Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Երևանյան պրեմիերա. ճանաչված մենակատարներ՝ մեկ համերգում

Երևանյան պրեմիերա. ճանաչված մենակատարներ՝ մեկ համերգում
16.10.2013 | 16:00

Հոկտեմբերի 17-ին` ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու (Ուկրաինա/Իտալիա), ջութակահար Հայկ Կազազյանի (Հայաստան/Ռուսաստան), կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանի (Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։
Կներկայացվեն Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, երկ 16 սոլ մինոր (մենակատար՝ Ալեքսանդր Ռոմանովսկի), Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, երկ 47 ռե մինոր (մենակատար՝ Հայկ Կազազյան), Սերգեյ Կուսեվիցկու Կոնտրաբասի կոնցերտը, երկ 3 ֆա դիեզ մինոր (մենակատար՝ Հայկ Խաչատրյան)։
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ընտրված է համերգային պրոֆեսիոնալ և բարդ ծրագիր։ Նա կարևորեց վաղը կայանալիք համերգը, քանի որ հանդես են գալու Հայաստանից դուրս բացառիկ հաջողությունների հասած հայ մենակատարներ։ Սերգեյ Սմբատյանը ընդգծեց, որ Ալեքսանդր Ռոմանովսկին Հայաստանում ելույթ է ունենում առաջին անգամ, իսկ ջութակահար Հայկ Կազազյանը հայաստանյան հանդիսատեսին կներկայանա 17 տարվա ընդմիջումից հետո։
Ալեքսանդր Ռոմանովսկին նկատեց, որ հաճելի և ոգևորող է ելույթ ունենալ երիտասարդ երաժիշտների հետ, ինչը նաև շատ պատասխանատու է, քանի որ երիտասարդներն ավելի արագ են արձագանքում. նրանք կարող են ընդօրինակել և՜ լավը, և՜ վատը, ուստի շատ կարևոր է, թե ինչպես ես աշխատում նրանց հետ։ Խոսելով Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ի մասին՝ Ա. Ռոմանովսկին նշեց, որ այն իր սիրած ստեղծագործություններից է. «Պրոկոֆևն այն գրել է 21 տարեկանում, և պետք է ասել, որ իսկական տաղանդն արտահայտվում է ցանկացած տարիքում։ Այս Կոնցերտում մենք կարող ենք տեսնել հեղինակի ամբողջ հզորությունն ու աներևակայելի ֆանտազիան»։
Շվեյցարաբնակ կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ աշխատել է ամռանն Իտալիայում։ Նա հատկապես շեշտեց, որ երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությունը Հայաստանում սոլո նվագելու հնարավորություն է տալիս, ինչը շատ կարևոր է, քանի որ գործիքը (տվյալ դեպքում՝ կոնտրաբասը) ավելի շատ հետաքրքրություն է ներկայացնում, երբ հնչում է առանձին։ «Ես վստահ եմ, որ Կուսևիցկու Կոնտրաբասի կոնցերտը (որն ի դեպ երևանյան պրեմիերա է) լսելուց հետո հետաքրքրություն կառաջանա կոնտրաբասի նկատմամբ»,- նշեց Հայկ Խաչատրյանը։
Ջութակահար Հայկ Կազազյանն էլ ընդգծեց, որ 17 տարի անց հուզմունքով է բարձրանալու հայկական բեմ։ «Ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում գալ Հայաստան։ Հարազատ քաղաքում ելույթ ունենալը շատ ավելի դժվար է, պատասխանատու, քանի որ գիտես, որ բոլորի սպասելիքները մեծ են»։

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ