Այս խորագրի նախորդ հրապարակումներում ընթերցողներին արդեն ծանոթացրել ենք աշխարհի գանձարանում հայորդիների կատարած ներդրումների մասին։ Այս անգամ դարձյալ պիտի խոսենք այդ հարցի շուրջ, բայց այլազգիների համար գրերի ստեղծման տեսանկյունից։ Մի զարմացեք, քանզի դա պատմական իրողություն է, բայց լավ քողարկված, որովհետև արդեն ամոթ է, որ իմանան՝ այս խղճուկ հայերը գիր են ստեղծել նախ վրացիների, աղվանների համար, ապա նաև աջակցել սլավոնների գրերի ստեղծմանը։ Հիմա հերթով դրանց մասին` իրենց պատմական վկայություններով հանդերձ։
Ինչպես Տերը Հին կտակարանում Իր ընտրյալ ազգին՝ հրեաներին է երկնային շնորհ տվել, որ կռապաշտության մեջ գտնվող աշխարհին վկայի Աստծո կենդանությունը, այդպես էլ Նոր կտակարանի երախայրիքի, այսինքն՝ սպասվող բերքի առաջնեկին՝ հայերին է զարդարել երկնաձիր շնորհներով՝ ի վկայություն մնացած ազգերի, որոնք հոտոտեցին Քրիստոսի կենարար բույրը մեր միջոցով, ինչպես վկայում է մեծն վարդապետ Վարդան Արևելցին. «Ինչպես Աստված մեծն Մովսեսին Սինա լեռան վրա Իր աջով դրոշմում է պատվիրանները ու տալիս է քսաներկու տառ, այդպես էլ երանելի Մեսրոպի աղոթքով Բալու լեռան վրա Իր Աջով դրոշմում է տասնչորս տառերի պատկերներ: Նա Աստվածատուր պարգևներով սուրբ Երրորդության ճառագայթներն առնելով՝ մարգարեների, առաքյալների, ավետարանիչների, երկնային դասերի բոլոր արդարների խմբերի հետ գալիս մտնում է Հայաստան աշխարհը ու մեր եկեղեցիներում կուտակում անսահման գեղեցկություններ՝ հոգիների, մարմինների զարդարանքի ու հավիտենական փառքի համար, ինչը բոլոր ազգերի համար չարեց ամենքի Տերը: Քանզի ոչ թե հմուտ վարպետների ու միջնորդների միջոցով իմաստնացանք ու առաջնորդվեցինք դեպի Նա, այլ երկնահաս ու աշխարհաստեղծ Աջով մեզ համար գրվեց ուսման դպրությունը, և մեր Տիրոջ ու Աստծո հիշատակը կենդանի է մնացել մեր մատյաններում՝ զորություն ու շնորհ տալով նրանց, ովքեր մոտենում են հավատով ու գիտակցաբար:
Դրա համար Տվողին փառք, պատիվ ու գոհություն և Տիրոջից մեզ մոտ բերողին օրհնություն» (Վարդան Արևելցի. «Տիեզերական պատմություն», էջ 86):
Եվ այն մասին, որ հայերը նախ վրացիների, ապա աղվանների համար գրեր են ստեղծել դեռ հինգերորդ դարում, հայտնի է Մեսրոպ Մաշտոցի վարքագրությունից, Մովսես Խորենացու «Հայոց պատմությամբ» հավաստագրված։ Այդպես է, քանի որ այդ ազգերի մեջ քրիստոնեությունը տարածվել է հայ քարոզիչների ու վկաների, և մանավանդ Մեսրոպ Մաշտոցի միջոցով, որը նրանց գրեր պարգևեց: Եվ այս էլ իմանանք, որ մինչև յոթերորդ դարի սկիզբը վրաց հոգևորականները Սուրբ Էջմիածնում են ձեռնադրվել և հաստատվել հայ հոգևորականների կողմից: Բայց ժամանակակից վրաց գիտունիկները իրենց հինավուրց ձեռագրերից ջանադրաբար վերացնում են այդ հետքերը։ Սակայն հին վրացական և աղվանական գրերը լավ զննելիս իսկույն կնկատեք, որ դրանք նույնիսկ արտաքին ձևով մեր Մեսրոպյան գրերի «կրտսեր եղբայրներն» են։ ՈՒ որպես «ավագ եղբայրներ» մենք այժմ անհիշաչարությամբ ենք վերաբերվում մեր հանդեպ հպարտացածներին, մինչև կգա ամենի ճշմարտության ու բացահայտման օրը, և ամեն մեկը կստանա իր վարձը Արդար Դատավորի կողմից։
Այժմ խոսենք սլավոնական ազգերի, հատկապես ռուսների գրերի մասին։
Որ հայերի մատը խառն է ռուսների գրերի ստեղծման գործում, ես բանավոր արդեն լսել էի, բայց երբ ձեռքս ընկավ Ա. Արծրունու գրքերից մեկը, այնտեղ կարդացի հետևյալը. «Ընդունված է համարել, որ սլավոնական այբուբենը՝ կիրիլիցան, Կոստանդին (վանական անունը՝ Կիրիլ, այսինքն՝ Կյուրեղ) և Մեֆոդի եղբայրների միջոցով է ստեղծվել, որոնք Հունաստանի Թեսաղոնիկեից են։ Սակայն բաց է մնում այն հարցը, թե ինչ ազգի են պատկանել նրանք։ Բանն այն է, որ այդ եղբայրների հոր անունը Լևոն էր, ու Թեսաղոնիկեի մետրոպոլիտն էր, ով հետագայում Կոստանդնուպոլսում XI դարում Բյուզանդիայի հայերի ջանքերով ստեղծված «Մագնավր» անունով համալսարանի ռեկտորը դարձավ։ Իսկ Կիրիլն այդտեղ փիլիսոփայության դասախոս էր, միաժամանակ Սուրբ Սոֆիա տաճարի գրադարանավարը, և գերազանց տիրապետում էր հայերենին ու լավ գիտեր հայոց մշակույթի պատմությունը։ Ինչպես ասում են, անուղղակի փաստերը խոսում են ուղղակի հետևության՝ Կիրիլի հայորդի լինելու մասին»։
Այս թեման հանգամանորեն քննելու համար այժմ օգտվենք հին սլավոներեն գրերի մասնագետ Շաֆարիկի «Սլավոնական հնագրություններ» աշխատությունից, որը լույս է տեսել 1837 թ. Պրահայում. «Սլավոնական այբուբենը ստեղծվել է հույների կողմից, հունական սլավոնների համար։ Որպես ապացույց այն մասին, որ այդ գրերի համար որպես հիմք վերցրել են հունական գրերը, դրանց հավելելով ղպտական (հին եգիպտական), հրեական և հայկական այբուբենից, ընդ որում՝ ամենաշատը հունական և հայկական գրերից»։ Նույն բանն է հաստատում նաև «Ռուսական ընթերցումներ»-ը, հրատարակված 1840 թ. Սանկտ Պետերբուրգում, որտեղ նշվում է, թե սլավոնական գրերի որ տառերն են փոխառնվել հայերենից, դրանք են՝ Բ, Ժ, Ց, Չ, Ե տառերը, ընդամենը հինգ տառ հայերենից, իսկ ղպտերենից՝ վեց, ընդ որում՝ դրանցից երեքը նույն հնչյուններից են, և եբրայերենից՝ ընդամենը երկու։ Ընթերցողը եթե մտածում է, թե հինգ տառը մեկ այլ այբուբենում այնքան էլ շատ չէ, ապա թող իմանա, որ այբուբենում գոյություն ունեն հիմնատառեր, իսկ մնացածները դրանց հավելումներն են։ Եվ մեր հայոց հնագրական փաստերն ապացուցում են, որ Մեսրոպ Մաշտոցը մեր Արարչից ստացել է ընդամենը հայոց այբուբենի յոթ ձայնավորները, իսկ մնացածը, ինչպես ասում են, հնարամտության գործ է։
Եվ նախքան այս թեմայի ավարտին հասնելը կուզեի մեջբերել նաև հայոց մտքի փայլուն անձերից մեկի՝ Հովհաննես Իմաստասերի կարծիքը շոշափվող հարցում. «Բարձրյալը տվել է եբրայեցի ու հայոց ազգերին հավատը, գիրը և տոմարը, իսկ այլ ազգերի գրերը մարդիկ են ստեղծել: Հայոց գիրը Աստծո հրեղեն Աջով քարի, իսկ եբրայականը՝ քարեղեն տախտակների վրա են գրվել: Եբրայական տոմարը Մովսեսի միջոցով է տրվել, իսկ մերը Հայկի՝ ավելի առաջ, քան նրանցը: Հավատը այնտեղ՝ Սինա լեռան վրա տրվեց, իսկ այստեղ՝ ոսկե ուռով հաստատվեց (Էջմիածնում)»:
Իսկ ինչ երկնքից է, ուրեմն բոլոր Ադամի որդիներ հանդիսացող եղբայր ազգերի համար էր, ու սուրբ Մաշտոցին տրվածը եղբայրաբար բաժանվեց հայորդիների կողմից, ի փառս և ի սեր մեր Արարիչ Աստծո։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ