Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի մշակութային ծրագրի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնի բեմում ներկայացրել է «Ամենը վաճառքի» ներկայացումը:
Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը սիրո խճճված մի պատմություն է, որը կոմեդիան վերածում է տրագիկոմեդիայի: Թատերագետների հավաստմամբ 19-րդ դարավերջին գրված պիեսն այսօր էլ չի կորցրել իր թեմատիկ արդիականությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ներկայացման ավարտին ռուս հանդիսատեսները հիացմունքով նշել են, որ Երևանի թատրոնի լավագույն ավանդույթները մնում են անփոփոխ, և ցանկություն են հայտնել ռուսական բեմերում ավելի հաճախ տեսնել երևանյան թատերախմբերին: