Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Դու անհուն ես, անանուն ես ու անես…»

«Դու անհուն ես, անանուն ես ու անես…»
27.09.2013 | 11:26

Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…»,
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժպիտը հոգուս դեմ.
-Ի՞նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես…

Բանաստեղծը խոսում է ինքն իր հետ, խոսում է անձայն: Ընդամենը ի՞նչ է ունեցածը. շիրիմ, մի հողաթումբ և անուն, ուրիշ ոչինչ… Աստված լսում է ոչ միայն բարձրաձայն ասվածը, այլև մտածածը, լռությունից ցածր ձայնով ասվածը, լսում է և պատասխանում. «Ի՞նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես, Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես…»:
Աստվածաշնչին քաջատեղյակ ու Աստծո հետ բերանից բերան խոսող բանաստեղծը ինքն իրեն չի աստված կոչողը, այլ Նա` Աստծո Որդին, որ ասում է. «Դուք աստվածներ եք, և ամենքդ` Բարձրյալի որդիներ» (Հովհ. 10.34-35): Ո՞Ւմ է ակնարկում Տերը, ովքե՞ր են այդ «ամենքը»: Նրանք Աստծո դեսպան-ներկայացուցիչներն են Երկրի վրա, Իր ձեռքով ժողովուրդների վրա դատավորներ կարգվածները, որ կատարում են Նրա կամքը, Նրա խոսքը: 82-րդ սաղմոսից Հիսուսի շուրթերով կատարված այս մեջբերումը ոչ միայն Թումանյանին է ուղղված, այլև բոլոր նրանց, ում Աստված Ինքն է դատավոր կարգել ժողովրդի վրա. «Այն ժամանակ պատվիրեցի ձեր դատավորներին՝ ասելով` ձեր եղբայրների միջև եղած դատերը լսեցեք և արդարությամբ դատեցեք ամեն մարդու դատը` թե՛ իր եղբոր հետ, և թե՛ օտարների հետ: Դատաստանի մեջ աչառություն չանեք, փոքրին մեծի պես լսեք, բնավ չվախենաք մարդու երեսից, քանի որ դատաստանը Աստծունն է, և այն, ինչ ձեզ համար դժվար լինի, Ինձ ներկայացրեք, և Ես կլսեմ այն և կասեմ, թե ինչ պետք է անեք» (Բ Օր. 1.17):
Այդ դատավորների որոշումներում Աստծո կամքը պետք է երևար, նրանց դատավճիռները պետք է առանձնանային անկողմնակալությամբ և անաչառությամբ, դրանք պետք է լինեին Աստծո օրենքներին համահունչ: Դատավորների բերանով պետք է Աստված Ինքը խոսեր: Դատավճիռ կայացնելիս չպետք է ելնեին մեղապարտի` հասարակության մեջ գրաված դիրքից, կարողությունից, այլ քննարկվող գործի էությունից: Դատավորների առաջ հավասար պետք է երևային հարուստն ու աղքատը, թույլն ու հզորը, հայտնին ու անհայտը: Այս ամենը վերաբերում էր ոչ միայն Իսրայելի ժողովրդին, այլև բոլոր ժողովուրդներին և դատավորներին: «Ե՛կ, ո՛վ Աստված, և դատի՛ր աշխարհը, որովհետև բոլոր ազգերը Քեզ են պատկանում»,- եզրափակում է նույն 82-րդ սաղմոսը:
Վաղուց ի վեր պետականությունը կորցրած հայ ժողովրդի վրա Աստված դատավոր էր կարգել Թումանյանին: Նրա իշխանությունը գալիս էր Աստծուց և տարածվում հայ ժողովրդի ավելի լայն բնագավառների վրա, քան միայն իրավագիտական բնագավառն էր: Թումանյանը կոչված էր թե՛ կառավարելու ժողովրդին և թե՛ ազատագրելու դժվարություններից:
ՈՒրեմն, Թումանյանը ոչ թե ինքնակամ հանձն առավ իրար դեմ դուրս եկած երկու հարևան ժողովուրդներին հաշտեցնելու դերը, այլ պարզապես կատարեց Աստծո հանձնարարությունը:
Թումանյանի հաստատած խաղաղությունը Աստծո և մարդու միջև հաստատված խաղաղություն էր: Աշխարհային ղեկավարներից շատերն են իրենց «խաղաղարարներ» անվանում, քանի որ շատ են խոսում խաղաղության մասին, քանի որ խաղաղության դաշինքներ են կնքում: Նրանք փորձում են խաղաղություն հաստատել` մեղքը ծածկելով, չարի գործակալների հետ համագործակցելով: Իսկ Թումանյանի նման խաղաղարարները ջանում են հեռացնել աշխարհի անարդարությունները, ցավերը, մեղքերը: Նրանք օգնում են մարդկանց` հաշտվելու Աստծո հետ:
Թումանյանը խաղաղարար էր, քանի որ ինքը խաղաղություն ուներ Աստծո հետ: Նրա ունեցած խաղաղությունը Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով էր: Հռոմեացիների ուղերձում Պողոս առաքյալը ցույց տվեց, որ մարդն արդար է համարվում միայն հավատի միջոցով. «Հավատով արդարացված լինելով` խաղաղություն ունենք Աստծո հետ» (Հռոմ. 5.1): Ընդ որում` ոչ միայն այս խոսքում, այլև Սուրբ գրքի մեջ գրեթե ամենուր «խաղաղություն» բառը երկու անձանց միջև համաձայնեցված փոխհարաբերության իմաստ ունի, քան թե անհատի անխռովության: Աստծո հետ խաղաղություն ունեցողը մշտապես Աստծո կողմնակիցն է:
Աստվածաշնչում շատ են այն դեպքերը, երբ Աստված մեզ հետ խոսում է մեզնից փոխառած բառերով, արտահայտչամիջոցներով, որ Իր Խոսքը մեզ հասկանալի դառնա, ճիշտ այնպես, ինչպես մանուկների հետ խոսելիս մենք նրանց գործածած բառերն ենք գործածում: Այդպես, ահա, Թումանյանի գործածած բառերով է Աստված խոսում նրա հետ. «Ի՞նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես, դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես»:
Թումանյանն ընթերցողի միտքն ուղղորդում է դեպի Տիրոջ անծայրածիր ժպիտը, դեպի անհունը, դեպի հավիտենականը: Նա հույն փիլիսոփաների նման չի դատապարտում նրանց, ում միտքը զբաղված էր մարմնավոր գործերով, մարդկությունը չի բաժանում լուսավորվածների և տգետների կամ հուդայականների նման մարդկությունը չի բաժանում ընտրյալների և հեթանոսների, այլ հոգով ընթացողների և մարմնով ընթացողների, որովհետև. «Հոգևոր լինողները Հոգու բաներն են մտածում, իսկ մարմնավոր լինողները` մարմնի» (Հռոմ. 8.5): Խոսքն այստեղ «հոգևոր մտքի» և «մարմնավոր մտքի» մասին է: Աստծո Խոսքին հաղորդակից Թումանյանը բանականությունն ու ներշնչվածությունը հակադրելու փոխարեն հակադրում է մարդկային բանականությունը և Աստծո ներշնչումով ուղղորդվող բանականությունը: Խնդրո առարկա քառյակի առաջին տողը (Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…») «մարմնավոր մտքի», ըստ մարմնի ընթացողի, ինքն իր ունակությանն ու կարողությանն ապավինողի, այսինքն` մարդկային բանականությամբ ասված խոսք է, որը հակադրության մեջ է դրվում «հոգևոր մտքի», ըստ Հոգու ընթացողի, Աստծո զորությանն ապավինողի, Աստծո ներշնչանքով ուղղորդվող բանականությամբ ասված «Ի՞նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես, դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես…» խոսքի հետ: Ինչպես տեսնում ենք, Թումանյանին խորթ է արևելյան միստիցիզմին բնորոշ այն պնդումը, թե ներշնչվածությունը (մուսան) գալիս է միայն այն ժամանակ, երբ մարդկային միտքը դատարկվում է:
Բանաստեղծի բերանով Աստված ուզում է շեշտել, որ մարմնով` կենդանական աշխարհի, հոգով` հրեշտակների, պատկերով` Աստծո նմանակը հանդիսացող մարդը Աստծո Որդու մարդեղությունով Աստվածային բնությանն է հաղորդակից, կերպարանակից, Աստծո Որդուն ժառանգակից:
Բացառիկ մեծ ողորմություն կնկատվեր, եթե մարդկային բնությունը հրեշտակայնացվեր, մինչդեռ Աստված մարդուն հրեշտակներից ավելի վեր բարձրացրեց` նրա բնությունն աստվածացրեց: Աստծո լեցունությունը մարդկային բնության մեջ բնակեցրեց և ոչ թե հրեշտակների:
Բայց մարդն Աստծո ներկայությամբ կլցվի միայն այն դեպքում, երբ լիովին մոռանա ինքն իրեն, երբ մարդը դատարկվի ինքն իր ես-ից և լցվի Աստծո Սուրբ Հոգով: Աստվածաշունչն ասում է, որ մարդը չի ազատագրվի մեղքի և մահվան օրենքից, քանի դեռ չի ապրում Հոգով (Հռոմ. 8.13,14. «Եթե մարմնավորապես ապրեք, կմեռնեք, բայց եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք, որովհետև նրանք, որ Աստծո Հոգով են վարվում, նրանք Աստծո որդիք են»: Գաղատ. 5.16. «Հոգով գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի»):
Արդարությունը կլցնի քո կյանքը ամենաբնական կերպով, երբ «Հոգով ընթանալ» սովորես: Արդարության համար պայքարելու փոխարեն դու ուղղակի համակված կլինես նրանով: Քո գիտակցությունը կփոխվի, կազատագրվես «մարմնի բաները» մտածելուց և կսկսես խորհել «Հոգու բաները»: Դու կհայտնվես կատարյալ խաղաղության մեջ. «Հոգու խորհուրդը կյանք է և խաղաղություն» (Հռոմ. 8.6): Դու կմեռնես ինքդ քո ես-ի համար և կապրես Աստծո համար: Դու կազատագրվես քո ես-ից, և Աստված քեզ էլ, ինչպես Թումանյանին, կասի. «Դու անհուն ես, անանուն ես ու անես…»:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ