Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«ՈՒզում եք լա՞վ ապրել, թե՞ ճիշտ ապրել»

«ՈՒզում եք լա՞վ ապրել,  թե՞ ճիշտ ապրել»
08.11.2013 | 12:05

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին,
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին,
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործություններն ամփոփող «Դեպի լեառն Աբուլ» գիրքը, որը հրատարակության է պատրաստել գրողի որդին` Վահագն Սարգսյանը, նախաբանը գրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Գիրքն իր համահավաք ամբողջականությամբ նվիրումի մի յուրօրինակ ղողանջ է, մտքի ու հույզի թանձրույթով չափագծված ջավախքյան մի դիմապատկեր, որ ասես արևելյան գորգերի վառվռուն գույներով բացապարզվում ու իր մեջ է ներառում այնտեղ ապրած ու ապրող մարդկանց խինդն ու տառապանքը, թախիծն ու հրճվանքը, դժվարություններին դեմերես կանգնելու կամքն ու կորովը, լեռների հառաչանքն ու հողի սրբությունը, անցյալի խիզախումների խճանկարը, բարձրագահ Աբուլի ու Մըթին սարերի վեհությունը…
Գրքում զետեղված գործերը բոլորիս կամ գրեթե բոլորիս են ծանոթ ու վաղուց են արժևորված, և այս պահին պատշաճ չէ ևս մեկ անգամ վերլուծական խոհերին տրվելը, կարևոր արժևորումն այս պահին երևույթն է, մեկ հայացքով պարագծված ստեղծագործությունների համահավաք խորհուրդը, գրողի խղճի ու սիրո ներանձնական շաղախը, որ տաղանդավոր գրչի արարումով ամբողջանում, զուլալվում ու գեղարվեստ է դառնում բոլորիս համար: Եվ ի՞նչ սեր է, հող ու ջրի, քար ու թփի հանդեպ ի՞նչ պաշտամունք ու նվիրում, որի համար խաչված քաղաքի խաչված ճակատագրերով մարդկանց հոգիները պատվի ու նամուսի համար մղվող կռիվներից հաղթանակած ելնում ու երկինք են համբառնում: Երկինք են համբառնում, որ մեր երկիրը մեզ համար երկիր դառնա, արժանապատվության դրոշ ու լինելության խաչքար դառնա, երկիր, որի օրորոցում ծնված երեխան խաղաղ մանկություն ունենա, իր գլխին ծնողի ներկայություն ու օրհնություն ունենա, վաղվա օրվա խորհրդով կերպավորված ջլապինդ կորովը նախապապերի շիրիմների մասին եղած հիշողություններով զորեղանա: Հետևում ես գրողի մտքի ու երևակայության ընթացքին և պատկերների տեսանելի շքերթում տեսնում այլևս անտեսանելին, լսում անլսելին. ահա Խաս բախչա կոչված քաղաքային այգին, աշխարհի թախիծը ցրող նվագախումբը, այգու ծառուղիներում արյան ջերմությունից շիկնող սիրահար զույգերի` հեքիաթի պես հյուսվող քչփչոցը, հուշերի մեջ թնջկված ծերունիների թելթռուց զրույցը… Եվ անցյալը դառնում է ներկա, մեր անվարտիք ժամանակների դիմակավոր երեսը լուսապսակվում է անցյալի նամուսով, և ապրելը դառնում է ցանկալի, մեռնելը` արժանապատիվ։ Որովհետև բացվող առավոտների զվարթության ու արևամարքի շշուկներում հյուսածո առկա է տողի կախարդանքը, և մենք վկան ենք այդ կախարդանքից արտաբերված մի ընթացքի, որ կոչվում է գրողի ճակատագիր, ճակատագիր, որ լույսի խորհրդով է չափագծված, Մկրտիչ Սարգսյան անունով է վավերացված, ով իր ճանապարհին փռված դարուփոսը իր մարդ լինելու վեհությամբ, գրող լինելու խաղաղությամբ ու իր բարությամբ էր հարթեցնելու:
Այս գիրքը բազում արժանիքների կողքին ունի մի յուրօրինակ արժանիք ևս. այն ընթերցելիս խաղաղություն է իջնում վրադ. խոսքը մաքուր է, բնական, պատկերները` թափանցիկ-տեսանելի, շունչը` կռվի տեսարանների մեջ անգամ բանաստեղծական, կարոտը` ապրեցնող, և բարությունն անսահման։ Նրա մտածողության ու տողերի հյուսվածքներում տեսանելի վրձնահարվածներով իր ծննդավայրի` Ջավախք աշխարհի շունչն ու պատկերն է. մանկության վառ ու գունագեղ հուշերը միահյուսվելով ծերունազարդ գրողի մայրամուտյան շողերի հետ մի ամբողջ կենսատարածք են բացապարզում, որտեղից սկիզբ առած թրթիռները բերում մեզ են հասցնում Ջավախք աշխարհի շողշողուն արևը, նահապետական գյուղի ոտուփեշին շուլալված նախաստեղծ մաքրությունը, կտուրների վրա կնճիռ կապած թոնրատների լավաշաբույր ծուխը, աշխարհը շալակած տանող հայերի ջլապինդ կորովն ու մայրերի հեզաբարո վարքը, ամայի դաշտերի վրա քրիստոնյա խաղաղությամբ ծփացող լռությունը, անձրևների մազգզուզ ճոճքն ու իրենց լռության մեջ լեզվանի դարձած աղբյուրների փափուկ կարկաչը, ցորենով լի ամբարների համր գոհությունը, սառնամանիքից եղյամ կապած ապակիների անթափանցիկ թափանցիկությունը, Աբուլի վերձիգ խոյանքն ու Փարվանայի ալիքների մանրիկ քչփչոցը։ Կարդում ենք գրողի ստեղծագործությունները, և նրա կարոտը փոխանցվում է մեզ, մեր հոգու հետ շուլալվում, մեր հոգին ջերմացնում ու դառնում է կարոտի և ճանաչողության դասագիրք:
Լույս իջնի գերեզմանիդ, վարպետ, մեր տաք ու պաղ օրերի հանգույն մեր խոսքը միմյանց հանդեպ հաճախ ճշմարտանման, բայց քո հասցեին միշտ և ամենուրեք ճշմարիտ է հնչել, քանզի ճշմարիտ նկարագրի ներկայությունը դու էիր ու քո հարցմունքը. «ՈՒզում եք լա՞վ ապրել, թե՞ ճիշտ ապրել»: Եվ դա բարդի մեջ պարզի գիտակցումն էր, թե` մարմնավոր կյանքի խտացումը, ի վերջո, մահն է, հոգևոր կյանքի խտացումը` լույսն ու հավիտենությունը: Իսկ մենք դեռ մոլորված էինք. լավ ապրելու հեռանկարում մեր միտքը թեպետ ձիավոր էր, բայց ափսոս, որ ձի չունեինք: Մենք մինչ ձի ճարելու փնտրտունքի մեջ էինք, ուրիշների քոսոտ յաբուները խփել սարն անցել էին արդեն: Եղած-չեղած այս է. երկրի վրա հյուսված ու երկնքում շարունակվող հեքիաթ է: Եվ թեպետ մեր բաժին հեքիաթը պառավել էր դեռ ջահել չեղած, բայց հեքիաթը մնում է հեքիաթ, որ պատմում ու լսում ենք, գրում ու վեհանում ենք: Վկան այս առիթը. կարդում ես գիրքը և երախտագիտությունը լեզվանի մրմունջ է դառնում շուրթիդ. մեր խոնարհումն ու խնկարկումը` քեզ, սիրելի վարպետ, իսկ մեզ` քո երկրային վաստակով և երկնային օրհնությամբ զորեղանալու բարեբախտությունը:


Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ