Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

«Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»

«Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»
19.11.2013 | 10:51

2011 թվականին ստեղծված «Orange» գրքի մրցանակը 2012-ին «Լավագույն վեպ» անվանակարգում շնորհվել է Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպին, որը վերջերս լույս է տեսել և ներկայացվել արդեն նաև ոչ համացանցային ընթերցողին:
«Փայտե շապիկ», «Ապակու արև», «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաքը» գրքերի հեղինակ Հովհաննես Թեքգյոզյանը, որ իրավամբ իրեն համարում է ոչ թե գրող, այլ ստեղծագործող, մեզ առաջադրում է օրինաչափության սահմանները բացառող խնդիր` իր բոլոր գրական և ոչ միայն գրական ստեղծագործություններով: Թե՛ «Մաշկացավում», որը նա բնորոշում է որպես «անտիվեպ», թե՛ դրան նախորդած գրքերում, որոնց ժանրը բնորոշելու հարցում ևս պետք է զերծ մնալ դասական որակումներից, թե՛ «Մաշկացավին» հաջորդած այլ գործերում («Բդակեր», «Սեռաթևեր», «Անդոյի ցիրկ»), որ ես հաճույքով ընթերցում եմ համացանցում, առօրեականն ու հանրածանոթը խաչաձևվում են տարաշխարհիկ նյութին և ապրումին` ձևավորելով անսպասելի համադրություն, որի ներդաշնակությունը ծայրահեղ հակասականության մեջ է: Երբ առանց կանխամտածված կանոնակարգի, հընթացս այս կամ այն զբաղվածության, դեգերում եմ համացանցային օվկիանոսում, չգրված մի օրենքով Հովհաննեսին «հանդիպում եմ» ամենախենթ մեղեդիների հնչյունների ներքո: ՈՒ ինչքան էլ խենթ լինի այդ պահին լսածս մեղեդին, ինչքան էլ տրված լինեմ դրա հորձանքին, Հովհաննեսը հաղթում է ու ինձ, այդ մեղեդու թևերին, տանում իր տարաշխարհիկ ոլորտ, որը, խոստովանեմ, առաջին հայացքից փշոտ է, նյարդայնացնող, «մաշկացավոտ», բայց անդիմադրելիորեն հրապուրիչ այնքան, որ չես կարողանում հրաժարվել շոկաթերապիայի այդ կուրսից, նույնիսկ վստահ չլինելով` սպանելո՞ւ է քեզ այն, թե՞ լիցքավորելու է որոշակի չափաբաժնով` հետագա հանկարծահասություններին դիմակայելու համար:
Ասեմ, որ «Փախչող քաղաքին» ես հրաժեշտ տվեցի «սպանված»: ՈՒ երբ ձեռքս առա «Մաշկացավը» (այսինքն` դրա էլեկտրոնային գիրը` netbook-իս էկրանին), հասկացա, որ մահը շարունակվում է, ու աչքերս արդեն Թեքգյոզյանի տողերի վրայով սահում են հանդերձյալ աշխարհից: Հարափոփոխ ցնցումներից բաղկացող իրականությունը, մխիթարության ոչ մի հույս չթողնող դիպվածների ու դրանց բացակայության հերթագայությունը, օրերի շարահար շղթան` օրագրության արտաքին դրսևորմամբ, խառնաշփոթ հարաբերությունների ու խզումների հայերեն, «sms»-երեն ու «google»-երեն պատումաշարն ընթերցողին զրկում է ինքնապաշտպանվելու-դիմադրելու որևէ հնարավորությունից, ու նա պարզապես գահավիժում է երկրային դժոխքի մերօրյա պարունակներով:
Ամեն բան կործանվում է, ջնջված են աբսուրդի և իրականության սահմանները` ի վնաս առողջ բանականության: Կենցաղը, սերը, երևակայությունը, հանցագործությունը, ծանոթներն ու անծանոթները համընդհանուր պտույտի մեջ են` անհասցե ու ամենուր իր հասցեն ունեցող գժանոցում: Այսպես է Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավում»:
ՈՒ երբ արդեն ամեն բան ավարտված է թվում, և հեղինակը, անշունչ մարմնի վրա սառը նշտարով մի վերջին հատում անող դիահերձողի նման, հայտարարում է` վերջ, իրականությունը մասնատվեց, մասնատվեց, օգոստոսի ղիամաթի բերանն ընկնելով` ցիրուցան եղավ, հալվեց, ընթերցողին մնում է բախել դժոխքի վերջին պարունակի դարպասները:
Բայց հանկարծ թունելի վերջում երևում է լույսը` «մի նամակ` անապատի չորուցամաք սեղանի վրա»` շրջանակի մեջ առնված գրի տեսքով: Պատգամ-մխիթարություն է, որ պառաված-քանդված տունն է հղել ամենակործան ավերը վերապրողներին` իր նախկին ապերախտ տերերին ու նրանց շառավիղ Տիգրանին: Մահամերձի սրտագիր հիշեցնող անհամաչափ զիգզագներով տրոփող այդ գիրը լի է սիրով, ջերմությամբ, խրատով, հանդիմանանքով, ցավով, բայց և հարազատի լուսավոր կարեկցանքով. իր ավեր մարմնի միակ փրկված բեկորը` պատուհանը, տունն ավանդում է իրենից բաժանվելիս լաց եղած երեք հոգուց ամենահավատարիմին` Կատվին` հուսադրելով. «Վերջը չի… Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»:
Այս տողերից հետո էր, որ, ի տարբերություն «Փախչող քաղաքի», վեպը (անտիվեպը) ավարտեցի չմեռնողի, վերապրողի զգացողությամբ: Բայց հավատալ, որ Հովհաննես Թեքգյոզյանի հաջորդ ստեղծագործությունն իր ընթեցողին տանելու է երազային, վերսլաց, ռոմանտիկ աշխարհներ ու կոկորդից բռնած չի սեղմելու` խեղդելու աստիճանի, կլինի անճարակ պարզամտություն: Ընդամենը կարելի է հույս ունենալ, որ Հովհաննես Թեքգյոզյանի գրի հետ մեր հաջորդ հանդիպում-շոկաթերապիան ևս կարող է ավարտվել կյանք վերադառնալու ակտով, որից հետո մենք դարձյալ կհամակվենք վերապրումի ապահով ինքնախաբեությամբ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ