Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արևմտյան տերությունները մոռացան հայերին տված խոստումներն էլ, հայկական հարցն էլ

Արևմտյան տերությունները մոռացան հայերին տված խոստումներն էլ, հայկական հարցն էլ
27.04.2023 | 22:44

Արևմտյան տերությունները, որոնք ամբողջ 19-րդ դարի ընթացքում ամեն ինչ արեցին, որ խանգարեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, իրենց քաղաքականությամբ նպաստեցին արևմտահայության ոչնչացմանն ու տեղահանմանը, Լոզանի կոնֆերանսում մի քանի «հայանպաստ» հայտարարություններով ճնշում գործադրեցին Թուրքիայի վրա և հասան իրենց նպատակին: Լոզանի կոնֆերանսում արևմտյան տերությունները Հայկական հարցը սահմանափակեցին տեղահանված հայերի համար Թուրքիայի տարածքում «օջախ» ստեղծելու դատարկ խոսակցություններվ և, ի վերջո, մոռացան հայերին տված խոստումներն էլ, Հայկական հարցն էլ: Նախորդ էջերում նշվել է, որ Ամերիկայի հասարակական կարծիքը ջերմորեն էր վերաբերում Հայկական հարցի արդար լուծման գաղափարին: ԱՄՆ-ի կառավարությունն էլ դրան համապատասխան հանդես էր գալիս հայանպաստ հայտարարություններով և պաշտպանում էր Թուրքիայի տարածքում հայկական օջախ ստեղծելու առաջարկությունը:

ԱՄՆ-ը նաև համաձայնվել էր մասնակցել թուրքերի կողմից գործադրված բռնությունները հետաքննող հանձնաժողովին: ԱՄՆ-ի կառավարությունը լիազորել էր Նյու-Յորքում գտնվող եկեղեցիների ֆեդերալ խորհրդի քարտուղար Ջորջ Մոնտգոմերիին Լոզանում միջնորդել այն տարածքի մասին, որտեղ հնարավոր կլիներ բնակեցնել հայ փախստականներին: 1922 թ. դեկտեմբերի 9-ին Լոզանում Մոնտգոմերին հանդիպել է Չիչերինին և նրա հետ երկար զրույց է ունեցել փախստական հայերին տեղավորելու մասին: Նա Չիչերինի համար անսպասելի հայտնել է, որ Թուրքիայի տարածքում հայկական օջախի ստեղծման փոխարեն նպատակահարմար է նրանց բնակեցնել Հյուսիսային Սիրիայում: «Թող,-ասել էր Մոնտգոմերին,- դրա համար Ֆրանսիայից վերցվի մի կտոր հողատարածք» (Կուսակցական կենտրոնական արխիվ (Մոսկվա), ֆ. 5, ց. 1, գ. 1985, թ. 21):

Կարճ ժամանակ անց, պարզվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից լիազորված Ջորջ Մոնտգոմերիի առաջարկության գաղտնիքը: Այդ նույն ժամանակ, Անկարայում քեմալական Թուրքիայի կառավարության հետ կոնցեսիաներ ստանալու հարցի շուրջ բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Չեստերը: Երբ ԱՄՆ-ի կառավարությունը սկսել էր Թուրքիայի վրա ուժեղ ճնշում գործադրել, պահանջելով հայերի համար հատկացնել ազգային օջախ, թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը շարունակի այդ պնդումը, ապա նա կդադարեցնի բանակցությունները Չեստերի հետ (Կուսակցական կենտրոնական արխիվ (Մոսկվա), ֆ. 5, ց. 1, գ. 1988, թ. 1): Թուրքական կառավարությունն իրականացրել է իր ահաբեկումը, հայտարարելով, որ մերժել է Չեստերին կոնցեսիա տալը և ընդհատել է բանակցությունները:

Թուրքական ճնշումը ներգործել էր ԱՄՆ-ի վրա և ամերիկյան կառավարությունը հրաժարվել է հայկական ազգային օջախի պահանջից (Կուսակցական կենտրոնական արխիվ (Մոսկվա), ֆ. 5, ց. 1, գ. 1988, թ. 8): ԱՄՆ-ը հետագայում այլևս չի անդրադարձել այդ հարցին և մոռացել է ամեն ինչ: ԱՄՆ-ի կառավարությունն այլևս չի հիշել նաև հայ-թուրքական սահմանի վերաբերյալ պրեզիդենտ Վիլսոնի իրավարար վճիռը, որը նա ընդունել էր 1920 թ. նոյեմբերի 22-ին, երբ

քեմալական Թուրքիան նվաճել էր Հայաստանի մեծ մասը և պարտված Հայաստանին էր թելադրում իր կամքը:

ԱՄՆ-ի պրեզիդենտի իրավարար վճիռը հենց սկզբից էլ հեռանկար չուներ, քանի որ Վիլսոնը նույնիսկ հարկ չէր համարել նշել, թե այդ վճիռն ում կողմից և ինչպես պետք է իրականացվեր:

Տեղին եմ համարում հիշեցնել հետևյալը: 2010 թ. Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակի կապակցությամբ մեր իրականության մեջ մի շարք գործիչներ հանդես եկան հեռուստատեսությամբ, կարդացին զեկուցումներ, գովեստի խոսքեր շռայլեցին Վիլսոնի հասցեին, ընդգծելով միաժամանակ, թե որոշ բիրտ ուժեր խոչընդոտեցին այդ իրավարար վճիռն իրականացնելու հնարավորությունը: Մինչդեռ, իմ համոզմամբ, մենք ավելի շատ պետք է նշենք, որ Վիլսոնի իրավարար վճիռը դատարկ թղթի կտոր էր, որին մենք, հայերս հերթական անգամ խաբվեցինք և շարունակում ենք դրա հետ հույսեր կապել, նորից ու նորից խնկարկելով այդ վճռի հեղինակին:

Հայ պատվիրակները Լոզանից ձեռնունայն հեռացել են 1923 թ. փետրվարի 5-ին և վերադարձել են Փարիզ: Լոզանի կոնֆերանսում Անտանտի երկրները նոր հաղթանակ մատուցեցին «մեռնող հիվանդին»: Թուրքիան իր գործած հանցանքների համար ոչ միայն չպատժվեց, այլև ձեռք բերեց նոր արտոնություններ: 1923 թ. հուլիսի 24-ին Անտանտի երկրները հաշտության պայմանագիր կնքեցին Թուրքիայի հետ, որով նրանք ճանաչեցին Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և

վերջնականապես ոչնչի հավասարեցրին Սևրի դաշնագիրը: Այդ պայմանագրի ստորագրման օրը Իսմեթ փաշան համարել է իր կյանքի երջանիկ օրը:

Իսկ Քեմալը հայտարարել է. «Լոզանի պայմանագիրն այն փաստաթուղթն է, որը վճռականորեն վերջ է դնում այն լայնորեն մտածված դավադրությանը, որը դարերի ընթացքում ստեղծվել է թուրք ազգի դեմ, մի դավադրություն, որը հույս ունեին իրականացնել Սևրի պայմանագրի միջոցով» (ընդգծումն իմն է-Վ.Պ.), (Մուստաֆա Քեմալ, Նոր Թուրքիայի ուղին (ռուսերեն), հ. 4, էջ 148):

Լոզանում արևմտյան տերությունները մոռացան, որ Թուրքական հանրապետությունը ստեղծվել է կայսրության զավթած տարածքներում անհիշելի ժամանակներից ապրող հայերի, հույների և ազգային մյուս փոքրամասնություների ոսկորների վրա:

Նրանք մոռացան, որ Մուստաֆա Քեմալն իր հանրապետության ստեղծումը նշանավորել է քրիստոնյա ժողովուրդների նոր ջարդերի կազմակերպումով:

Լոզանի կոնֆերանսից հետո Քեմալն իր արյունոտ ձեռքերին լրիվ ազատություն է

տվելց: Ցեղասպան նախագահը ամբողջ ուժով հարձակվել է Թուրքիայում ապրող հայերի վերջին բեկորների վրա: Նա խնդիր էր դրել` հայերն ու մյուսները պետք է հեռանան երկրից կամ դառնան թուրք: Քեմալը պահանջում էր` բոլորին դարձնել թուրք (Բ. Դանցիգ, Թուրքիա (ռուսերեն), Մոսկվա, 1949 թ. էջ 131): Այդ մասին է վկայում, օրինակ, 1924 թ. հունիսի 3-ին Արդվինում սովետական հյուպատոս Ա. Դետիստովը, որն իր զեկուցագրում հայտնել է հետևյալը. «Թուրքերը տեղական հայ բնակչության դեմ այնքան են ուժեղացրել խստությունները, որ դրանք վերածվել են իսկական տեռորի: Կատարվում են գիշերային հարձակումներ, որոնք ուղեկցվում են թալանով, ծեծկռտուքով և կանանց բռնաբարումով: Նույնիսկ տեղական կառավարչությունը զանազան պատրվակներով հայերից խլում է նրանց տները, այգիները, հողը և այլն: Ընդ որում, տեղական իշխանությունը համարյա չի թաքցնում այն մտադրությունը, որ սկսված հակահայկական շարժման նպատակն է բոլոր հայերին ստիպել հեռանալ Թուրքիայից» (ՀՀ ԱԱ, ֆ. 114, ց. 2, գ. 310, թ. 91): Թուրքական իշխանություններն այդպես վարվեցին նաև մյուս բնակավայրերում մնացած հայերի հետ:

1924 թ. ընդունված թուրքական սահմանադրության մեջ Քեմալի ազգայնամոլական քաղաքականությանը տրվել է իրավական ձևակերպում: Այդ սահմանադրության 88-րդ հոդվածը երկրի բոլոր բնակիչներին թուրք էր հռչակում: «Մեր պետությունը,-հռչակում էր այդ հոդվածը,- ազգային պետություն է, այլ ոչ թե միջազգային կամ վերժողովրդական, և բացի թուրքերից չի ճանաչում որևէ այլ ազգ» (Սևրը և Լոզանը (ռուսերեն), Մոսկվա, 1949 թ, էջ 92):

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմաբան,

պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 4385

Մեկնաբանություններ