38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կան գրողներ, որ ամբողջ կյանքում կառուցում են սեփական փառքի, այն էլ հաճախ փուչ, չեղած, սնամեջ փառքի պատվանդանը»

«Կան գրողներ, որ ամբողջ կյանքում կառուցում են սեփական փառքի, այն էլ հաճախ փուչ,  չեղած, սնամեջ փառքի պատվանդանը»
25.05.2012 | 23:58

«Իրատես de facto»-ի հյուրը ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆՆ է:

-Այս տարի, կարծես, գրքի շուրջ են պտտվում բոլոր մշակութային միջոցառումները: Ի՞նչ եք կարծում, հասարակության շրջանում կմեծանա՞ հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, ի վերջո, կարժևորվի՞ գիրքը` որպես նյութական և հոգևոր արժեք:
-Հետաքրքիր զուգադիպություն էր. 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, լրացավ հայ գրա-տպության 500-ամյակը, կայացավ գրողների համահայկական համաժողովը, որն անցկացնում ենք երկու տարին մեկ: Այս երեք միջոցառումները մեկտեղվեցին: Մի ներքին տրամաբանություն, խորհուրդ կա սրանում: Ասես ամփոփվեցին գրատպության ոլորտում հետանկախության շրջանի մեր կորուստներն ու ձեռքբերումները, և սա դարձավ մի նոր ջրբաժան, նոր մեկնակետ, թե ինչ պետք է անենք այսուհետ: Վստահ եմ, որ, այո, մենք նախ գիտակցեցինք գրքի կարևորությունը` իբրև ազգային հպարտություն, ազգային մշակույթ: Եթե մինչև այս ջրբաժանը օտարված էինք գրքից, գրականությունից, ընթերցանության ճգնաժամ էր և այլն, արդեն աշխարհով մեկ հայտարարեցինք, զուգորդելով մեր անցյալն ու ներկան, որ մենք այդ ծով ժառանգության ոչ միայն տերն ենք, այլև շարունակողը: Ես վստահ եմ, որ բեկում կլինի:
-Ոմանք, առհասարակ, լուրջ չեն ընդունում գրքի մայրաքաղաքի տիտղոսը, ոմանք էլ ակնարկում են, որ իրենց կողքով է անցնում այդ ամենը, այսինքն, որևէ կերպ չեն առնչվում ծրագրերին:
-Ոչ ոք չի կարող որևէ գրողի կապել գրականությանը: Կան գրողներ, որ ամբողջ կյանքում կառուցում են սեփական փառքի, այն էլ հաճախ փուչ, չեղած, սնամեջ փառքի պատվանդանը, ուզում են, որ իրենց ես-ի շուրջը հավաքվի հանրությունը, գրական ավանդույթը, մեր ներկան ու ապագան: Ես կարծում եմ, եթե գրողը չի ընդունում, որ Երևանը պիտի լինի գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա ընդունել է և ընդունել է շատ հստակ ծրագրի հիման վրա (պարապ տեղից ինչ-որ բաներ չեն ծլարձակում), եթե գրողը, ապրելով Հայաստանում, իրեն համարելով գրական կյանքի կարևոր ներկայացուցիչ, կապ չի տեսնում այդ ամենի հետ, որևէ մեկը չի կարող նրան հակառակը պարտադրել: Մենք գրողներ ունենք և լավ գրողներ, որոնց համար սա իսկապես գրական տոն է:
-Մինչև 35 տարեկան հայագիր գրողներ չկան Սփյուռքում: Ձեր իսկ խոսքով` սա մտահոգիչ փաստ է: Բայց ի՞նչ կարելի է անել, երբ խոսքը բնականոն ընթացքի մասին է:
-Մենք արդեն քանի տասնամյակ է գիտենք, որ սփյուռքը ուծանում է, և այս ուծացումը մի օր պիտի հասնի իր վերջին հանգրվանին: Անհնար է այս աշխարհաքաղաքական քաոսի մեջ մտածել, թե որևէ երկրում (իսկ ամեն երկիր ունի իր աղետները, իր հեղափոխությունները, ներքին հոգսերը) պիտի պետության կամ եկեղեցու հովանու ներքո հարատևի հայկական սփյուռքը: Բայց սփյուռքի և մեր մտավորականության, պետական կառույցների խնդիրը միշտ եղել է հայկական կրթօջախներում հայեցի դաստիարակության, կրթության ապահովումը, առաքելական հավատի փոխանցումը: Ի պատիվ մանկավարժների, բարեգործական զանազան հիմնարկների ներդրումների, երբ «գույքագրում» ենք անում, տեսնում ենք, որ դեռ բավականաչափ «մնացորդաց» ունենք: Հետանկախության տարիների արտագաղթը կարծես որոշակի թարմ արյուն պիտի ներարկեր հայկական գաղթօջախներին: Մի կողմից երկիրն էր դատարկվում, մյուս կողմից էլ սփյուռքի հայախոս և հայկական տարրն էր հավելվում: Բայց պարզվեց, որ եթե դասական սփյուռքը նախանձախնդիր էր հայեցի արմատներին, արևելահայ, նոր սփյուռքը շատ արագ ձուլվեց: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Դպրոցները կան, կրթօջախները գործում են (Թեհրան, Հալեպ, Բեյրութ, Լոս Անջելես), բայց արդեն հայկական վարժարանը չի կարողանում գեղարվեստական մտածողություն տալ: Մենք կորցնում ենք հայագիր սփյուռքը, իզուր չէ, որ երկու տարին մեկ օտարագիր հայ գրողների համաժողովներ ենք անցկացնում: Հիմնականում նրանց բոլորի ստեղծագործության հիմքում ցեղասպանությունն է, Հայ դատը, հայի կերպարը: Զուգահեռ տանում ենք երկու աշխատանք, փորձում հայագիրներին խթանել, նոր անուններ մեջտեղ բերել, ինչը շատ դժվար է, և մեր գրականության մեջ ապահովել օտարագիրների ներկայությունը:
-Սարոյանը անգլերեն էր գրում, բայց նրա շնորհիվ աշխարհը ճանաչում էր մի ողջ ժողովրդի: ՈՒնե՞նք նման գրողներ:
-Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը», Հակոբ Խաչիկյանի և ֆրանսիացի գրող Ժան-Իվ Սուսիի «Ամառ առանց այգաբացի» գրքերը բեսթսելլերներ են և նվիրված են ցեղասպանությանը: Վերջերս «հայտնաբերել» ենք նաև Ավստրալիայում ապրող մի կնոջ, որի «Աշխարհի ծայրը» վեպը դարձյալ բեսթսելլեր է: Մեր հայագիրները, անգամ անվանի գրողները, չեն կարողանում թոթափել ցեղասպանության ցավը և գրել այնպիսի վեպ, ինչպիսին, օրինակ, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրն» է: Բայց օտարագիրներին հաջողվում է: Իսկ Սարոյան դարը մեկ է ծնվում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում գրական տարբեր ակումբների ձևավորմանը: Չե՞ք կարծում, որ այսօր շատերը, հատկապես երիտասարդները, գրողների միության «պատերից» դուրս են տեսնում իրենց ապագան:
-Դրական եմ վերաբերվում գրական ակումբներին, ուղղակի չեմ լսում նրանց ձայնը: ՈՒզում ենք խրախուսել, այդ հարցում շատ կոնսերվատիվ է մեր գրական համայնքը, ամեն տարի 50-60 դիմում ենք ստանում` միության մեջ ընդգրկվելու, ու դիմողների զգալի մասը երիտասարդներ են: Տասը տարի առաջ միության ամենաերիտասարդ անդամը 41 տարեկան էր, հիմա շուրջ 40 երիտասարդ գրող ունենք (մինչև 30-35 տարեկան): Գրամոլների հսկա բազմություն կա, Խորհրդային Միության տարիներին էլ կար, ավելի շատ էին, յուրաքանչյուր երկրորդն ուզում էր գրող լիներ (նրանք գոնե լավ ընթերցող էին): Բայց կա գրական չափորոշիչ, եթե որևէ մեկը ուզում է դառնալ գրական ընտանիքի անդամ, դաժան մաղով պիտի անցնի:
Իսկ երիտասարդները միշտ էլ պիտի լինեն, դա փորձություն է: Շատ կուզեի, որ ինչ-որ թարմ շունչ բերեին, բայց միշտ էլ պարզվում է` ամեն նորը արդեն ապրած, տեսած հինն է: Ես արտասահմանում հաճախ եմ լինում, տեսնում եմ, որ ամենուր նույնն է: Նոր սերունդը միշտ էլ փորձում է ինքնահաստատվել` ժխտելով ավագ սերնդին, հետո իրենք են դառնում ավագ, նորն է գալիս, նրանց ժխտում: Գրականությունը կենդանի օրգանիզմ է, կենդանի գործընթաց:
-Անդրադառնանք հրատապ, հաճախ բարձրաձայնվող խնդրի: Այսօր մեր հեռուստասերիալնե՞րն են ձևավորում լեզուն, մշակույթը, ճաշակը, թե՞ գրականությունը:
-Հեռուստասերիալները մեծ ավերներ են գործում: Մի կողմից դրանք ժամանցային խնդիր են լուծում, վարկանիշ են ապահովում, ու կարծես սկսել են արդեն հասկանալ, որ Տեխասի նահանգի ու իտալական մաֆիաները տեղափոխելով հայ իրականություն, սերիալը զավեշտային է դառնում` սյուժետային առումով: Բայց ինձ համար ամենադաժանը և ամենաավերիչը հեռուստաէկրանի լեզուն է: Չեմ ուզում շատ մաքրամոլ լինենք, մտածենք, թե էկրանից պետք է պարզապես գրական հայերեն հնչի, բայց ժարգոնն ու բարբառը պետք է գործածվեն չափի մեջ, գեղարվեստի շրջանակում: Ես չգիտեմ, թե այդ կոլորիտը որտե՞ղ են գտնում: Մենք էլ ենք փողոցում քայլում, երիտասարդների, ուսանողների հետ ենք շփվում, ես չեմ տեսնում ո՛չ այդ բարքերը, ո՛չ այդ լեզուն, որոնք ուղղակի պղտոր հոսանքի նման թափվում են հեռուստադիտողի գլխին:
-Որոշ գրական գործեր հենց այդ լեզվով էլ գրվում են` զերծ չմնալով ժարգոնից ու գռեհկաբանությունից: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Դա հեղինակի մտածողությունն է, դա նրա խնդիրն է: Հայաստանում ապրելով կարող ես արևմտահայերեն գրել, բայց դպրոցներում դա չենք դասավանդում իբրև պետական լեզու: Խնդիրն այն չէ` ով ինչպես է գրում, ինչ գռեհկաբանություն է քարոզում: Եթե ոչ մի բան շեղված չլինի, մենք օրինակելին չենք կարող տեսնել կամ ասել` որն է ճանապարհը: Այս առումով պիտի մեր հորդորն ու բողոքը ուղղենք դրա պատասխանատուներին, ովքեր ճանապարհ են տալիս այդ լեզվին, այդ բարքերին, այդ գաղափարախոսությանը, այդ բարոյազրկությանը: Եթե հեռուստատեսությունն իր կերպարը չփոխի, դառնալու է ազգային հոգեկերտվածքի, ազգային բարոյականության գերեզմանափորը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ