1989 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 9-ին բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի աղջկաս հետ Լենինականի գերեզմանոցում էինք: Սեփական ջերմոցում աճեցրած հինգ հարյուր մեխակները իմ ձեռքերի վրայից աղջիկս վերցնում և դնում էր… Գերեզմանոցի թարմ շիրիմները տարբերվում էին հներից ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլև 1988 թվի գրությամբ: Գերեզմանոցում բոլորը լուռ խնկարկում էին իրենց հանգուցյալների հիշատակը: Երբ վերջին ծաղիկը աղջիկս դրեց մի մանկան գերեզմանին, ինձ մոտեցավ մի տեղացի և ասաց.
-Երևում է, դուք տեղացի չեք, երևի բարեկամ էլ չունեք, բայց ծաղիկ եք դնում բոլոր թարմ շիրիմներին:
Նայեցի այդ անծանոթ տեղացուն, փորձեցի ինչ-որ բան ասել, բայց կոկորդս խեղդող արցունքները թույլ չտվեցին: Լուռ ապատիկ վիճակից ինձ դուրս հանեցին տաղանդավոր մտավորական Լևոն Ներսիսյանի խոսքերը, որ հիշում էի դեռևս բանասիրականում սովորած տարիներից. «Եթե յուրաքանչյուր ոք օտարի վիշտն ընդունի ինչպես սեփականը, ապա այն անչափ թեթև կտարվի, աշխարհը կլցվի սիրով, մարդասիրությամբ»: Ինձ թվում էր, որ անծանոթ մարդը առանց խոսքի հասկացավ ասելիքս, սեղմեց ձեռքս.
-Շնորհակալ եմ: Հավատա, չնայած անդառնալի վշտիս, Ձեր արարքը տեսնելով` թեթևացած եմ զգում ինձ:
1988-ից մինչև 1990 թվականը, այսինքն` մինչև ՀՀՇ-ի իշխանության գալը, Հայաստան երկրում, չնայած պատահած դժբախտություններին, սիրով, այն էլ անչափ մեծ սիրով ու հարգանքով էին լցված իրար նկատմամբ:
1988 թվականի դեկտեմբերի 24-ին երկրաշարժի գոտում ցուցաբերած մարդասիրության, հայրենասիրության և շատ շատ լավ բաների համար իմ նկատմամբ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածով` ինքնիրավչություն, հարուցված քրեական գործն ընդամենը մեկ շաբաթ անց կարճվեց հանցադեպի բացակայության պատճառով: Փառք ու պատիվ բելառուս ժողովրդի ազնիվ զավակներին: Բելառուսից եկած քննիչներն էին քննում գործը: Նորանշանակ դատախազ Նազարյանը կատաղած ասել էր, թե ինչ պիտի զեկուցեմ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Սորոկային: Կարճման որոշումը գրել էր ՀԿԳ քննիչ Պերճ Տեր-Հարությունյանը և Սորոկային զեկուցելու բան թողել էր: Սոկրատ Հովսեփյանի կողմից թույլ էր տրվել ոչ պատշաճ դատախազական հսկողություն, որն էլ հիմք հանդիսացավ` ինձ ՀԽՍՀ դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազի պաշտոնից հանելու և որպես քննիչ Ախուրյան ուղարկելու համար:
1989 թվականի հունվարի 8-ին արդեն որպես քննիչ աշխատում էի Ախուրյանի դատախազությունում: Մի անգամ մտա դատախազ Լաերտ Կուբանյանի մոտ քրեական գործի ընթացքը զեկուցելու, նկատեցի, որ ժամացույցը կանգնած էր 11.45-ի վրա: Փորձեցի ուղղել, ասելով, թե կանգնել է: Կուբանյանը հանգիստ ասաց.
-Ձեռք մի՛ տուր, այդ ժամին մահացել են կինս ու աղջիկս:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11.45-ին ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանը: Երկրաշարժեր Հայաստանում շատ են եղել, բայց նման ուժգնությամբ, նման ընդգրկուն տարածքով` երբեք: Գուցե մի օր ճշմարտությունն ի հայտ գա. երկրաշա՞րժ էր, թե՞ դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ:
1988 թվականի դեկտեմբերի 7, ժամը 15.00: ՀԽՍՀ դատախազության քննչական վարչության ավագ դատախազ Հրաչիկ Իսաջանյանը Սպիտակում բարեկամներ ուներ: Խնդրեց իրեն մեքենայով տանել Սպիտակ: Երևանից Սպիտակ ճանապարհն անչափ ծանրաբեռնված էր, երկու ժամում հազիվ հասանք Ջրառատ գյուղը, որտեղից մինչև Սպիտակ մի քանի կմ էր: Սպիտակից մոտ 4 կմ հեռու այլևս մեքենաների շարժվելու տեղ չկար, անգամ ոտքով հնարավոր չէր անարգել քայլել: Հավաքվածներս շվարած կանգնել էինք, չգիտեինք մեր անելիքը: Ինչ-որ մեկն ասաց, թե շտապօգնության մեքենան չի կարողացել խցանումներից դուրս գալ, և մի երիտասարդ հղի կին մահացել է:
-Պետք է բացել ճանապարհը,- գոռացի ես:
Բոլորի պատասխանը դրական էր: Բայց ինչպե՞ս, երբ մարդիկ անգամ ազատ քայլել չէին կարողանում:
-Կա ելք,- ասացի ես:- Անխտիր բոլոր մեքենաները հրում ենք դեպի ճամփեզրի դաշտը:
Խոսքս չքննարկվեց, բոլորը սկսեցին ազատել ճանապարհը: Չանցած մեկ ժամ Սպիտակ-Երևան ճանապարհով անարգել ընթանում էին շտապօգնության մեքենաները:
1988 թվականի դեկտեմբերի 8, ժամը 15.30, Լենինական: ՀԿԳ քննիչ Հովիկ Հախվերդյանի հետ էի: Երևանյան ճանապարհի վրա շենքերը կանգնած էին, կարծես ոչինչ էլ չէր եղել: Երբ երկաթգծի կամարի տակով մտանք բուն Լենինական, ամեն ինչ պարզ էր: Ողբերգության չափերը պարզ էին: Առաջին դիակը տեսա ծածկված սովորական թերթով: Որքան խորանում էինք դեպի ներս, այնքան մեծանում էր ավերածությունների թիվը: Արտյոմի ¥Մեծ հայրենականի տարիներին ակտիվ գործունեություն ծավալած հայ պարտիզան` «Մուրավիայի արծիվ» մականունով¤ անվան դպրոցը փլվել էր հիմնովին, ոչ մի աշակերտ չէր փրկվել: Հախվերդյանի բարեկամը, որ շրջկոոպի նախագահ էր, ապրում էր Լենինականի դատախազությունից մի փողոց այն կողմ: Վեցհարկանի շենքն ամբողջովին փլվել էր: Հախվերդյանը շենքի ողջ մնացած մարդկանցից իմացավ, որ իր բարեկամի ընտանիքը փրկվել է: Երիտասարդ ամուսինները նստած մայթեզրին` հաց էին ուտում: Զգուշությամբ հարցրի` չե՞ք տուժել: Նրանց հանգիստ դեմքը, խոսակցությունը նախապես հուշում էին ինձ, որ ամեն ինչ պիտի լավ լինի: Պատասխանը ցնցող էր և զարմանալի.
-Հա, շնորհակալություն,- ասաց կինը,- մենք լավ ենք պրծել, մահացել են ընդամենը երեխաս և սկեսուրս:
Ոչ մի արցունք, վշտի ոչ մի արտահայտություն: Երկրաշարժի գոտում անցկացրած ավելի քան 15 օրվա ընթացքում ես որևէ մեկի աչքերին արցունք չտեսա: Մեկ դիակի վրա հարյուրավոր մարդիկ են լացում, հազարավոր դիակների վրա ոչ ոք արցունքի որևէ կաթիլ չուներ թափելու: Երևի նրանից էր, որ վիշտն անձնական չէր, այլ համազգային:
1988 թվականի դեկտեմբերի 9: Գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնի պետ Արամայիս Հարությունյանն ասաց, թե պիտի մեկնեմ Սպիտակ և այնտեղ փոխարինեմ մեռած դատախազ Ազատ Փիլոյանին: Առանց որևէ հրամանի մեկնեցի Սպիտակ: Դատախազության շենքից ոչինչ չէր մնացել: Հենց նույն օրը, ներկայիս եկեղեցուց քիչ այն կողմ, տեղադրվեց մի աշխատանքային տնակ, որտեղ տեղավորվեցին միլիցիան և դատախազությունը, իսկ տնակից մի քանի մետր հեռու միլիցիան խփեց մի մեծ վրան իր աշխատակիցների համար: Առաջին իսկ րոպեներից աշխատանքը լարված էր: Մեր աշխատասենյակ մտավ Ժորա Ադամյանը, որն այդ ժամանակ փոխարինում էր ՊԱՏ բաժնի պետին, խիստ, անգամ կոպիտ տոնով խոսում էր մի երիտասարդի հետ: Իմ հարցին` ի՞նչ է պատահել, Ադամյանն ասաց, թե էս տղեն մեզ գողի տեղ է դրել, ասելով, թե ինչ իմանամ, որ դեպքի վայրից, փլատակների տակից հանված մեր բերած գումարները գնում են ոչ թե ինչ-որ մարդկանց, այլ պետության գրպանը: Լարվածությունը պարպելու համար ասացի, որ երիտասարդը ճիշտ է ասում: Դրա համար, այ հենց այս պահից, բացում եք մի տետրակ, համարակալում, կնքում եք միլիցիայի կնիքով, իմ և ձեր ստորագրությամբ, որտեղ արձանագրում եք իրը, գումարը, չափը, օրը և հանձնողի անուն-ազգանունը: Վարդանը, որը Էջմիածնի շրջանի Գայ գյուղից էր, համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ուսանող, իր ընկերների հետ գոհ մնաց կայացրածս որոշումից: Երիտասարդները գնացին իրենց գործը շարունակելու: Ասեմ, որ հազարավոր կամավորականներ օրուգիշեր աշխատում էին աղետի գոտում: Նույն օրը, երբ դրսում արդեն ցուրտ էր և օրն արդեն մթնում էր, նույն Վարդանն ու իր ընկերները դարձյալ մոտեցան ինձ. «Չորս դիակ ենք հանել մոտակա շենքերից մեկի տակից, հարկավոր է նրանց տեղափոխել ստադիոն (ստադիոնում էին հավաքվում բոլոր դիակները), բացի դրանից նրանց վրա զարդեղեն կա: Մեքենա է պետք»: Տղաների հետ դուրս եկա մեքենա ման գալու: Տեսա մի խումբ երիտասարդ տղաների, սպիտակ գլխարկներով, սպիտակ մուշտակներով ՈՒԱԶ մակնիշի մեքենայի մոտ կանգնած:
-Մեքենան ո՞ւմն է,- չոր ու հստակ տոնով հարցրի ես:
-Ի՞նչ կա,- ավելի չոր, ավելի կտրուկ եղավ պատասխանը:
-Դիակ պիտի տեղափոխվի, ես այստեղի դատախազի պաշտոնակատարն եմ,- ասացի ես:
-Մենք КГБ-ից ենք:
-Ավելի լավ,- ասացի ես,- ձեր հագուստ-կապուստը վատ է ազդում աշխատողների վրա: Եթե եկել եք հենց այնպես, ավելի լավ է հեռանաք:- Ընդգծված կոպտությամբ ասացի ես:
Նրանցից մեկն զգալով, որ առարկելն անիմաստ է, ասաց.
-Ավտոն տվեցի, ո՞վ պիտի մեռելներին տեղափոխի:
-Ես և այս տղաները:
-Ես էլ կգամ,- ասաց նրանցից մեկը:
Հետո իմացա, որ դա Սպիտակի КГБ-ի պետի տեղակալ Սմբատն էր, որի 17-ամյա որդին նույնպես մնացել էր փլատակների տակ:
Ամեն օր, ժամը 20.00-ին զինվորական պարետը այդ նպատակի համար խփված վրանում անցկացնում էր խորհրդակցություն, որին մասնակցում էին տարբեր զինվորական պաշտոնյաներ: Սպիտակի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը, գործկոմի նախագահը, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև դատախազն ու ՆԳ բաժնի պետ Վ. Բոգոմազովը (այժմ հանգուցյալ): Դեկտեմբերի 11-ի խորհրդակցությանը մասնակցում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության IV գլխավոր վարչության պետ, բանակի գեներալ, որի անուն, ազգանունը այն ժամանակ էլ չցանկացա իմանալ, որովհետև իսկական բթամիտի տպավորություն թողեց ինձ վրա: Այդ բանակի գեներալը կոպիտ տոնով հարձակվեց Բոգոմազովի վրա, թե ինչ եք արել դուք մարադյոր միլիցիոների հետ: Բոգոմազովը թե` մենք այդ միլիցիոների բացատրությունը գրությամբ տվել ենք դատախազին: Այդ գեներալը հրամայական տոնով ինձ ասաց.
-Вчера наши солдаты поймали милиционера-марадера, почему вы его не расстреляли?
Հազիվ ինձ զսպելով, այդ գեներալին ասացի.
-Ընկեր գեներալ, ես գեներալ չեմ, ընդամենը դատախազ եմ, ես մարդ չեմ գնդակահարում: Իմ գործն է օրինականության պահպանությունը անգամ արտակարգ պայմաններում: Երեկ ես ստացել եմ հաղորդագրությունը: Օրենքով 10 օրվա ընթացքում, իսկ ես այն ավելի արագ կանեմ, կնախապատրաստեմ նյութերը և միայն ղեկավարությանը զեկուցելուց հետո կորոշվի նյութերի ընթացքը:
Նա կատաղեց, թե ես այդ մասին կասեմ Սորոկային, հետևեց իմ պատասխանը.
-Դա ձեր իրավունքն է, իսկ իմը` օրինականության պահպանումը:
Հետագայում նախապատրաստված նյութերով մերժվեց քրեական գործի հարուցումը: Եթե իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, հավանաբար, նյութերն այլ ընթացք կունենային: Բայց ես լավ էի հասկանում` Մոսկվայի նպատակն էր վարկաբեկել ղարաբաղյան շարժումը: Մոսկվան ամեն օր իր «Ժամանակ» ինֆորմացիոն ծրագիրը սկսում էր աղետի գոտում չեղած «մարադյորության» որևէ դեպքի հաղորդումով: Երբ հաջորդ օրը ՏԱՍՍ-ի թղթակից Նազարյանը հարցազրույց էր վերցնում պատահական մարդկանցից, ես կամավոր ներկայացա և հարցրի.
-«Վրեմյան» ինչո՞ւ չի ասում այն ազնիվ ու նվիրյալ մարդկանց մասին, ովքեր կամավոր աշխատում են օր ու գիշեր, ովքեր անգամ գտած կոպեկն են վերադարձնում պետությանը, այլ միայն խոսում է եզակի բացասական դրսևորումներից: Ասեմ, որ երբ Լոնդոնում ինքնաթիռ ընկավ, թալանողներն ավելի շատ էին, քան օգնողները, իսկ մեզ մոտ հակառակն է:
Նազարյանը օպերատորից գաղտնի ինձ շնորհակալություն հայտնեց լավ հարցադրման համար, իմ տված ինֆորմացիան նույն օրը գնաց եթեր:
Կարևոր գործ էր ստացվող օգնության ճիշտ բաժանումը: Մի բեռնատար ավտոմեքենա` բեռնված տաք հագուստներով, ծածկոցներով, կանգնած էր մեր տնակի մոտ: Ես մինչ այդ թեթևակի ծանոթացել էի տեղացի Համլետ Օթարյանի հետ: Մտածելով, որ նա լավ գիտի, թե ով ինչքան է տուժել, խնդրեցի մեքենայից բաժանել օգնությունը: Սկզբում ամեն ինչ նորմալ էր, բայց երբ նկատեց, որ շատ մարդիկ, նույնիսկ ոչ տեղացիներ մեկ անգամից ավելի են փորձում օգտվել, դուրս եկավ իր ափերից, անգամ հայհոյեց, արտասվեց, ասելով.
-Մի՞թե այդ վիշտը ձեզ չի միավորում:
Նա իր գործը շարունակեց, օգնություն ստացողները քչացան, բայց կայուն թիվը պահպանվում էր:
Հաջորդ օրը Օթարյանը մոտեցավ և խնդրեց, որ օգնեմ (օբյեկտները հսկում էին զինվորականները) փլատակների տակ մնացած շրջկոոպի մետաղյա պահարանից հանենք մոր կոշիկները, շորերը, երկու կգ շոկոլադե կոնֆետը, մոր անձնական 100 և Ղարաբաղի համար հավաքած 2000 խորհրդային ռուբլին: Ես նրան ասացի` Ղարաբաղի փողի մասին մի ասա, տունդ քանդվել է, այն վերցրու քեզ, նրա պատասխանից ես ամաչեցի իմ անազնիվ առաջարկի համար.
-Ղարաբաղն այսօր այդ փողի կարիքն ավելի շատ ունի, քան ես:
Երկրորդ հարկից մայրը պահարանի հետ ընկել էր առաջին հարկ և վնասել էր ոտքը: Վերցնելով մեկ միլիցիոների, Օթարյանին, մեկ զինվորականի, գնացինք, Օթարյանի ցույց տված տեղից հանեցինք նրա նշած իրերը և գումարը: Երբ վերադարձել էինք տնակ, «Խորհրդային Հայաստան» թերթի ֆոտոթղթակիցն իմանալով իմ ով լինելը, ասաց.
-Ցանկանում եմ նկարել մի դրվագ, թե ինչպես են իրավապահներն աշխատում աղետի գոտում:
Տեսնելով դարակի մեջ լցված իրերը, նա խնդրեց ինձ կանգնել դարակի կողքին և նկարվել: Որպեսզի նկարի էֆեկտն ավելի մեծ լիներ, նա Օթարյանի մոր մեկ զույգ կոշիկները, երկու կգ կոնֆետը լցրեց դարակի մեջ, իսկ վրան շաղ տվեց 2100 ռուբլին: Նկարից, որը տպվեց հաջորդ օրը «Խորհրդային Հայաստան» թերթում, տպավորություն էր ստացվում, որ այնտեղ մի քանի հարյուր հազար է: Ես կարգադրեցի Արմեն Սարգսյանին, նախկին ֆուտբոլիստ, այդ ժամանակ արդեն միլիցիոներ, գումարն արձանագրել, գրել գրքում և մուտք անել: Երբ ես գործով պատրաստվում էի դուրս գալ տնակից, Բոգոմազովը գեներալ Ժորիչի հետ մտավ տնակ: Բոգոմազովն ասաց, թե այդ փողերը որտեղից են հանել: Դա, եթե չեմ սխալվում, արդեն դեկտեմբերի 20-ն էր: Դեկտեմբերի 23-ին ես վերադարձա Երևան: Ասեմ, որ այդ անցած օրերին ես գիշերել եմ իմ անձնական ավտոմեքենայի մեջ: Միլիցիոներների վրանում ինձ հատկացված տեղը ամեն գիշեր տալիս էի բոլորովին անօթևան մնացած մարդկանց: Մի օր ինձ մոտեցավ մի երիտասարդ հղի աղջիկ, որը համարյա կիսամերկ էր, և գիշերելու տեղ խնդրեց: Հագիցս հանեցի տաք տելեգրեյկան, գցեցի նրա ուսերին և ցույց տվեցի վրանում ինձ հատկացված տեղը: Սկզբում նա մերժեց, հավանաբար ամաչելով տղամարդկանց շատությունից, բայց ես հանգստացրի` ասելով, որ քո մազին ոչ-ոք չի դիպչի: Քանի որ խոսք եղավ տելեգրեյկայի մասին, ասեմ, որ մի օր երեկոյան մտա Հայկոոպի աշխատողների վրանը թեյ վերցնելու: Վրանում տաք էր, վառվում էր լամպը և ընդարձակ վրանում ընդամենը երկու հոգի էին: Նրանցից մեկը, եթե չեմ սխալվում, Տիտանյանն էր` Հայկոոպի նախագահի տեղակալը: Երբ վրանում տեսա իրար վրա շարված մի 15 տաք ծածկոցներ, առանց կեղծ բարեպաշտության հարցրի.
-Դո՞ւք էլ եք տուժածներ, որտեղի՞ց Ձեզ այդքան ծածկոցներ:
Հավանաբար զգալով գլխին գալիքը, Տիտանյանն ասաց.
-Բայց քո հագինն էլ է օգնություն:
-Լավ չես նկատում,- ընդգծված չարությամբ ասացի ես:- Կարդա,- ցույց տվեցի տելեգրեյկայի աջ ուսին գրված Мин ГЕП СССР:
Դա երկրաբան եղբայրս էր ստացել աշխատանքների ժամանակ: Առանց թեյ վերցնելու դուրս եկա վրանից: Բոգոմազովին ասացի ծածկոցների մասին և կարգադրեցի անհապաղ հետ վերցնել: Ինչը և արվեց: Դեկտեմբերի 23-ին դատախազությունում էի: Պետս` Հարությունյանն ասաց` շտապ պիտի գործուղման մեկնես Ալավերդի: Գործուղման թղթերը ձեռքիս պատրաստվում էի մեկնելու, երբ պետի տեղակալ Էվելինա Ալեքսանյանն ասաց.
-Շտապ զանգիր ՆԳ նախարարություն, Նավասարդ Մինասյանին։
Նա ԲԽԵՍ վարչության պետ էր: Մինասյանը խնդրեց անպայման մտնել իր մոտ: Չմերժեցի: Մինասյանն էր, Բոգոմազովը և մի կապիտան: Մինասյանը հարցրեց.
-Հիշո՞ւմ ես Սպիտակի շրջկոոպի պահարանից հանված էն փողերը:
-Ինչպե՞ս չէ: Երևի տվել են Համլետ Օթարյանին:
-Իսկ նա չի՞ հրաժարվի,- հարցրեց Մինասյանը:
Ես ցույց տալով ինձ և մնացած երեքին, ասացի` Օթարյանը մեր բոլորից ազնիվ է, և պատմեցի մեր զրույցը: Մինասյանը, թե.
-Էդ սրիկա Ժորիչը ասում է, որ այդ փողերը մենք յուրացրել ենք, ուզում են մեզ վրա քրեական գործ հարուցել:
-Ի՞նչ է եղել, որ, ուզո՞ւմ եք` ասեմ, որ ես տեղյակ եմ, թե ում մոտ են այդ փողերը:
Մինասյանի, Բոգոմազովի ուրախությանը չափ չկար: Այստեղ են ասում` եթե բողկ չես կերել, հետույքդ չի մրմռա: Նրանց հետ գնացինք Ժորիչ կոչվածի մոտ: Ես բանավոր ասացի ինչն ինչոց է և նշեցի գումարի չափը` 2100 ռուբլի: Ժորիչը նայեց մեզ, թե.
-Դուք բոլորդ սպիտակ թելով եք կարված:
Նրա խոսքերն ընդունելով որպես վիրավորանք, հակադարձեցի.
-Անազնիվը դուք եք:
Իմ խոսքերի վրա մեկը, մոտ երկու մետրանոց մի լոլոզ, թփթփացրեց ուսիս` ասելով.
-Не психуй, молодой человек, у нас на вас все данные есть.
Այնքան մեծ էր մեկեն բռնկած զայրույթս այդ լոլոզի նկատմամբ, որ չնկատելով նրա զինվորական շալվարի կարմիր շերտը, նետեցի.
-Ինձ մի՛ վախեցրեք, ես ձեզնից և՛ ազնիվ եմ, և՛ մաքուր: Եթե ինձ վրա մի կեղտ գտնեք, կամավոր կկանգնեմ պատի տակ և կասեմ` գնդակահարեք:
Հետո իմացա, որ այդ լոլոզը ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ գեներալ Տրուշինն էր: ՈՒշ ժամին հասա Դիլիջան: Ճանապարհը շարունակելն անիմաստ էր: Մնացի ծանոթներիցս մեկի տանը: Տանտիրուհին, թե.
-Մանուկյանը քեզ է հարցնում:
Յուրա Մանուկյանը Դիլիջանի դատախազն էր: Ասաց, թե Ղուկասյանը հրամայել է շտապ հետ դառնալ: Հասկացա գլխիս գալիքը: Առավոտ շուտ մտա Սպիտակ: Գտա Համլետին և մորը: Պատմեցի եղելությունը: Առանց առարկության երկուսն էլ ինձ հետ եկան Երևան: Կադրերի տեսուչ Ռոբերտ Արշակյանը այդ երկուսին տարավ մշակման, իսկ ինձ, թե.
-Բարձրացիր Ղուկասյանի մոտ:
Նա ապշել էր, երբ լսել էր Օթարյանի ասածները աղետի գոտում իմ կատարած աշխատանքների, մարդկային և դատախազական իմ որակների մասին:
Երբ մտա Ղուկասյանի մոտ, նկատեցի դատախազական հագուստով մի բարձրաստիճան պաշտոնյայի: Հետո իմացա, որ նա ԽՍՀՄ դատախազության կադրերի վարչության պետի տեղակալն էր: Սիրալիր բարևեցի ռուսերեն, բայց Ղուկասյանը (քսան տարի ՀԿԿ կենտկոմի վարչական մարմիններում աշխատած այդ թերմացքն այդպես էլ դատախազ պաշտոնյա չդարձավ) մեկեն վեր կացավ աթոռից, կրծքով առաջ մեկնվելով` լկտի տոնով ասաց.
-Где деньги?:
Ես, որ բազմիցս էի զգացել այդ թերմացքի վերաբերմունքն իմ հանդեպ (պատճառն այն էր, որ դատախազությունում աշխատանքի ընդունվելիս նյութական շնորհակալություն չէի հայտնել նրան), չկորցնելով ինձ, ասացի հայերեն.
-Մոտս է, ուզո՞ւմ ես կիսվենք:
Նա ռուսերեն թե.
-Լսի՛ր, խելքդ գլուխդ հավաքիր, հիմա քեզ կալանքի են վերցնելու:
Անցնելով ամեն սահման, նրան երեք մատի կոմբինացիա ցույց տվեցի։ Մոսկվայից եկած մարդուց ներողություն խնդրելով դուրս եկա կաբինետից: Հետո Արշակյանն ինձ ասաց.
-Եթե Օթարյանին ու մորը հետդ բերած չլինեիր, նախապես որոշված էր քեզ կալանքի վերցնել, որովհետև դա Սորոկայի պահանջն էր:
Անկեղծ ասած, ես Սորոկային չէի մեղադրում: Ես միշտ մեղադրել եմ տականք հայ պաշտոնյային, որի մեջ քծնանքն ու ստորաքարշությունը կենսակերպ են:
Բելառուս քննիչների հետ շփվելիս նրանց նախապես ասացի.
-Ինձ համար ձեզանից ոչինչ չեմ խնդրում: Ես ձեզ խնդրում եմ, քանի որ դուք պատվերով եք եկել, երբեք պատվեր չկատարեք, եղեք օբյեկտիվ և արդար: Հիշեք ձեր Խատինը և իմացեք, որ մենք ավելի մեծ մասշտաբի Խատին ենք ունեցել:
Հանուն ճշմարտության ասեմ, որ Բելառուսի տղերքն իրենց լավ պահեցին Հայաստանում:
Քրեական գործի կարճումից հետո ինձ հանեցին հանրապետության դատախազությունից և ուղարկեցին Ախուրյան, որպես քննիչ: Դա էլ երևի Աստծո կամքով էր, որովհետև այնտեղ էլ ես շատ շատերին պետք եկա: Ես գիտեմ շատ քննիչների, որոնց համար աղետի գոտին իսկական խոպան էր:
Ամեն անգամ, երբ հիշում եմ չին մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսին, նրա խոսքերը, որ եթե փոքրը համարձակ է, բայց անարդար, վերջում ավազակ է դառնում, որին հավելում եմ` իսկ համարձակ է և արդար` միշտ զոհ է դառնում: Ճիշտ է, շատ եմ տուժել, բայց երբեք ինձ զոհ չեմ համարել: Այսօր էլ` աղետից քսանհինգ տարի հետո հիշում եմ այն համարձակ ուսանողներին, վշտի մեջ թաղված, բայց հօգուտ ազնվության իր վեհությունը երբեք չկորցրած Համլետ Օթարյանին:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. - Սպիտակում տեսա նաև Գորբաչովին, XX դարի մեծագույն դեմագոգին, Հուդային: Չցանկացա անդրադառնալ նրան, որովհետև այդ ստոր դավաճանին օգտագործողներն անգամ նրան այժմ չեն հիշում: