Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայ կինեմատոգրաֆիայի ամոթն ու խայտառակությունը

Հայ կինեմատոգրաֆիայի  ամոթն ու խայտառակությունը
25.10.2013 | 12:02

(սկիզբը՝ այստեղ)

ԱՆՑԱՆԿԱԼԻ ԴՐՎԱԳՆԵՐ
ա) Ամենաանցանկալի դրվագը, երբ Պողոս Տեր-Դավթյանը զոհվում է, և նրա սիրած աղջիկը` Անուշը, գերի է ընկնում թուրքերի մոտ ու բռնաբարվում բոլորի կողմից: Այդ է վկայում թուրքի խոսքը. «Մահմեդ, Վագիֆ, վերջը ով է»: Անունները պայմանական են: Այս խայտառակ կադրը ստիպեց ինձ երրորդ անգամ ամաչել` երրորդ անգամ ֆիլմը դիտելիս: Սա՞ է սերունդ դաստիարակելու ձևը: Նա, ով հայ է, թող պատկերացնի, թե ինչ զգացում կապրի ինքը, երբ իր աղջնակի հետ այս ֆիլմը դիտիւ: Այս այլանդակության փոխարեն հնարավոր չէ՞ր ներկայացնել այն հայուհու կերպարը, որի մասին Նժդեհը գրում է, թե ինչպես է Զանգեզուրի կռիվներից մեկում, զինվորներին ջուր հասցնելու ժամանակ, երկու անգամ վիրավորվում ու կոտրում կուժը, բայց, այնուամենայնիվ, ուժասպառ ու վիրավոր, կարողանում է գետից ջուր հասցնել զինվորներին: Ինքը` Նժդեհը, Նեստերովսկուն գրած պատասխան նամակում, նրա այն հարցին, թե ում վրա է դրել հույսը, պատասխանում է, որ իր հույսը իր երկրի բարձր լեռների, իր ժողովրդի կամքի և արդար դատի վրա է: Նկարագրելով հերոսուհու արարքը, հպարտանում է այս հայ կնոջ կերպարով: Ահա այսպես պիտի սերունդ դաստիարակել, ոչ թե բռնաբարություններով ու խղճահարույց տեսարաններով:
բ) Հաջորդ անցանկալի երկու տեսարանը, երբ Նժդեհի կատարածն ու ասածը կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը հանել են Նժդեհի դեմ: Առաջին. Պողոս Տեր-Դավթյանը, համաձայնության չգալով Նժդեհի հետ ինչ-որ հարցի շուրջ, ատրճանակը տալիս է նրան և առաջարկում կրակել իր վրա: Նժդեհը կրակում է պատերին: Սա կինոնկարի հեղինակների հիվանդագին երևակայությո՞ւնն է, թե՞ մտածված գողություն Նժդեհից: Այդ դեպքը եղել է 1920-ի մայիսի 25-ին` Դրոյի հետ, Ավետարանոց գյուղում, երբ Նժդեհը ձեռնամուխ էր եղել Արցախի վերամիավորմանը Լեռնահայաստանին: Որպես հմուտ քաղաքական գործիչ, ի տարբերություն Դրոյի, նա քաջ գիտակցում էր Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման վտանգը, քանի որ Ադրբեջանը խորհրդայնացել էր և սովետների ուժի շնորհիվ պիտի հավակներ ոչ միայն Արցախին, այլև Լեռնահայաստանին: Նա իր համախոհների հետ, այստեղ արդեն տեղին է հիշատակել Պողոս Տեր-Դավթյանի անունը, նաև համագործակցելով ղարաբաղցի Թևան Ստեփանյանի հետ, պատրաստվում էր արժանի հակահարված տալու թուրք-ռուս-ադրբեջանական բոլշևիկացած ուժերին: Բայց երբ հայտնվում է Դրոն և հայտնում կառավարության անունից, որ հայկական զորքերը պետք է դուրս գան Ղարաբաղից, Նժդեհը կասկածում և կռահում է սպասվող դավադրությունը, որը իրականություն դարձավ ՀՀ կառավարության ու Լեգրանի միջև 1920-ի օգոստոսի 10-ին կայացած համաձայնությամբ, ըստ որի` Լեռնահայաստանը պիտի դառնար Խորհրդային Ադրբեջանի անբաժանելի մասը: Բնականաբար, հայ ժողովրդի պանծալի զավակը չէր կարող չընդվզել նման ազգադավ որոշման դեմ: Կանգնելով Դրոյի դեմ՝ ասում է. «Մեր կյանքը մեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, իսկ եթե ուզում ես խփել ինձ, առ կրակիր», և ատրճանակը նետում է Դրոյին: Մեր անզուգական հերոսի այս քայլը ներկայացնելը կինոնկարին կհաղորդեր յուրատեսակ գեղեցկություն և կունենար նաև դաստիարակչական նշանակություն և կսովորեցներ, որ հատկապես պատմության առանցքային շրջաններում քաղաքական գործիչն իրավունք չունի սխալվելու: Վերոհիշյալ, մեղմ ասած, սխալի պատճառով հայությունը կրեց բազում զրկանքներ, իսկ հետագայում` Արցախյան հերոսամարտում տվեց բազմաթիվ թանկագին զոհեր: Իսկ թե որքան է բարոյական Նժդեհից գողանալ իր իսկ արարքը և հանել Նժդեհի դեմ, ինչպես այն ներկայացվում է կինոնկարում, թողնում եմ ֆիլմի ռեժիսորի ու սցենարիստի խղճին և ընթերցողի դատին:
գ) Պատմենք կատարված մեկ այլ գողության մասին, և թե ինչպես են Նժդեհին հանում Նժդեհի դեմ: Երբ չեկիստները, Աղեկյանի գլխավորությամբ, գաղտնալսումներ են կատարում, Նժդեհն ասում է. «Այս շները ըստ երևույթին հետաքրքրված չեն հայ ազգի ճակատագրով, այլ ցանկանում են իմ անունը օգտագործել` ընդամենը իրենց մարդկանց խցկելու դաշնակցության շարքերը` կուսակցությունը քայքայելու համար» (Վաչե Հովսեփյան, «Նժդեհ և ԿԳԲ», էջ 30): Իսկ ահա ֆիլմում լսվում է մի գռմռոց, որից ոչինչ չի հասկացվում, իսկ Աղեկյանը, լսելով այդ գռմռոցը, բացականչում է. «Վոտ սաբակա՜»: Ինչպես ատրճանակի պատմությանը, նաև այս դրվագին ֆիլմի հեղինակները քաջ տեղյակ են: Թե ինչու են դրանք գլխիվայր շրջելով նենգափոխել, իբր Նժդեհ են մեծարում, ասելով, որ իրենք, այսպես կոչված, գեղարվեստական ֆիլմ են նկարել, արդեն թողնում ենք հանդիսատեսի դատին:
դ) Զարհուրանք առաջացնող տեսարան, երբ Դևեջյանը բանտախցում հրում է Նժդեհին ու ասում. «Ընտանիքներդ ավերեցիր»: Դևեջյան կոչեցյալը ոչ այդքան ոգի ուներ, ոչ էլ բարոյականություն, որ կարողանար այդպիսի պահվածք ունենալ Նժդեհի հանդեպ (նրա մասին դեռ կանդրադառնամ մեկ այլ հոդվածում): Եթե կարդաք Վաչե Հովսեփյանի գրքի 58-րդ էջը, կիմանաք այդ մտացածին դրվագի թե՛ շարժառիթը, թե՛ Դևեջյանի, այսպես կոչված, մեղադրանքի պատասխանը: Այնտեղ գրված է. «Ավելորդ չեմ համարի ավելացնել ձեր օրգանի վերաբերմունքը իմ անձի հանդեպ: Իմ ընտանիքի ճակատագիրը ոչ մի դեպքում չի թուլացնում իմ զգացումը զոհաբերելու բոլորին, նույնիսկ իմ ընտանիքին, իմ ժողովրդի երջանկության համար»:
1952 թ. դեկտեմբերին Նժդեհի գրած դիմումը, հատկապես նրա վերջին մասը` ուղղված Հայաստանի ԿԳԲ-ի նախարարին, ոչ միայն ոսկե տառերով պիտի գրվի հայոց պատմության մեջ, այլև նրա հեղինակը պիտի ընկալվի իբրև իդեալական հայ, ճշմարիտ հայրենասեր` ի դեմս Նժդեհի: Այդ կերպարից տիեզերական հեռավորության վրա են դևեջյանները, մանարյաններն ու քեշիշյանները:
ե) Տղամարդուն ոչ հարիր տեսարան է, որտեղ Նժդեհը կնոջ մոտ պարծենում է` ասելով, որ թուրքի դեմ մենակ ինքը կարող է կռվել: Ֆիլմի հեղինակները, ըստ երևույթին, դարձյալ շփոթել են, այս դեպքում Նժդեհին Քաջ Նազարի հետ, միայն ՈՒստիանն էր պակասում: Եթե նրանք փոքր-ինչ ծանոթ լինեին Նժդեհի խառնվածքին, նրան չէին ներկայացնի որպես ինքնագովեստով զբաղվող անձնավորություն: Նժդեհին, Նժդեհի գաղափարախոսությանը ու գործերին քաջատեղյակ յուրաքանչյուր ոք պատրաստ է անձամբ տալու այն գերագույն գնահատականները, որոնց արժանի է Նժդեհը:
զ) Էկրանին գրվում է 1933 թ., Ատլանտյան օվկիանոս: Այդ ժամանակ Նժդեհը գտնվում էր ԱՄՆ-ում` ցեղակրոն շարժում սկսելու և հայրենապաշտ սերունդ դաստիարակելու համար: Այս գաղափարը ֆիլմի հեղինակներն ըմբռնել են հետևյալ կերպ, ինչը շատ կարևոր են համարել, հատկապես իգական սեռի դաստիարակման գործում: Այսպես` նավում հայտնվում է անբարոյական խառնվածքի տեր մի կին` Էլեն անունով (դերասանուհի՝ Նազենի Հովհաննիսյան), հանդիպում է Նժդեհին, հրավիրում է ռեստորան, ինչը Նժդեհը չի մերժում: Զրույցն այնքան տաղտկալի էր մտքերով ամբողջովին ցեղակրոն Նժդեհի համար, որ նա հազիվ է զսպում իրեն, մինչև հայտնվում է Արամոն, և նա կարողանում է ազատվել Էլենից: Եվ մինչև ազատվում է, կորչում է քրտնքի մեջ: Այդ պահը ինձ հիշեցրեց մի հումոր, որը լսել եմ երիտասարդ տարիներիս: Պառաված Զապելը պատմում է, թե ինչպես է դարձել մարմնավաճառ. «Երիտասարդ օրիորդ մըն էի և նավին մեջ օֆիսյանտ կաշխատեի: Օր մը ծովին մեջ փոթորիկ բռնվեցավ: Նավապետը մոտեցավ ինձ ու ըսեց` Զապել, եթե կուզես, որ ժողովուրդը փրկվե, այս գիշեր պիտի հետս քնանաս: Ես էլ հանուն ժողովրդի փրկության կատարեցի նավապետին ցանկությունը, ու ատեն ետքը նավին մեջ փրկարար կաշխատեի»:
Անշուշտ, Էլենը նժդեհյան առյուծածին մայրեր դաստիարակելու գործում «օրինակելի» կերպար է, գեղարվեստական «արժեք»:
է) Հաջորդ տեսարանն այնքան տհաճ էր, որ արդեն ֆիլմի նկատմամբ կորցրածս հետաքրքրությունը վերաճեց զայրույթի, երբ Էլենը, ծխախոտը շուրթերին, իմանալով Նժդեհի մասին, գալիս է նրա մոտ, փառաբանում նրան և ասում, որ ինքն էլ է Նախիջևանի Կզնութ գյուղից, և որպես «հայրենակցի»` նվիրում է հուշանվեր խաչքար, ինչը բացարձակ ավելորդություն էր: Այստեղ ես զայրույթից բացականչեցի. «Չիբուխ քաշի, աղջիկ ջան, չիբուխ»:
Այս տգեղ տեսարանների փոխարեն ֆիլմի հեղինակները Նժդեհի գրքերից, նրա հուշերից չեն գտել ոչ մի դրվագ, որը նվիրված լիներ հայ կնոջը, հայ առյուծածին մայրերին, որոնց օրինակով պիտի դաստիարակվեն մեր ապագա սերունդները:
ը) Հաջորդ տեսարանը Նժդեհի ձերբակալումն է: Այստեղ սցենարիստը օգտվել է Դևեջյանի «Բանտարկյալի մը հուշերը» գրքից, որտեղ գրում է, որ Նժդեհին ձերբակալել են առավոտյան ժամը 5-ին` ներխուժելով բնակարան: Ընդ որում, ֆիլմում ներկայացվում է, որ նրան մատնում է ինչ-որ բուլղարացի: Ինձ մնում է զարմանալ, որ ֆիլմ նկարելիս, հատկապես այնպիսի անհատականության մասին, ինչպիսին Նժդեհն է, չեն հիմնվում փաստերի վրա, այլ գեղարվեստականի անվան տակ ներկայացնում են` ինչ մտքներին փչի: Այժմ կասեք՝ չէ՞ որ ֆիլմի հեղինակներն օգտվել են Դևեջյանի հուշերից: Դրանց կարելի էր հավատալ, եթե չլիներ հենց Նժդեհի պատմությունը իր ձերբակալման մասին իր դիմումում` գրված Վորոշիլովին 1954 թ. փետրվարի 26-ին (ԱԱ արխիվ): Իսկ այնտեղ Նժդեհը գրում է. «1944-ի սեպտեմբերի 9-ին խորհրդային զորքերը մտան Սոֆիա: Ես նամակ գրեցի գեներալ Տոլբուխինին (Բուլղարիայում խորհրդային զորքերի հրամանատար- Բ. Ստ.), որ խորհրդային հրամանատարությանը առաջարկեմ իմ ուժերն ու կարողությունները Թուրքիայի դեմ պայքարում, քանի որ ամբողջ բուլղարական հասարակությունը սպասում էր, որ ռուսները, օգտվելով իրենց հաղթանակից, կգրավեն Կոստանդնուպոլիսն ու Դարդանելը: Մի ամիս անց, հոկտեմբերի 9-ին, ինձ հրավիրեցին խորհրդային լեգացիա և հաղորդեցին, որ ես պետք է մեկնեմ Մոսկվա, որպեսզի ղեկավարությանն անձամբ անեմ իմ առաջարկը: Երրորդ օրն ինձ տեղափոխեցին Բուխարեստ, իսկ այնտեղից Մոսկվա և… բանտարկեցին Լուբյանկայում:
Նախքան Բուխարեստ մեկնելը «հրավիրված» Նժդեհը եղել է Ռումինիայի Իշաքլար գյուղում: Ակնհայտ պարզ է, որ Նժդեհին լկտիաբար խաբել են, իսկ խեղճ բուլղարացուն մատնիչի դերում ներկայացնելը բոլորովին անհիմն է, քանի որ Աղեկյանի պատասխանից, գրված Վլադիմիրի բանտապետ Կուզնեցովին, հիշում ենք, որ «օպերատիվ մտածելակերպից» ելնելով` Բուլղարիայում չգիտեին Նժդեհի ձերբակալման մասին: Իսկ ֆիլմում ներկայացված ձերբակալության տեսարանն իրականությանը չի համապատասխանում: Վստահ եմ, որ իրականությունը ճիշտ ներկայացնելու դեպքում դա մի արժանի ապտակ կլիներ չեկիստներին, բայց այս դեպքում պահը բաց է թողնված:
Խորհրդային ֆիլմերում, երբ ներկայացվում էր այս կամ այն հերոսը, մանավանդ եթե նա ժամանակակից էր, ձգտում էին դերասանին ընտրել հնարավորինս նման արտաքինով: Դևեջյանը եղել է ճաղատ, իսկ ֆիլմում նա խիտ մազերով, բեղ-մորուքով է (Վիգեն Ստեփանյան): Մեծահասակ Նժդեհի դերակատարը, մանավանդ բանտում, Արտաշես Ալեքսանյանն է` օլիգարխի արտաքինով, կերած խմած, «տրոյկի ժիլետն» էլ հագին: Եթե նայենք Նժդեհի «Բանտային գրառումներ» գրքում տեղադրված երկու լուսանկարներին` կողքից և դիմացից, ապա կարդանք Վորոշիլովին ուղղված Նժդեհի դիմումը, որում մասնավորապես գրում է, որ երբեմնի իդեալական առողջություն ունեցող տղամարդուն կյանքը վերածել է փլատակների, ապա կհասկանանք, որ այդպիսի բանտարկյալ Նժդեհ, ինչպես ներկայացված է ֆիլմում, չի կարող լինել: Իսկ եթե ֆիլմի պատասխանատուները անկարող էին Նժդեհի հերոսական վառ կերպարը ներկայացնելու, հույսը դնելով Հայկոյի երաժշտության ներքո ժողովրդի խղճմտանքի ու հույզերի վրա խաղալուն, ապա հարկ եմ համարում նկարագրել մի դրվագ բանտային կյանքից, որտեղ հնարավորություն կունենայինք, ըստ ֆիլմի երևելիների ցանկության, ազգովին արտասվելու։ Օրինակ, Նժդեհի դիմումը ժողկոմ Աբակումովին (1946 թ., փետրվարի 1, Լեֆորտովո բանտից). «61 տարեկան եմ, զգում եմ, որ այլևս չեմ դիմանալու բանտային ռեժիմին և զոհվում եմ։ Ինչ որ ունեի, մաշվել է։ Հիմա ցնցոտիների մեջ եմ և կիսաբոբիկ։ Խնդրում եմ Սոֆիայում կամ ԽՍՀՄ-ում բնակվող եղբորիցս ստանալ հագուստ»։
Միակ դերակատարը, ով նման է Նժդեհին, երիտասարդ Նժդեհն է, որի անունը, եթե չեմ սխալվում, Շանթ է, և ով այդ դերի համար մրցանակ ստացավ: Սակայն հետաքրքիր ու զարմանալի է, որ նրա փոխարեն Նժդեհի կոչերը հնչեցնում է Արտաշես Ալեքսանյանը` բարակ ձայնով: Սա՞ է հայ մրցանակակիր դերասանը: Ենթադրում եմ, որ այդ մրցանակը տրվել է նրան Պողոս Տեր-Դավթյանի զոհվելիս սրտանց լացելու համար: Անցողիկ ասեմ, որ, ինչպես նշել եմ վերևում, Պողոսը չի մասնակցել Ղարաքիլիսայի հերոսամարտին, իսկ Սիսիանի Դարաբաս գյուղում հերոսաբար զոհվելու ժամանակ Նժդեհը ներկա չի եղել, այլ գտնվել է Կապանի Հանքերում, որտեղ Նժդեհի շտաբն էր:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Վերոհիշյալ փաստերն ապացուցում են, որ, իբր մեծարելով Նժդեհին, ֆիլմի հեղինակները հիմնականում կատարել են իրենց հովանավորող արևմտյան (և ոչ միայն) ուժերի ծրագիրը. առաջին հերթին` տապալել ազգային դաշտը, որն առանց այդ էլ թմրած վիճակում է գտնվում: Իսկ որպեսզի դուրս չգա թմբիրից` Ցեղակրոնությունը հայտարարել ֆաշիզմ, իսկ Ցեղակրոնության հեղինակին դարձնել խրտվիլակ, ինչը ֆիլմի հեղինակներին, ըստ իս, հաջողվել է, քանի որ «բիզնեսի Նժդեհին» մեր մարդասեր ժողովուրդը հավանել է:
Ֆիլմի իրական հերոս կարելի է համարել Պողոս Տեր-Դավթյանին: Այստեղ քիչ դեր չեն ունեցել Կապանից մի քանի կոպեկ տվող հովանավորները, քանի որ Պողոսը Կապանի Վերին Խոտանան գյուղի ծնունդ էր:
Վերջում ավելացնեմ Նժդեհի լեզվով. «Կրոնը ծնունդ է աստվածային մեծության, մարդկային հոգու, իսկ ցեղակրոնությունը` ծնունդ հայրենիքի համար ամեն օր, ամեն վայրկյան արյունող հայկական սրտի»:
Իսկ այս տխրահռչակ ֆիլմում հայրենիքին նվիրվածությունը ներկայացվում է որպես ֆաշիզմ: Ցեղակրոնությունը ոչ թե ֆաշիզմ է, այլ, Նժդեհի խոսքերով, ջերմաջերմ պաշտամունք է դեպի մեր նախահայրերը և ստեղծագործ հավատ` դեպի մեր ազգի մեծ ապագան: Իսկ մեծ ապագան Նժդեհը տեսնում է Ցեղակրոնության մեջ, որը ոչ հեթանոսություն է, ոչ հակաքրիստոնեություն և ոչ էլ պատահական մարդկանց ձեռքի խաղալիք, որ մի քանի օր կարդալով` սցենար գրեն սուտ և սխալ փաստերի վրա, և խղճահարույց Նժդեհ մոգոնեն: Մինչդեռ «Նժդեհ» կինոնկարը, իմ պատկերացմամբ, պիտի լինի ֆիլմաշար, ամեն մի ֆիլմը` նվիրված նրա ապրած յուրաքանչյուր տարուն, որ սերունդը տեսնի իր իրական հերոսին: Նման մարդկանց «շնորհիվ» է, որ Նժդեհը առայսօր ներգրավված չէ դպրոցական ու բուհական ծրագրերում: Մեզ մատուցվեց նժդեհակոսմոպոլիտիզմ, և մենք մարսեցինք: Այսօր ծածուկ շարունակում են 6-սերիանոց նոր «Նժդեհ» նկարել: Գուցե տեսնենք հերթական դավադրությունը: «Գարեգին Նժդեհ» ֆիլմը հայ կինեմատոգրաֆիայի ամոթն է ու խայտառակությունը:


Բագրատ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ