Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Երբ համադրվում են արտիստականությունը, փիլիսոփայական խորքն ու գույների գաղտնագրությունը

Երբ համադրվում են արտիստականությունը, փիլիսոփայական խորքն ու գույների գաղտնագրությունը
22.06.2023 | 10:51

Նկարիչների միության «Արա Սարգսյան» պատկերասրահում բացվեց գեղանկարիչ ՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Այն զուգորդվեց արվեստագետի ալբոմի շնորհանդեսով, որն իրողություն է դարձել Արկադի Փինաչյանի աջակցությամբ, մարդ, ով հետևողականորեն իր կարողություններն է բերում հայ մշակույթի հանրայնացման գործին՝ անկախ այդ մշակույթի ժանրային պատկանելությունից, տեսակից, դրսևորման ձևերից։

Ընդհանրապես պիտի նկատել, որ թե՛ իր մարդ և թե՛ արվեստագետ տեսակով Մ․ Մխիթարյանն ինքնին խորապես մշակութային երևույթ է, հանրային ընդհանուր ֆոնի վրա իր ինքնատիպությամբ շահեկանորեն առանձնացող անհատականություն, ում վրա ծննդավայրի կնիքն է ամբողջովին՝ Թիֆլիսն իր արվեստականությամբ, արտիստականությամբ, թատերականությամբ։ Այս ամենն այնպես ամուր է նստած Մայիս Մխիթարյան մարդու կերպարային խորքի մեջ ու այնպես սահուն է նրա վրձնից իջնում կտավ՝ դառնում արվեստագետի կողմից կերպարային ընթերցում ու փիլիսոփայություն, գեղագիտական ընկալում, բնապատկերի, կյանքի որոշակի շրջափուլի ընդհանրացում, որ ակամայից կարկամում, ընկրկում ես այդ անմիջականության առաջ։ Ինչ խոսք, որ գեղանկարչի ստեղծագործության առանձին աշխարհ են նրա հոգևոր թեմաներով գործերը, որտեղ իրար են շաղախված աննյութականն ու նյութականը, խորապես հոգևորն ու մարմնեղացած մարդկայինը։ Մայիսմխիթարյանական հոգևոր թեմաներով ընթերցումները դիտողին են փոխանցում ավետարանական ճշմարտություններն իրենց ընդհանրության ու դետալայնության մեջ՝ դառնալով դեպի աստվածային լույս տանող ուղենիշ ու բանալի։ Չափազանց ուշագրավ երևույթ է Մայիս Մխիթարյանի ստեղծագործությունը։ Այն պարզապես տեսնելու ու անցնելու համար չէ։

Գնացեք ու ձեզ համար բացահայտեք փիլիսոփայական խորքին համադրված արվեստագետի վառ գույների գաղտնագրությունը ու կտեսնեք, որ բոլորովին այլ զգացողությամբ եք դուրս գալու պատկերասրահից։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ