Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Ես մտածում եմ թանգարանը լուծարելու, այդ ցուցանմուշները մեր թանգարանի ֆոնդեր տեղափոխելու մասին»

«Ես մտածում եմ թանգարանը լուծարելու, այդ ցուցանմուշները մեր թանգարանի ֆոնդեր տեղափոխելու մասին»
24.10.2013 | 18:10

Ականավոր լեզվաբան, պատմաբան Գրիգոր Ղափանցյանի թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հինգ մասնաճյուղերից մեկն է: Տեղակայված է Աշտարակի` իր անունը կրող դպրոցում: Մեզ հետ զրույցում գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ Ղափանցյանի թանգարանը, մեղմ ասած, ողբալի վիճակում է:

«Եթե այլ դպրոցներ, թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի, կրում են գրողի, արվեստի և այլ բնագավառների ներկայացուցչի անուն, բնականաբար, ինչ-որ անկյուններ են ստեղծում հեղինակին նվիրված,- ասաց նա:- Ինչո՞ւ եմ այս համեմատությունն անում: Հիմնականում բոլորը սնվում են մեր թանգարանից, մենք սիրով նյութերը թվայնացնում ենք, տրամադրում: Ղափանցյանի պարագայում այդ բոլոր նյութերը, գույքը, ամեն ինչ, քանի որ տարածք չկա, տեղակայվել են իր անունը կրող սենյակում: Բայց այդպիսի՞ բարձիթողի վիճակում, ես զարմանում եմ, քանի անգամ դիմել եմ գործող տնօրենին, մի՞թե մի սենյակը հնարավոր չէ քիչ թե շատ խնամքով նայել: Մանավանդ որ այցելու էլ չի լինում, ու ես մտածում եմ թանգարանը լուծարելու, այդ ցուցանմուշները մեր թանգարանի ֆոնդեր տեղափոխելու մասին»:
Ղափանցյանի թանգարանը նույն կարգավիճակն ունի, ինչ ԳԱԹ-ի մյուս մասնաճյուղերը. Դսեղում` Թումանյանի, Գորիսում` Բակունցի, Աշտարակում` Պերճ Պռոշյանի, և Երևանում` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները: Մեկ տարբերությամբ՝ նշվածներից չորսը հանրապետությունում հայտնի մշակութային օջախներ են, մինչդեռ Ղափանցյանի թանգարանը զարհուրելի պայմաններում է գտնվում:
Հարցին` ինչո՞ւ են անվանի լեզվաբանի թանգարանի ցուցանմուշները հայտնվել դպրոցում, երբ ժամանակին այն ունեցել է տուն-թանգարան, Կարո Վարդանյանը պատասխանեց, որ դա շատ վաղուց էր, հրաշալի տուն է եղել` Ղափանցյանների գերդաստանի նախկին տունը, 90-ականներին դատուդատաստան է եղել, ինչ-որ սեփականատեր է հայտնվել և տունը, այսպես ասած, իրենով է արել: Արդյունքում` ցուցանմուշները մնացել են դպրոցի տնօրենության հայեցողությանը: ԳԱԹ-ի տնօրենը վստահեցնում է` որքան էլ դպրոցը տրտնջա, թե միջոցներ չունի և այլն, շատ հեշտ է մեկ սենյակը պահել ուշադրության կենտրոնում:
«Էլի եմ կրկնում, որ դիմելու եմ մշակույթի նախարարություն, որպեսզի քննարկվի այս հարցը, թանգարանը լուծարեն ու նյութերը տեղափոխվեն մեր ֆոնդեր: ՈՒնենք 1200 հեղինակների ֆոնդեր, այդ թվում` Գրիգոր Ղափանցյանի ֆոնդ, այդ ամենը կտեղավորենք իր ֆոնդում»,- ասաց նա:
Գրիգոր Ղափանցյանի թանգարանում պահվում են անվանի լեզվաբանի կյանքն ու գիտական բեղմնավոր գործունեությունը ներկայացնող շուրջ 300 ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, կերպարվեստի գործեր, անձնական իրեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ