Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ձայնասկավառակը նվիրվում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության 16-րդ ամյակին

Ձայնասկավառակը նվիրվում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության 16-րդ ամյակին
09.12.2013 | 14:38

Արցախի հյուսիս-արևելքում տեղակայված N զորամասի հոգևոր սպասավոր ՎՈԼՈԴՅԱ սարկավագ ՆԱՋԱՐՅԱՆԻ կատարմամբ թողարկվել է «Հոգևոր երգեր» ձայնասկավառակը:

Վոլոդյա սարկավագին նվագակցում է երգեհոնահարուհի ԿԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
Ձայնասկավառակը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Զինված ոււժերի հոգևոր առաջնորդության 16-րդ ամյակին:
Հետաքրքրվեցի` զինվորականները, առհասարակ երիտասարդները լսո՞ւմ են հոգևոր երգեր:
Կարինե Հովսեփյանի համոզմամբ` շատերն են լսում: «Աստծո կամքով թողարկվել է այս ձայնասկավառակը, և վստահ եմ, որ եթե այդ երգերը նոր շունչ են ստացել, նորովի են մատուցվում, ուրեմն Աստված նպատակներ ունի` հոգևոր երգի միջոցով մարդուն դարձի բերելու,- ասաց նա:- Շատերն իրենց սրտում փնտրում են Աստծուն, բայց գուցե չեն գիտակցում: Աստված հոգևոր երգի միջոցով օգնում է մարդուն գտնելու իրեն` Աստծուն, ինչպես ինձ հետ դա եղավ: Ի վերջո, ոչինչ հենց այնպես չի լինում»:
Կարինե Հովսեփյանի բնորոշմամբ` հոգևոր երգը աղոթք է` երգի տեսքով, որ լցնում է մարդու սիրտը, հոգին և ներաշխարհը: «Սկավառակում ընդգրկված է 10 երգ,- հավելեց նա:-Հաճելի և հետաքրքիր աշխատանք էր, մեծ պատասխանատվությամբ էինք կատարում: Վոլոդյա սարկավագը գեղեցիկ ձայն ունի և շատ գեղեցիկ է կատարում հոգևոր շարականները, այնպես, որ երգը հասնում է մարդու հոգուն»:
Վոլոդյա սարկավագն ասաց, որ վաղուց է մտածել հոգևոր երգեր ձայնագրելու և ձայնասկավառակ թողարկելու մասին, բայց նյութական միջոցներ չեն եղել: Նախագիծը կյանքի է կոչվել ՀՀԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ և Հովհաննես Մարգարյանի հովանավորությամբ:
«Հույս ունենք, որ ձայնասկավառակում տեղ գտած երգերը կբարձրացնեն մեր զինվորների բարոյա-կրոնա-հոգեբանական վիճակը,- ասաց նա:- Եվ կյանքի, ծառայության նկատմամբ վատ տրամադրված զինվորը, լսելով հոգևոր երգերը՝ մեր եկեղեցու անգին գոհարները, հետ կկանգնի իր վատ արարքից, կամ վատ մտածումներից: Մեր այս աշխատանքը համեստ փորձ է երաժշտության բնագավառում: Անշուշտ այն շարունակական է: ՈՒզում եմ մասնավորապես շնորհակալություն հայտնել երգեհոնահարուհուն՝ Կարինե Հովսեփյանին, ով Աստծու նկատմամբ ունեցած հավատի շնորհիվ, սիրով համաձայնեց իր օգնության ձեռքը մեկնել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ