ուղղահայաց կերտվածքներն ասես զրույցի են բռնվում, փոխներթափանցում։ Այսպես է բեկբեկվում նաև ջրի մեջ սուզված ծառերի բների կամ ճյուղերի արտացոլքը` ալյակների վրա։ Եվ արտահայտչամիջոցների այս ամբողջ «զինանոցը» դաշնակահարուհին ի սպաս էր դրել բացահայտելու կատարվող գործերի «խորին խորհուրդը» և այն փոխանցելու «սրտից սիրտ»... Ժամանակին իր ուսուցչին գրած նամակում 21-ամյա Շոպենը խոստովանել էր, թե չի ուզում դառնալ մեծ դաշնակահար Կալկբրենների պատճենը, «նրան չի հաջողվի իմ մեջ խլացնել նոր աշխարհ ստեղծելու միտքը» (Լ. ըֆսջՈ, ՄՏտպվ, Ծ., րՑՐ. 186)։
Իրոք, Շոպենին հաջողվեց ստեղծել այդ երանավետ աշխարհը, որի նորանոր սքանչելիքները մեզ ցույց տվեց Սվետլանա Նավասարդյանը։
ՈՒսուցիչս` անվանի դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին, պահանջում էր հատուկ ուշադրություն դարձնել վերջին հնչյունին, որը բախտորոշ նշանակություն ունի ամբողջ ստեղծագործության համար։ Դրանում մեկ անգամ ևս համոզվեցի հիշյալ համերգում։ Օպուս 17, թիվ 4 մազուրկայի վերջին, շշուկային հնչյունը քիչ էր մնում, վերածվեր լռության, հանկարծ թամանյանական ճարտարապետության պատերը ճեղքեց ոստիկանական մեքենայի սարսափազդու վայնասունը, և մեզ Շոպենի աշխարհից գցեց իրականության գիրկը։ Ահա այսպես մեզանում «ներդաշնակվում» են արվեստն ու իրականությունը։
Համերգի վերջում, ծրագրից դուրս, դաշնակահարուհին կատարեց Շումանի «Անուրջները», Գլյուկի հայտնի «Մեղեդին» և կրկին Շումանի «Պոռթկումը»։
Սա` ի պատասխան անվերջ ծափերի և անթիվ ծաղկեփնջերի։ Հիշում եմ, նախորդ համերգներից մեկում, տեսնելով, որ իմ համեստ ծաղկեփունջը զիջում է մյուսներին, արդարանալով, դիմեցի դաշնակահարուհուն. «Սվետլանա, կուզեի քո պարտիզպանը լինել»։
Հիրավի, ծաղիկները մշտապես կփոխանակեի հնչյունների հետ։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ