Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Եթե դու գորգի թանգարան չունես, իսկ Բաքվում 15-ը կա, ինչպե՞ս ես սիմպոզիում անում»

«Եթե դու գորգի թանգարան չունես, իսկ Բաքվում 15-ը կա, ինչպե՞ս ես սիմպոզիում անում»
22.11.2013 | 00:09

ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ շուրջ 40 տարի զբաղվել է գորգարվեստի ուսումնասիրությամբ, չորս գրքի, բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Հայաստանում այս օրերին «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով է անցկացվում, և գորգարվեստի ոլորտի միակ պրոֆեսիոնալ մասնագետն այդ մասին իմացել է մամուլից:
«Ինձ տեղյակ չեն պահել, ես ինքս դիմեցի Հասմիկ Պողոսյանին, որ իրենց շատ լուրջ սայթաքումներից ապահովեմ, արդյունքը ճիշտ հակառակը եղավ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հարկ է նշել, որ գորգերի մասին Վահրամ Թաթիկյանի ուսումնասիրությունները, հատկապես «Արցախի տոհմագորգերը» գրքի նկարագրությունները, գորգերի մասին բնորոշումները, յուրացրել են, զետեղել հայկական գորգերի նորաբաց վիրտուալ թանգարանի բացատրական տեքստերում: Արտագրած տեքստերի տակ գրել են մշակույթի նախարարության փորձագետի անունը, ով նաև գիտաժողովի գլխավոր համակարգողն է:
«Ես գորգարվեստի համար որպես արձակագիր զոհել եմ արձակը, որպես երգիչ` երգը, մի ամբողջ կյանք եմ դրել, շրջել եմ գյուղ առ գյուղ, ոտքով, առանց միջոցների, մեկ-մեկ հայտնագործել եմ, վերլուծել հայկական գորգերը, եթե իմ 40 տարվա աշխատանքն այդպես արհամարհում են, ես չգիտեմ, երևի պետք է այս երկրից հեռանալ: Այսպիսի վիրավորանք, այս աստիճանի անբարոյականություն չէի պատկերացնում,- ասաց նա:- Ինքս կարիք ունեմ խորհրդակցելու, ինչ-որ ձևով պրոբլեմը ներկայացնելու, որ չասեն Վահրամ Թաթիկյանն այսքան գործ անելուց հետո հեռացավ այս երկրից: Բայց, կներեք, ես 65 տարեկան մարդ եմ, ես կարող էի հեռանալ 40 տարեկանից և շատ ավելի պիտանի լինել իմ ժողովրդին, քան էստեղ, որ ամեն ձևով, ամեն առումով խանգարել են ինձ»:
Դառնալով գիտաժողովի խնդրին` Վահրամ Թաթիկյանը նշում է, որ խայտառակ ձևով վրիպելու են, վնասելու են հայկական գորգը. քանի որ գիտաժողովի կազմում գորգագետներ չկան: Զուգահեռ Բաքվի 15-րդ գիտաժողովն է: «Եթե դու գորգի թանգարան չունես, իսկ Բաքվում 15-ը կա, ինչպե՞ս ես սիմպոզիում անում: Ամբողջ հիմնական կազմը Բաքվում է, այստեղ մենք ունենք 3-4 լուրջ մասնագետ: Կնճռոտ է վիճակը, վստահ եմ, որ տապալելու են, սիրողական մի բան է լինելու: Կարգին մասնագետ չունենք, թանգարան չունենք, կարճ ասած, այդ առումով, մենք մեր սեփական հողի վրա տանուլ ենք տալու»,- համոզված է զրուցակիցս, նշելով, որ Հասմիկ Պողոսյանին առաջարկել է այս տարի խորհրդաժողով հրավիրել՝ հանգամանորեն հաջորդ տարվա գիտաժողովին պատրաստվելու համար, համատեղ ուժերով աշխատելու, ստեղծելու թանգարան, գորգի կենտրոն:
«Մի կողմ թողնենք խայտառակ գրագողությունը, որ տող առ տող արտագրել են իմ գրքից, ես չէի պատկերացնում, որ մշակույթի նախարար հանդիսացող, արմատներով սասունցի կինը կարող է նման քայլ անել, այն դեպքում, երբ ես որոշակիորեն համագործակցություն եմ առաջարկել»,- ասաց նա: Հարցին` կարծում եք Ձե՞ր դեմ են գործում, ինչպե՞ս եք բացատրում այդ վերաբերմունքը, պատասխանեց Մեսչյանի երգի բառերով. «Առաջ գիտեի, հիմա չգիտեմ»: «Ինքս մի քիչ շվարած եմ, մոլորված, որովհետև հրաշալի գիտեն, որ ես ոչ միայն ուսումնասիրող եմ, ես գորգերի էսքիզներ եմ արել, հայկական ավանդական զարդանկարներով գորգեր եմ ստեղծել: Դրանք աշխարհի լավագույն հավաքածուներում են այսօր, նաև գործնականում եմ ցանկացել պահպանել հայկական գորգը: Եթե ես այդքան սոսկալի մարդ եմ, և դա հատուկ իմ դեմ է արված, և իմ գոյությամբ վնաս եմ տալիս հայկական գորգին, պատրաստ եմ հրաժարվելու գորգերի ուսումնասիրությունից, որ մեր գորգի համար լավ լինի»,- եզրափակեց իր խոսքը Վահրամ Թաթիկյանը:
Հավելենք, որ տպագրության է պատրաստվում Վահրամ Թաթիկյանի «Հայկական գորգարվեստ» հանրագիտարանային քառահատոր ուսումնասիրության առաջին հատորը, որի հովանավորը ՀՀ նախագահն է: Դեռևս անտիպ են նրա «Վեպ գորգերի մասին» և «Վիպերգ երգերի մասին» գրքերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ.- Վահրամ Թաթիկյանի հետ ծավալուն հարցազրույցը՝ «Իրատես de facto»-ի նոյեմբերի 29-ի համարում:

Տեսանյութ

Վահրամ Թաթիկյան. «Պույ-պույ մուկիկը»
Դիտվել է՝ 2270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ