Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին»

«Վար մնացած մարդու համար  արդեն խորթ է իմ հոգին»
01.10.2013 | 11:36

Տիեզերքում աստվածային մի
ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը
հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն
խորթ է իմ հոգին:

Սա գրողի երևակայությամբ ստեղծված անիրական հրաշապատում չէ և նպատակ չունի որևէ գաղափար ընդգծելու, կյանքի որևէ երևույթ ավելի վառ ու ցայտուն ներկայացնելու: Սա ներկայից մտքով և հոգով առաջ անցնելու, ապագայի մեջ ինքն իրեն տեսնելու մի հայտնություն է: Սա ճանապարհ է, որով Աստված խոսում է բանաստեղծի հետ, որպեսզի նա հասկանա, թե ով է ինքը: Նման հայտնությունները սովորաբար տրվում են տեսիլքի միջոցով, երազով, հրեշտակների միջոցով կամ էլ որպես Աստծուց ստացած ուղիղ անդրադարձ:
Բանաստեղծը գիտի, որ ճշմարիտ իրականությունը բացվում է միայն այն ժամանակ, երբ «երկրի փառքին անհաղորդ է հոգին»: Ճշմարիտ իրականությունն այն է, որ երկիրը ժամանակավոր է: Աստված ինչպես այս երկիրը ջրով դատեց, այնպես էլ կրակով է դատելու, հրո ճարակ է դարձնելու: ՈՒրեմն, այս երկիրը «անցվոր» է, այսինքն` անցնող, գնացող, ժամանակավոր: ՈՒստի այդ անցողիկ փառքին անհաղորդ է բանաստեղծի հոգին: Աստծո խոստման համաձայն` բանաստեղծը նոր երկնքի և նոր երկրի է սպասում, որոնցում արդարություն է բնակվում (Բ Պետր. 3.13): ՈՒրեմն, ինչպես նոր երկրի վրա, այնպես էլ նոր երկնքի մեջ բնակվողներ պետք է լինեն, որպեսզի այնտեղ արդարություն կարողանա բնակվել: Նա գիտի, որ «Տիեզերքում աստվածային ճամփորդ» իր հոգին քանի դեռ «անցվոր երկրի» վրա է՝ Աստծո ներկայության մեջ, ավելի ընդունակ է քայլելու Աստծո իմաստությամբ և մնալու Աստծո ճանապարհի վրա:
Առայժմ երկրի վրա գտնվող Թումանյանի համար «մինչև աստղերը հեռացած ու վերացած հոգին» տեսնում է, որ աստղերից անդին գտնվող ոլորտն ավելի իրական է, քան «վար մնացած մարդու» աչքին երևացող ֆիզիկական աշխարհը: Խոսքն անապաշխար և վերստին ծնունդ չունեցող մարդու մասին է, ով ֆիզիկական աշխարհի հետ շփվում է իր հինգ զգայարաններով (ականջ, քիթ, բերան, աչք, ձեռք): Հոգևոր աշխարհի հետ հաղորդակցվող պոետի հոգին խորթ է այդ մարդուն:
Երկրի վրա իր կյանքի վերջին տարիներն անցկացնող պոետի համար Աստված ավելի իրական է դարձրել այն երկնայինն ու հավիտենականը, որ վայելելու է «աստվածային ճամփորդը» տեղ հասնելուց հետո: Աստված օգնում է նրան` «վար մնացածներին» փոխանցելու երկնային իրողությունը: Թումանյանի համար միանգամայն պարզ է, որ երբ մարդ քայլի ու ապրի հոգու աչքերի տեսածով, ապա երկրի վրա եղած ժամանակ էլ կլինի Աստծո հետ և կտեսնի Նրա փառքը: Նա գիտի, որ իր սրտի, հոգու աչքերը բաց պատուհաններ են, որոնցից երևում է երկնոլորտը` հոգիների հանգրվանը: Նա Աստծո Խոսքից գիտի, որ սրտի, հոգու աչքերով մարդը ցանկացած ժամանակ կարող է մոտենալ Աստծո Շնորհաց Աթոռին: Եվ գիտի նաև, որ դեպի Աստված շարժվելիս Աստված ավելի իրական է դառնում:
«Վար մնացած մարդը», այսինքն` աշխարհայինը, աշխարհը, պոետին չի ճանաչում, որովհետև Նրան էլ չճանաչեց. «Նա աշխարհի մեջ էր, աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը չճանաչեց Նրան» (Հովհ. 1.10): Աստծո Որդին Թումանյանին հասկացողություն տվեց, որ իմանա Իրեն: Նա տեսնում էր Նրա հայտնված փառքը, ինչպես աշխարհը շուտով պիտի տեսնի այն, երբ Տեր Հիսուսը գա ամպերով` Երկնքից այս երկրի վրա հայտնվելու, և ամեն աչք պիտի տեսնի Նրան, սակայն հավատացյալները պիտի տեսնեն Նրան այնպես, ինչպես Նա է, ոչ թե ինչպես հայտնում է Իրեն:
Թումանյանը հասկանում էր Նրա խորհուրդները, նա տեսնում էր Նրա ներքին փառքը, օր օրի լցվում էր պոետի սիրտը: Նա Աստծո հետ ընդհանուր զգացումներ ու մտքեր ուներ: Աստված Իր սիրտը բացել էր բանաստեղծին և խոսում էր Իր սրտի գաղտնիքներից: Թումանյանը հասկանում էր Նրա խոսքերը և բաժանում Նրա զգացումները: Նա հաղորդություն ուներ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ: Այդ հաղորդությունը, ինչ խոսք, Աստծո բնույթին համաձայն էր: Աստված լույս է, հետևաբար Թումանյանը լույսի մեջ էր: Նա լույսի մեջ էր քայլում: Թումանյանին չէր հետաքրքրում, թե ինչպես է քայլում, այլ հետաքրքրում էր, թե դեպի ուր է քայլում: Երբ նա խոսում էր լույսի հետ համաձայնության մեջ քայլելու մասին, պարզ է, որ խոսքը նրա գործնական ընթացքի մասին էր, խոսքը դիրքի` դեպի ուր քայլելու մասին էր:
Թումանյանը գիտեր, որ ազատագրվել է խավարի իշխանությունից և «լույսի մեջ բնակվող սրբերի վիճակին» (Կողոս. 1.12–13) մասնակից լինելու է արժանացել: Միայն Աստծո Խոսքով է, որ Թումանյանը իմացավ Աստծուն և Նրա խոհերը: Աստված Իրեն Իր Խոսքի միջոցով հայտնեց Թումանյանին: Նրա հոգևոր կյանքի ամեն մի դարձվածք առնչվում է Աստծո Խոսքին:
Կյանքի տարբեր անելանելի վիճակներից դուրս գալու համար մարդուն անհրաժեշտ է Խոսքի հայտնությունը: Իրերն ու երևույթները նոր աչքով տեսնելու, թվացյալ անքննելին քննելի դարձնելու կարողություն է տալիս նրան «Ճշմարտության Հոգին, ՈՒմ այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և Նրան չի ճանաչում…» (Հովհ. 14.17): Թումանյանը ճանաչում է, որովհետև այդ Հոգին նրա մեջ է և նրան առաջնորդում է ճշմարտության ճանապարհով` ամբողջությամբ հայտնելով Հիսուսին, Ով էլ հենց Ճշմարտությունն է:
Թումանյանը որպես Աստծո շնորհ, ընծա, և ոչ թե որպես մարդկային ջանքերի ձեռքբերում է ընդունում իր «տիեզերական, աստվածային ճամփորդ» լինելը: Նա հանձնվում է «Աստծուն և Նրա շնորհի Խոսքին», Նրան, Ով բարձրացրել է իրեն և ժառանգություն տվել Իր բոլոր սրբերի հետ: Բանաստեղծը իր ժառանգությանը տիրացել է հենց երկրի վրա եղած ժամանակ. նրա` երկրից հեռացած, մինչ աստղերը վերացած հոգին իր երկնային տանն է: ՈՒրեմն, նա ժառանգել է Երկինքը` որպես իր տունը:
«Տիեզերական աստվածային ճամփորդի» սիրտը քննություն է բռնել և երկնոլորտ դուրս գալու անցագիր է ստացել: Բայց սա հոգու ճամփորդություն է, ոչ թե մարմնի: ՈՒրեմն, այս ճամփորդության մեջ նոր` հոգևոր օրենքներ են գործում: Բանաստեղծը գիտի, որ հոգևոր աշխարհն ու նրա օրենքներն ավելի զորեղ են, քան ֆիզիկական աշխարհն ու նրա օրենքները: Հավատի ուժը, հոգևոր ուժն է ստեղծել այս աշխարհը և այն ֆիզիկական օրենքները, որոնցով ղեկավարվում է այս աշխարհը:
Տիեզերական ձգողության օրենքը իմաստ չէր ունենա, եթե տիեզերական ձգողությունը իրական ուժ չլիներ: Տիեզերական ձգողության օրենքը գործում է հենց տիեզերական ձգողության ուժի շնորհիվ: Նույն կերպ հոգևոր օրենքն անօգուտ կլիներ, եթե հավատի ուժն իրական ուժ չլիներ: Հավատը իրական ուժ է: Հավատը հոգևոր ուժ է, հոգևոր էներգիա, հոգևոր հզորություն: Հենց հավատի ուժի շնորհիվ է, որ գործում են հոգևոր աշխարհի օրենքները: Երբ օգտագործվում է հավատի ուժը, հոգու այդ օրենքները գործում են այնպես, ինչպես Աստված է որոշել. «Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքը փրկեց մեղքի և մահվան օրենքից» (Հռոմ. 8.2): Հոգու աշխարհում կա երկու հիմնարար օրենք: Դրանցից մեկը՝ մեղքի և մահվան օրենքը, սկսեց գործել Ադամի անհնազանդության պատճառով, մյուսը` կյանքի և հոգու օրենքը, սկսեց գործել Հիսուս Քրիստոսի շնորհիվ, երբ Նա հարություն առավ: Կյանքի և հոգու օրենքը այն գլխավոր օրենքն է, որին, որպես Աստծո որդիներ, ենթակա են բոլոր «աստվածային ճամփորդության» դուրս եկածները: Այդ օրենքը փոխարինում է մեղքի և մահվան օրենքին, իսկ հավատը նրան գործողության է մղում: Փրկությունը երկրի երեսին հասանելի է ամեն մի մարդկային էակի, քանի որ Խոսքի մեջ ասված է. «Ամենայն ոք, որ Տիրոջ Անունը կանչի, կփրկվի» (Հռոմ. 10.13): Կյանքի և հոգու այս առավել բարձր օրենքը ներկա է երկրի վրա, բայց, այնուամենայնիվ, շատ մարդիկ մեռնում են և դժոխք են գնում: Պատճառն այն է, որ այդ մարդկանց կյանքում երբևէ չի սկսել գործել փրկության օրենքը: Վերջինս կսկսի գործել, եթե կիրառվի:
Աստվածաշունչն ասում է, որ Աստծո Խոսքը մնում է հավիտյան. «Եթե Աստծո Խոսքի հանդեպ հավատք ունենանք, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Ով որ այս լեռանն ասի` ել և ծովն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, կլինի` ինչ էլ ասի, կկատարվի» (Մարկ. 11.23): Սա տեսություն չէ: Սա փաստ է, սա հոգևոր օրենք է և ճիշտ կիրառելու դեպքում կգործի անշուշտ:
Հիսուսը երկրի վրա գործեց հավատի այս սկզբունքով, և փոթորիկը ենթարկվեց Նրան, մեռելները հարություն առան, դևերը դուրս եկան այսահարների միջից, խուլերը լսեցին, համրերը խոսեցին, անդամալույծները ոտքի ելան: Նա գործեց Աստծո հավատով, Աստված հավատի Աստված է և Իր հավատը գործի է վերածում Խոսքով: Հիսուսը նմանակեց Հորը և ստացավ նույն արդյունքները, ինչ Հայրը: «Ով որ հավատում է Ինձ, ինքն էլ կկատարի այն գործերը, որ Ես եմ անում, և դրանից ավելին կկատարի, որովհետև գնում եմ Իմ Հոր մոտ» (Հովհ. 14.12):
Այս ամենից երևում է, որ «աստվածային ճամփորդի» կյանքի սկզբունքն ամբողջովին կախված է Աստծո Խոսքից: Թումանյանը՝ որպես «աստվածային ճամփորդ», բացվում է Աստծո Խոսքի հետ ունեցած իր կապով: Աստծո շնորհ ստացած և «Աստծո Սիրելի Որդու թագավորություն» փոխադրված բանաստեղծը, ինչպես վկայում է Խոսքը, նույն ընդունելությանն է արժանանում, ինչ Որդին, այսինքն` նույնացվում է Նրա հետ. «Աշխարհը մեզ չի ճանաչում, որովհետև Նրան էլ չճանաչեց» (Ա Հովհ. 3.1): Ահա թե որտեղից է գալիս «Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին» հայտնությունը: Հիրավի, սա Աստծո Խոսքի հետ բանաստեղծի անմիջական կապի արդյունքն է: Իսկ Աստծո Խոսքն ուսուցանում է, որ Աստված որոշակի ծրագիր ունի պատմության ամեն մի շրջանի, ամեն ազգի, ժողովրդի և առանձին մարդու համար: Թումանյանը՝ որպես անհատ, իր հանդեպ ունեցած Աստծո ծրագիրը բացահայտում է երկրի փառքի նկատմամբ ունեցած իր անտարբերությամբ, իր մեջ Աստծո թագավորության հաստատմամբ: Նա համոզված է, որ իր կյանքն ընթանում է ըստ Աստծո ծրագրի:
Թումանյանին հայտնի են Աստծո մտադրություններն ու վերջնական նպատակը, այսինքն` այն, որ մարդը պետք է բաժնեկից լինի Աստծո կյանքին: Ըստ էության, սա է եղել նաև արարչագործության նպատակը: Այս աշխարհըմբռնումն է, որ «Երկրի փառքին անհաղորդ» պոետի հոգին հանել է տիեզերական աստվածային ճամփորդության:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 4468

Մեկնաբանություններ