Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Համալսարանական ավանդույթներ. հայ լինելու ձևերը

Համալսարանական ավանդույթներ.  հայ լինելու ձևերը
19.11.2013 | 22:34

Այնուամենայնիվ, հետաքրքիր է լրագրողի մասնագիտությունը` անակնկալները գրեթե միշտ են, անակնկալն է, որ լրագրողի կյանքը դարձնում է անկանխատեսելի, չկարգավորված, ու դա հրաշալի է: Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվելու էր հեռաուսուցման լաբորատորիա` ինքնին սովորական, գրելու առումով մի քանի տող խոստացող իրադարձություն, որ առավելագույնս կարող էր համեմվել պաշտոնական խոսք ու խոստովանությամբ: ՈՒ` էլ ոչինչ: Մնացածը հանգիստ կարող էր շրջանցվել, որովհետև ամեն օր չես գրի որտեղից է ծագում ու որտեղ է մայր մտնում արևը այնպես, որ հետաքրքրի կարդացողին:

Նոյեմբերի 19-ին խոստացված լաբորատորիան բացվեց, ավանդական կարմիր ժապավենը կարմիր մկրատով հատվեց: Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանն ասաց, որ պատիվ է բացել համալսարանում առաջին հեռաուսուցման լաբորատորիան, ասաց, որ համալսարանի տարբեր ֆակուլտետներ հաստատված ավանդույթով, ի պատիվ համալսարանի ուսանող կամ շրջանավարտ ազատամարտիկների` նրանց անունն են շնորհում համանման լսարաններին, ու դա ճիշտ է, իսկ այս անգամ ավանդույթը խախտել են` հեռաուսուցման լաբորատորիան կրում է ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արմեն Կոթոլյանի անունը, և դա ճիշտ է` միջֆակուլտետային սահմաններից դուրս գալը, «որովհետ բոլորն էլ մեր հպարտությունն են»: Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին` աջակցության համար: Արամ Սիմոնյանը հետո ասաց, որ օրը հանդիսավոր է: Հանդիսավոր` ոչ միայն այն պատճառով, որ նոր լսարանախումբ է բացվում` նորոգված և ուսումնական տեխնիկայով հագեցած, ու այդ լսարանները այն կենտրոնն են դառնալու, որտեղից հեռաուսուցման համակարգը նորովի պիտի աշխատի, ուսուցման հնարավորություն ստեղծի նրանց համար, ովքեր Հայաստանում չեն: Օրը հանդիսավոր էր, որովհետև, հավատարիմ մնալով համալսարանական ավանդույթին, լսարանախումբն անվանակոչվել է ազատամարտիկներից ևս մեկի անունով։ «Դա մեր սրբազան պարտքն է, դեռ մի քանի ազատամարտիկների անունով էլ լսարաններ պիտի անվանակոչենք` դրանով կավարտենք մեր փոքր պարտքը, որի զգացումը միշտ ունեցել ենք մեր զոհված սաների առաջ: Առանց հիշողության սերունդ չի դաստիարակվի»:
Իսկ երբ եկավ Արմեն Կոթոլյանի մայրը` տիկին Սոնան, բոլորի ուշադրությանը ներկայացվեցին նրա որդու կարճ կյանքի խոսուն դրվագները: Սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանը պատմեց, որ Արմեն Կոթոլյանը ծնվել է 1971-ին՝ Երևանում, 1989-ին ընդունվել է ֆիզիկայի ֆակուլտետ, երկու տարի ուսանելուց հետո զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը` «Հայրենիքը զինվորի կարիք ուներ»: Արմենը կռվել է Արամոյի ջոկատում` պաշտպանել Իջևանը, Կապանը, Գորիսը, Շահումյանը, Մարտակերտը, մասնակցել Քաշաթաղի ազատագրմանը, Հոչազի բարձունքների ու Սոս գյուղի պաշտպանությանը: 1992-ի հոկտեմբերի 19-ին զոհվել է Հոչազի բարձունքները պաշտպանելիս, հուղարկավորվել է Եռաբլուրում, 2002-ին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այսքանը: Տիկին Սոնան համարյա ոչինչ չկարողացավ ասել, նա որդու մահից 21 տարի հետո էլ, նրա անունը տալիս լաց է լինում ու միայն շնորհակալություն հայտնեց նրան հիշելու, նրա հիշատակը պահելու համար:
«Բարեպաշտ սերունդ» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանը ևս լակոնիկ էր` ասաց, որ հիմնադրամը կրթաթոշակներ է սահմանել, թոշակառու շատ ուսանողներ արդեն ավարտել են, շատերն էլ դեռ սովորում են: Հիմնադրամը տարեկան 100 միլիոն դրամ է հատկացնում ուսանողներին, այդ միջոցներով է բարեկարգվել նաև հեռաուսուցման կենտրոնը: Պատերազմի դաշտում թշնամին դեմ առ դեմ է, և հայրենասեր լինելը պարզ է, իսկ խաղաղության օրերին հայրենասիրության հարցը խնդրահարույց է: Հայրենասեր է այն ուսանողը, ով լավ է սովորում: Նա հույս ունի, որ կենտրոնը կօգնի սփյուռքահայ ուսանողներին ևս տիրապետել իրենց մասնագիտությանը: Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Կոթոլյանի մորը` «նման որդիների շնորհիվ այսօր հպարտանալու տեղ ունենք»: Հետո հաշմանդամների «Սատար» կազմակերպության նախագահ Հունանյանը խոսեց, որպես նախկին ուսանող, ազատամարտիկների իր սերնդի անունից, որ անկախության «գեղեցիկ շենքի չերևացող հիմնաքարն են», նրանց երիտասարդ կյանքի զոհաբերությունը անտեղի չէր, դա զոհաբերություն էլ չէր, ինքնադրսևորում էր, հայ լինելու ձև: Նա հիշեցրեց, որ, զոհվածներից բացի, եղել են ու կան վիրավորված ու, փառք Աստծո, որևէ վերք չստացած ազատամարտիկներ, և նրանց սխրանքը պակաս չէ: «Սատար» կազմակերպությունը զբաղվում է հանրության կողմից անտեսված ազատամարտիկների որոնումով: «Արամո» ջոկատը գումարտակի է վերածվել հետո և կռվել է մինչև հաղթանակ, ասաց պարոն Հունանյանը` շնորհակալություն հայտնելով Արմեն Կոթոլյանի մորը, ում «որդին հոյակապ մարդ էր ու քաղաքացի»: Պաշտպանության նախարարության թիվ 3332 հրամանով համալսարանի ուսանողներ, ազատամարտիկներ Կարեն Ավետիսյանը և Արշակ Հովհաննիսյանը պարգևատրվեցին «Գարեգին Նժդեհ» մեդալով: «Տղաների պարգևները այստեղ հանձնելը ճիշտ էր», ասաց «Սատար» կազմակերպության նախագահը: Նա կազմակերպության շնորհակալագիր հանձնեց նաև Արմեն Կոթոլյանի մորը, և տիկին Սոնան ծաղիկների ու շնորհակալագրի մեջ նորից որոնեց որդու ներկայությունը ու գուցե մի քիչ գտավ: Այսպես գնում ես մի տեղ, հայտնվում այլ տեղում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Լսարանախմբի բացման կարմիր ժապավենը համալսարանի ռեկտորի հետ հատեց Բարսեղ Բեգլարյանը: Իրականում նա էր իրադարձության «մեղավորը», որովհետև ինչպես դեկանն ասաց «պայթած» լսարանները ուսումնական ժամանակակից պահանջներին համապատասխանող տեսք էին ստացել նրա շնորհիվ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն էլ նա է ֆինանսավորում: Իսկ Բարսեղ Բեգլարյանը լուռ նստել էր ու ոչինչ այդպես էլ չասաց ոչ սկզբում, ոչ ընթացքում, ոչ հետո, թեպետ բոլորը նրան շնորհակալություն էին հայտնում ու կարևորում բարեգործության բարոյական ու ֆինանսական նշանակությունը: ՈՒ նրա լռությունն էլ հայ լինելու ձևերից մեկն էր, երբ քո արածների մասին խոսում են ուրիշները, իսկ դու վաստակել ես թե՛ խոսելու, թե՛ լռության իրավունքը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ