ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՖԱՆՏԱԶԻԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՈՒՄ ՉԷ, ԴԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է, ԲԱՅՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

«ՖԱՆՏԱԶԻԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՈՒՄ ՉԷ, ԴԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է, ԲԱՅՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»
21.02.2012 | 00:00

«Չեմ կարող ասել` համաձա՞յն եմ եղել նրա հետ, թե՞ ոչ: Ճշմարտությունն այն է, որ ես չէի հասկանում` ով է իմ կողքին: Նա ինձ համար առաջին հերթին Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան էր: Կարող եմ գաղտնիք բացել. այն մարդիկ, ովքեր նրա կողքին էին, իրականում չէին ճանաչում նրան: Չափից դուրս մոտ էր, մատչելի, չափից դուրս շատ էր մտերիմներին տալիս ու նվիրում և չէր պահանջում, որ ասեին` դու մեծ ես, հիասքանչ ես. նրան դա պետք չէր: Բայց տարիների հետ, կարծում եմ, ես սկսեցի նրան ավելի հասկանալ»,- Մոսկվայի տանն օրերս կայացած ռեժիսոր Պյոտր Բուսլովի «Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո ասաց լեգենդար Վլադիմիր Վիսոցկու որդին` Նիկիտա Վիսոցկին, ով նաև ֆիլմի սցենարիստն է և պրոդյուսերներից մեկը: Ֆիլմի վրա աշխատանքները տևել են 5 տարի, ընդհանուր բյուջեն կազմել է 12 մլն դոլար: Հայտնի չէ, թե ով է մարմնավորում սիրված հերոսին, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս էկրանին տեսնել Վիսոցկու կրկնօրինակին:
Նիկիտա Վիսոցկու համոզմամբ` առաջին գեղարվեստական ֆիլմը Վիսոցկու մասին կայացավ, որովհետև եկել էր նրա մասին այս ձևով խոսելու ժամանակը: Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե ֆիլմը Վիսոցկու հիվանդության (թմրանյութերից կախվածության) մասին է: «Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մարդը չի հանձնվում, չի կորցնում իրեն ամենասարսափելի իրավիճակներում,- ասաց նա:- Պատմություն է նրա ապրումների, տառապանքի, նրա սիրո մասին: Կարելի էր հերոսական դրվագներ ներկայացնել ու չստանալ ոչ մի արձագանք: Սա զրույց է մեր երեխաների հետ: Իմ սերունդը, ցավոք, վերջինն է, որ հիշում է Վիսոցկուն բեմի վրա, տեսել է նրան կյանքում: Փորձել ենք երիտասարդ սերնդին նորովի ներկայացնել այն, ինչը սիրել ենք, ինչը հուզել է մեզ: Կարող են սիրել-չսիրել ֆիլմը, ինձ համար մեկ չէ, բայց ես արել եմ դա և ավելին անել չէի կարող»:
Քննադատություններին ֆիլմի հեղինակը ցավով է վերաբերվում, բայց և նշում է. «Բոլորն իրենցն են համարում Վիսոցկուն. իշխանությունն ասում է` մերն է Վիսոցկին, լիբերալներն ասում են` մեր շարքերից է, հանցագործ աշխարհն ասում է ` Վոլոդյան մերն է, ռուսական շանսոններն ասում են` մերն է, ինձ պատմել են նաև` ինչպես են զինվորականները լսում նրան Աֆղանստանում ու համարում իրենցը: Իսկ նա մեկն է»:
«Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» գեղարվեստական ֆիլմը միանշանակ չընդունվեց նաև հայ հանդիսատեսի կողմից:
«Շարմ հոլդինգի» տնօրեն ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ նկատեց, որ ֆիլմի գեղարվեստական կողմը, հատուկ էֆեկտները, ձայնաշարը` հնչողությունը, ամեն ինչ հոյակապ էր, սակայն նոր սերնդին, որը չգիտի Վիսոցկուն, նրա ապրած ժամանակաշրջանը, դժվար է այս ֆիլմի միջոցով մոտեցնել մեծ արտիստի իրական կերպարին: «Վիսոցկի-մարդուն տեսնում ենք միայն ֆիլմի վերջում` կլինիկական մահից հետո: Տպավորությունն այնպիսին է, որ կերպարն այնքան էլ բացահայտված չէ»,- ասաց նա:
Կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԻ դիտարկմամբ` ֆիլմում գրեթե չի երևում այդ տաղանդավոր, մեծ արվեստագետը։ «Կինոարվեստի տեսանկյունից արժեքավոր միայն մի էպիզոդ մնաց իմ ներսում. դատարկ բարձրախոս, բեմն առանց Վիսոցկու, իսկ դահլիճը ծափահարում է: Լավ արված ֆիլմ էր, բայց եթե, ինչպես հեղինակն է ասում, նոր սերունդն այս ֆիլմով սկսեց հետաքրքրվել ու ճանաչել Վիսոցկուն, ուրեմն այս հզոր մասշտաբի տեր մարդու` թմրադեղերի զոհ լինելու հանգամանքը շատ լավ գովազդ եղավ,- ասաց Սիրանույշ Գալստյանն ու անդրադարձավ դերակատարի արտաքին բացարձակ նմանության խնդրին:- Ժամանակին Նապոլեոնի կերպարը «Վաթեռլո» կինոնկարում մարմնավորած Ռոդ Ստայգերին նույնիսկ դիմահարդարում չի արվել, դեմքին չի ավելացվել «նապոլեոնյան պրոֆիլ», բայց, երևի թե, ամենահաջողված կերպարն է: Իսկ այս դեպքում գործ ունենք 100-տոկոսանոց «պորտրետային» նմանության հետ, որը վախեցնելու աստիճանի անբնական է և վանում է այդչափ նատուրալիստական լինելու պատճառով, ասես նրա կենսաբանական պատճենի հետ գործ ունենք: Իսկ ո՞ւր է գեղարվեստական կերպար ասվածը»:
Մինչդեռ ֆիլմի հեղինակի համոզմամբ` պե՞տք է ֆիլմը երիտասարդներին, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը. ներկայացված է կերպարի, երևույթի ընդամենը մի հատվածը, մի կաթիլը, իսկ ծովը կարող են տեսնել կամ չտեսնել:
«Երիտասարդների շրջանում ֆիլմն անասելի հետաքրքրություն է առաջացրել Վիսոցկու անձի և ստեղծագործության նկատմամբ,- ասաց նա:- Ինձ հայտնի է, որ երիտասարդները գրախանութներում փնտրում են Վիսոցկու մասին պատմող գրքեր, համացանցից վերբեռնում են նրա երգերը, իսկ ուսուցիչները խնդրել են մեզ թանգարանից նյութեր տրամադրել, որ կարողանան պատասխանել աշակերտների հարցերին»:
Կինոդիտողներին հետաքրքրում է` իրակա՞ն են ֆիլմում տեղ գտած իրադարձությունները: «Երբ Վիսոցկուն հարցրել են` ինչո՞ւ է գրում այն մասին, ինչ չգիտի` պատերազմի, նավաստիների, լեռնագնացների, նա պատասխանել է, որ արվեստում 10 տոկոսն է ճշմարտություն, այն է, ինչ մարդն ապրել է, գիտի, իսկ 90 տոկոսը ֆանտազիա է»։
Նիկիտա Վիսոցկու համոզմամբ էլ` ֆանտազիան իրականությունից հեռացում չէ. դա ճշմարտություն է, բայց գեղարվեստական ճշմարտություն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2304

Մեկնաբանություններ